Լուսնային ծառեր, ծառեր՝ աճեցված մոտ 500 սերմերից, որոնք «Ապոլոն-14» տիեզերանավով տարվել են Լուսին։ Լուսնի վրա մարդկանց 3-րդ վայրէջքը տեղի ունեցավ 1971 թվականի հունվարի 31-փետրվարի 9-ին։ Սերմերը Լուսնի մակերևույթին չեն եղել, սակայն գտնվել են Լուսնի ուղեծրում՝ հրամանատարական մոդուլի օդաչու Ստյուարտ Ալեն Ռուսայի անձնական ճամպրուկում, մինչդեռ նրա գործընկերները՝ «Ապոլոն-14»-ի հրամանատար Ալան Շեփարդը և լուսնային մոդուլի օդաչու Էդգար Միտչելն աշխատում էին Լուսնի վրա՝ Ֆրա Մաուրո կրատերի շրջակայքում։ Թռիչքից հետո սերմերից տունկեր աճեցվեցին, որոնք 20-րդ դարի 70-ական թվականների կեսերին տնկվեցին ԱՄՆ-ի մի շարք նահանգներում և որոշ արտասահմանյան երկրներում։ «Լուսնային ծառերը» կենդանի հուշարձան դարձան «Ապոլոն» նախագծին և անձնապես Ստյուարտ Ռուսային։

Առաջին «լուսնային ծառը», որը տնկվել է 1975 թվականին Ֆիլադելֆիայի Վաշինգտոն Սքվերում, լուսանկարը՝ 2008 թվականի

Գաղափար խմբագրել

Գաղափարը ծագեց ԱՄՆ-ի Անտառային ծառայության տնօրեն Էդվարդ Քլիֆի մոտ այն բանից հետո, երբ նա իմացավ, որ «Ապոլոն-14»-ի անձնակազմի մեջ է լինելու նաև Ստյուրատ Ռուսան։ Քլիֆը ծանոթ էր Ստյուարտի հետ 1950-ական թվականների սկզբից, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ապագա փորձարկիչ օդաչուն և ՆԱՍԱ-ի տիեզերագնացն աշխատում էր Անտառային ծառայությունում՝ որպես պարաշյուտիստ-հրդեհաշեջ։ Քլիֆը Ռուսային խնդրեց թռիչքի ժամանակ իր հետ սերմեր վերցնել․ վերջինս համաձայնվեց։ Ընտրվեցին մոտ 500 տեսակ ծառերի սերմեր՝ սոճի խնկային, սոսի, լիկվիդամբար, սեքվոյա և Դուգլասի բրգաձև սոճի։ Երկրի վրա թողեցին նույն սերմերից հետագայում համեմատելու համար[1]։ Մասնագետներին հետաքրքրում էր, թե ինչ կլինեն սերմերի հետ Լուսին թռչելուց հետո, արդյոք կաճեն դրանք, նորմալ տեսք կունենա՞ն[2]։

Թռիչքից հետո խմբագրել

Թռիչքի ավարտից հետո սերմերը տիեզերագնացների հետ տեղակայեցին Լուսնային լաբորատորիա՝ կարանտինի համար։ Սակայն վակուումի մեջ վարակազերծման գործընթացի ժամանակ պայթեց այն հերմետիկ կոնտեյները, որտեղ սերմերն էին գտնվում։ Բոլոր սերմերը խառնվեցին, որոշները վնասվեցին, և ԱՄՆ-ի անտառային ծառայության մասնագետների մոտ կասկածներ առաջացան դրանց կենսունակության վերաբերյալ; Կարանտինից հետո սերմերն ուղարկեցին Հալֆպորտ՝ Անտառային ծառայության հարավային անտառատնկարան և Փլեյսերվիլ՝ արևմտյան անտառատնկարան, որտեղ դրանք հաջողությամբ ծլեցին։ Ծլելուց մի քանի տարի անց Անտառային ծառայությունը 420-450 տնկի ուներ, որոնք պատրաստ էին տնկելու համար։ Դրանց մի մասը տնկվեց Երկրի վրա մնացած սերմերի հետ։ Մի քանի տասնյակ տարիների ընթացքում նրանց միջև որևէ տարբերություն չէր նկատվում։ Սակայն տնկիների մեծ մասը փոխանցեցին այլ նահանգների, համալսարանների և ՆԱՍԱ-ի կենտրոնների։ 1975-1976 թվականներին դրանց տնկումը հարմարեցրած էր ԱՄՆ-ում կրթության 200-ամյակի տոնի և Անկախության հռչակագրի ընդունման հետ։ Մի քանի «լուսնային ծառեր» ուղարկեցին Բրազիլիա, Շվեյցարիա, մեկն էլ նվիրեցին Ճապոնիայի կայսերը[1]։ Առաջին լուսնային ծառը՝ սոսին, տնկվեց Ստյուարտ Ռուսայի կողմից 1975 թվականին Ֆիլադելֆիայի Վաշինգտոն Սքվեր պարկում[2]։

Մահացած «լուսնային ծառեր» խմբագրել

«Լուսնային ծառերի» տարբեր տեսակներ ունեն կյանքի տարբեր տևողություն։ Որոշներն ապրում են հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարիներ, մյուսներն արդեն ծերացել են և «մահացել» հիվանդություններից կամ եղանակային էքստրեմալ երևույթներից[3]։ 2011 թվականին «մահացավ» սոսին, որը Ֆիլադելֆիայում տնկել էր Ռուսան։ Այժմ նույն տեղում աճում է նրա կլոնը։ «Մահացավ» նաև սոճի խնկայինը, որը տնկվել էր 1976 թվականին Սպիտակ տանը։ 2005 թվականին Կատրինա փոթորիկը Նոր Օռլեանում կոտրեց ևս մեկ սոճի։ Ընդհանուր առմամբ «մահացել» է մոտ 24 «լուսնային ծառ»[2]։

«Լուսնային ծառերի» փնտրտուքներ խմբագրել

Հենց սկզբից որևէ համակարգված հաշվառում չէր արվում, թե ուր են ուղարկվում «լուսնային ծառերը» և որտեղ են տնկվում։ 1996 թվականին նրանց փնտրտուքով սկսեց զբաղվել Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի գիտնական Դևիդ Ուիլյամսը։ Փնտրտուքի պատճառը Ինդիանա նահանգի Քենելտոն քաղաքի աղջիկ սկաուտների դպրոցի ուսուցչուհիներից մեկի նամակն էր։ Նա գրում էր, որ իրենց դպրոցի այգում մի ծառ է աճում։ Կողքը ցուցանակ կա, որտեղ 2 բառ է գրված՝ «լուսնային ծառ», ուրիշ ոչինչ։ Ուսուցչուհին հարցնում էր, թե ինչ է դա նշանակում։ Սակայն Ուիլյամսն ինքն էլ այդ ժամանակ ոչինչ չգիտեր «լուսնային ծառերի» մասին։ Նա կապվեց ՆԱՍԱ-ի պատմաբանների, այնուհետև ԱՄՆ-ի Անտառային ծառայության նախկին աշխատակիցների հետ։ Նույն թվականին Ուիլյամսը համացանցում կայք պատրաստեց՝ «լուսնային ծառերի» փնտրման համար[3]։ 2016 թվականի փետրվարին նա 25 նահանգներում արդեն 75 ծառ էր գտել[2]։

     
«Լուսնային ծառ» Քենելտոնում, Ինդիանա «Լուսնային» սոսի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնում Երկրորդ սերնդի «լուսնային ծառի» տնկումը Առլինգտոնի ազգային գերեզմանոցում, փետրվարի 9, 2005 թ․

Երկրորդ սերնդի «լուսնային ծառեր» խմբագրել

20-րդ դարի վերջերին ի հայտ եկան երկրորդ սերնդի «լուսնային ծառեր»։ Դրանք աճեցրին «լուսնային ծառերի» սերմերից կամ պատվաստից։ 2005 թվականի փետրվարի 9-ին «Ապոլոն-14»-ի 34-ամյակի կապակցությամբ, երկրորդ սերնդի սոսին տնկվեց Առլինգտոնի ազգային գերեզմանոցում՝ Ստյուարտ Ռուսայի և այլ մահացած տիեզերագնացների պատվին։ 2009 թվականի ապրիլի 22-ին նույնպիսի սոսի տնկվեց Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի ազգային բուսայգում։ 2011 թվականի փետրվարի 3-ին ևս մեկը տնկվեց Ստյուարտ Ռուսայի պատվին Ջոն Ստենիսի անվան տիեզերական կենտրոնում[3]։

Մշակույթում խմբագրել

Ամերիկացի գրող ֆանտաստ Ջերի Օլշենի «Լուսնային ծառը» պատմվածքը պատմում է 2 մարդկանց ճակատագրի մասին, որոնք հանդիպել էին սոսիի տակ։ Սոսին, որը եղել էր Լուսնի վրա, հատուկ դեր է զբաղեցնում պատմվածքի սյուժեում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Dr. Williams, David R. (10.02.2016). «The "Moon Trees"» (անգլերեն). NASA. Վերցված է 30.03.2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Moon mission's living monuments: Apollo 14's 'Moon Trees' 45 years later». Space News (անգլերեն). collectSPACE. 03.02.2016. Վերցված է 30.03.2016-ին.
  3. 3,0 3,1 3,2 Zubritsky, Elizabeth (09.02.2011). «A Race Against Time to Find Apollo 14's Lost Voyagers». Features (անգլերեն). NASA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 31.03.2016-ին.
  4. «Джерри Олшен «Лунное дерево»». Лаборатория фантастики. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «The "Moon Trees"» (անգլերեն). «Лунные деревья». Сайт Дэвида Уильямса со списком найденных им деревьев. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  • «Interactive map showing locations of American moon trees» (անգլերեն). Интерактивная карта расположения «лунных деревьев» в США. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  • «Second Generation "Moon Trees"» (անգլերեն). «Лунные деревья» второго поколения. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.