Կարինե Խուդաբաշյան

հայ երաժշտագետ

Կարինե Էմանուելի Խուդաբաշյան (Սարգսյան) (հուլիսի 7, 1929(1929-07-07), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 17, 2015(2015-11-17), Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013)[1]։

Կարինե Էմանուելի Խուդաբաշյան (Սարգսյան)
Դիմանկար
Ծնվել է1929 հուլիսի 7
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել էնոյեմբերի 17, 2015(2015-11-17) (86 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտություներաժշտագետ
ԱմուսինԳագիկ Սարգսյան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
ԵրեխաներՆազենիկ Սարգսյան

Կենսագրություն խմբագրել

Կարինե Խուդաբաշյանը ծնվել է 1929 թվականին, Թիֆլիսում։ 1947 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 1952 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետը (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Գ. Տիգրանով)։ 1953 թվականին սովորել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի պետական կոնսերվատորիայի, ապա ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Քրիստափոր Քուշնարյան

Գործունեություն խմբագրել

Կարինե Խուդաբաշյանը 1960 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։ 1968 թվականից Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է։ 1975-1981 թվականներին եղել է միության երաժշտագիտական սեկցիայի նախագահը, 1979-1998 թվականներին՝ վարչության անդամ, 1980-1989 թվականներին՝ «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, ՅՈՒՆԵՍԿՈ-ի Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի անդամ[2]։

Կարինե Խուդաբաշյանի վաստակը շատ մեծ է՝ հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների, տեսական երաժշտագիտության հիմնահարցերի ուսումնասիրության գործում։ Երաժշտագետն իր հեղինակավոր խոսքն է ասել ինչպես երաժշտության պատմության, այնպես էլ էթնոերաժշտագիտության և երաժշտական քննադատության ասպարեզում։ Նրա 3 մենագրություններն ու ավելի քան 60 գիտական հոդվածները տպագրվել են Հայաստանում, Մոսկվայում, Լենինգրադում, Տաշքենդում, շուրջ 5 տասնյակի են հասնում ժամանակակից երաժշտական կյանքին նվիրված նրա հրապարակախոսական հոդվածները։ Համատեղել է գիտնական-հետազոտողի և գիտության կազմակերպչի աշխատանքները։ Նրա կազմակերպած 30 էթնոգրաֆիկ գիտարշավների ընթացքում գրառվել են ժողովրդական և գործիքային նվագների 2000-ից ավելի նմուշներ, որոնց շնորհիվ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի ֆոնդի նմուշների թիվը գերազանցել է 20000 միավորի սահմանը։ Դեռևս 1985-ին Արվեստի ինստիտուտում հիմնվեց «Հայ ավանդական երաժշտության» մատենաշարը. նախագծի հեղինակն ու գլխավոր խմբագիրն էր Կարինե Խուդաբաշյանը։ Մատենաշարի հրատարակման նախապատրաստման նպատակով Ժողովրդական երաժշտության բաժինը ձեռնամուխ է եղել ձայնադարանում պահպանվող ժողովրդական երաժշտության նմուշների քարտավորմանն ու անձնագրավորմանը։ Ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, պետական պատվերի շրջանակներում, Կարինե Խուդաբաշյանի խմբագրությամբ հրատարակվել են մատենաշարի 12 հատորները։ 13-րդ հատորը Արվեստի ինստիտուտն ու մատենաշարի գիտաստեղծագործական կոլեկտիվը նվիրել է Կարինե Խուդաբաշյանի հիշատակին։

1991 թականին ի Նշան Կարինե Խուդաբաշյանի վաստակի գնահատման՝ գիտնականի 70-ամյա հոբելյանի առիթով ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայ նշանավոր կին գիտնականներ․ նյութեր կենսամատենագիտության»՝ մատենաշարի առաջին հատորը՝ «Կարինե Էմանուելի Խուդաբաշյան» արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անահիտ Բաղդասարյանի ծավալուն առաջաբանով։

2011 թվականին Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ պետական պատվերով լույս է տեսել Կարինե Խուդաբաշյանի «Армянская музыка в аспекте сравнительного музыкознания» մենագրությունը։ Սա հայ ժողովրդական, ժողովրդապրոֆեսիոնալ և կոմպոզիտորական երաժշտության պատմատեսական հետազոտություն է, որը շարադրվել է մշակույթի ներազգային ու միջազգային կոմպոնենտների (բանաստեղծական և երաժշտական տեքստեր, գրական և պատմական աղբյուրներ, առասպելաբանություն, կրոն, ծեսեր և այլն) բաղադրական քննությամբ։

2003 թվականի նոյեմբերի 13-ին Կարինե Խուդաբաշյանի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտը գումարել է Արամ Քոչարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողով, որից հետո լույս է տեսել գիտաժողովի նյութերի ժողովածուն։

2008 թվականին Կարինե Խուդաբաշյանի անմիջական ջանքերով ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի որոշմամաբ լույս է ընծայվել Արամ Քոչարյանի անտիպ թեկնածուական ատենախոսությունը՝ «Հարկանային և շնչական երաժշտական գործիքները Հայաստանում» վերնագրով․ սա իր տեսակի մեջ մինչ օրս չգերազանցված աշխատություն է։

Պարգևներ խմբագրել

  • 2008 թվականին պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ վաստակագրով։
  • 2011 թվականին Կարինե Խուդաբաշյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

Երկեր խմբագրել

  • «Գրիգոր Եղիազարյան» (1966)
  • «Армянская музыка на пути от монодии к многоголосию» (1977)
  • «Армянская музыка в аспекте сравнительного музыкознания»[3] (2011, 2013 թվականներին արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության կողմից հայտարարված լավագույն կոմպոզիտորական և երաժշտագիտական ստեղծագործությունների համահայկական մրցանակաբաշխության դափնեկրի կոչման)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
  2. «Կարինե Խուդաբաշյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  3. КАРИНЭ ХУДАБАШЯН. Армянская музыка в аспекте сравнительного музыкознания, Ереван, “Амроц груп”, 2011, 272 стр.