Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա և դրա կամընտիր արձանագրություն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին, դրանք համարվում են մարդու իրավունքների միջազգային գործիքների կառուցվածքում վերջերս արված էական լրացումներից։
1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից ի վեր պետությունները ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցել և կնքել են մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնք սահմանում են բոլոր մարդկանց համար քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավունքներ։ Այդ համաձայնագրերը սահմանում են այդ իրավունքների պաշտպանության և ապահովման համար ստեղծված հիմնարար սկզբունքները և իրավական դրույթները։
Կոնվենցիան լրացնում է մարդու իրավունքների վերաբերյալ գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերը։ Այն չի ամրագրում որևէ նոր իրավունք, այն հստակեցնում է պետության պարտավորությունները և իրավաբանական պարտականությունները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մարդու իրավունքներն ապահովելու և դրանցից հավասարապես օգտվելուն։ Կոնվենցիան նշում է այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվեն այնպիսի վերափոխումներ, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան իրականացնել իրենց իրավունքները, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդվի, քանի որ այդ իրավունքները պարբերաբար խախտվել է։ Այն նաև ամրագրում է համընդհանուր նվազագույն կանոններ, որոնք կիրառվում են յուրաքանչյուրի նկատմամբ և հիմք են ապահովում գործողությունների հետևողական շղթայի համար։
Կոնվենցիայի կիրարկման համար օրենսդրություն և քաղաքականություն, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի վրա որևէ ազդեցություն ունեցող քաղաքական ցանկացած այլ հարց մշակելիս և կիրարկելիս պետությունները պարտավոր են կոնվենցիայով նախատեսված պայմաններում խորհրդակցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ՝ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների միջոցով։
Պատմություն
խմբագրելՄԱԿ-ը նախքան այս կոնվենցիայի վերաբերյալ բանակցությունները և դրա ընդունումը մի քանի անգամ անդրադարձել էր մարդու իրավունքների և հաշմանդամության հիմնախնդրին։ 1982 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց մասին գործողությունների համաշխարհային ծրագիրը, որը բոլոր երկրներում, անկախ զարգացման մակարդակից, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսում էր ամբողջական մասնակցություն և հավասարություն սոցիալական կյանքում։ 1983-1992 տասնամյակը Գլխավոր ասամբլեան հռչակեց «Հաշմանդամություն ունեցող անձանց ՄԱԿ-ի տասնամյակ» և կոչ արեց անդամ պետություններին այդ ժամանակահատվածում իրականացնել հաշամանդամություն ունեցող անձանց մասին գործողությունների համաշխարհային ծրագիրը[1]։
Հաշմանդամություն ունեցող անձանց մասին գործողությունների համաշխարհային ծրագրի իրականացման առաջին խոշոր վերանայման ընթացքում, որը տեղի ունեցավ Ստոկհոլմում 1987 թ., մասնակիցներն առաջարկեցին նախագծել հաշմանդամություն ունեցող անձանց՝ մարդու իրավունքների մասին կոնվենցիա։ Չնայած տարբեր նախաձեռնություններին, ներառյալ Իտալիայի և Շվեդիայի կառավարությունների և Սոցիալական զարգացման հանձնաժողովի հատուկ զեկուցողի՝ հաշմանդամության խնդրի մասին առաջարկները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության աջակցությանը, առաջարկույթունը չստացավ բավարար աջակցություն՝ սկսելու նոր կոնվենցիայի շուրջ բանակցությունները։
1991 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունեց «Հոգեկան հիվանդություն ունեցող անձանց պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման մասին սկզբունքները», որոնք հայտնի են ՀՀ սկզբունքներ անվանումով։ ՀՀ սկզբունքները սահմանում են չափանիշներ և ընթացակարգային երաշխիքներ և ապահովում են պաշտպանություն մարդու իրավունքնների ամենալուրջ խախտումների դեմ, որոնք կարող են տեղ գտնել ինստիտուցիոնալ համակարգում, ինչպիսիք են հարկադիր մեկուսացումը, հոգեբուժական վիրաբուժությունը և ցանկացած այլ անդառնալի բուժում։ Ժամանակին նորարարություն հանդիսացող ՀՀ սկզբունքների նշանակությունն այժմ վիճահարույց է։
1993 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման ստանդարտ կանոնները։ Ստանդարտ կանոնները միտված էին ապահովելու, որ «հաշմանդամություն ունեցող աղջիկները, տղաները, տղամարդիկ և կանայք, որպես հասարակության անդամներ, կարողանան իրականացնել նույն իրավունքները և պարտավորությունները, ինչ հաշմանդամություն չունեցող անձինք», և պահանջում էին պետություններին վերացնել հասարակական կյանքում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար մասնակցության խոչընդոտները։ Ստանդարտ կանոնները դարձան ՄԱԿ-ի սկզբունքային գործիք, որը ղեկավարում էր մարդու իրավունքներին և հաշմանդամության խնդիրներին ուղղված պետությունների գործողությունները, և կարևոր ուղենիշ, որ բացահայտում էր մարդու իրավուքնենրի առկա գործիքներից բխող պետության պարտավորությունները։ Բազմաթիվ երկրներ իրենց ազգային օրենսդրության հիմքում դրել են հենց Ստանդարտ կանոնները։ Չնայած հատուկ զեկուցողը մշտադիտարկում է Ստանդարտ կանոնների իրականացումը ազգային մակարդակում, այնուամենայնիվ դրանք իրավական առումով պարտադիր չեն և չեն պաշտպանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները այնքան ընդգրկուն, որքան նոր կոնվենցիան։
2001 թվականի դեկտեմբերին Մեքսիկայի կառավարությունը ներկայացրեց Գլխավոր ասամբլեային հատուկ կոմիտե ստեղծելու առաջարկը, որը կքննարկի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։ Առաջարկվել էր նաև արժանապատվությունը պաշտպանող և ապահովող ամբողջական և միասնական միջազգային կոնվենցիա ստեղծելու մասին։
2002 թվականի օգոստոսին մեկնարկեց Հատուկ հանձնաժողովի առաջին նստաշրջանը, որտեղ քննարկվեց հնարավոր նոր կոնվենցիայի հիմնական պառճառները և քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացները։ 2006 թվականի օգոստոսի 25-ին Հատուկ հանձնաժողովի ութերորդ նստաշրջանն ամփոփեց կոնվենցիայի և առանձին կամընտիր արձանագրության նախագծի շուրջ բանակցությունները, և ընդունվեցին միջանկյալ տեքստերը, որոնք ենթակա էին տեխնիկական վերանայման։
2006 թվականի օգոստոսի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձան իրավունքների մասին կոնվենցիան և դրա կամընտիր արձանագրությունը։
2007 թվականի մարտի 30-ին կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը արդեն բաց էին ստորագրության համար ՄԱԿ-ի Նյու Յորքի գլխավոր նստավայրում։
Նպատակ և ընդհանուր սկզբունքներ
խմբագրելՆպատակ
խմբագրելՀաշմանդամություն ունեցող անձան իրավունքների մասին կոնվենցիայի 1-ին հոդվածն ամրագրում է, որ կոնվենցիայի նպատակն է «ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց՝ լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարրդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ»։
Կոնվենցիան ապահովում և պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական և մշակութային կյանքում։ Այն կոչ է անում ոչ խտրական վերաբերմունքի և հավասարության կրթական, առողջապահական, աշխատանքային, ընտանեկան, մշակութային, սպորտային, քաղաքական ու հասարակական կյանքին մասնակցելիս և դատարանների, ոստիկանության և այլ մարմինների հետ հարաբերություններում[2]։
Արժանապատվությունը, անձնական անկախության նկատմամբ հարգանքը, հասարակական կյանքում լիակատար և արդյունավետ մասնակցությունն ու ներառականությունը, խտրականության բացառումը, հարգանքը հաշմանդամություն ունեցող անձանց տարբերությունների նկատմամբ, հնարավորությունների հավասարությունը, մատչելիությունը, կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը, հաշմանդամություն ունեցեող երեխաների զարգացող հնարավորությունների և իրենց ինքնությունը պահպանելու նրանց իրավունքի նկատմամբ հարգանքը սույն կոնվենցիայի սկզբունքներն են։
Անդամ պետությունները դրանով պարտավորվում են ընդունել համապատասխան օրենսդրություն, գործադրել համապատասխան միջոցներ խտրականությունը բացառելու համար, իրականացնել և սատարել նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտություններ և կատարելագործումներ և այլն։ Ինչ վերաբերում է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներին, յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է գործադրել միջոցներ՝ իր առկա ռեսուրսների առավելագույնի չափով[3]։
Ընդհանուր սկզբունքներ
խմբագրելԸնդհանուր սկզբունքները, որոնք ուղեցույց են պետությունների կամ այլ գործող անձանց համար, ութն են՝
- հարգանք արժանապատվության, անհատի ինքնուրույնության, ներառյալ սեփական որոշումներ կայացնելու ազատությունը և անձի անկախության իրավունքի նկատմամբ
- խտրականության բացառում,
- ներգրավվածություն,
- հարգանք հաշմանդամություն ունեցող անձանց յուրահատուկ լինելու նկատմամբ և նրանց՝ որպես մարդկային բազմազանության և մարդկության մաս ընդունելը, հնարավորությունների հավասարություն,
- մատչելիություն,
- հավասարություն տղամարդկանց և կանանց միջև, և
- հարգանք հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների և իրենց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ։
Իրավունքներ
խմբագրելԿոնվենցիան ընդունում է, որ որոշ մարդիկ խտրականության կարող են ենթարկվել ոչ միայն իրենց հաշմանդամության պատճառով, այլև սեռի, տարիքի, էթնիկ ծագման և/կամ այլ հիմքերով։ Կոնվենցիան նման դեպքերի համար երկու հոդված է նվիրել հատուկ խմբերի՝ հաշմանդամություն ունեցող կանանց և երեխաներին։ Հաշմանդամություն ունեցող կանանց դեպքում հատուկ ուշադրություն է դարձվել, քանի որ նրանք կարող են խտրականության ենթարկվել առնվազն երկու՝ սեռի հիմքով և հաշմանդամության հիմքով։ Հավասարությունը տղամարդկանց և կանանց միջև ոչ միայն գերակա սկզբունք է մարդու իրավունքների բնագավառում ՄԱԿ-ի աշխատանքների համար, այլ նաև ինքնին համարվում է իրավունք։
Կոնվենցիայով հստակ սահմանված իրավունքներն են.
- առանց խտրականության օրենքի առջև հավասարությունը,
- անձի կյանքի, ազատության և անվտանգության իրավունքը,
- օրենքով հավասարապես ճանաչումը և իրավունակությունը,
- խոշտանգումների չենթարկվելը,
- շահագործման, բռնությունների և չարաշահումների չենթարկվելը,
- ֆիզիկական և մտավոր ամբողջականությունը հարգելու իրավունքը,
- ազատ տեղաշարժվելը և քաղաքացիություն ընտրելը,
- հասարակական կյանքով ապրելու իրավունքը,
- արտահայտվելու և սեփական կարծիք ունենալու իրավունքը,
- անձնական կյանքի գաղտնիությունը հարգելը,
- տան և ընտանիքի նկատմամբ հարգանքը,
- կրթության իրավունքը,
- առողջության իրավունքը,
- աշխատանքի իրավունքը,
- կյանքի բավարար պայմաններ ունենալու իրավունքը,
- քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու իրավունքը,
- մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը։
Կոնվենցիան կենտրոնանում է այն գործողությունների վրա, որոնք ձեռնարկում են պետությունները, որպեսզի ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար այս իրավունքների օգտվելը մյուսների հետ հավասար հիմունքներով։ Վերոնշյալ իրավունքների իրացման համար կոնվենցիան պարտավորեցնում է մասնակից պետություններին ապահովել համապատասխան միջավայր, որը հնարավորություն կտա, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեքորեն օգտվեն իրենց իրավունքներից՝ մյուսների հետ հավասար հիմունքներով։
Կամընտիր արձանագրություն
խմբագրելԿամընտիր արձանագրությունը մի իրավական գործիք է, որը կապված է գոյություն ունեցող կոնվենցիայի հետ և կարգավորում է հարցեր, որոնք բավարար չեն կարգավորվում մայր կոնվենցիայի կողմից։ Այն հիմնականում բաց է վավերացման կամ միացման համար միայն այն պետությունների համար, որոնք մայր կոնվենցիայի մասնակից են։ Այն «կամընտիր» է այն իմաստով, որ պետությունները պարտավոր չեն դառնալ արձանագրության անդամ, նույնիսկ եթե նրանք մայր կոնվենցիայի մասնակից են։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը ներդնում է երկու ընթացակարգ՝ ամրապնդելու համար կոնվենցայի կիրարկումը, դրանք են՝ անհատական հաղորդման ընթացակարգը և հետաքննության ընթացակարգը[2]։
Կամընտիր արձանագրությունը ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին և ուժի մեջ է մտել մայր կոնվենցիայի հետ միաժամանակ՝ 2008 թվականի մայիսի 3-ին։ 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ այն ստորագրվել է 92 և վավերացվել 85 պետության կողմից[4]։
Հայաստանը դեռևս չի վավերացրել Կամընտրի արձանագրությունը, այն միայն կրում է 2007 թ. մարտի 30-ին դրված ՀՀ ստորագրությունը։ Ինչպես նշվում է 2012 թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական համապարփակ զեկույցում, վավերացումը մնում է պետական քաղաքականության օրակարգում և այն կիրականացվի առաջիկա տարիներին՝ պայմանների էական բարելավումից հետո[5]։
Կոնվենցիայի կիրարկում
խմբագրելՄիայն օրենսդրությունը չի կարող ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք օգտվեն մարդու իրավունքներից։ Պետությունները կարիք ունեն ընդունել արդյունավետ քաղաքականություններ և ծրագրեր, որոնք կտեղափոխեն կոնվենցիան դեպի պրակտիկա, որն իրական ազդեցություն կունենա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես մյուս բոլոր անձանց համար, մեկ իրավունքի խախտումը կարող է բերել այլ իրավունքների խախտվման և հնարավորությունների կորստի ողջ կյանքի համար։ Կա հինգ դրույթ, որոնցում հստակորեն արտացոլված են բուժման և վերականգնման միջև եղած կապը (հոդված 26), մատչելիությունը (հոդված 9), կրթությունը (հոդված 24), աշխատանքը (հոդված 27), իրավունակություն (հոդված 12)։ Ամեն դեպքում դա չի նշանակում, որ կոնվենցիայի վերոնշյալ դրույթները առավելություն ունեն այլ դրույթների նկատմամբ։
Վերականգնում
խմբագրելՎերականգնումը (հոդված 26) առաջին առանցքային քայլերից է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքով ապրելու (հոդված 19), հասարակության մեջ ներգրավվելու և հմտությունների կիրառման քաղաքականության մշակման գործում։ Բուժումը ներառում է ուսումնական հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս անձին գործելու հասարակության մեջ։ Նման ծրագրերը հիմնականում ուղղված են հաշմանդամությամբ ծնված երեխաներին։ Վերականգնումը նշանակում է վերականգնել ունակություններն ու հնարավորությունները։ Սա հիմնականում կիրառվում է մեծահասակների նկատմամբ, որոնք պետք է վերահարմարվեն հասարակական կյանքին հաշմանդամություն ձեռք բերելուց հետո։ Բուժումը և վերականգնումը հիմնականում ժամանակով սահմանափակված գործընթացներ են, որոնք հարմարեցված են անձի կարիքներին։ Նրանք ներգրավվում են այդ գործընթացներում՝ իրենց առջև դնելով պատակներ, որոնց պետք է հասնեն մասնագետների ուղղորդված աջակցությամբ և հնարավոր է նաև ընտանիքի անդմաների և ընկերների մասնակցությամբ։ Բուժումը և վերականգնումը կարող են ընդգրկել բժշկական, հոգեբանական, սոցիալական և պրոֆեսիոնալ աջակցություն։
Մատչելիություն
խմբագրելՅուրաքանչյուր հասարակության մեջ առկա են բազմաթիվ խոչընդոտներ և արգելքներ՝ սկսած աստիճաններից, որոնք դժվար է բարձրանալ, վերջացրած նշաններով, որոնք չի լինում կարդալ։ Դրանք խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող անձանց ապրելու լիարժեք կյանքով։ Մատչելիությունը (հոդված 9) ենթադրում է հավասար հասանելիություն ապահովել հասարակական բոլոր կառույցներին և ծառայություններին բոլորի համար։ Սա կոնվենցիայի ղեկավար սկզբունքն է և կարևոր է դրա կիրառման բոլոր ոլորտներում։ Թեև մատչելիության վերաբերյալ կոնվենցիայի որոշ դրույթներ կարող են ծախսատար լինել կարճ ժամանակում ներդրվելու դեպքում, կան մի շարք էժան լուծումներ, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ։ Օրինակ՝ տեղեկատվության մատչելիությունն ապահովելը կարող է համեմատաբար էժան լինել և նշանակալիորեն բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կանքը։ Թեև որոշ երկրներ այժմ պահանջում են, որ առնվազն կառավարության կայքէջը հասանելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց, աշխխարհի կայքէջերի մեծ մասը մնում է անհասանելի։
Կրթություն
խմբագրելՀաշմանդամություն ունեցող անձանց համար կրթություն ստանալու բազմաթիվ պոտենցիալ արգելքներ կան, հատկապես զարգացող երկրներում։ Այդ թվում են աղքատությունը, ծանրաբեռնված դպրոները, անմատչելի կառույցները, մանկավարժների վերապատրաստում չանցնելը, վատ կամ անմատչելի փոխադրամիջոցները և այլն։ Կոնվենցիան կարգավորում է կրթության շատ կողմեր կյանքի տարբեր փուլերում(հոդված 24)։ Նար առաջնահերթությունը հաշմանդամություն ունեցող երեխաներին քաջալերելն է դպրոց հաճախելոըւ համար բոլոր մակարդակերում։ Կոնվենցիան պդնում է որ դա անելու լավագույն ձևը երեխայի շահերի վրա կենտրոնանալն է։ Կոնվենցիան նաև անդրադառնում է հաշմանդամություն ունեցող մեծ թվով չափահասների կրթական կարիքներին։ Կոնվենցիայով նախատեսված կրթության նկատմամբ մոտեցումը հիմնված է ապացույցների վրա, որ ներառական կրթությունը ոչ միայն ապահովում է լավագույն կրթական միջավայր, այդ թվում՝ քանդելու պատնեշներ։
Աշխատանք և զբաղվածություն
խմբագրելԱշխատանքի ընդունումը (հոդված 27) ազգային տնտեսությանն աջակցելու իմաստով շատ հնարավորությունն է ապահովում սոցիալական մասնակցության համար՝ տնտեսական անկախությունից մինչև ընտանիքի ձևավորում։ Բայց ցանկացած հասարակությունում հաշմանդամություն ունեցող անձինք չեն ներառվում աշխատանքային շուկայում։ Տնտեսական մասնակցության այս բացակայությունը նշանակալի ազդեցություն ունի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա, քանի որ նրանք հնարավորություն չեն ունենում ապահովել կյանքի բավարար մակարդակ (հոդված 28) և հասարակության մեջ անկախ կյանքով ապրելու։
Կոնվենցիայի՝ աշխատանքի և զբաղվածության մասին դրույթները վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց՝ զբաղվածության բոլոր փուլերում, ներառյալ աշխատանք փնտրողներին, աշխատանքում առաջխաղացում ունեցողներին, աշխատանքի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերողներին և նրանց, ովքեր ուզում են պահպանել աշխատանքը։ Պետությունները իրավաբանորեն պարտավոր են ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք չպահվեն ստրկության կամ ծառայության մեջ և հարկադիր կամ պարտադիր աշխատանքից պաշտպանվեն՝ մյուսների հետ հավասար հիմունքներով (հոդված 27(2))։
Իրավունակություն
խմբագրելՈրոշումներ ընդունելու, պայմանագրեր ստորագրելու, քվեարկելու, դատարանում իրավունքները պաշտպանելու, բժշկական ծառայություններ ընտրելու հնարավորությունը երբեմն վերցվում է միայն այն պատճառով, որ մարդն ունի հաշմանդամություն։ Կոնվենցիայի 12-րդ հոդվածը սահմանում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն այլ անձանց հետ հավասար իրավունակություն։ Այլ կերպ ասած՝ անձը չի կարող կորցնել իր իրավունակությունը սոսկ իր հաշմանդամության պատճառով։ Ամեն դեպքում, իրավունակությունը կարող է վերցվել բոլորի համար կիրառելի իրավիճակներում, ինչպիսին է հանցագործության համար դատապարտվելը։
Հայաստան և կոնվենցիա
խմբագրել2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց կոնվենցիան[6], որն ուժի մեջ մտավ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին։ Սույն կոնվենցիան, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, վավերացնելու և հաստատվելուց հետո դարձել է ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս։ Սույն հոդվածի համաձայն, եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։
2012 թ. Հայաստանի կառավարության կողմից ներկայացված սկզբնական զեկույցի վերաբերյալ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը[7] և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կազմել են այլընտրանքային զեկույց[8], որը ներառում է Կոնվենցիայի կոնկրետ հոդվածների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց դիրքորոշումներն ու նկատառումները։ Այլընտրանքային զեկույցում ներկայացվել են իրավական դաշտի բացերը, պետության կողմից իրականացված և չիրականացված պարտավորություններն ու հստակ խախտումներ։ Վերջիններիս լուծման համար այլընտրանքային զեկույցի հեղինակները յուրաքանչյուրի համար առանձին դիտարկումներ և առաջարկներ են ներկայացրել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գլխավոր ասամբլեայի 1982 թվականի դեկտեմբերի 3-ի 37/52 հանձնարարական
- ↑ 2,0 2,1 Բացառումից հավասարություն. հաշմանդամություն ունեցող անձան իրավունքների իրականացումը, ՄԱԿ, Ժնև 2007
- ↑ «Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը ստորագրած և վավերացրած պետությունների ցանկ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ հաշվետվություն». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ ՀՀ օրենքը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին
- ↑ ««Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «ՄԻՊ-ի և Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշին միության կազմած զեկույց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.