ՀԽՍՀ զինանշան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական խորհրդանիշ։ Հիմնվել է ԽՍՀՄ պետական զինանշանի վրա։

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության զինանշան
Մանրամասնություններ
Հաստատվածփետրվարի 2, 1922
Զինանշանի հեղինակՄարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան

Նկարագրություն խմբագրել

ՀԽՍՀ պետական զինանշանի վրա պատկերված են Մեծ և Փոքր Մասիսները, վերևում՝ հնգաթև աստղի վրա, մուրճն ու մանգաղն են՝ շրջապատված ճառագայթներով։ Լեռան ստորոտին պատկերված է խաղողի թուփ՝ վազերով և տերևներով, աջից և ձախից՝ ցորենի հասկեր։ Զինանշանի շուրջը՝ առանձին դաշտում, հայերեն գրված է «Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն»։ Ներքևում կարմիր ֆոնի վրա հայերեն և ռուսերեն գրված է՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»։

Պատմություն խմբագրել

1922 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի խորհուրդների առաջին համագումարի ժամանակ ընդունված Սահմանադրությունը հաստատեց Հայաստանի զինանշանի նկարագրությունը։ Զինանշանի նկարի հեղինակներն են Մարտիրոս Սարյանը և Հակոբ Կոջոյանը։

Գոյություն ունի դիվանագիտական ապոկրիֆ, ըստ որի՝ Թուրքիան իբրև բողոք է հայտնել, թե ինչու է Հայաստանն իր զինանշանի վրա պատկերել այն լեռը, որն իրեն չի պատկանում։ Դրան ի պատասխան՝ արտաքին գործերի կոմիսար Գեորգի Չիչերինը պատասխանել է․ «Իսկ ինչու՞ է Թուրքիայի դրոշի վրա կիսալուսին պատկերված․ չէ՞ որ լուսինը ևս նրան չի պատկանում»[1][2]։

 
ՀԽՍՀ զինանշանով բարձրաքանդակ Հայաստանի կառավարական առաջին շենքի աշտարակին։

1922 թվականին զինանշանի վրա Հանրապետության անվանումը հայերեն հնչում էր որպես «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն»։ 1927 թվականի ապրիլի 3-ին ՀԽՍՀ Խորհուրդների 5-րդ համագումարն ընդունեց Սահմանադրության նոր տարբերակը, ըստ որի՝ անվանափոխվեց «Հայկական ԽՍՀ», և այդ անվան հայերեն հապավումը ներառվեց ՀԽՍՀ զինանշանի մեջ՝ նախկինում գոյություն ունեցող լրիվ անվանման փոխարեն։

1937 թվականի մարտի 23-ին՝ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) լուծարումից և ՀԽՍՀ-ի՝ ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկվելուց հետո, ՀԽՍՀ խորհուրդների իններրորդ արտակարգ համագումարում ընդունվեց նոր Սահմանադրություն։ Զինանշանը որոշ փոխոխությունների ենթարկվեց․ ձիթապտղի ծաղկեպսակը փոխարինվեց հացահատկի հասկերով, նկարից հեռացվեցին ծագող արևի սկավառակը և դրա ճառագայթները, մուրճը և մանգաղը սկսեցին լուսավորել հնգաթև աստղով, զինանշանի շուրջը նշվեց «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն» հայերեն մակագրությունը, իսկ զինանշանի ներքևում՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» (հայերեն և ռուսերեն)։

1937-1940 թվականներին զինանշանի վրայի գրությունը հայերեն ընթերցվում էր որպես «Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»։ 1940 թվականին հայերեն «սովետական» և «հանրապետություն» հասկացությունները փոխվեցին։ Հանրապետության անվան նոր տարբերակը հնչում էր որպես «Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն»։ 1966 թվականից «հանրապետություն» բառը կրկին թարգմանվեց հին ձևով և մինչև ՀԽՍՀ-ի գոյության վերջը և նաև Հայաստանի Հանրապետության սկզբնական շրջանում զինանշանի վրա գրված էր «Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն»։

Հայկական ԽՍՀ Սահմանադրության 120-րդ հոդվածը հանրապետության զինանշանն այսպես է նկարագրել․

  Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության պետական զինանշանի վրա պատկերված են Մեծ և Փոքր Արարատները, վերևում՝ հնգաթև աստղի վրա, մուրճն ու մանգաղն են՝ շրջապատված ճառագայթներով։ Լեռան ստորոտին պատկերված է խաղողի թուփ՝ վազերով և տերևներով, աջից և ձախից՝ ցորենի հասկեր։ Զինանշանի շուրջը՝ առանձին դաշտում, հայերեն գրված է «Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն»։ Ներքևում կարմիր ֆոնի վրա հայերեն և ռուսերեն գրված է՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»։  

1977 թվականի Սահմանադրության մեջ հստակեցվեց, որ զինանշանի վրայի ճառագայթներն արևի ճառագայթներ են։

Ծանոթագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Державні герби і прапори СРСР та союзних Раянських Соціалістичних республік: Комплект плакатів / Автор-упорядник В. І. Стадник, ред. Н. Г. Несин, худ. ред. Ю. Г. Їжакевич, тех. ред. С. М. Скуратова, кор. Н. М. Сидорова: Політвидав України, 1982.(ուկր.)
  • Юный художник, 1983, № 4, с. 15.