«Ծաղկաման դափնեվարդերով» (անգլ.՝ Vase with Oleanders), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 56 × 36 սմ։

Ծաղկաման դափնեվարդերով
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
բարձրություն56 սանտիմետր
լայնություն36 սանտիմետր
ստեղծման վայրԱռլ[1]
ժանրծաղկային նատյուրմորտ
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
կայք
Ծանոթագրություններ
 Still Life: Vase with Oleanders (F594) Վիքիպահեստում

Այսօր «Ծաղկաման դափնեվարդերով» ստեղծագործության գտնվելու մասին ստույգ տեղեկություն չկա. հնարավոր է, որ այն ոչնչացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Պատմություն խմբագրել

«Ծաղկաման դափնեվարդերով» ստեղծագործության գտնվելու ստույգ վայրն այսօր անհայտ է։ Գոյություն ունի վարկած կամ լեգենդ, ըստ որի նկարը 1944 թվականին գողացվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։

Մինչ 1940 թվականը կտավը գտնվում էր Փարիզի Բեռնեմ-Ժյոն պատկերասրահի հավաքածուում։ Այն պատկանում էր ֆրանսիական հրեա ընտանիքի, որը մեծ դեր է խաղացել Փարիզում իմպրեսիոնիստների և պոստիմպրեսիոնիստների նկարների մարքետինգում։

1901 թվականին Ալեքսանդր Բեռնեմը (1839-1915) իր որդիների՝ Ջոսի (1870-1941) և Գաստոնի (1870-1953) հետ կազմակերպել է Վինսենթ վան Գոգի նկարների ցուցադրությունը Փարիզում՝ արվեստաբան Ժյուլիեն Լեկլերկի օգնությամբ։ Իսկ 1906 թվականին Բեռնեմը որդիների հետ սեփական պատկերասրահն է բացում, որը մասնագիտացած էր ժամանակակից արվեստում[2][3]։

1940 թվականին թվականին, զգալով, որ հրեաները Նացիստական Գերմանիայի թիրախն են դառնալու՝ Բեռնեմ ընտանիքը երեսուն կտավ փաթեթավորեց՝ իմպրեսիոնիստների և պոստիմպրեսիոնիստների, ու տեղափոխեց Դորդոն՝ Ռաստինյակ դղյակ, որը պատկանում էր ընտանիքի բարեկամներին։ 1941 թվականին Բեռնեմ-Ժյոն պատկերասրահը վերցվեց նացիստների կողմից, նկարները պետականացվեցին, իսկ շենքը՝ վաճառվեց[4]։

1944 թվականի մարտի 30-ին ՍՍ-ի զորքերը փորձեցին կործանել Ռաստինյակ դղյակը[5]։ Արդյունքում Ռաստինյակից դուրս բերվեց հինգ բեռնատար և շենքը դարձրին հրո ճարակ։ Այդ օրվանից հետո նկարի մասին տեղեկությունները լռում են[6]։

Ծանոթագրություններ խմբագրել