Հաճախապատում (Յաճախապատում), խրատական ճառերի, քարոզների ժողովածու։ Բաղկացած է 23 գլխից։ Ուսուցանում է քրիստոնեական բարոյականություն։ Ժողովածուի հեղինակային պատկանելության հարցը մնում է վիճելի։ Կորյունը հայտնում է, որ իր ուսուցիչը հորինել է «Ճառս յաճախագոյնս»։ Նույն տեղեկությունը նույն բառերով հայտնում է Ագաթանգեղոսը Գրիգոր Լուսավորչի մասին։ Ձեռագիր մատյաններում Հաճախապատումն ընդօրինակված է միայն Գրիգոր Լուսավորչի անունով։ Միջնադարյան մատենագիրները (Խոսրով Անձևացի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս Պահլավունի, Հովհաննես Սարկավագ և այլք) նույնպես Գրիգոր Լուսավորչին են ճանաչում հեղինակ, իսկ Մեսրոպ Մաշտոցին հեղինակ համարողները գտնում են, որ Գրիգոր Լուսավորչի օրոք հայկական գրեր գոյություն չեն ունեցել։ Այս առարկությունը ժխտողների կարծիքով Հաճախապատումը գրվել է հունարեն կամ ասորերեն և 5-րդ դարում թարգմանվել հայերեն։ Ժողովածուն տպագրվել է միայն Գրիգոր Լուսավորչի անունով (1737-ին՝ Կ.Պոլսում, 1838-ին՝ Վենետիկում, 1894-96-ին՝ ՎաղարշապատումՄանուկ Աբեղյանը գտնում է, որ Հաճախապատումը Գրիգոր Լուսավորչին է վերագրվել այդ գրվածքին ավելի մեծ հեղինակություն ընծայելու համար։ 1872-ին Յոհան Միխայել Շմիդը Հաճախապատումը թարգմանել է գերմաներեն։

Հաճախապատում
Հեղինականհայտ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրխրատական ճառերի, քարոզների ժողովածու
Բնօրինակ լեզուհունարեն կամ ասորերեն
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվV-րդ դ.
Հրատարակումներ կամ թարգմանություններգերմաներեն (1872)
Հրատարակման վայրԿոստանդինոպոլիս
Հրատարակում հայերեն1737
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։