«Շաբաթվա հոդված» նախագիծ

Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա (նախահարձակ պատերազմ), 1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից՝ աշխարհում չճանաչված երկու պետությունների՝ «հեղափոխական» բոլշևիկյան «կարմիր» Ռուսաստանի և «հեղափոխական» քեմալական «կարմիր» Թուրքիայի, մյուս կողմից՝ Ազգերի Լիգայի անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության միջև։

Արևմուտքից 1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Պատերազմն ավարտվեց մի քանի փաստաթղթերով՝ հայ–թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագրով, հայ–ռուսական Երևանի համաձայնագրով, իսկ ապա՝ երկու առավել անօրինական պայմանագրերով՝ ռուս–թուրքական Մոսկվայի պայմանագրով և մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքված Կարսի պայմանագրով։

Միաժամանակ, արևելքից, Հայաստանի դեմ ագրեսիվ՝ նախահարձակ պատերազմ ծավալեցին Ռուսաստանի զորքերը (11-րդ կարմիր բանակ)։ Ընդ որում, թե՛ պատերազմի ընթացքում՝ սեպտեմբեր–նոյեմբերին, թե՛ դրա նախապատրաստական շրջանում՝ գարնանը և ամռանը, ռուսական և թուրքական կողմերը լայնորեն օգտագործում էին ՀՀ ներսում իրենց «Հինգերորդ շարասյունները», որոնց վառ արտահայտությունը դարձան հայ բոլշևիկների Մայիսյան ապստամբությունը և ՀՀ ներսում բնակվող թուրքերի գրեթե չդադարող ապստամբություններն ու ավազակային գործողությունները...Ավելին