Լորենի մանրատերև

բույսերի տեսակ
(Վերահղված է Լորենի սրտաձևից)
Լորենի մանրատերև
Լորենի մանրատերև
Լորենի մանրատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Լորենայիններ (Tilioideae)
Ցեղ Լորենի (Tilia)
Տեսակ Լորենի մանրատերև (T. cordata)
Միջազգային անվանում
Tilia cordata
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Լորենի մանրատերև (լատին․՝ Tilia cordata), լորենազգիների ընտանիքի, լորենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ, խոշոր, ճյուղավորված ծառ է՝ 15-28 մ բարձրությամբ և 0,8-1 մ (երբեմն՝ 2 մ) բնի տրամագծով, որի սաղարթի վերին ճյուղերն ուղղված են դեպի վեր, միջինները՝ հորիզոնական դիրք ունեն, իսկ ներքևինները դեպի ցած են հակված։ Բնի և հին ճյուղերի կեղևը գորշ է, երկարավուն ակոսավոր, ստվերոտ կողմում դեղնականաչ, լուսավորված մասում՝ մուգ գորշավուն։ Երիտասարդ ընձյուղները կարմրագորշավուն են, ծածկված մանր ոսպնյակներով։ Բողբոջները թեք ձվաձև են, 4-8 մմ երկարությամբ և 2-2,5 մմ լայնությամբ, մերկ, դեղնագորշավունից մինչև գորշակարմիր, թարթիչաեզր թեփուկներով ծածկված։ Ֆերտիլ ընձյուղների տերևները կլորավուն են, երբեմն՝ մի փոքր երկարավուն, 5-9 սմ երկարությամբ և 5-8 սմ լայնությամբ, սովորաբար սիմետրիկ, սրտանման, հազվադեպ անհավասարաչափ և հատված հիմքով, ատամնաեզր, վերևի կողմից՝ կանաչ, մերկ, ներքևի կողմից՝ կապտավուն, ջղերի անկյուններում դեղին մազիկների փնջերով։ Տերևակոթունները բարակ են, մերկ, 3-4 (երբեմն՝ 2-5) սմ երկարությամբ։ Ստերիլ (անպտուղ) ճյուղերի տերևները ավելի խոշոր են։ Մացառային ճյուղերի վրա դելտայաձև են (եռանկյուն), մինչև 15 սմ երկարությամբ և 10 սմ լայնությամբ, խոշոր ատամնաեզր։ Ծաղկակից տերևները երկարավուն են՝ 6-8 սմ երկարությամբ և 1-2 սմ լայնությամբ, որը ծաղկակիրին է ամրացած իր երկարության մեկ երրորդի մասով, մերկ է։ Ծաղկաբույլերը կազմված են 3-11 ծաղիկներից, ծաղկակիրը մերկ է, կոկոնները՝ կլոր։ Բաժակը ունի 3-4 մմ երկարություն, 1 -1,5 մմ լայնություն։ Պսակաթերթիկները ունեն 4-5 մմ երկարություն և մոտ 1 մմ լայնություն։ Առէջները ունեն 5-6 մմ երկարություն։ Սերմնարանը գնդաձև է, ծածկված սպիտակ մազմզուկներով։ Սռնակը մերկ է, 3-4 մմ երկարությամբ, հնգաբլթակ սպիով։ Պտուղը գնդաձև է կամ թեթևակի երկարավուն, 5-7 մմ տրամագծով, նուրբ թաղիքային ՛աղվամազով ծածկված։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանում, Միջերկրական ծովի ափերին, Ղրիմում, Արևմտյան Սիբիրում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում և Հանքավանի ու Ծաղկաձորի շրջակայքում, միջին ու վերին անտառային գոտիներում։ Չափազանց ցրտադիմացկուն է, խոնավասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ։ Տիպիկ ցուրտ կլիմայի բույս է, որը միանգամայն վատ է տանում օդի չորությունն ու բարձր ջերմաստիճանները։ Դա է պատճառը, որ մանրատերև լորենին Արարատյան դաշտում չափազանց վատ է աճում, տերևներն արևային այրվածքներ են ստանում և մեծ մասամբ արդեն օգոստոսի երկրորդ կեսին սկսվում է անբնական հարկադրական տերևաթափը։ Բացի այդ, ամռան շոգ օրերին տերևները ստանում են մուգ կանաչ գունավորում, փոքրանում են և ծառի ընդհանուր տեսքը խիստ փոխվում է։ Նման դեպքերում դրությունը չի փրկում անգամ առատ ու հաճախակի ոռոգումը։

Կիրառություն խմբագրել

Այս ծառատեսակի մեղրը Հին Եգիպտոսում օգտագործվել է սրանից դեռևս 6000 տարի առաջ։ Ընդհանրապես այն ամենուրեք համարվել է բնության առանձնահատուկ պարգև։ Հին հունական առասպելի համաձայն, անմահ աստվածների ըմպելիք ամբրոսիան պարունակում էր նաև լորենու մեղր։ Մանրատերև լորենու անտառները մեղվաբուծության հրաշալի վայրեր են։ 1 հա համատարած ծառուտը տալիս է մինչև 1458,6 կգ նեկտար, որի մեջ շաքարի բացարձակ բաղադրությունը կազմում է 641,78 կգ։ Դրա շնորհիվ 1 հա լորենու համատարած տնկարկը տալիս է 802 կգ բարձրորակ մեղր։ Մեկ ծաղիկը պարունակում է 7,46-27,16 մգ նեկտար։ Այս ծառատեսակի ծաղիկներից ստանում են նաև եթերայուղ, որի պարունակությունը հասնում է 0,042-0,1 %։ Լուբը օգտագործում են կոպիտ թել և գործվածքներ ստանալու համար։ Պտուղներից կարելի է սուրճի սուռոգատ պատրաստել։ Չմաքրած պտուղները պարունակում են 23, իսկ մաքրածները 50 % դեղին գույնի յուղ։ Լայնորեն է օգտագործվում կանաչապատման բնագավառում։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում տերևների գույնով, ձևով, սաղարթի ձևով և այլն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 290-292։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենի մանրատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենի մանրատերև» հոդվածին։