Խաղաղության վրաններ, բողոքի արտահայտման ձև, որն ուղղված է պատերազմի, միջուկային զենքի կիրառման դեմ։ Խաղաղության շարժման անդամներն այս վրանները դնում են ռազմակայաններից դուրս՝ բողոքելու բազաների ներկայության, այնտեղ պահվող զենքի կամ դրանց գործունեությունը վերահսկողների քաղաքականության դեմ: Խաղաղության վրանները՝ որպես բողոքի ձև, առաջին անգամ հայտնվել են 1920-ական թվականներին, սակայն լայն ճանաչում են ձեռք բերել միայն 1982 թվականին, երբ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց Անգլիայի Բերքշիր կոմսությունում տեղակայված Գրինհեմ Քոմմոն թագավորական ռազմաօդային բազայի առջև կանանց կողմից դրված խաղաղության վրանները։ Խաղաղության վրանները հատկապես տարածված էին 1980-ական թվականներին Միացյալ Թագավորությունում, որտեղ դրանք կապված էին հակաամերիկյան իմպերիալիզմի տրամադրությունների հետ: Այդուհանդերձ, նման ճամբարներ գոյություն են ունեցել նաև տարբեր վայրերում և ժամանակաշրջաններում՝ սկսած 1920-ական թվականներից:

Սպիտակ տան առջև հանուն խաղաղության իրականացվող վրանային ցույցը, որը 1981 թվականին նախաձեռնել էր ակտիվիստ Թոմասը, ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարատև վրանային ցույցն է։

Բողոքի հիմքում ընկած պատճառաբանությունը

խմբագրել

Միացյալ Թագավորությունում որոշ մարդիկ սկսեցին բնակվել ռազմական բազաներից դուրս տեղակայված բողոքի վրաններում՝ ոչ բռնի կերպով իրենց բողոքն արտահայտելու Եվրոպայում միջուկային զենքի առկայության դեմ՝ մասնավորապես այն միջուկային զենքի, որը գտնվում էր ԽՍՀՄ-ում։ Գրինհեմ Քոմմոնի խաղաղության վրանների ցույցին մասնակցող կանայք կտրականապես դեմ էին այդ տարածքում ամերիկյան թևավոր հրթիռների տեղակայմանը՝ պնդելով, որ դա տարածաշրջանը դարձնում է Խորհրդային Միության կողմից ագրեսիայի թիրախ: 1980-ական թվականներին Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը ցամաքային թևավոր հրթիռներ էին տեղակայել տարբեր վայրերում, այդ թվում՝ Գրինհեմ Քոմմոնում: Այդ հրթիռներն այնուհետև հետ տեղափոխվեցին ԱՄՆ: Այդուհանդերձ, Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը դեռևս առկա է Մեծ Բրիտանիայում, իսկ Մեծ Բրիտանիան էլ շարունակում է տիրապետել և ստեղծել միջուկայի զենք: Չնայած փոփոխվող հանգամանքներին՝ խաղաղության վրանի գաղափարը ժամանակակից աշխարհում մնում է արդիական: 1982 թվականից ի վեր Միացյալ Թագավորության Ֆեսլեյն ծովային բազայից դուրս տեղակայված առնվազն մեկ խաղաղության վրանի շարունակական առկայությունը սրա ապացույցն է։

Պատմություն

խմբագրել

Հայտնի է, որ խաղաղության առաջին վրանները ի հայտ են եկել 1920-ական թվականներին:

1980-ական թվականներ

խմբագրել

Խաղաղության վրանները, իրենց ներկայիս տեսքով, ի հայտ են եկել 1981 թվականին Անգլիայի Գրինհեմ Քոմմոնի ռազմաբազայում: Սկզբում ցուցարաները և կանայք էին, և տղամարդիկ, այնուհետև մնացին միայն կանայք։ Գրինհեմ Քոմմոնի կանանց խաղաղության վրանը շարունակեց իր բողոքի ակցիան մինչև 2000 թվականը: 1982 թվականի ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում խաղաղության վրաններ կային տեղակայված Լինքոլնշիր կոմսության Ուադինգթոն գյուղում, իսկ 1982 թվականի հոկտեմբերից մինչև 1983 թվականի մարտը՝ Քեյփենհերսթ գյուղում: Երկու բողոքի ակցիաներում էլ ցուցարարները կանայք էին։ Արական և իգական սեռի ներկայացուցիչները խաղաղության վրաններով բողոքի ցույցեր են կազմակերպել Վերին Հեյֆորդի ռազմաօդային բազայի, Հայ Ուիքոմի Դոուս Հիլ ռազմակայանի, Մոլսուորթի ռազմաօդային բազայի, Լեյքենհիթի, Նեֆիլի և Ֆեսլեյնի ռազմակայանների մոտ։ «Ֆեսլեյնի խաղաղության վրանները», որը տեղակայվեցին 1982 թվականին, շարունակում են իրենց բողոքի ակցիաները մինչ օրս: 1985 թվականից ի վեր Օլդերմասթոնի ռազմաօդային բազայի մոտ կանայք ամիսը մեկ խաղաղության վրաններ են տեղակայում[1]:

1983-1985 թվականներին Սթրայք Քոմմանդ թագավորական ռազմաօդային ուժերի համար բունկեր կառուցվեց Անգլիայի Հայ Ուիքոմ բնակավայրի մոտ՝ Բրադենհամ գյուղում գտնվող Ազգային հիմնադրամի հողատարածքում։ Որպես բողոքի ակցիա՝ ապագա բունկերի մոտ տեղակայվեց Նեֆիլի խաղաղության վրանը՝ շինարարությանը հետևելու համար։ Ցուցարարների ջանքերով սկսեց լույս տեսնել «Զայրացած խաղաղասեր» (անգլ.՝ The Angry Pacifist) ամսագիրը:

Խաղաղության վրան՝ Սպիտակ տան առջև

խմբագրել

Ակտիվիստներ Կոնսեպսիոն Պիչիոտտոն և Թոմասը ԱՄՆ-ում նախաձեռնել են վրանային ամենատևական՝ հանուն խաղաղության բողոքի ակցիան: 1981 թվականի հունիսի 3-ից խաղաղության վրան է տեղակայված Սպիտակ տան անմիջապես դիմաց, մասնավորապես՝ Լաֆայեթ հրապարակում՝ Վաշինգտոնի Փենսիլվանիա պողոտայի 1600-րդ խաչմերուկում[2]:

Բրեմբըլս ագարակ (Ուոթերլուվիլ, Հեմփշիր)

խմբագրել

1982 թվականին խաղաղության վրան տեղակայվեց Բրամբըլս ագարակի այն հատվածում, որտեղ Թագավորական նավատորմի համար պետք է արտադրվեր «Spearfish 7525» տորպեդը: Չնայած բողոքի ակցիան հիմնականում պատերազմի և միջուկային գործունեության դեմ էր, այն նաև ներգրավեց տեղի բնակչությանը, որոնք բողոքում էին տվյալ հատվածում կանաչ տարածքների կորստի և ռազմարտադրություն հիմնելու որոշումը կայացնելիս համայնքի կարծիքը հաշվի չառնելու դեմ։ Ցուցարարները հասան նրան, որ շինարարական աշխատանքները մի քանի ամսով հետաձգվեցին։ Ի աջակցություն ցուցարարների՝ խաղաղության վրա այցելեց մոտ 3000 մարդ ինչպես Մեծ Բրիտանիայից, այնպես էլ այլ երկրներից։ Բողոքի ակցիաներից հետո մի քանի տարի շարունակ տվյալ տարածքում անցկացվում էր «Torpedo Town» փառատոնը: Այս փառատոններից ամենամեծը կայացել է 1991 թվականին Լիփհուք գյուղում, որին մասնակցել է շուրջ 25000 մարդ: 1990-ականների սկզբին, երբ կառավարությունը սկսեց խիստ գործողություններ նախաձեռնել ռեյվ երեկույթների և ազատամիտ փառատոների դեմ, «Torpedo Town» փառատոնը ևս փակվեց։

Սենեկայի շրջան (Նյու Յորք)

խմբագրել

1983 թվականին Նյու Յորք նահանգի Ռոմուլուս քաղաքում, հանուն խաղաղ և արդար ապագայի, ֆեմինիստները հիմնեցին Սենեկայի կանանց ճամբարը: Այս վայրը նշանակալից էր նրանով, որ 1848 թվականին այստեղ էր անցկացվել Սենեկա Ֆոլսի համաժողովը, որն առանցքային իրադարձություն է կանանց իրավունքների շարժման պատմության մեջ: Ճամբարի ստեղծման նպատակը միջուկային զենքի վերացման պահանջն էր[3]։

21-րդ դար

խմբագրել
 
2010 թվականին բրիտանական խորհրդարանի դիմաց տեղակայվեց խաղաղության վրան։

2001 թվականին Բրայան Հոուն Լոնդոնում՝ Խորհրդարանի շենքի դիմաց, խաղաղության վրան տեղակայեց։ 2007 թվականի օգոստոսին Հոուին միացած մյուս ցուցարարներին վտարեցին, իսկ նրան թույլ տվեցին մնա[4]լ:

2003 թվականի փետրվարի 17-ին Ֆերֆորդի ռազմաօդային ուժերի բազայի մոտ խաղաղության վրան դրվեց ի նշան Իրաքի պատերազմի դեմ բողոքի[5]:

2005 թվականի փետրվարին խաղաղության համար պայքարող ակտիվիստները և տեղի բնակիչները խաղաղության վրան տեղակայեցին Հարավային Կորեայի Դեչուրի գյուղում: Նրանց բողոքն ուղղված էր Քեմփ Համֆրիսի՝ մոտակայքում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի պլանավորված ընդլայնման դեմ: 2006 թվականի փետրվարի 7-ին Դեչուրի գյուղն իրեն ինքնավար հռչակեց Հարավային Կորեայից:

2005 թվականի մայիսի 13-ին ցուցարարները խաղաղության վրան տեղակայեցին Անգլիայի Դրեյքի կղզում՝ Փլիմութ քաղաքի մոտ։

2005 թվականի օգոստոսին Սինդի Շիհանն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի Տեխասի ռանչոյի մոտ տեղակայեց «Քեյսի» վրանը, որը կրում էր որդու անունը: Բողոքի այս ակցիան մեծապես լուսաբանվեց լրատվամիջոցներում։

Եզրույթի այլ կիրառումներ

խմբագրել

«Խաղաղության վրան» արտահայտությունը հիմնականում վերաբերում է պատերազմի դեմ վրանային բողոքի ակցիա իրականացնելուն, որը 1980-ական թվականներին լայնորեն տարածված էր Մեծ Բրիտանիայում։ Սակայն, այս արտահայտությունը երբեմն օգտագործվում է նաև մատնանշելու այն քաղաքական խմբերին, որոնք դեմ են արտահայտվում կոնկրետ պատերազմին՝ դրա սկսվելուց առաջ կամ դրա ընթացքում: Վերջիններս ոչ թե ֆիզիկական վրաններ են, այլ ավելի շուտ քաղաքական կոալիցիաներ։ Ներկայումս նման կոալիցիա է Իսրայելի խաղաղության վրանը:

Բացի այդ, այս արտահայտությունը երբեմն օգտագործվում է նաև ամառային ճամբարները նկարագրելու համար, որոնց նպատակն է նպաստել հակամարտող ժողովուրդների երիտասարդների միջև երկխոսությանը և համագործակցությանը: Օրինակ՝ նման ճամբարներ են կազմակերպվել պաղեստինցի և իսրայելցի երիտասարդների համար՝ նպատակ ունենալով նպաստել խաղաղությանն ու հաշտեցմանը՝ փոխգործակցության և համագործակցության հնարավորություններ ընձեռելով: Թեև նման ճամբարների կազմակերպիչները հանդես են գալիս խաղաղ լուծումների օգտին, մասնակիցները հնարավոր է չկիսեն այդ մոտեցումը: Այդուհանդերձ, նման ճամբարների հիմնական նպատակն է նպաստել հենց մասնակիցների մոտ դրական փոփոխություններին, որոնք խաղաղության ուղերձը կտանեն իրենց համայնքներ և կխթանեն խաղաղ մոտեցումները նաև մյուսների միջև:

19-րդ դարի սկզբին ստեղծվեցին «Ապաչես դե Պաս» կամ ապաչների խաղաղության ճամբարները՝ նպատակ ունենալով մարդկանց կրոնափոխել։ 19-րդ դարի սկզբին իսպանացիները տեղակայվեցին ամրացված ռազմական բնակավայրերի մոտ՝ այժմյան Մեքսիկայի տարածքում և ԱՄՆ-ի հարավարևմտյան հատվածում։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին վերահսկում էր այս ճամբարները՝ նպատակ ունենալով կրոնափոխ անել ապաչներին՝ նրանց մեջ սերմանելով կաթոլիկություն, որն իսպանացի գաղութարարների կրոնն էր: Բացի այդ, իսպանացիների տեսանկյունից, ապաչների կրոնափոխությունը դիտվում էր որպես նրանց փրկության կամ հոգևոր բարեկեցության ապահովման միջոց: Ճամբարներում ապաչներին սննդամթերք ու գյուղատնտեսական պարագաներ էին բաժանում՝ նպատակ ունենալով նրանց խրախուսել, որ զբաղվեն գյուղատնտեսությամբ:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Aldermaston Women's Peace Camp - Campaigning against nuclear weapons production at AWE Aldermaston and an end to all violence». www.aldermaston.net.
  2. Colman McCarthy (February 8, 2009). «From Lafayette Square Lookout, He Made His War Protest Permanent». The Washington Post.
  3. Rosen, Ruth (2000). The World Split Open: How the Modern Women's Movement Changed America. New York: Penguin. ISBN 0-670-81462-8.
  4. Rosen, Ruth (2000). The World Split Open: How the Modern Women's Movement Changed America. New York: Penguin. ISBN 0-670-81462-8.
  5. «Peace camp moves after eviction threat» (բրիտանական անգլերեն). 2003-02-28. Վերցված է 2023-04-18-ին.