Այբ դպրոց

Երևանի դպրոց
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այբ (այլ կիրառումներ)


«Այբ» դպրոցը (պաշտոնական անունը՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ) Երևանում գործող 12-ամյա հայկական դպրոց է, կարգավիճակով՝ հիմնադրամ (շահույթ չհետապնդող ոչ առևտրային կառույց)։ Ստեղծվել է 2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, նախագահ՝ գործարար ու բարերար Ռուբեն Հարությունյան։ Դպրոցի տնօրեն՝ Դավիթ Սահակյան։

Այբ դպրոց
Այբ դպրոց
Տեսակմիջնակարգ դպրոց և դպրոց
Կարգախոսիմա և արա[1]
Հիմնադրված է2011[2]
ՏնօրենԴավիթ Սահակյան
Աշակերտներ461
Դասարաններ1-12
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԹբիլիսյան խճ. 11/11
Կայքaybschool.am
Այբ դպրոցը գտնվում է Հայաստանում
Այբ դպրոց

ՊատմությունԽմբագրել

«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծումից ի վեր (2006 թ.) իրականացրել է խորացված առարկայական դասընթացներ բարձր դասարանցիների համար, հիմնել է ժամանակակից ուսումնական լաբորատորիաներ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում, կազմակերպել միջազգային սիրված դպրոցական մրցույթներ Հայաստանում և Արցախում, անցկացրել ուսուցիչների վերապատրաստումներ, մշակել դասավանդման մեթոդաբանություններ, հայերեն թարգմանել աշխարհի լավագույն դպրոցական դասագրքերից, մշակել և փորձարկել կրթության մեկենասության և կրթական կառույցի կառավարման համակարգեր և այլն։ Այս բոլոր կրթական ծրագրերի ու նախաձեռնությունների հնգամյա փորձի վրա հիմնվելով՝ որոշում կայացվեց հիմնադրել նոր՝ արդի բոլոր կրթական պահանջներին բավարարող և հայկական դպրության լավագույն ձեռքբերումների վրա հիմնված հայկական դպրոց։

2008 թվականի հունվարին «Այբ» դպրոցի ծրագիրը ներկայացվեց Հայաստանի նախագահին և կառավարությանը։ 2010 թվականի հունվարին Հայաստանի Կառավարությունը տարվա իր առաջին նիստում որոշում[3] կայացրեց «Այբ» կրթական հիմնադրամին հատկացնել Երևանում Թբիլիսյան խճուղուն հարող 6,5 հա հողատարածք՝ «Այբ կրթական հանգույց» («Այբ» դպրոց) ծրագրի իրականացման համար։

2011 թվականին բացվեց[4] «Այբ» դպրոցի առաջին բաղադրիչը՝ «Այբ» ավագ դպրոցը: Դպրոցի բացումն ու հետագա բաղադրիչների կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել են անհատ բարերարներ աշխարհի տարբեր ծայրերից: «Այբ» ավագ դպրոցը հայկական ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է, որտեղ աշակերտներին շնորհվում է կրթաթոշակ (ուսման արժեքի փոխհատուցում) բարերարների նվիրատվություններից գոյացած կրթաթոշակային ֆոնդից: Շնորհիվ սոցիալական բաղադրիչի՝ ուսումը «Այբ» դպրոցում հասանելի է բոլոր ընդունված երեխաներին:

2013 թվականին մեկնարկեց դպրոցի տարրական, իսկ 2014 թվականին՝ միջին բաղադրիչի գործունեությունը։

2013 թվականին Դիլիջանում «Այբ» կրթական հիմնադրամի և Հայաստանի Կենտրոնական բանկի համագործակցության շնորհիվ բացվեց «Այբ» դպրոցների ընտանիքին պատկանող երկրորդ դպրոցը՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցը։

2015 թվականին, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ, Երևանի «Այբ» և Դիլիջանի կենտրոնական դպրոցներին կից բացվեցին Հայաստանում առաջին երկու արհեստանոց-լաբորատորիաները՝ ֆաբլաբերը, որոնք թույլ են տալիս կրթությունը դարձնել կիրառական։

Ճարտարապետություն և միջավայրԽմբագրել

 
Վիքիպեդիա Ուսուցման Համագործակցության Հանդիպումը Երևանի Այբ դպրոցում, Հայաստան, 2017 թվականի հունիսի 2-4[5]

«Այբ» կրթական հանգույցը («Այբ» դպրոցը) կառուցելիս ճարտարապետական նախագծում հաշվի են առնվել դպրոցաշինության արդի զարգացումները և համաշխարհային փորձառությունը: Ապագայում «Այբ» հանգույցը դառնալու է յուրատեսակ փոքրիկ կրթական ավան՝ իր բոլոր ենթակառուցվածքներով` դպրոց, ֆաբլաբ, գիտության ու տեխնոլոգիայի կենտրոն, եկեղեցի ու համայնքային կենտրոն, մանկապարտեզ, սպորտային համալիր, հանրակացարաններ, կանաչապատ տարածքներ և այլն:

Այն զբաղեցնում է 6,95 հա տարածք Երևանի Թբիլիսյան խճուղի 11/11 հասցեում: Այսօր դպրոցն ունի երեք մասնաշենք՝ ընդհանուր 7000 մ² ուսումնական մակերեսով՝ զինված ու համալրված ժամանակակից ուսումնական տեխնոլոգիաներով, ռոբոտիկայի, քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաներով, արվեստանոց-լաբորատորիայով, սպորտդահլիճով և համերգային դահլիճով:

«Այբ» կրթական հանգույցը մոտակա մի քանի տարիներին զարգանալու է նոր բաղադրիչների կառուցմամբ և գործարկմամբ: Արդեն հաստատված են ամբողջ կրթական ավանի ճարտարապետական նախագիծն ու գլխավոր հատակագիծը[6]` «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի հեղինակությամբ։ Ամբողջ «Այբ» կրթական ավանը նախատեսված է 800 աշակերտի համար:

Ուսումնական ծրագիրԽմբագրել

«Այբ» դպրոցում դասավանդումը կատարվում է «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայկական կրթական ծրագրով՝ մշակված «Այբ» կրթական հիմնադրամի կողմից:

ԱԲ-ը համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է՝ նախատեսված ժամանակակից պետական և մասնավոր կրթական հաստատությունների համար:  ԱԲ-ը մշակված է հատուկ հայկական դպրոցների համար, և ԱԲ-ով ուսուցումը հայերեն է: ԱԲ-ի ծրագրում համադրվում են մի շարք հիմնական և ընտրովի առարկաներ, այդ թվում՝ մաթեմատիկա, բնագիտական առարկաներ, պատմություն, հասարակագիտական առարկաներ, լեզուներ և արվեստ։

2016 թվականին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ) ԱԲ-ը համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին, և նույն թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց[7] ԱԲ-ը որպես Հայաստանում պետական հանրակրթական ծրագիր։

ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ դպրոցական որակավորումներին և ճանաչումը որպես պետական հանրակրթական ծրագիր Հայաստանում հնարավորություն են ընձեռում ծրագրով սովորող բոլոր աշակերտներին հայերենով հանձնելու իրենց ավարտական քննությունները և այդ քննությունների արդյունքներով ընդունվելու ՀՀ կամ միջազգային բուհեր կամ կրեդիտավորելու այդ արդյունքներն արտասահմանյան բուհերում։

«Այբ» դպրոցում գնահատումը կատարվում է բնութագրական արձագանքի (feedback) միջոցով: Թվանշանային գնահատման համար «Այբ»-ում կիրառվում է 100-միավորանոց սանդղակ: «Այբ» դպրոցում չկան օրագրեր և մատյաններ: Փոխարենը գործածվում է «Մուդլ» էլեկտրոնային համակարգը (անգլ.՝ Moodle): 

Նախագծային ուսումնառությունԽմբագրել

Նախագծային ուսումնառությունը (Project-based learning) «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ: Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։ Նախագծերի իրականացման արդյունքում աշակերտների մոտ զարգանում են մի շարք կարևորագույն հմտություններ, ինչպիսիք են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, առաջնահերթությունների կարգավորումը և այլն: Նախագծային ուսուցման շնորհիվ աշակերտները, փորձելով սեփական ուժերը այս կամ այն ոլորտում, կողմնորոշվում են նաև ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Նախագծային ուսումնառության շրջանակներում «Այբ» դպրոցում գործում են յուրաքանչյուր տարի գործում է 10-12 թեմատիկ ակումբ, օրինակ՝ «Գիտալաբ» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն), «Կանաչ քիմիա» (քիմիա), «Ֆաբլաբ» (ռոբոտաշինություն), «Տեխնոշարժ» (ծրագրավորում), «Մեդիալաբ» (լրագրություն, մեդիագրագիտություն), F8 (լուսանկարչություն), «Արվեստանոց» (կերպարվեստ), «Ռոքեստր» (նվագախումբ) և այլն։

Կրթաթոշակային համակարգԽմբագրել

«Այբ» դպրոցի ավագ բաղադրիչը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: «Այբ» ավագ դպրոցում կիրառվում է կրթաթոշակային համակարգ[8]՝ նպատակ ունենալով ապահովելու տաղանդավոր երեխաների անկախությունը ծնողների ֆինանսական հնարավորություններից և հավասար հնարավորություններ տալու բոլոր ընդունված աշակերտներին: «Այբ» հիմնադրամը հայթայթում է ֆոնդեր՝ անհատ բարերարների ու կազմակերպությունների նվիրատվություններից, որպեսզի որևէ աշակերտ, որ ընդունվել է «Այբ» ավագ դպրոց, չզրկվի այստեղ սովորելու հնարավորությունից ֆինանսական պատճառներով: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 75%-ն ամեն տարի «Այբ» հիմնադրամից ստանում է կրթաթոշակ (ուսման արժեքի փոխհատուցում):

ՎիճակագրությունԽմբագրել

Դպրոցում սովորում է մոտ 450 աշակերտ (2019 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ), որոնց թվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի (ընդհանուր թվի մոտ 10%-ը) քաղաքացիներ: 2011-2019 թթ. դպրոցն ունեցել է 300 շրջանավարտ: Իր պատմության 9 տարիների ընթացքում դպրոցը տվել է 11 ոսկե մեդալակիր:

«Այբ» դպրոցում դասավանդում է մոտ 100 ուսուցիչ։ Ավագ դպրոցում դասավանդվում է 32 առարկա՝ 8 առարկայախմբում: Իսկ միջին և տարրական դպրոցներում դասավանդվում են 26 և 11 առարկա համապատասխանաբար[9]։ Գործում է նաև 11 խմբակ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Այբ» դպրոցի նշանաբան
  2. Փաստեր և թվեր
  3. ««Այբ» հիմնադրամը մտադիր է «դպրոցական ավան» կառուցել Երեւանում»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2017-07-17 
  4. «Բացվեց «Այբ»-ը՝ 21-րդ դարի հայկական դպրոցը»։ mediamax.am։ Վերցված է 2017-07-17 
  5. Wikipedia & Education User Group
  6. «Այբ» ավանի հատակագիծը
  7.  «Կառավարության որոշում Արարատյան բակալավրիատի վերաբերյալ»(չաշխատող հղում)
  8. Ուսման արժեք և ֆինանսական աջակցություն
  9. «Այբ» դպրոցի 2011-2016 ուստարիների ամփոփ հաշվետվություն

ՀղումներԽմբագրել