Հակաֆաշիստական դիմադրության շարժում

Դիմադրության շարժում, ազգային-ազատագրական, հակաֆաշիստական շարժում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939—1945)՝ գերմանական, իտալական և ճապոնական օկուպանտների ու նրանց հետ գործակցած տեղական տարրերի դեմ։ Շարժանը մասնակցում էին բանվորներ և գյուղացիներ, հայրենասիրական տրամադրություն ունեցող քաղաքային մանր և մասամբ՝ միջին բուրժուազիան, մտավորականության և հոգևորականության մի մասը։ Շարժման մեջ եղել է երկու հիմնական հոսանքներ՝ դեմոկրատական, որ ղեկավարում էր բանվոր դասակարգը կոմունիստական կուսակցությունների գլխավորությամբ, առաջ էր քաշում ոչ միայն ազգային, այլև սոցիալական ազատագրման պահանջ, և աջ, պահպանողական, ղեկավարում էին բուրժական տարրերը, նպատակ ուներ վերականգնել ազգային բուրժուազիայի իշխանությունը և մինչօկուպացիոն կարգերը։ Մի շարք երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Չեխոսլովակիա, Բելգիա, Նորվեգիա, Դանիա և այլն) դեմոկրատական և աջ հոսանքները շարժման ընթացքում համագործակցեցին թշնամու դեմ մղվող ընդհանուր պայքարում։ Դիմադրության շարժումը դրսևորվեց պայքարի բազմազան ձներով՝ հակաֆաշիստական պրոպագանդա և ագիտացիա, ընդհատակյա գրականության հրատարակում և տարածում, գործադուլ և դիվերսիա օկուպանտների համար արտադրանք թողարկող ձեռնարկություններում, զենքի ն զինամթերքի փոխադրումների խափանում, պարտիզանական շարժում և այլն։

Դիմադրության շարժում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ
Դիադրության շարժում

Դիմադրության շարժման բարձրագույն ձևը համաժողովրդական զինված ապստամբությունն էր, որտեղ առաջատար դերը բանվոր դասակարգինն էր։ Շատ երկրներում (Հարավսլավիա, Լեհաստան, Ալբանիա, Վիետնամ և այլն) դիմադրության շարժումը վերածվեց ազգային-ազատագրական պատերազմի ընդդեմ ֆաշիստական զավթիչների։ Դիմադրության շարժումը անցել է զարգացման չորս փուլ, որոնք հիմնականում առնչվում են Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմի ընթացքի հետ։ Առաջին փուլը (1939 թվականի սեպտեմբեր — 1941 թվականի հունիս) ուժերի կուտակման, զանգվածային պայքարի կազմակերպական ն պրոպագանդիստական նախապատրաստման, կոմունիստական կուսակցությունների ղեկավար մասնակցությամբ ընդհատակյա, հակաֆաշիստական կազմակերպությունների ստեղծման ն ամրապնդման շրջանն էր։ Երկրորդ փուլը (1941 թվականի հունիս — 1942 թվականի նոյեմբեր) բնութագրվում է Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը սկսվելու կապակցությամբ Եվրոպայում ն Ասիայում դիմադրության շարժման ուժեղացումով։ Սովետական բանակի առաջին հաղթանակների, հատկապես Մոսկվայի պատմական ճակատամարտի ազդեցությամբ դիմադրության շարժումը գրեթե բոլոր երկրներում սկսեց ձեռք բերել համազգային բնույթ։ Ժողովուրդների ազատագրական պայքարը գլխավորում էին մասսայական հայրենասիրական կազմակերպությունները (Ֆրանսիայում և Լեհաստանում՝ Ազգային ճակատները, Բուլղարիայում՝ Հայրենական ճակատը և այլն)։ Երրորդ փուլը (1942 թվականի նոյեմբեր — 1943 թվականի վերջ) կապված է Ստալինգրադի ճակատամարտում և Կուրսկի մոտ սովետական զորքերի հաղթանակների շնորհիվ պատերազմում առաջացած արմատական բեկման հետ։ Այս ժամանակաշրջանում դիմադրության շարժումը կտրուկ ուժեղացավ և՛ օկուպացված, և՛ ֆաշիստական խմբավորման մեջ մտնող երկրներում (ինչպես և բուն Գերմանիայում)։ Մի շարք երկրներում հիմնականում ավարտվեց հայրենասիրական ուժերի միավորումը, ամրապնդվեցին համազգային միացյալ ճակատները և ստեղծվեցին ժողովրդա-ազատագրական բանակներ (Հարավսլավիա, Ալբանիա, Բուլղարիա)։ Չորրորդ փուլն ընդգրկում է 1943 թվականի վերջից մինչն 1945 թվականի մայիս-սեպտեմբերը։ Այս շրջանում սովետական բանակը կործանիչ հարվածներ հասցրեց ֆաշիստական զավթիչներին, ազատագրեց սովետական ամբողջ երկիրը և Արևելյան ու Հարավարնելյան Եվրոպայի ժողովուրդներին, դաշնակիցների հետ միասին ավարտեց Գերմանիայի ջախջախումը ն 1945 թվականի օգոստոսի 9-ին, մտնելով Ճապոնիայի դեմ պատերազմի մեջ, վճռական դեր խաղաց ճապոնական միլիտարիստների նկատմամբ տարած հաղթանակներում։ Սովետական զորքերի հաջող հարձակմամբ հակաֆաշիստսական համաժողովրդական պայքարը վերածվեց զինված ապստամբությունների, որոնք, ի վերջո, հանգեցրին ժողովրդա-դեմոկրատական կարգերի հաստատման (Ռումինիա, Բուլղարիա, Չեխոսլովակիա), ստեղծվեցին հեղափոխական իշխանության մարմիններ (Լեհաստան, Հունգարիա, Հարավսլավիա, Ալբանիա)։

Դիմադրության շարժումը մեծ հաջողություններ ունեցավ Ֆրանսիայում։ 1944 թվականի գարնանը դիմադրության մարտական կազմակերպությունները միավորվեցին և ստեղծեցին ֆրանսիական ներքին ուժերի միացյալ բանակ (500 հզ․ մարդ), որտեղ ղեկավար դեր էին խաղում կոմունիստները։ 1944 թվականի ամռանը Իտալիայում ստեղծվեց միացյալ պարտիզանական բանակ (100 հզ․ մարդ), որն ազատագրեց Հյուսիսային Իտալիայի շատ շրջաններ։ Եվրոպայի և Ասիայի օկուպացված մյուս երկրներում ևս դիմադրության շարժումը մեծ չափով նպաստեց օկուպանտների ջախջախմանը։

Հայերի մասնակցությունը շարժմանը խմբագրել

 

Իր բնույթով ամեն մի երկրում լինելով խորապես ազգային, դիմադրության շարժումը միաժամանակ ինտերնացիոնալ էր, քանի որ ուներ մի ընդհանուր նպատակ՝ ջախջախել ֆաշիզմն ու միլիտարիզմը, ազատագրել օկուպացված տերիտորիաները։ Դիմադրության շարժման մեջ ընդգրկվել էին տարբեր ազգությունների մեծ թվով հակաֆաշիստներ, այդ թվում հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ, ինչպես սփյուռքահայեր, նույնպես և պատերազմի պայմաններում թշնամու թիկունքում հայտնված սովետական քաղաքացիներ։ Սփյուռքահայության առաջավոր, հակաֆաշիստորեն տրամադրված մասը Ֆրանսիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Իտալիայում, Ռումինիայում և Եվրոպայի այլ երկրներում, կոմունիստների ղեկավարությամբ, ակտիվորեն մասնակցեց դիմադրության շարժմանը՝ մարտնչելով ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատներում։ Պայքարելով իրենց երկրորդ հայրենիքի ազատագրության համար, սփյուռքահայերը միաժամանակ իրենց լուման էին ներդնում սովետական ժողովրդի հաղթանակը արագացնելու գործում։ Նրանց մասնակցությունը դիմադրության շարժմանը առավել ցայտուն դրսևորվեց Ֆրանսիայում, որտեղ այն ղեկավարում էին «Հայ ազգային ճակատը» ն Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հայկական հատվածը։ Ֆրանսիայի դիմադրության շարժման ականավոր գործիչներից էր Միսաք Մանուշյանը։ Փարիզի շրջանում գործող նրա ղեկավարած չորս ինտերնացիոնալ ջոկատները («Ստալինգրադ», «Վիկտոր Հյուգո», «Ազատություն», «Չապաև») նյութական և մարդկային մեծ կորուստներ պատճառեցին թշնամուն։ Ֆրանսիայի ազգային հերոս Մ․ Մանուշյանին և նրա ընկերներին ֆաշիստները գնդակահարեցին 1944 թվականի փետրվարի 21-ին։ Ֆրանսիական դիմադրության շարժմանը մասնակցեցին նաև Ա․ Չաքրյանը, Ա․ Դավթյանը, Ա․ Ասլանյանը, Լ․ Ասլանյանը (Լաս), Ն․ Տեր-Մարտիրոսյանը, Տ․ Դպիրյանը և ուրիշներ։ Բուլղարիայում աչքի ընկան Հ․ Պարոնյանը, Տ․ Ռազգրադլյանը («Սաշկա») և Տ․ Քանոնյանը, Հարավսլավիայում՝ Պ․ Սահակյանը, Ի․ Գրիգորյանը, Ց․ Աֆրիկյանը, Ա․ Սահակյանը, Հունաստանում՝ Վ․ Սաքայանը, Ա․ և Ե․ Ղուկասյանները, Ս․ Եմեջյանը, Ս․ Բելեյանը, Ա․ Յափնջյանը և ուրիշներ։

 
Դիմադրության շարժման մասնակից

Եվրոպայի շատ երկրներում դիմադրության շարժմանը մասնակցեցին ֆաշիստական ճամբարներից փախած մեծ թվով սովետական քաղաքացիներ, այդ թվում և հայեր, որոնք դարձան հակաֆաշիստական խմբերի ղեկավարներ, պարտիզանական ջոկատների հրամանատարներ։ Իտալիայում դիմադրության շարժմանը ակտիվորեն մասնակցեցին Գ․ Քոլոզյանը և Մ․ Դաշտոյանը, Լեհաստանում և Չեխոսլովակիայում՝ Ա․ Բաբայանը, Ա․ Պետրոսյանը, Հ․ Իլիկյանը, Հ․ Թումանյանը, Ս․ Կուսիկյանը, Ա․ Մաթոսյանը, Ա․ Նավոյանը, Հունաստանում՝ Ա․ Չոբանյանը և Ե․ Շահինյանը։ Հակաֆաշիստական ընդհատակյա հայրենասիրական կազմակերպության անդամներից շատերը, հայտնվելով Ֆրանսիայում, միացան տեղական դիմադրության շարժմանը։ 1944 թվականի հուլիսին Ֆրանսիայում կազմակերպվեց սովետական պարտիզանական առաջին ջոկատը (հիմնականում՝ հայ ռազմագերիներից), որը կապիտան Բ․ Պետրոսյանի գլխավորությամբ մարտնչում էր ֆրանսիական ազատ հրաձիգների և պարտիզանների շարքերում։ 1944 թվականի օգոստոսին հայկական պարտիզանական ջոկատներից ստեղծվեց երկու գումարտակից կազմված Սովետական առաջին պարտիզանական գունդը Ֆրանսիայում՝ մայոր Ա․ Ղազարյանի հրամանատարությամբ։ Գունդը մասնակցեց ֆրանսիական մի շարք քաղաքների (Լիոն, Մանդ, Նիմ և այլն) ազատագրմանը։

Գրականություն խմբագրել

  • Դրամփյան Տ․ Ս․, Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին։ 1941 — 1944, Ե․, 1967։
  • Իսբախ Ա․ Ա․, Նրանք մարտնչել են Ֆրանսիայի համար, Ե․, 1967։
  • Հայ ժողովրդի պատմություն, հ․ 8, Ե․, 1970։
  • Антифашистское движение Сопротивления в странах Европы в годы второй мировой войны, М․, 1962.
  • Семиряга М․ И․, Советские люди в Европейском движении Сопротивления, М․, 1970․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 388