«Այբ» կրթական հիմնադրամ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այբ (այլ կիրառումներ)
«Այբ» կրթական հիմնադրամ, կրթական նախագծեր իրականացնող հիմնադրամ Հայաստանում։
«Այբ» կրթական հիմնադրամ | |
---|---|
![]() | |
Հիմնադրված | 2006 թ. |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Տեղագրություն | Հայաստան |
Կայք | ayb.am |
Հիմնադրվել է 2006 թվականին։ Հիմնադրամի նպատակն է՝ ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։
«Այբ» կրթական շարժման գաղափարը մարդկային կյանքը և մեր երկրի ապագան կրթությամբ վերափոխելն է: Լինելով կրթության ոլորտում կարևոր փոփոխություններ և զարգացման ծրագրեր իրականացնող կազմակերպություն՝ «Այբ»-ը գործում է ամբողջ Հայաստանում, Արցախում և սփյուռքում՝ մեր երեխաներին 21-րդ դարի լավագույն կրթությամբ ապահովելու համար: «Այբ»-ի ծրագրերում տարեկան ներգրավվում են շուրջ 125 000 մասնակից և 1100 ուսումնական հաստատություն ամբողջ Հայաստանից և Արցախից: «Այբ» կրթական հիմնադրամը նախաձեռնել է մեծածավալ կրթական նախաձեռնություններ՝ «Այբ» դպրոց, Դիլիջանի կենտրոնական դպրոց, Արարատյան բակալավրիատ, դպրոցական զանգվածային մրցույթներ, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ, «ԱյբԼաբ»-եր և բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք փոխում են հայկական կրթական իրականությունը:
«Այբ» կրթական հիմնադրամը նպատակ ունի իր հաջողված փորձը հասանելի դարձնելու բոլորին և Հայաստանը վերածելու որակյալ կրթության երկրի, որտեղ որակյալ և ժամանակակից կրթությունը հասանելի է բոլոր երեխաներին[1]:
ԿառուցվածքԽմբագրել
«Այբ»-ը հիմնադրվել է 2006 թվականին մարդկանց կողմից, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում միասնական ներդրմամբ զարգացնել Հայաստանի կրթական համակարգը: «Այբ»-ի հիմնադիրներն են`
- Աշոտ Ասլանյան (Հայաստան/Ռուսաստան, «Աերոսիբ» ընկերության հիմնադիր)
- Արամ Փախչանյան (Հայաստան/Էյբբի ընկերության փոխնախագահ)
- Արթուր Բերդ (Ֆրանսիա/ԱՄՆ, General Quantitative, Wealth Technologies ընկերությունների հիմնադիր)
- Դավիթ Յան (Ռուսաստան/ԱՄՆ, Էյբբի ընկերության հիմնադիր, «iiko» ընկերության համահիմնադիր, «Findo» ընկերության համահիմնադիր և նախագահ)
- Դավիթ Փախչանյան (Հայաստան/Ռուսաստան/ «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրեն)
- Կարեն Մուսայելյան (ԱՄՆ, HiQu Capital ընկերության հիմնադիր)
- Կարո Սարգսյան (Ռուսաստան, գործարար, «Սպեցտորգ» ընկերության հիմնադիր)
- Տ. Մեսրոպ քհն. Արամյան (Հայաստան, «Վէմ» ռադիոկայանի նախագահ)
«Այբ» կրթական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է[1]: Հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը երկու տարի է:
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Արամ Փախչանյանն է, գործադիր տնօրենը` Սոնա Կոշեցյանը [2][3] :
ԾրագրերԽմբագրել
«Այբ» կրթական հիմնադրամի նախագծած հիմնական ծրագրերը
- «Այբ» դպրոց (տարրական, միջին և ավագ)․ այն գործում է 2011 թվականից։ Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում իրականացվող ամենախոշոր սոցիալական նախաձեռնությունն է, այստեղ սովողների ավելի քան 75 տոկոսն ստանում է մասնակի կամ ամբողջական կրթաթոշակ,
- Դիլիջանի կենտրոնական դպրոց, որը պատկանում է «Այբ» դպրոցների ընտանիքին և «Այբ»-ի՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ իրականացրած առաջին դպրոցական նախագիծն է,
- Արարատյան բակալավրիատ, որն «Այբ» կրթական հիմնադրամն իրագործում է՝ համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL, ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ (IօE)։ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը ստեղծվել է՝ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի միջոցով նպաստելու դպրոցական կրթության համակարգային բարեփոխումների իրագործմանը,
- «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ. ավելի քան 2800 հայերեն տեսանյութ YouTube-ում և 1200 հայերեն վարժություն ու հոդված,
- 2 Ֆաբլաբ․ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ, MIT) ստեղծած արհեստանոց-լաբորատորիա՝ զինված հատուկ սարքավորումներով և նյութերով,
- Դպրոցական զանգվածային մրցույթենր՝ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթ, «Մեղու» հայերենի մրցույթ, «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթ, Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլ և բարձրագույն կրթության ոլորտում՝ Քիմիկոսների ուսանողական մրցաշար,
- Արդիական ուսումնական «ԱյբԼաբ» լաբորատորիաներ,
- Առարկայական խորացված դասընթացներ,
- Վարպետության դասեր [4]։
ՊատմությունԽմբագրել
2006 թվականի փետրվարին, ցանկանալով նպաստել Հայաստանի զարգացմանը և ունենալով իրենց ժամանակը, ջանքերն ու նյութական միջոցները ներդնելու բազմաթիվ հնարավորություններ, 8 ընկերներ հավաքվեցին Մոսկվայում և որոշեցին հիմնել «Այբ» կրթական հիմնադրամը և «Այբ» ակումբը: Դեկտեմբերին արդեն պաշտոնապես հիմնվեց «Այբ» կրթական հիմնադրամը: Նույն ամսում էլ մեկնարկեց «Այբ»-ի առաջին ծրագիրը՝ «Առարկայական խորացված դասընթացները»: Այս ծրագրի շրջանակներում ծնունդ առան և փորձարկվեցին «Այբ»-ի կրթական մեթոդաբանությունները:
2007 թվականի մայիսին «Այբ»-ը Երևանի ֆիզմաթ դպրոցում հիմնեց առաջին ժամանակակից լաբորատորիան՝ «ԱյբԼաբ»-ը, ֆիզիկա առարկայից: Այժմ Հայաստանի 4 մարզերի 5 դպրոցներում գործում են նման 8 լաբեր։ Նույն թվականին, երբ համացանցը Հայաստանում հասու էր քչերին, «Այբ»-ը Հայաստանի 33 բուհի դիմորդների, ուսանողների ու դասախոսների համար հասանելի դարձրեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «OpenCourseWare» ծրագրի հազարավոր ուսումնական նյութեր՝ առանց համացանց մտնելու անհրաժեշտության:
2008 թվականի մայիսին «Այբ»-ը Հայաստանում անցկացրեց առաջին փորձնական «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը: 2010 թվականից «Կենգուրուին» միացան ևս երկու դպրոցական զանգվածային մրցույթներ՝ Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը և «Ռուսական արջուկ» ռուսաց լեզվի միջազգային մրցույթը։ Իսկ արդեն 2014 թվականին «Այբ»-ը ստեղծեց և առաջին անգամ Հայաստանում և Արցախում անցկացրեց «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը։ 2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացնում է նաև ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) ազգային փուլը։
2009 թվականի օգոստոսին մեկնարկեց հայաստանյան տարբեր դպրոցների քիմիայի ուսուցիչների համար նախատեսված վարպետության դասերի շարքը: Այս ծրագիրը հետայագում զարգացում գտավ այլ ձևաչափերով վարպետության դասերի տեսքով՝ զանազան լսարանների համար:
2010 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը տարվա իր առաջին նիստին որոշում կայացրեց «Այբ» կրթական հիմնադրամին հատկացնել Երևանում Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածքը` «Այբ կրթական հանգույց» («Այբ» դպրոց) ծրագրի իրականացման համար։ 2011 թվականի հոկտեմբերին բացվեց «Այբ» ավագ դպրոցը:
2013 թվականի հուլիսն կնքվեց համագործակցության պայմանագիր ՀՀ Կենտրոնական բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև՝ Դիլիջան քաղաքում «Այբ»-ի կրթական տեխնոլոգիաներով դպրոց բացելու և գործարկելու մասին: 2013 թվականի սեպտեմբերին սկսվեց Դիլիջանի կենտրոնական դպրոցի առաջին ուսումնական տարին՝ ժամանակավոր տարածքում և մեկնարկեց դպրոցի հիմնական շենքի շինարարությունը, որը բացվեց 2015 թվականին:
2014 թվականի հունվարին «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի (Անգլիա) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի հետ, սկսեց լայնածավալ, պետական մակարդակի կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ), որի իրականացման գլխավոր գործքը՝ «Այբ»-ի կողմից մշակված, համաշխարհային մակարդակով մրցունակ ուսումնական ծրագիր «Արարատյան բակալավրիատը», 2015 թվականի սեպտեմբերին ներդրվեց «Այբ» դպրոցում: 2016 թվականի մայիսին «Այբ» դպրոցի աշակերտները առաջին անգամ հանձնեցին Արարատյան բակալավրիատի քննություններ, որոնք հավատարմագրված են որպես Քեմբրիջի խորացված մակարդակներին (Cambridge A Levels) համազոր։
2015 թվականի հոկտեմբերին Երևանի և Դիլիջանի «Այբ» դպրոցներին կից բացվեց երկու ֆաբլաբ (ՄՏԻ-ի կողմից նախագծված արհեստանոց-լաբորատորիաներ):
2017 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծեց «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը՝ հայալեզու սովորողների համար հասանելի դարձնելով առցանց կրթության համաշխարհային այս հարթակը: «Քան» ակադեմիայի օգնությամբ հայալեզու սովորողները, ծնողներն ու ուսուցիչները և, ընդհանրապես, ինքնակրթությամբ զբաղվողները կարողանում են անվճար օգտվել աշխարհի առաջատար կրթական ռեսուրսներից մեկից և ստանալ 21-րդ դարին համահունչ հայալեզու կրթություն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Մեր մասին»։ «Այբ» կրթական հիմնադրամ (հայերեն)։ Վերցված է 2020-05-07
- ↑ Sona Koshetsyan_PUB_RU_-TITLE.mp4, https://drive.google.com/file/d/1fXZdHcIHceHiQoQ4QXJkp_Slfbyr5ok8/view?usp=sharing&usp=embed_facebook, վերցված է 2020-06-10
- ↑ «https://ayb.am/hy/media»։ «Այբ» կրթական հիմնադրամ (հայերեն)։ Վերցված է 2020-05-07
- ↑ «Մեր ծրագրերը»։ «Այբ» կրթական հիմնադրամ (հայերեն)։ Վերցված է 2020-05-07