Կրթության գերազանցության ազգային ծրագիր
Կրթության գերազանցության ազգային ծրագիր (ԿԳԱԾ), Հայաստանի հանրակրթության որակի բարձրացման և համակարգային բարեփոխումների իրականացման նախաձեռնություն։ Ծրագիրը նպատակ ունի միջազգայնորեն մրցունակ հայալեզու կրթական ծրագրի (Արարատյան բակալավրիատի)՝ Հայաստանում թիրախային ներդրման միջոցով ապահովել բարձր մակարդակի գիտելիքներով և կարողություններով զինված մարդկային ներուժի մուտք տնտեսություն և խթանել Հայաստանի միջազգային մրցունակությունը։ Ծրագրի նպատակն է նաև սփյուռքի դպրոցների զարգացումը՝ միջազգայնորեն մրցունակ հայալեզու կրթության ապահովման միջոցով։
ԿԳԱԾ-ի հեղինակը «Այբ» կրթական հիմնադրամն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում։ Ծրագիրն իրականացնում են «Այբ» կրթական հիմնադրամը և ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ։ Ծրագրի ղեկավարն է «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Մեսրոպ քհն․ Արամյանը։
ՊատմությունԽմբագրել
2014 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը հետամուտ եղավ Կրթության գերազանցության ազգային ծրագրի մշակմանը՝ ստեղծելու Հայաստանում մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցական կրթական ծրագիր և բարձրացնելու հասարակության մեջ ուսուցչի դերի կարևորությունն ու հեղինակությունը:
Հայաստանում մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցական կրթական ծրագիր ստեղծելու նպատակով «Այբ» կրթական հիմնադրամը լրամշակեց և ամբողջացրեց հիմնադրամի մշակած և մի շարք ծրագրերի շրջանակում, այդ թվում՝ «Այբ» դպրոցում, փորձարկած կրթական ծրագիրը (ծրագրի մշակման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2006-2007 թթ․)՝ 2015 թվականին այն ամբողջությամբ ներդնելով «Այբ» ավագ դպրոցում և ծրագիրն անվանելով «Արարատյան բակալավրիատ»։
Հասարակության մեջ ուսուցչի դերի կարևորությունն ու հեղինակությունը բարձրացնելու նպատակով «Այբ» կրթական հիմնադրամը 2014 թվականին ձեռնամուխ եղավ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մշակմանը։
ԿԳԱԾ-ի հիմնական նպատակներն են․Խմբագրել
- տալ ՀՀ և Արցախի բոլոր աշակերտներին միջազգայնորեն մրցունակ հայալեզու կրթության հնարավորություն,
- դարձնել Հայաստանը հանրակրթությամբ առաջատար պետություն միջազգային մակարդակով,
- ձևավորել համաշխարհային հասարակական-տնտեսական զարգացումներում ակտիվ դերակատարություն ստանձնող հասարակություն,
- խթանել սեփական ինքնության և ապագայի հետ ներդաշնակ, ստեղծագործ, նորարար և բաց հասարակության ձևավորումը։
«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրԽմբագրել
Արարատյան բակալավրիատը (ԱԲ) ԿԳԱԾ-ի իրականացման հիմնական գործիքն է։ Այն հայալեզու և միջազգայորեն ճանաչված կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու հայ աշակերտներին։ Ծրագիրը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և, 2006 թվականից սկսած, փորձարկվել հիմնադրամի տարբեր ծրագրերի, այդ թվում՝ «Այբ» դպրոցի շրջանակներում։ ԱԲ-ն ամբողջացվել և լրամշակվել է ԿԳԱԾ-ի շրջանակում: ԱԲ ծրագիրը կարող է ներդրվել բոլոր պետական և մասնավոր դպրոցներում:
ԿԳԱԾ-ի շրջանակում ուսուցիչների մասնագիտական զարգացում և հավաստագրումԽմբագրել
Գործող և նոր ուսուցիչներին դասավանդման համաշխարհային լավագույն փորձով, գիտելիքներով և հմտություններով զինելու համար 2014 թվականին ԿԳԱԾ-ի շրջանակում մեկնարկեց ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մշակումը։ Ծրագիրը ներառում է 20-շաբաթյա խորացված ուսուցում, որի ընթացքում իրականացվում է երեք դեմ առ դեմ հանդիպում։
Ծրագրի մասնակիցների գնահատման երեք հիմնական չափանիշներն են գիտելիքները, հմտությունները և անձնային որակները։ Վերոնշյալ բոլոր չափանիշներով հետևողական առաջընթաց ապահովելու նպատակով ԱԲ-ի ուսուցիչների զարգացման ծրագիրը մասնակիցներին տրամադրում է հատուկ գործիք՝ «չափանիշների համապատասխանության նշանացույց» (Teacher Standards Progress Tracker)[1]։
ԱԲ-ի ուսուցիչների զարգացման և հավաստագրման ծրագրի առանցքը մենտորությունն է․ մասնակիցներին կցվում են մենտորներ՝ ուսումնառությունն առավել սահուն դարձնելու և նրան համայնքային բնույթ հաղորդելու համար։
Ծրագրի ավարտին ուսուցիչները ԿԳԱԾ-ից ստանում են ԱԲ-ի ուսուցչի (5 տարի ժամկետով՝ նորացվելու պայմանով) կամ ԱԲ-ի ավագ ուսուցչի հավաստագիր (վաղեմության ժամկետ չունի)։
Միջազգային գործընկերներԽմբագրել
«Այբ» կրթական հիմնադրամը ԿԳԱԾ-ի իրականացման և հանրակրթության բարձրացման նպատակով համագործակցում է Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ: Համագործակցության շրջանակում՝
- Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնը ապահովում է ԱԲ-ի համաքննումն ու զարգացման ծրագրային օժանդակությունը, աջակցում միջազգայնորեն մրցունակ և կրթության զարգացմանը միտված քննական համակարգի ձևավորմանը,
- Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտը աջակցում է ուսուցիչների զարգացման ծրագրի մշակմանը, ներդրմանը և մշտադիտարկմանը:
Հանրային իրազեկում և լսումներԽմբագրել
2014 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարեց Կրթության գերազանցության [2] ազգային ծրագրի մեկնարկի մասին։ ԿԳԱԾ-ի հանրայնացման շրջանակում ԿԳԱԾ-ի նախաձեռնող և աշխատանքային խմբերը 2014 թ. նոյեմբերից մինչև 2015 թ. մարտ քննարկումներ և հանրային լսումներ են իրականացրել Երևանում, ՀՀ բոլոր մարզերում և Արցախում։ Նպատակներն էին՝
- հասարակության շահագրգիռ խմբերին ծանոթացնել ծրագրի մանրամասներին,
- շահագրգիռ խմբերին մասնակից դարձնել ծրագրի լրամշակմանը` արդյունքում բարելավելով այն,
- հասարակության շահագրգիռ խմբերի շրջանում ձևավորել «սեփականության» զգացողություն:
Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 21 հանդիպում (11 մարզային քննարկում և առանձին խմբերի հետ 10 հանդիպում), որոնց մասնակցել է 2000-ից ավելի մարդ։
ԿԳԱԾ-ի ֆինանսավորումԽմբագրել
2016թ. ՀՀ կառավարության կողմից Արարատյան բակալավրիատը հաստատվեց[3] որպես պետական հանրակրթական ծրագիր Հայաստանում: Ծրագիրը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: Պետությունը համակարգված օժանդակություն է մատուցում ազգային ծրագրի իրականացման համար: Պետական դպրոցներում ԱԲ-ի ներդրումը կիրականացվի պետբյուջեից նախատեսված ֆինանսավորմամբ: