Գագիկ Սարգսյան

հայ պատմաբան

Սարգսյան Գագիկ Խորենի (ապրիլի 6, 1926(1926-04-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 25, 1998(1998-08-25), Երևան, Հայաստան), հայ խորհրդային պատմաբան, արևելագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1981), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (թղթակից անդամ 1974)[2]։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։

Գագիկ Սարգսյան
Ծնվել էապրիլի 6, 1926(1926-04-06)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 25, 1998(1998-08-25) (72 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն և արևելագիտություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինհայերեն[1]
Գիտական ղեկավարԻգոր Դյակոնով և Q4228076?
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Կարինե Խուդաբաշյան
Երեխա(ներ)Նազենիկ Սարգսյան

Կենսագրություն խմբագրել

1950 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Այդ տարիներին տիրապետել է հունարեն, լատիներեն, աքքադերեն, գերմաներեն, անգլերեն լեզուներին։ 1954 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ Այդ թվականին էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հին Հայաստանի քաղաք» թեմայով։ 1956-1962 թվականներին՝ ավագ գիտաշխատող և ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար, 1962-1966 թվականներին՝ տնօրենի տեղակալ տնօրենի գիտական գծով, 1966-1971 թվականներին՝ Հին աշխարհի պատմության բաժնի վարիչ։ 1971 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը։ Դասախոսել է Երևանի բուհերում (պատմական առարկաներ, հին հունարեն, աքքադերեն)։ Գագիկ Սարգսյանը 1984 թվականին ընտրվել է ԽՍՀՄ արևելագետների միության ՀԽՍՀ մասնաճյուղի նախագահ։ 1988-1990 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ փոխնախագահ, իսկ 1994 թվականին վարել է հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի բաժինը։

Գիտական գործունեություն խմբագրել

Գիտական ուսումնասիրությունները ընթացել են զատորոշված ուղղություններով։ Դա հելլենիստական ժամանակաշրջանի միջագետքյան հասարակության սոցիալ-տնտեսական կյանքն է, իսկ մյուսը՝ հայ ժողովրդի հին և վաղ միջնադարի պատմությունը։ Գիտական ուսումնասիրությունները հայագիտության բնագավառում վերաբերում են՝ հելլենիստական դարաշրջանի Հայաստանի սոցիալական և քաղաքական պատմությանը, հոգևոր մշակույթին, նախամեսրոպյան շրջանի պատմագրական մտքին և Մովսես Խորենացու «Հայոց պատմությանը», սովետահայ պատմագրությանը, ասորագիտության և սեպագրագիտության բնագավառում՝ ուշ, հելլենիստական շրջանի բաբելոնյան սեպագիր վավերագրերի հրատարակմանը, քաղաքների սոցիալ-տնտեսական, վարչաքաղաքական և մշակութային նկարագրին, հունական և բաբելոնական քաղաքակրթությունների փոխազդեցությանը։ Մասնակցել է Հայ ժողովրդի պատմության ակադեմիական հրատարակության ստեղծմանը։ 1980 թվականին լույս է տեսել «Տիգրանակերտ» աշխատությունը։ Ավելի քան 30 տարի հետազոտել է ասորա-բաբելական սեպագիր արձանագրությունները։ Նա հրատարակել է Պետական Էրմիտաժի սելևկյան ժամանակաշրջանի սեպագրերը, Բեռլինի առաջավորասիական թանգարանի ֆոնդերում պահվող, հելլենիստական ժամանակաշրջանին վերաբերող սեպագիր արձանագրությունների բնագրերը։ Գերմանիայի մասնագետների հետ տպագրության է պատրաստել «Հելլենիստական դարաշրջանի Միջագետքի սոցիալ-տնտեսական պատմության սեպագիր վավերագրերի դիվան» աշխատությունը։

Գագիկ Սարգսյանը բազմաթիվ հոդվածներ է նվիրել Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական և հոգևոր մշակույթի հարցերին։ Այդ ուսումնասիրությունները նա ի մի է բերել «Հին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ուղիների մասին» (Երևան, 1962) աշխատության մեջ։ Նա ընդհանրացրել է նախամեսրոպյան շրջանի հայ պատմագրությունը։ 1965 թվականի լույս է տեսել «Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ժամանակագրական համակարգը», իսկ 1966 թվականին՝ «Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խոևենացին» աշխատությունները։ Վերջին ուսումնասիրության համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նրա հետազոտությունների արդյունքն էր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» հրատարակությունը ռուսերեն (1991), որին կցված է ընդարձակ ներածություն և ավելի քան 700 պատմաբանասիրական ծանոթագրություն։

Գագիկ Սարգսյանը հիմնադրել է պարբերական հրատարակություններ՝ տարեգրքեր, ղեկավար մասնակցություն ունեցել ընդհանրացնող աշխատությունների ստեղծմանը։ Նա հայ ժողովրդի պատմության ութհատորյակի ակադեմիական հրատարակության առաջին հատորի խմբագիրն է և հելլենիստական ժամանակաշրջանի բաժնի, ինչպես և հայ ժողովրդի պատմության 5-6-րդ դասարանների դպրոցական դասագրքի հին շրջանի հեղինակը, մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների և հանդես եկել զեկուցումներով՝ ներկայաացնելով հայագիտության պրոբլեմները։

Աշխատություններ խմբագրել

  • The history of Armenia by Movses Khorenatzi.- Yerevan, Yerevan University Press, 1991, 122 p.
  • "История Армении" Мовсеса Хоренаци.- Ереван, ЕГУ, 1991, 88 с.
  • Աղբյուրների օգտագործման եղանակը Մովսես Խորենացու մոտ.- Երևան, ԳԱ հրատ, 1956, 31-42 էջ[3]։

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[4]։

Աղբյուրներ խմբագրել

  • ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Վ. Բ. Բարխուդարյան, Ա. Վ. Քոսյան «Գ. Խ. Սարգսյան», պատմաբանասիրական հանդես №1, 1996, էջ 269-272

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գագիկ Սարգսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 221