Բացել գլխավոր ցանկը

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրություն

     անդամ պետությունները      պետությունները, որոնք ստորագրել են, սակայն չեն վավերացրել      պետությունները, որոնք չեն ստորագրել

Կամընտիր արձանագրությունը մի իրավական գործիք է, որը կապված է գոյություն ունեցող կոնվենցիայի հետ և կարգավորում է հարցեր, որոնք բավարար չեն կարգավորվում մայր կոնվենցիայի կողմից։ Այն հիմնականում բաց է վավերացման կամ միացման համար միայն այն պետությունների համար, որոնք մայր կոնվենցիայի մասնակից են։ Այն «կամընտիր» է այն իմաստով, որ պետությունները պարտավոր չեն դառնալ արձանագրության անդամ, նույնիսկ եթե նրանք մայր կոնվենցիայի մասնակից են։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը ներդնում է երկու ընթացակարգ՝ ամրապնդելու համար կոնվենցայի կիրարկումը, դրանք են՝ անհատական հաղորդման ընթացակարգը և հետաքննության ընթացակարգը[1]։ Կամընտիր արձանագրությունը ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին և ուժի մեջ է մտել մայր կոնվենցիայի հետ միաժամանակ՝ 2008 թվականի մայիսի 3-ին։ 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ այն ստորագրվել է 92 և վավերացվել 85 պետության կողմից[2]։ ՀՀ-ն դեռևս չի վավերացրել Կամընտրի արձանագրությունը, այն միայն կրում է 2007 թ. մարտի 30-ին դրված ՀՀ ստորագրությունը։ Ինչպես նշվում է 2012 թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական համապարփակ զեկույցում, վավերացումը մնում է պետական քաղաքականության օրակարգում և այն կիրականացվի առաջիկա տարիներին՝ պայմանների էական բարելավումից հետո[3]։

Կամընտիր արձանագրությանը միանալըԽմբագրել

Կամընտիր արձանագրությունը գործիք է, որը պետությունն օգտագործում է հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության առկա մեխանիզմները կատարելագործելու, պաշտպանության առկա մեխանիզմները լրացնելու, խորացնելու պետության պատկերացումը այն քայլերի վերաբերյալ, որ նա պետք է ձեռնարկի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու և դրանց աջակցելու, խտրականություն պարունակող օրենքներում, քաղաքականություններում և գործելաոճում փոփոխություններ խթանելու և մարդու իրավուքնների չափանիշների մասին իրազեկվածության բարձրացման համար։ Կամընտիր արձանագրությունը ստորագրելու, վավերացնելու կամ դրան միանալու ընթացակարգը նույնն է ինչ կոնվենցիայինը։ Սակայն Կամընտիր արձանագրությունը ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին 10-րդ փաստաթուղթն ի պահ հանձնելու հետո 30-րդ օրը, իսկ կոնվենցիան ուժի մեջ է մտնում 20-րդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո 30-րդ օրը։

ԸնթացակարգերԽմբագրել

Անհատական հաղորդման ընթացակարգԽմբագրել

Անհատական հաղորդման ընթացակարգը Կամընտիր արձանագրության մասնակից պետություններում թույլ է տալիս անհատներին և անհատների խմբերին բողոքներ ներկայացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին, այն մասին, որ պետությունը խախտել է կոնվենցիայով նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկը։ Այդ գանգատը հայտնի է որպես «հաղորդում»։ Կոմիտեն հետո քննարկում է գանգատը, ձևակերպում իր տեսակետներն ու առաջարկությունները և ուղարկում է դրանք կոնկրետ պետության։ Այդ տեսակետները և առաջարկությունները հայտնվում են կոմիտեի՝ Գլխավոր ասամբլեային ուղղված հանրային զեկույցում։ Անհատական հաղորդման ընթացակարգերը հիմնականում թղթային կամ գրավոր ընթացակարգեր են։ Այլ կերպ ո՛չ բողոք ներկայացնողը, ո՛չ էլ պետությունը անձամբ հանդես չեն գալիս կոմիտեի առջև. բոլոր առաջարկությունները կատարվում են գրավոր։

Անհատական հաղորդման ընթացակարգը բաղկացած է հետևյալ քայլերից։

  • Կոմիտեն ստանում է բողոքը։
  • Կոմիտեն քննարկում է բողոքի ընդունելիության հարցը։ Երբեմն բողոքի ընդունելիությունը քննարկվում է գանգատի բովանդակության հետ մեկտեղ, այլ կերպ ասած՝ որոշում է ընդունվում, որ բողոք ընդունելի է և միևնույն ժամանակ որոշում է ընդունվում պետության կողմից պարտավորությունները խախտելու կամ չխախտելու մասին։
  • Կոմիտեն բողոքը գաղտնի ուղարկում է պետությանը։
  • Վեց ամսվա ընթացքում պետությունը ներկայացնում է խնդիրը պարզաբանող գրավոր բացատրություններ և փաստարկներ, ցույց է տալիս, թե ինչ վերականգնողական և/կամ այլ քայլեր է ձեռնարկվել։
  • Բողոքողին հնարավորություն է տրվում մեկնաբանել պետության դիտարկումները։
  • Կոմիտեն կարող է խնդրել պետությանը ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ պաշտպանելու բողոքողի իրավունքները։
  • Կոմիտեն քննում է բողոքը փակ նիստում։
  • Կոմիտեն առաջարկություններ և դիտողություններ է անում, եթե այդպիսիք կան, պետության և բողոքողին, ու հաճախ պահանջում է պետություններից ապահովել տեղեկություն՝ արդյունքում ձեռնրկած քայլերի վերաբերյալ։
  • Կոմիտեն հրապարակում է իր առաջարկությունները և դիտողությունները իր զեկույցում։ Այլ կոմիտեները, որոնք ունեն անհատական հաղորդման ընթացակարգ, ավելի ու ավելի հաճախ են խնդրում պետություններին զեկույցներ ներկայացնել իրենց այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են ի պատասխան իրենց առաջարկությունների և հանձնարարականների։

Ոչ բոլոր հաղորդումներն են ընդունելի համարվում։ Կոմիտեն հաղորդումն անընդունելի է համարում, երբ

  1. այն անանուն է,
  2. այն հանդիսանում է կոնվենցիայի դրույթների խախտում կամ անհամատեղելի է դրանց հետ,
  3. նույն բողոքն արդեն իսկ քննվել է կոմիտեի կողմից,
  4. առկա բոլոր ներպետական միջոցները սպառված չեն եղել,
  5. այն լավ հիմնավորված կամ բավարար փաստարկված չէ,
  6. վկայակոչված փաստերը տեղի են ունեցել կամ վերացվել են մինչև տվյալ պետության համար կոնվենցիայի ուժի մեջ մտնելը։

Հետաքննության ընթացակարգԽմբագրել

Եթե կոմիտեն ստանում է հավաստի տեղեկատվություն, որ մասնակից պետությունը թույլ է տվել կոնվենցիայի դրույթների կոպիտ կամ պարբերաբար խախտումներ, այն կարող է հրավիրել պետությանը համագործակցելու այդ տեղեկատվության քննարկման հարցում՝ ներկայացնելով իր դիտարկումները։ Մասնակից պետության դիտարկումները և ցանկացած այլ հավաստի տեղեկություն քննարկվելուց հետո կոմիտեն կարող է իր մեկ կամ մի քանի անդամների նշանակել՝ շտապ հետաքննություն վարելու և զեկույց պատրաստելու համար։ Հանձնարարության դեպքում և կոնկրետ պետության համաձայնությամբ՝ հետաքննությունը կարող է ներառել այցելություն խնդրո առարկա երկիր։ Հետաքննության բացահայտումները քննարկելուց հետո կոմիտեն այդ բացահայտումներն իր մեկնաբանություններով հանդերձ փոխանցում է պետությանը, որը վեցամսյա ժամկետում պետք է ներկայացնի իր դիտարկումները կոմիտեին։ Հետաքննությունը գաղտնի է և իրականացվում է տվյալ պետության հետ սերտ համագործակցությամբ։ Վեցամսյա ժամկետի ավարտից հետո, որի ընթացքում պետությունը կարող է ներկայացնել իր դիտարկումները, նրան հրավիրում են մանրամասնորեն ներկայացնելու ուղղությամբ։ Կոմիտեն կարող է պետությունից պահանջել տեղեկատվություն, այնուհետև կոմիտեն Գլխավոր ասամբլեային ուղղված իր զեկույցում հրապարակում է իր բացահայտումների սեղմագիրը։ Տվյալ պետության համաձայնությամբ կոմիտեն կարող է նաև հրապարակել հետաքննության վերաբերյալ նրա ամբողջական զեկույցը։ Կամընտիր արձանագրությունը վավերացրած պետությունը կարող է «շրջանցել» հետաքննության ընթացակարգերը։ Այլ կերպ ասած՝ արձանագրությունը ստորագրելու, վավերացնելու կամ դրան միանալու ժամանակ պետությունը կարող է հայտարարել, որ չի ճանաչում կոմիտեի՝ հետաքննություն իիրականացնելու իրավունքը։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ պետությունը «շրջանցում» է հետաքննության ընթացակարգը, միևնույն է՝ Կամընտիր արձանագրության բոլոր անդամները պարտավոր են ընդունել անհատական հաղորդման ընթացակարգը։ Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերի մեծ մասը նույնպես նախատեսում է կամընտիր հաղորդման ընթացակարգեր։

ԾանոթագրություններԽմբագրել