Ազգային Բյուրո կամ Թիֆլիսի ազգային կենտրոնական բյուրո (1912 թ.-ի հոկտեմբեր 1917 թ.-ի հոկտեմբեր), ստեղծվել է ռուսական կայսրության հայաշատ կենտրոնների ներկայացուցիչների համագումար խորհրդակցությունում (1912 թ.)։ Նպատակն էր օգտվել 1912-1913 թվականների բալկանյան պատերազմների հետևանքով ստեղծված իրադրությունից և հասնել Հայկական հարցի լուծմանը։

Ազգային Բյուրո
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Ռուսական կայսրություն
Հիմնադրվածհոկտեմբեր 1912[1]
Լուծարվածհոկտեմբեր 1917[1]

Ազգային Բյուրոյի կազմում էին հայ ազգային գրեթե բոլոր կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տիրապետող դիրքում էր դաշնակցությունը։ Ազգային Բյուրոն սկզբում զբաղվում էր Հայկական հարցի պրոպագանդայով, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ռազմաճակատի համար կազմակերպում էր հայկական կամավորական ջոկատներ։ Զբաղվել է նաև արևմտահայ գաղթականներին տեղավորելու և պարենամթերքով ապահովելու հարցերով։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխություից հետո Ազգային Բյուրոն դադարեցրել է գորրծունեությունը։

Պատմություն խմբագրել

Ստեղծում խմբագրել

Ազգային Բյուրոն, Թիֆլիսի ազգային կենտրոնական բյուրո ստեղծվել Է Ռուսական կայսրության հայաշատ վայրերի ներկայացուցիչների համագումար-խորհրդակցությունում (1-ին համագումարը 1912 թվականիի հոկտեմբեր-նոյեմբեր)։ Մասնակցել են Թիֆլիսի, Երևանի, Բաքվի, Ախալցխայի, Նոր Նախիջևանի, Արմավիրի, Բաթումի և հայաշատ այլ վայրերի պատգամավորներ։ Համագումարի նպատակն Էր՝ օգտվել 1912-1913 թթ.-ի Բալկանյան պատերազմների հետևանքով ստեղծված բարենպաստ իրադրությունից և հասնել Հայկական հարցի լուծմանը։ Ընտրվել է 7 հոգուց կազմված ժամանակավոր բյուրո (Ս. Հարությունյան, Ա. Խատիսյան, Ա. Քալանթար, Հ. Առաքելյան, Ա. Պոդոսյան, Հ. Թումանյան, Ն. Աղբալյան), որը վարելու Էր ընթացիկ գործերը և նախապատրաստելու էր նոր համագումարի հրավիրումը։ 2-րդ համագումարը տեղի Է ունեցել 1912 թ.-ի նոյեմբերի 25-ին, Թիֆլիսում։ Համագումարում ազգային բյուրոյի կազմը ընդլայնվել է (Լեո, Խ. Աֆրիկյան, Հ. Արղության, Ա. Աբելյան, Ա. Սահակյան և ուրիշներ)։ Այսպիսով ազգային բյուրոյում ներկայացված էին գրեթե բոլոր ազգային կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները։ Համագումարը որոշեց աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ հայկական հարցի վերաբացման համար նրա գործունեության ասպարեզում, կապեր հաստատել Կոստանդնուպոլսի պատրիարքարանի, Էջմիածնի, Փարիզի և Սանկտ Պետերբուրգի հայ հոգևոր և քադաքացիական մարմինների հետ, պրոպագանդել հայկական հարցը Ռուսաստանի հասարակական և կառավարող շրջաններում։ Եվրոպական տերություններում հայկական հարցը վերստին բարձրացնելու նպատակով ստեղծված ազգային պատվիրակության ղեկավար է նշանակվել Պողոս Նուբար Փաշան։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ազգային բյուրոյի, ցարական կառավարության հավանությամբ, կազմակերպել է հայկական կամավորական գնդեր, զբաղվել արևմտահայ գաղթականներին տեղավորելու և նրանց պարենով ապահովելու հարցերով։ Առավել ակտիվ ու գործնական մասնակցության շնորհիվ ազգային բյուրոյում առաջատար դիրք է գրավել դաշնակցություն կուսակցությունը, որի դեմ ձևավորվել է ազգային մյուս կուսակցությունների յուրահատուկ ընդդիմություն։ Ընդդիմությունը գլխավորել են «Մշակի» շուրջ համախմբված գործիչները, հետագայում՝ հայ ժողովրդական կուսակցության հիմնադիրները։ Հայ քաղաքական կուսակցությունների խորհրդակցությունը (Թիֆլիս, 1916 թ.-ի մարտ) միաձայն որոշել է «վերացնել կուսակցական բնույթ ունեցող ազգային բյուրոն և հիմնել համաձայնության կոմիտե», մարտի 20-ին առաջարկը ներկայացվել է դաշնակցությանը, սակայն՝ մերժվել է։

Գործունեության ավարտ խմբագրել

Փետրվարի հեղափոխությունից (1917) հետո հայ հոսանքների խորհրդակցությունը (Թիֆլիս, 1917 թ.-ի մարտ-հունիս) անհրաժեշտ է համարել անհապաղ ստեղծել մի ժամանակավոր մարմին, որը կղեկավարեր ազգային գործերը, անհրաժկշտության դեպքում հանդես կգար իբրև հայ ժողովրդի ձգտումների արտահայտիչ։ Նպատակահարմար է համարվել ազգային բյուրոյին կից ստեղծել նման մարմին՝ նրանում առաջնություն չտալով ոչ մի կուսակցության ու հոսանքի։ Հայ բոլշևիկները մերժել են ազգային բյուրոն և անհիմն մեղադրանքներով հանդես եկել նրա դեմ։ Հայ ազգային խորհրդի ստեղծումից հետո (1917 թ.-ի հոկտեմբեր) ազգային բյուրոն դադարել է գործել։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Լեո «Անցյալից» Թիֆլիս 1925
  • Լեո «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» հ.2 Վիեննա 1935
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 106