«Այբ» կրթական հիմնադրամ

(Վերահղված է Այբ կրթական հիմնադրամից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այբ (այլ կիրառումներ)

«Այբ» կրթական հիմնադրամը շահույթ չհետապնդող հանրային կառույց է, որը կրթական ծրագրեր է իրականացնում Հայաստանում, Արցախի Հանրապետությունում և սփյուռքում։ Հիմնվել է 2006 թվականին։ Այս տարիների ընթացքում կրթության զարգացման համար կատարել է 42 մլն դոլարի ներդրում։

«Այբ» կրթական հիմնադրամ
Հիմնադրված2006 թ.
Իրավ. կարգավիճակգործող
ՏեղագրությունՀայաստան
Կայքayb.am

Համագործակցելով Քեմբրիջի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Հարվարդի համալսարանի և այլ բուհերի հետ՝ հիմնադրամը ստեղծում է որակյալ կրթություն ստանալու հնարավորություն բոլորի համար։ «Այբ»-ի հիմքում սովորելու գերազանցության մշակույթ ձևավորելու և հայկական կրթության զարգացմանը համակարգված ներդրումներով աջակցելու գաղափարն է։

«Այբ»-ն իրեն համարում է Սուրբ Թարգմանիչների շարժման շարունակողը։ 5-րդ դարում այս շարժումն ամրագրեց ազգային դպրոց, գիր և գրականություն ունենալու հայերի հանձնառությունը, իսկ հիմնադրամը նպատակ ունի ամրացնելու ազգային ակունքներից եկող կրթական շարժման հիմքերը՝ համադրելով այն նորարար գաղափարներով։

«Այբ» կրթական հիմնադրամի առաքելությունը մարդկանց կյանքը կրթությամբ վերափոխելն է՝

  • ստեղծելով որակյալ, բազմակողմանի, օրինակելի կրթական համակարգ,
  • կերտելով ուսյալ և արժեքներ կրող սերունդներ,
  • մարդկանց միավորելով կրթության առաքելությամբ,
  • ձևավորելով կրթությանն աջակցող համայնքներ։

Հիմնադրամի ծրագրերում ընդգրկված են Հայաստանի ու Արցախի Հանրապետության դպրոցների 70%-ը և աշակերտների 30%-ը։ «Այբ»-ը ստեղծել ու ներդրել է Հայաստանում ժամանակակից լավագույն կրթական չափանիշներին համապատասխանող և միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագիրը, որը սովորողներին հնարավորություն է տալիս դիմելու աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններ։

«Այբ» համակարգի երեք կառույցներն են «Այբ» դպրոցը (Հայաստանի ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրը), Դիլիջանի կենտրոնական դպրոցը (ստեղծվել է Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ) և Ազգային երգ ու պարի ակադեմիան (որի ջանքերով հանրակրթական դպրոցներում ներդրվել է «ազգային երգ ու պար» առարկան)։

Կառուցվածք խմբագրել

«Այբ» կրթական հիմնադրամը ձգտում է ստեղծել կրթությամբ կայացած ու կրթության մեջ ներդրում կատարելու պատրաստակամ մարդկանց մեծ համայնք։

«Այբ»-ի հիմնադիրներն են՝

  • Աշոտ Ասլանյան («Աերոսիբ» ընկերության հիմնադիր),
  • Արամ Փախչանյան (ABBYY ընկերության փոխնախագահ),
  • Արթուր Բերդ (General Quantitative, Wealth Technologies ընկերությունների հիմնադիր),
  • Դավիթ Յան (ABBYY, iiko, Yva.ai, Plazius ընկերությունների հիմնադիր),
  • Դավիթ Փախչանյան («Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրեն),
  • Կարեն Մուսայելյան (HiQu Capital ընկերության հիմնադիր),
  • Կարո Սարգսյան («Սպեցտորգ» ընկերության հիմնադիր),
  • Տ. Մեսրոպ քհն. Արամյան («Վէմ» ռադիոկայանի նախագահ)։

Կազմակերպության գաղափարների իրականացման և դրանց ազդեցության մեծացման գործառույթը կատարում է հիմնադրամի թիմը։ Կառավարման բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է[1]։ Այն ձևավորվում է ներհամայնքային ընտրության միջոցով՝ մասնակցային մոդելով, և գործում երկու տարի։

Ծրագրեր[2] խմբագրել

Ռազմավարական և ընթացիկ նախաձեռնություններ

  • «Այբ հիբրիդային կրթություն»՝ միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել՝ հիմնված «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի վրա։
  • Արարատյան բակալավրիատ՝ Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ գործընկերությամբ ստեղծված, միջազգայնորեն ճանաչված և հայալեզու դպրոցական ծրագիր։
  • Զանգվածային դպրոցական մրցույթներ՝ հայերենի «Մեղու», մաթեմատիկայի «Կենգուրու» և ռուսերենի «Ռուսական արջուկ»՝ 3-12-րդ դասարանների աշակերտների ընդհանուր իմացությունն ու տրամաբանությունը և ինքնագնահատման մշակույթը խթանելու նպատակով։
  • Թիմային մրցույթներ՝ բնագիտական (Պատանի քիմիկոսների մրցաշար, Բնագիտության ուսանողական մրցաշար) և ռոբոտաշինական (Լեգոստարտ, Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադա)։
  • «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակ՝ կրթության հավասար հնարավորություններ ընձեռող միջազգային ամենամեծ առցանց կրթական հարթակի՝ «Քան» ակադեմիայի անվճար շտեմարանը հայերենով տեղայնացնող ծրագիր (հիմնվել է 2017 թ.):
  • «Այբ» ակադեմիա, որի նպատակը ուսումնառության կրթական միասնական հարթակ ստեղծելն է Հայաստանի և սփյուռքի մասնագետների համար, կրթության ոլորտում մանկավարժամեթոդական նորարար գաղափարների տարածումը խթանելը և միմյանցից սովորելու փորձառություն ձևավորելը։
  • «Այբփոդ»՝ կրթական փոդքաստների հաղորդաշար, որտեղ գիտակրթական ոլորտի տարբեր փորձագետներ անդրադառնում են իրենց ոլորտների հաջողություններին, մարտահրավերներին ու նորարարություններին։
  • «Հաջողության բանաձև»՝ վարպետության բաց դասերի և ելույթների հարթակ, որը հնարավորություն է տալիս առաջին ձեռքից ծանոթանալու հայտնի ու հաջողակ մարդկանց կենսափորձին։


Դպրոցներ և լաբորատորիաներ

  • «Այբ» դպրոց՝ շահույթ չհետապնդող ոչ առևտրային կառույց, որտեղ ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության լավագույն ձեռքբերումները
  • Դիլիջանի կենտրոնական դպրոց. ստեղծվել է ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ՝ որպես կրթական ու գիտական հաստատությունների համար փորձարկումների ու գաղափարների իրականացման բաց տիրույթ
  • Ֆաբլաբեր՝ աշխարհի լավագույն տեխնիկական բուհի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային կրթական հսկա ցանցի մաս։ Այսօր Հայաստանում կա երկու ֆաբլաբ՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցում և «Այբ» դպրոցում։
  • «ԱյբԼաբ»՝ ժամանակակից առարկայական լաբորատորիաների նախատիպ և օրինակելի մոդել, որը ներդրված է ՀՀ 11 դպրոցներում։


Կրթաթոշակային և ֆոնդահայթայթման ծրագրեր

Հիմնադրամի գաղափարախոսության հիմքում հայկական կրթության զարգացմանը համակարգված ներդրումներով աջակցելու գաղափարն է։ «Այբ» համայնքում համախմբված են 600-ից ավելի բարերարներ, որոնք մասնագիտական, ֆինանսական և ժամանակային մեծ ներդրում են կատարում կրթության զարգացման նպատակով։

  • Կրթաթոշակային ծրագիր. «Այբ» դպրոցի ավագ բաղադրիչը ՀՀ ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է։ «Այբ» կրթական հիմնադրամն իր ծրագրերով, անհատ բարերարների ու կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ հայթայթում է ֆոնդեր, որպեսզի «Այբ» ավագ դպրոց ընդունված ոչ մի աշակերտ ֆինանսական պատճառով չզրկվի այստեղ սովորելու հնարավորությունից։
  • «Կրթաթոշակ լավագույն բուհերի ուսանողներին»՝ հնարավորություն «Այբ»-ի շրջանավարտների համար կրթությունը շարունակելու աշխարհի լավագույն բուհերում և ձեռք բերված գիտելիքները ծառայեցնելու հայրենիքին։
  • «Բարի ընթրիք»՝ հայտնի անձանց հետ բարեգործական հանդիպում-ընթրիքների աճուրդ։ Ստացված նվիրատվությունն ուղղվում է հիմնադրամի կրթաթոշակային ֆոնդին։
  • ForMath՝ ֆոնդահայթայթման նոր մշակույթի սկիզբ դնող նախաձեռնություն։ Միավորում է երկրում մասնագիտական մեծ փորձառություն ունեցող ընկերություններին «Այբ»-ի ծրագրային հարթակներում և օգնում համատեղ ներդրում բերել Հայաստանում կրթական հնարավորությունների բազմապատկման մեջ։

Պատմություն խմբագրել

2006 թ.-ին կրթության շնորհիվ հաջողության հասած ութ երիտասարդներ որոշեցին հիմնել «Այբ» կրթական հիմնադրամը՝ իրականացնելու երկիրը կրթությամբ վերափոխելու իրենց երազանքը։ Այդ պահից սկսած կրթական այս շարժումը սկսել է իր երկարամյա պատմությունը։

  • 2006-ի դեկտեմբերին պաշտոնապես հիմնվեց Այբ» կրթական հիմնադրամը։
  • 2007-ի մայիսին «Այբ»-ը Երևանի Ֆիզմաթ դպրոցում հիմնեց առաջին՝ ֆիզիկայի «ԱյբԼաբ»-ը։
  • 2007-ի հոկտեմբերին «Այբ»-ը Հայաստանի 33 բուհի դիմորդների, ուսանողների ու դասախոսների համար հասանելի դարձրեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «OpenCourseWare» ծրագրի հազարավոր ուսումնական նյութեր՝ առանց համացանց մտնելու անհրաժեշտության։
  • 2008-ի մայիսին «Այբ»-ը Հայաստանում անցկացրեց առաջին փորձնական «Կենգուրու» մրցույթը։
  • 2009-ի օգոստոսին «Այբ»-ը 16 հայ ուսանողների շնորհեց կրթաթոշակներ՝ այսպիսով սկիզբ դնելով կրթության մեկենասության իր համակարգին։
  • 2010-ի հունվարին ՀՀ կառավարությունը տարվա իր առաջին նիստին որոշում կայացրեց հիմնադրամին հատկացնել Երևանում Թբիլիսյան խճուղուն հարող 6,5 հա հողատարածքը` «Այբ կրթական հանգույց» ծրագրի իրականացման համար։
  • 2010-ի հոկտեմբերին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը։
  • 2010-ի նոյեմբերին Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես անցկացվեց «Ռուսական արջուկ» մրցույթը՝ «Կենգուրուից» հետո երկրորդ միջազգային դպրոցական մրցույթը, որ «Այբ»-ը բերեց ՀՀ և Արցախ։
  • 2011-ի հոկտեմբերին բացվեց «Այբ» ավագ դպրոցը։
  • 2013-ի հուլիսին կնքվեց համագործակցության պայմանագիր ՀՀ Կենտրոնական բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև՝ Դիլիջան քաղաքում «Այբ»-ի կրթական տեխնոլոգիաներով դպրոց բացելու և գործարկելու մասին։
  • 2013-ի սեպտեմբերին բացվեց «Այբ» տարրական դպրոցը։
  • 2013-ի դեկտեմբերին կնքվեց համաձայնագիր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ՝ Հայաստանում ֆաբլաբեր բացելու մասին։
  • 2014-ի հունվարին «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի (Անգլիա) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի հետ, սկսեց լայնածավալ, պետական մակարդակի կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ)։
  • 2014-ի սեպտեմբերին բացվեց «Այբ» միջին դպրոցը։
  • 2014-ի նոյեմբերին առաջին անգամ ՀՀ-ում և Արցախում անցկացվեց «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը՝ ռեկորդային թվով մասնակիցներով (գրեթե 45 000)։
  • 2014-ի նոյեմբերին «Այբ»-ը դարձավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad) հայաստանյան ներկայացուցիչը և ազգային փուլի պաշտոնական կազմակերպիչը մեր երկրում։
  • 2015-ի սեպտեմբերին «Այբ» դպրոցում ներդրվեց համաշխարհային մակարդակով մրցունակ ուսումնական ծրագիրը՝ Արարատյան բակալավրիատը (ԱԲ)։
  • 2015-ի սեպտեմբերին պաշտոնապես բացվեց Դիլիջանի կենտրոնական դպրոցի նոր շենքը։
  • 2015-ի հոկտեմբերին Երևանի և Դիլիջանի «Այբ» դպրոցներին կից բացվեց երկու ֆաբլաբ։
  • 2015-ի դեկտեմբերին ԱԲ-ը ՀՀ ԿԳ նախարարի՝ 2015 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1073-Ա/Ք հրամանով պաշտոնապես ճանաչվեց որպես այլընտրանքային դպրոցական ծրագիր ՀՀ-ում։
  • 2016-ի օգոստոսին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC) Արարատյան բակալավրիատը համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին։
  • 2016-ի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը Արարատյան բակալավրիատը ճանաչեց որպես պետական հանրակրթական ծրագիր Հայաստանում, և մեկնարկեց ծրագրին դպրոցների անդամակցության գործընթացը։
  • 2017-ին հիմնադրամը նախաձեռնեց «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի հիմնումն ու հարթակի տեղայնացումը ՀՀ-ում։
  • 2017-ի հոկտեմբերին մեկնարկեց «Բարի ընթրիք» նախաձեռնությունը՝ համալրելու «Այբ» ավագ դպրոցում սովորողների կրթաթոշակային ֆոնդը։
  • 2019-ի ապրիլին գործարկվեց donate.ayb.am կայքը։
  • 2019-ի հոկտեմբերին «Քան» ակադեմիան անցկացրեց աշխատարաններ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում։
  • 2019-ի նոյեմբերին սփյուռքում առաջին անգամ անցկացվեց «Մեղու» հայերենի մրցույթը։
  • 2019-ի դեկտեմբերին «Քան» ակադեմիայի հեռախոսային հավելվածը հասանելի դարձավ հայալեզու սովորողների համար։
  • 2020-ի փետրվարին կայացավ Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը։
  • 2020-ի մայիսին հիմնադրամը միացավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ մեկնարկած «Սերունդ առանց սահմանների» (GenU) մրցույթին։
  • 2020-ի սեպտեմբերին գործարկվեց «Այբ»-ի մրցույթների կրթական հետազոտական առցանց հարթակը։
  • 2021-ի մարտին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործընկերությամբ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակն անվճար աշխատարաններ անցկացրեց Գյումրիում և տեղայնացրեց հայալեզու նոր նյութեր։
  • 2021-ի օգոստոսին Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի փորձարարական ներդրման ծրագրի շրջանակում «Այբ»-ը ստանձնեց Տավուշի մարզի բոլոր դպրոցների 156 տնօրենների, փոխտնօրենների և բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդող 770 ուսուցիչների վերապատրաստումը։
  • 2021-ի սեպտեմբերին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ համատեղ ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկեցին «Քան» ակադեմիայի աշխատարանները Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում։
  • 2021-ի հոկտեմբերին մեկնարկեց հիմնադրամի ռազմավարական «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը ՀՀ և Արցախի սովորողների համար։
  • 2022-ի ապրիլին մեկնարկեց Բնագիտության ուսանողական մրցաշարը ՀՀ և Արցախի բուհերի ուսանողների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տես Հոգաբարձուների խորհրդի և հիմնադրամի թիմի ներկայիս կազմը»։ «Այբ» կրթական հիմնադրամ 
  2. «Հիմնադրամի բոլոր ծրագրերն՝ այստեղ։»։ «Այբ» կրթական հիմնադրամ 

Արտաքին հղումներ խմբագրել