Հայոց միապետի թագադրություն

Թագադրում, թագադրություն, թագադրման կարգ—-արարողություն և կարգ, որով երկրի գահաժառանգին բարձրացնում էին թագավորական գահին։

Թագադրման կարգը Հայաստանում խմբագրել

Թագադրման կարգը հեթանոսական շրջանում խմբագրել

 
Սմբատ Գ Բագրատունին թագադրում է Արտաշեսին, Ջ. Ֆուզարո

Մինչքրիստոնեական շրջանում միապետին գահակալեցնում էին թագադրելով, որը հատուկ գործակալութան գործառույթ էր։ Արքունիքում այդ գործառույթն իրականացնողը համապատասխան անվամբ կոչվում էր թագադիր գործակալություն[1]։ Սա այն գործակլություններից էր, որ սահմանվել էր հայոց Վաղարշակ թագավորի կողմից։ Թագադիր գործակալության պաշտոնը վարում էին Բագրատունիների նախարարական տան ներկայացուցիչները։ Կարգը կատարվում էր հանդիսավոր պայամաններում՝ մեծամեծ իշխանների, հայոց քրմապետի և քրմերի ներկայությամբ և հավանաբար հեթանոսական ծիսակարգին բնորոշ զոհաբերություններով։

Թագադրման կարգը քրիստոնեական շրջանում խմբագրել

 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը օծում է Տրդատ Գ Մեծին

Բագրատունիները միապետի թագադրման պարտականությունը պահպանեցին նաև քրիստոնեական շրջանում, սակայն քրիստոնեական կարգի համաձայն ավելացավ միապետի օծումը[2],; Քրիստոնեական շրջանում Արշակունի արքաների թագադրման ծեսի մասին վկայություններ քիչ են պահպանվել. դրանք մեզ են հասել տարբեր առիթներով պատմիչների վկայություններից ու հաղորդումներից։ Սակայն այդ եղած հիշատակություններից հետևում է, որ կարգը կատարվել է երկու մասով. արարողության առաջին մասում միապետին օծում էին մյուռոնով, որով նա ստանում էր Սուրբ Հոգու շնորհը, որից հետ կատարվում էր արքայական իշխանության խորհրդանիշերի տվչություն, և արարողության ավարտին կատարվում էր թագադրումը։ Բագրատունիների շրջանում թագադրումը կատարում էր կաթողիկոսը։ Այս մասին հիշվում է Աշոտ Ա արքայի թագադրության ժամանակ, երբ կաթողիկոսը թագը օրհնելով՝ թագադրեց նրան։ Հիշատակություններ կան նաև տեղական թագավորների թագադրման մասին, ըստ որում հայտնի է, որ տեղական թագավորներն էլ օծվում և թագադրվում էին, որի մասին հիշում է Ստեփանոս Օրբելյանը իր Սյունիքի պատմության մեջ։

Թագադրման կարգը Կիլիկյան Հայաստանում խմբագրել

Կիլիկյան Հայաստանում թագադրման ծեսի մասին հասել են առավել շատ վկայություններ։ 1186 թվականին Ներսես Լամբրոնացին Լևոն Բ Ռուբինյան[3] իշխանի՝ թագավոր օծվելուն նախընթաց գրում է մի ծես, որը միաձուլում էր հայոց և լատինական ծեսերը։ Ըստ Սսի Մաշտոցի թագադրման արարողությունը բաժանվում էր երկու խոշոր մասերի։ Առաջին մասում ապագա միապետին ամբողջ արքայական ճոխությամբ և թափորի ուղեկցությամբ բերում էին եկեղեցի, որտեղ նա երդվում է օրենսդրության վրա և ապա բարձրացնում էին խորան և օծյալին ներկայացնում ժողովրդին ասելով. «Աստուածային և երկնաւոր շնորհն հեղեալ աստանօր առ (այս անուն) կոչէ յաթոռ թագաւորութեան տանս Թորգոմայ և զարմիս Հայկայ. օծանիլ ըստ նմանութեան Տրդատայ,Կոստանդիանոսի և Թեոդոսի, ըստ ընտրութեան սրբոյ եկեղեցւոյ և ամենայն ժողովրդեանն. Արժանի է։» Սրանից հետո գալիս էր բուն օծման կարգը։ Կաթողիկոսը մյուռոնով օծում էր թագավորի երկու ձեռքերը, կուրծքը՝ սրտի մասը և ճակատը։ Ըստ Առաքելական եկեղեցու վարդապետության՝ թագավորը օծումով ստանում էր Սուրբ Հոգու հատուկ շնորհը, որվ նա դառնում էր Աստծո օծյալ և ժողովրդի մարմնական հոգսերի հովվապետ, ինչպես ասվում է օծման աղոթքում. «Օծանեմ զձեռս քո սուրբ իւուս, որով օծան թագաւորք և մարգարէք, որով օծ Սամուէլ զԴաւիթ թագաւոր... » Արքայի օծումը կատարվում էր, վկայակոչելով Հին Կտակարանում Աստծո տված հրամանը, համաձայն որի Սամուել մարգարեն օծեց Սավողին։ Օծմանը հաջորդում է զգեստների տվչությունը։ Թագավորին իջեցնում են, բերում եկեղեցու կենտրոն ու հաջորդականությամբ տալիս թիկնոց, մատանի, լանջապանակ, թուր։ Ապա հանձնում են գայիսոնը և գունդը(խնձոր), որոնք կարգի համաձայն իշխանության նշաններ են։ Նաև ունեն մարմնավոր կապման և արձակման խորհուրդը, որով արքայի դատաստան անելու իրավունքն են խորհրդանշում։

Թագադրման ծեսը որպես իրավական ակտ խմբագրել

Մովսես Խորենացին մի վկայություն է բերում թագադրման մասին.

  «Եւ ի մեռանելն Սանատրկոյ՝ միաբանեալ թագաւորեցուցին զնա(Երվանդին), առանց արանց յազգէն Բագրատունեաց լինել թագադիր»
- Մովսես Խորենացի, «Պատմութիւն Հայոց»
 

այսինքն՝ առանց Բագրատունիների ցեղի թագադիրի։ Խորենացին այս նախադասությունը նշում է, ցույց տալու համար, որ Երվանդը օրինավոր թագավոր չէր, քանի որ, չնայած այն բանին, որ Երվանդը թագավոր էր դարձել հայ նախարարների մեծամասնության համաձայնությամբ, սակայն նա չէր թագադրվել Բագրատունի նախարարի կողմից։ Փաստորեն, Բագրատունի իշխանից թագադրվելը պարզապես ձևական արարողություն չէր, այլ իրավաբանական կարևոր մի ակտ, որով ցույց էր տրվում ու հաստատվում էր թագը կրողի օրինավորությունը ու իրավունքը՝ կրելու այդ թագը։ Երվանդին չթագադրելու հիմնական պատճառներն այն էին, որ Երվանդը Արշակունի չէր, և որ կար օրինավոր ժառանգ՝ Արտաշեսը, որին և Սմբատ Բագրատունի իշխանը թագադրում է։

Հայոց ծեսով օծված վերջին թագավորը խմբագրել

 
Աղթամարի Ստեփանոս Դ կաթողիկոսը օծում է Սմբատ Արծրունուն

Հայոց ավանդական ծիսակարգով վերջին օծումը տեղի է ունեցել 1465 թվականին։ Զաքարիա Գ Աղթամարեցի կաթողիկոսը Արծրունյաց ներկայացուցիչ Սմբատին օծում է Հայոց թագավոր։ Քանի որ Սմբատը տիրույթներ չուներ, ու փաստացի չէր կարող իշխել, սակայն ուսումնասիրողների կարծիքով այս փաստը հայերի մեջ պետականության շունչ ստեղծելուն ու բարձրացնելուն միտված քայլ էր, որով պիտի արթուն պահվեր հայոց պետականության գաղափարը ու այն վերականգնելու միտքը։

  «Եւ յայնժամ օծեցին զպարոն Սմբատ՝ թագաւոր, ըստ նախնեաց իւրոց Գագկայ, զի ի վաղուց անտի ազգս Հայոց չէր տեսեալ թագաւոր»։
- Աղթամարի Ստեփանոս Դ կաթողիկոսի «Մաշտոց»-ի հիշատակարան
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թագադրության և ասպետության գործակալությունները առանձին են եղել, ու թերևս միայն Բագրատունիների պարագային է, որ նրանք այդ երկու գործառույթները միասին են իրականացրել։ Մովսես Խորենացին թագադիր Սմբատ Բագրատունու մասին գրում է «...եւ կոչել թագադիր, այլ եւ ասպետ», որից պետք է հետևել, որ դրանք տարբեր գործառույթներ են իրականացրել։
  2. Չնայած դրան, մի շարք ուսումնասիրողներ պնդում են, թե այն եղել է նաև մինչ քրիստոնեական շրջանում, սական դրա մասին ոչ մի փաստարկ չկա։
  3. որպես Լևոն Բ իշխան 1187-1198 թթ. և Լևոն Ա թագավոր հունվարի 6, 1198 - 1219 թթ.

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Արաուազդ արքեպս. Սուրմերեան «Ցուցակ Հայերեն ձեռագրաց», Բ հատոր, Հալեպ 1936 թ.
  • Նորայր արքեպս. Պողարյան «Ծիսագիտութիւն», Նիւ Եորք 1990, էջ 97
  • Ալիշան Ղևոնդ, «Սիսուան», Վենտիկ 1893 թ.