Արարատյան բակալավրիատ, ԱԲ[1], միջազգայնորեն ճանաչված հայալեզու հանրակրթական ծրագիր՝ նախատեսված Հայաստանի, Արցախի և սփյուռքի՝ 21-րդ դարի դպրոցների համար։ Ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից (2006 թ․ սկսած) և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում (2014-2016 թթ.)։

Արարատյան բակալավրիատ
ՀապավումԱԲ
Հիմնադրված2006 թ.
ՏարածաշրջանՀայաստան
Կայքararatbaccalaureate.am

2016 թվականին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ)[2] ԱԲ-ը համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին, և նույն թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց[3] ԱԲ-ը որպես Հայաստանում պետական հանրակրթական ծրագիր։

ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ դպրոցական որակավորումներին և ճանաչումը որպես պետական հանրակրթական ծրագիր Հայաստանում հնարավորություն են ընձեռում ծրագրով սովորող բոլոր աշակերտներին հայերենով հանձնելու իրենց ավարտական քննությունները և այդ քննությունների արդյունքներով ընդունվելու ՀՀ կամ միջազգային բուհեր կամ կրեդիտավորելու դրանք արտասահմանյան բուհերում։

Պատմություն խմբագրել

Արարատյան բակալավրիատի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2006 թվականին, երբ ստեղծվեց «Այբ» կրթական հիմնադրամը, որի երկարաժամկետ նպատակներից մեկն էր ստեղծել ամբողջությամբ հայալեզու և միջազգային կրթական չափանիշներին համապատասխան կրթական ծրագիր և այն ներդնել ՀՀ, Արցախի և  սփյուռքի դպրոցներում՝ այդպիսով մրցունակ կրթության հնարավորություն ընձեռելով հայ աշակերտներին։

Ընդհանուր առմամբ, 2006 թվականից մինչև 2016 թվականը ծրագրի յուրաքանչյուր տարր մանրազնին կերպով մշակվել և փորձարկվել է «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերի շրջանակում, ինչպես նաև «Այբ» դպրոցում, որը հանդես է գալիս որպես ծրագրի համամշակող և փորձարկող։ «Այբ» դպրոցը առաջին կրթօջախն է Հայաստանում, որն առաջարկում է «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։ Ծրագրի վերջնական փորձարկումը, լրամշակումն ու ամբողջացումն ավարտվել են 2016 թվականին, և 2016-2017 թթ․ մեկնարկել է ՀՀ մարզերի և Արցախի դպրոցներում ծրագրի ներդրման գործընթացը։

Ներդրման վերոնշյալ մոդելը պայմանավորված է նրանով, որ Արարատյան բակալավրիատն առաջին փուլում (առաջիկա 5-10 տարում) թիրախավորում է ավագ դպրոցը՝ որպես հնարավորություն՝ նոր որակի ազդեցություն ունենալու տնտեսության և բուհական կրթության զարգացման բնագավառում, իսկ երկրորդ փուլում թիրախավորելու է հիմնական դպրոցը` հանրակրթության լիարժեք որակական թռիչք ապահովելու նպատակով։

Առաքելություն և սկզբունքներ խմբագրել

ԱԲ-ի նպատակն է բարձրագույնին հասնելու կրակ վառել երիտասարդների սրտում և ձևավորել ցկյանս սովորողների համայնքներ` յուրաքանչյուրին ընձեռելով սեփական ներուժն իրագործելու և ապագայի պատասխանատվություն ստանձնելու լիարժեք հնարավորություն։

ԱԲ-ի փիլիսոփայությունը խարխսված է ութ սկզբունքների վրա, որոնք արտահայտում են ԱԲ-ի դպրոցների ինքնությունը և ապահովում կրթական ծրագրերի իրականացման արդյունավետությունը, մարդկային փոխհարաբերությունների ներդաշնակությունը, սովորելու միջավայրի ներքին շունչը և համայնքաշինական արժեքների սերմանումը։

  • Ա. Ամբողջականություն։ ԱԲ-ն ամբողջական կրթության ծրագիր է։ ԱԲ-ի նպատակն է ձևավորել համակողմանի զարգացած, հոգեպես հարուստ և առողջ անհատների։
  • Բ. Խորացում: ԱԲ-ն ընձեռում է յուրաքանչյուր առարկա խորությամբ ուսումնասիրելու հնարավորություն` առանց կրթության համակողմանիության սկզբունքը խախտելու։
  • Գ. Ստեղծարարություն: Մարդու ստեղծագործական ներուժի արթնացումն արդյունավետ կրթության հիմքն է։ ԱԲ-ը ձևավորում է այնպիսի միջավայրեր, ուր սովորողները ճանաչելով ստեղծում են և ստեղծելով ճանաչում` ներգրավվելով տարբեր առարկայական և միջառարկայական ծրագրերում։
  • Դ. Աշխատելու արվեստ: ԱԲ-ի կրթական միջավայրն իր կրթական ռեսուրսներով, խորհրդատվական համակարգով, տեխնոլոգիական լուծումներով նպաստում և տրամադրում է աշխատանքի, ակտիվության և արդյունավետության։
  • Ե. Արժեքներ: ԱԲ-ն արժեքներ գնահատող և սերմանող ծրագիր է։ ԱԲ-ի նպատակն է՝ ձևավորել ոչ միայն գիտելիքներով զինված մարդ, այլև բարոյապես մաքուր, սեփական ինքնությանը հաղորդ, պատկանելության և պատասխանատվության գիտակցություն ունեցող քաղաքացի։
  • Զ. Համայնք։ ԱԲ-ը համայնքաշինական առաքելություն է։ ԱԲ-ի ամենամեծ հարստություններից մեկը նրա շուրջ համախմբված մարդիկ են։ ԱԲ-ը միավորում է կրթությամբ կայացած և կրթության մեջ ներդրում կատարելու ցանկություն ունեցող մարդկանց, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնելու` նոր սերնդին կրթությամբ իրագործվելու հնարավորություն տալու։
  • Է. Միջավայր: ԱԲ-ը ձգտում է ստեղծելու այնպիսի գաղափարական միջավայրեր, որոնք համակում են ապագայի հասանելիության զգացումով, բացում մարդու ներուժը` տրամադրելով սովորելու և արարելու։
  • Ը. Գնահատանք: ԱԲ-ի դպրոցն արժևորման, հարգանքի և շնորհակալության միջավայր է։ 

Արարատյան բակալավրիատը՝ պետական հանրակրթական ծրագիր Հայաստանում խմբագրել

Հայաստանի կառավարության 2016 թ․ դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ ԱԲ-ը Հայաստանում հաստատվեց որպես պետական հանրակրթական ծրագիր՝ թույլտվություն ստանալով գործել ներկայիս պետական հանրակրթական ծրագրին զուգահեռ։

Այդ հրամանով Հայաստանի Կառավարությունը որոշեց՝

  • թույլատրել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում մշակված «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը ներդնել Հայաստանի մարզերի հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում.
  • հատկացնել ՀՀ բուհերում նպատակային տեղեր «Արարատյան բակալավրիատ» ծրագիրն իրականացնող դպրոցների շրջանավարտների համար.
  • ճանաչել Արարատյան բակալավրիատի ընդունելության քննությունները՝ միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններին զուգահեռ։ Արարատյան բակալավրիատի քննությունները կազմակերպում և անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը՝ գնահատման և թեստավորման կենտրոնի հետ համատեղ:   

Արարատյան բակալավրիատը՝ համազոր GCE A Level-ին և Advanced Placement-ին խմբագրել

2015 թվականին Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» (ՔՄՔ) կենտրոնը համաքննեց «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը (ուսումնական պլանները, դասագրքերը, տնային աշխատանքները, քննական թեստերը, գնահատման համակարգը, առարկայական և միջառարկայական նախագծերը, կրթության միջոցով փոխանցվող արժեքները) և այն համազոր ճանաչեց  բրիտանական GCE A Level խորացված մակարդակի դպրոցական որակավորմանը։

2016 թվականին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ / UK NARIC) ուսումնասիրեց ԱԲ-ի կրթական համակարգը (դասավանդվող առանձին առարկաները, ԱԲ ծրագրում աշակերտների ներգրավման պայմանները, առարկայական ծրագրերի խորությունը, ժամանակային տևողությունը, ուսուցման մեթոդաբանությունը, բովանդակությունը և կառուցվածքը, ուսուցման վերջնարդյունքները, գնահատման համակարգը, ամփոփիչ ավարտական քննությունները և որակի ապահովման մեխանիզմները) և այն համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին։

ԱԲ-ի համազորությունն այդ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում։

2017 թվականին Արարատյան բակալավրիատն ավելացվեց Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում՝ «Համալսարանների և քոլեջների ընդունելությունների ծառայություն» (ՀՔԸԾ, UCAS) կազմակերպության oտարերկրյա միջազգային որակավորումների ցանկում՝ Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate), Եվրոպական բակալավրիատի (European Baccalaureate) և համաշխարհային մակարդակով այլ առաջատար կրթական որակավորումների շարքում։   

Առարկայացանկ խմբագրել

ԱԲ-ը նախատեսված է միայն հայերենով դասավանդման և քննման համար։ ԱԲ-ով սովորող աշակերտներն ու դասավանդող ուսուցիչները գործածում են հայերեն ու այլալեզու հիմնական և օժանդակ կրթական ռեսուրսներ՝ հատուկ մշակված, թարգմանված և տեղայնացված դասագրքեր, այլ ուսումնական նյութեր և էլեկտրոնային ռեսուրսների հարուստ պաշարներ։

ԱԲ-ի առարկայացանկը, ըստ ուսուցման խորացվածության, բաղկացած է ստանդարտ և խորացված մակարդակի ուսուցման առարկաներից։ ԱԲ-ի յուրաքանչյուր սովորող որոշակի պարտադիր սկզբունքով ընտրություն է կատարում ութ առարկայախմբից` ամբողջացնելու ԱԲ կրթական ծրագրով նախատեսված անհրաժեշտ ավարտական կրեդիտները։

ԱԲ-ի առարկայախմբերը.

Հայագիտական առարկաներ

  • Մաթեմատիկա
  • Միջազգային լեզու
  • Օտար լեզուներ
  • Գիտություններ
  • Արվեստներ
  • Հասարակագիտական առարկաներ
  • Մարմնակրթություն և այլ առարկաներ

ԱԲ-ի առարկայացանկի տարբերակիչներից են նախագծային ուսումնառությունը և հասարակական աշխատանքը։ Նախագծային ուսումնառությունը մշակվել է «Նախագծային կրթություն» (Project-based learning)[4] հայեցակարգի հիման վրա և նպատակ ունի զարգացնելու աշակերտների՝ նախաձեռնողականության և հանրօգուտ լուծումներ գտնելու հմտությունները առանց «հսկվող ուսուցման» (supervised learning)[5]։ Հասարակական աշխատանքի բաղադրիչն ուղղված է աշակերտների՝ համայնքի և շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության զգացում ձևավորելուն։

Գնահատում խմբագրել

ԱԲ-ի կրթական ծրագիրը կիրառում է գնահատման երկու ձև՝ ձևավորող (ոչ թվանշանային) և ամփոփիչ (թվանշանային)։ Գնահատման այս ձևաչափի կիրառումը նպատակ ունի խրախուսելու աշակերտներին, վերջիններիս մոտ ձևավորելու ինքնագնահատման կարողություն և լիարժեք բացահայտելու ուսումնառության արդյունքը։ 

ԱԲ-ի ձևավորող գնահատումը նպատակ ունի զարգացնելու աշակերտների ինքնագնահատման և ինքնավերլուծության հմտությունները։ ԱԲ-ի ձևավորող գնահատումը հնարավորություն է ընձեռում աշակերտներին շարունակական բնութագրական արձագանք (feedback) ստանալու ուսուցիչներից, իսկ ուսուցիչներին՝ տարբերակված ուսուցում կիրառելու յուրաքանչյուր աշակերտի հետ աշխատանքում։

ԱԲ-ի ամփոփիչ գնահատումը նպատակ ունի աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին, դպրոցի տնօրինությանը որոշակի հաճախականությամբ միավորային պատկերացում հաղորդելու աշակերտների գիտելիքների և հմտությունների զարգացման մակարդակի վերաբերյալ, ինչպես նաև կատարելու ուսուցման փուլերի լիարժեք միավորային ամփոփում։

Քննությունների գնահատման սանդղակ խմբագրել

Արարատյան բակալավրիատի Ա*(ա*), Ա(ա), Բ(բ), Գ(գ), Դ(դ) կամ Ե(ե) գնահատականները վկայում են ձեռք բերված կրթական մակարդակի մասին, որտեղ Ա*(ա*) գնահատականը բարձրագույնն է, իսկ Ե(ե) գնահատականը՝ ցածրագույնը։ Ե(ե) գնահատականից ցածր եղած արդյունքները չեն գրանցվում հավաստագրում։

Քննություն հանձնողներին շնորհված Ա*, Ա, Բ, Գ, Դ կամ Ե գնահատականներն առնվազն համարժեք են բրիտանական GCE A Level խորացված մակարդակի դպրոցական որակավորման նույն գնահատականներին։ Իսկ ա*, ա, բ, գ, դ կամ ե գնահատականներն առնվազն համարժեք են բրիտանական GCE AS Level խորացված մակարդակի դպրոցական որակավորման նույն գնահատականներին։

Ավարտական փաստաթղթեր խմբագրել

Արարատյան բակալավրիատի շրջանավարտները կրթական ծրագրի ավարտին ստանում են պետական նմուշի ատեստատ, «Այբ» կրթական հիմնադրամի և Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ կենտրոնի» կողմից համատեղ կարգով տրվող երկլեզու (հայերեն և անգլերեն) հավաստագիր և դպրոցի ավարտական վկայական։

Արարատյան բակալավրիատի դպրոցներ խմբագրել

«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի և ուսուցիչների մասնագիտական զարգացման ու հավաստագրման ծրագրերի հիմքում «սովորող միջավայրի» սկզբունքն է։ ԱԲ-ին միանալու համար սահմանված են հետևյալ երեք հիմնական փուլերը․

  1. դիմումի փուլ. դպրոցը լրացնում է դիմում-հայտը, ապա ԿԳԱԾ-ի թիմն այցելում է դպրոց և անցկացնում հարցազրույց դպրոցի տնօրենի և թիմի հետ
  2. թեկնածության փուլ 
  3. հավաստագրման փուլ։

Հավաստագրման գործընթացը կարող է տևել մինչև 5 տարի՝ կախված թեկնածության փուլում դպրոցի գտնվելու ժամանակահատվածից։

Ներկայումս Հայաստանում միայն մեկ դպրոց է ամբողջությամբ առաջարկում «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը՝ «Այբ» դպրոցը։ Ծրագիրն  ի սկզբանե ստեղծվել է ՀՀ, Արցախի և սփյուռքի դպրոցներում ներդրվելու նպատակով։ ՀՀ-ում և Արցախում ներդրման առաջին փուլը մեկնակեց 2016-2017 թթ.։

Արարատյան բակալավրիատի ուսուցիչներ    խմբագրել

«Արարատյան բակալավրիատ» ծրագրի դասավանդումը, գիտելիքից բացի, ուսուցիչներից պահանջում է որոշակի հմտություններ և կարողություններ, որոնց ապահովման նպատակով 2014-2016 թթ․ մշակվեց Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը, որի նպատակը Հայաստանում ուսուցիչների զարգացման միջազգայնորեն մրցունակ համակարգ ստեղծելն է։ Ծրագիրը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի (University College London (UCL) Institute of Education) հետ համագործակցությամբ։

Մասնագիտական զարգացման ծրագրի առաջին փուլը (20-21 շաբաթ) ներառում է 3 դեմ առ դեմ հանդիպում՝ յուրաքանչյուրը 2-3 օր, իսկ երկրորդը (20 շաբաթ) փորձաշրջան է, երբ ԱԲ-ի թեկնածու ուսուցիչները դասավանդում են` փորձարկելով ծրագրի արդյունքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, իրականացնում հետազոտական աշխատանք և համագործակցում անհատական մենտոր-խորհրդատուի հետ։

Ուսուցիչների և մասնագետների ներգրավումը ծրագրում կատարվում է հետևյալ գործընթացով՝

  • դիմում
  • առարկայական քննություն
  • հարցազրույց
  • դասալսում      

Նախատեսված է ուսուցիչների հավաստագրման երկու մակարդակ՝ ԱԲ-ի ուսուցչի և ԱԲ-ի ավագ ուսուցչի։ Հավաստագրումը փաստում է ուսուցչի մասնագիտական հատկանիշները, գիտելիքները, հմտությունները և փորձառությունը։

ԱԲ-ի ուսուցչի հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով՝ նորացվելու պայմանով և հնարավորությամբ (վերադիմում և վերահավաստագրում), իսկ ԱԲ-ի ավագ ուսուցչի հավաստագիրը վաղեմության ժամկետ չունի, սակայն հավաստագրված ուսուցիչների գործունեությունը ենթարկվում է ԿԳԱԾ-ի շրջանակում ստուգման և գնահատման։

Արարատյան բակալավրիատի աշակերտներ խմբագրել

ԱԲ ծրագիրը մշակվել է այնպիսի անհատներ ձևավորելու տեսլականով, որոնց բնորոշ են հետևյալ հատկանիշները․

  • ճանաչող և ստեղծարար
  • նախաձեռնող և հավասարակշռված
  • զգոն և բաց
  • բարեխոհ և հոգատար

ԱԲ-ի աշակերտի նկարագրի վերոնշյալ ութ սկզբունքները հիմնված են հին հունական փիլիսոփայությունից եկած և քրիստոնեության մեջ ամրագրված չորս մարդկային առաքինությունների վրա, որոնք են խոհականությունը, արիությունը, ողջախոհությունը և արդարությունը։ 

Ձեռքբերումներ խմբագրել

2014-2017 թթ ԼՀՔ Կրթության ինստիտուտի և ՔՄՔ կենտրոնի ավելի քան 20 հեղինակավոր մասնագետներ այցելեցին Հայաստան։

2015թ․ Արարատյան բակալավրիատը ներդրվեց առաջին դպրոցում՝ «Այբ» ավագ դպրոցում։ Մեկնարկեց Արարատյան բակալավրիատի ուսուցչի մասնագիտական զարգացման  և հավաստագրման ծրագիրը։ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնը Արարատյան բակալավրիատը ճանաչեց բրիտանական խորացված GCE A Level մակարդակին համազոր։

2016 թ. Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ / UK NARIC) Արարատյան բակալավրիատը համազոր ճանաչեց բրիտանական խորացված մակարդակին (GCE A Level)[6] և ամերիկյան Advanced Placement[7]-ին (AP)։

Հայաստանում անցկացվեցին Արարատյան բակալավրիատի առաջին ավարտական քննությունները։ Արդյունքում  Քեմբրիջի համալսարանի ՔՄՔ կենտրոնի ղեկավարի և ԿԳԱԾ-ի տնօրենի կողմից ստորագրված հավաստագրեր հանձնվեցին «Այբ» դպրոցի քննություններին մասնակցած 65 աշակերտներին։

2016թ. ԱԲ-ին անդամակցելու գործընթացի պաշտոնական մեկնարկ ՀՀ մարզերում։

2017թ Արարատյան բակալավրիատն ավելացվեց Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում՝ UCAS-ում` որպես միջազգային հանրակրթական որակավորում Հայաստանի Հանրապետությունից։

2017 թ. պաշտոնական մեկնարկեց «Արարատյան բակալավրիատի» դպրոցների ցանցի ստեղծումը[8], ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրի համամարզային և Արցախի փուլը և ԱԲ-ին անդամակցելու գործընթացը պաշտոնական մեկնարկեց Ստեփանակերտում։

Հանրային լսումներ խմբագրել

2016-2017 թթ․ ՀՀ բոլոր մարզերում և Արցախում կազմակերպվեցին հանրային լսումներ, որոնց ընթացքում դպրոցներին ներկայացվեց Արարատյան բակալավրիատը (նպատակները, տեսլականը, ծրագրին միանալու քայլերն ու պահանջները)։ Հանդիպումներին մասնակցեցին ավագ բաղադրիչ ունեցող 421 դպրոցի (ավագ, միջնակարգ դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ) 800-ից ավելի ներկայացուցիչներ։

Հարցազրույցներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գլխավոր էջ». araratbaccalaureate.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  2. «Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ) ԱԲ-ը համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին։».
  3. «Կառավարության որոշում Արարատյան բակալավրիատի վերաբերյալ ։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին.
  4. «Նախագծային կրթություն՝ Project-based learning».
  5. «Հսկվող ուսուցում՝ Supervised learning».
  6. «Բրիտանական խորացված GCE A Level մակարդակ».
  7. «Ամերիկյան Advanced Placement (AP) կրթական ծրագիր».
  8. Նախագահը մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին նվիրված միջոցառմանը

Արտաքին հղումներ խմբագրել