Լյուիս Հայն
Լյուիս Հայն (անգլ.՝ Lewis Wickes Hine, սեպտեմբերի 26, 1874[1][2][3][…], Օշկոշ, Վիսկոնսին, ԱՄՆ - նոյեմբերի 3, 1940[3][4][5][…], Հաստինգս-օն-Հադսոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լուսանկարիչ և սոցիոլոգ, վավերագրական լուսանկարչության վարպետ։
Լյուիս Հայն անգլ.՝ Lewis Wickes Hine | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Օշկոշ, Վիսկոնսին, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 3, 1940[3][4][5][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Հաստինգս-օն-Հադսոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Չիկագոյի համալսարան |
Երկեր | Շոգեպոմպով աշխատող մեխանիկ, 1920 թ. |
Մասնագիտություն | սոցիոլոգ, լուսանկարիչ և ֆոտոլրագրող |
Lewis Hine Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼյուիս Հայնը ծնվել է Վիսկոնսին նահանգի Օշկոշ քաղաքում։ Այն բանից հետո, երբ հայրը մահացել է դժբախտ պատահարից, տղան երկար ժամեր աշխատել է գործարանում և խնայել իր գումարը քոլեջի կրթության համար՝ անմիջականորեն ճանաչելով և բացահայտելով այն, ինչն ավելի ուշ սկսել է լուսանկարել։ Նա սովորել է հայրենի քաղաքի դպրոցում, ապա Չիկագոյի և Նյու Յորքի համալսարաններում, որտեղ և ստացել է մագիստրոսի աստիճան։
1901 թվականին Հայնը սկսել է դասավանդել Նյու Յորքի էթիկական մշակույթի դպրոցում։ Երկու տարի անց նա ձեռք է բերել ֆոտոխցիկ և ատրճանակ՝ մագնեզիումի բռնկման համար։ Փորձերի և սխալների ճանապարհով սովորել է տիրապետել իր գործիքներին և լուսանկարներ անել, որոնք պետք է ցուցադրեին դպրոցական կյանքը։
20-րդ դարի սկզբին Լյուիս Հայնն աշխատել է որպես սոցիոլոգիայի ուսուցիչ Նյու Յորքի հրեական-սլավոնական գետտոյում։ Նա սկսել է լուսանկարել 1905 թվականին։ Նրա առաջին լուսանկարները պատմում էին ներգաղթյալների ճակատագրի մասին, որոնք անընդհատ գաղթում էին դեպի ԱՄՆ, ցույց էին տալիս նրանց աղքատությունը, շփոթվածությունը, և ավելի լավ ապագայի հանդեպ ունեցած անհագ հույսը եթե ոչ իրենց, ապա գոնե իրենց երեխաների համար։ Նրա աշխատանքները տոգորված էին հումանիստական պաթոսով, և սոցիալական օրենսդրության շուտափույթ իրականացման համար պայքարող նոր պարբերագրերը սիրով տպում էին դրանք։ Հաջողությամբ ոգեշնչված՝ Հայնը հեռացել է դպրոցից և դարձել պրոֆեսիոնալ լուսանկարիչ։
1908 թվականին Լյուիս Հայնը դարձել է ԱՄՆ-ի Մանկական աշխատանքի ազգային կոմիտեի (National Child Labor Committee) հաստիքային լուսանկարիչ, որը սկսել է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին արշավը արտադրության մեջ երեխաների շահագործման դեմ։ Գրեթե 10 տարի նա շրջել է ԱՄՆ-ի ամբողջ տարածքով՝ ատլանտյանից մինչև խաղաղօվկիանոսյան ափ։ Տարբեր պատրվակներով՝ ձևանալով ապահովագրական գործակալ, վաճառող, քարոզիչ կամ ծայրահեղ դեպքում՝ որպես արդյունաբերական լուսանկարիչ, նա ներթափանցել է գործարաններ և ֆաբրիկաներ, որտեղ օգտագործվում էր մանկական աշխատանքը։ Հայնը լուսանկարել է մանկահասակ աշխատողներին. հանքափորների, ջուլհակների, նավահանգստային բեռնակիրների, հնոցապանների, բատրակների, աղբահավաքների։ Հայտնի «Տեսիլք» լուսանկարը, որտեղ ներկայացված է ջուլհակի դազգահից դեպի ֆաբրիկայի պատուհանը շրջված փոքրիկ աղջիկ, դարձել է մանկական աշխատանքի դեմ պայքարի խորհրդանիշ։ Այս ժամանակաշրջանի իր լուսանկարները լուսանկարիչը հակիրճ անվանել է «կորած սերնդի պատկերասրահ»։
1918-ին Հայնը մտել է Կարմիր խաչ, որից հետո նա ուղարկվել է Ֆրանսիա, որտեղից մեկնել է Իտալիա, ապա՝ Հունաստան։ Նյու Յորք նա վերադարձել է արդեն 1919 թվականին[6]։ 1920-1930-ականներին Հայնը շարունակում էր լուսավորել Ամերիկայի աշխատավորների կյանքը։ Այս ժամանակի ամենահայտնի աշխատանքներից է լուսանկարների շարքը, որը նվիրված է Նյու Յորքի 102-հարկանի Էմփայր Սթեյթ Բիլդինգ երկնաքերի կառուցմանը։ Զբաղվելով կիսակառույց երկնաքերի նկարահանումներով՝ նա իր վրա է վերցրել բոլոր ռիսկերն ու ողջ պատասխանատվությունը։ Առավել որակյալ ու յուրահատուկ լուսանկարներ ստանալու համար Հայնը ստիպված է եղել նկարահանել կողովից, որը հատուկ նրա համար են նախագծել։ Ընդ որում այդ զամբյուղը գտնվում էր ավելի քան 304 մետր բարձրության վրա և կախված էր Հինգերորդ պողոտայի վրա։ Այս աշխատանքներն այլևս չեն արտացոլում աշխատանքային դասի ծանր վիճակը, դրանք ավելի շուտ ողողված են ամերիկյան շինարարների նվաճումների հանդեպ հպարտությամբ։ Լուսանկարիչն ավելի շատ ուշադրություն է սկսել հատկացնել կադրի կառուցվածքի և հորինվածքի վրա։
Նրա կյանքի վերջին տարիները լի էին մասնագիտական պայքարով՝ պետական և կորպորատիվ հովանավորության կորստի պատճառով։ Նա մահացել է 1940 թվականի նոյեմբերի 3-ին Նյու Յորքի Դոբբս-Ֆերի հիվանդանոցում վիրահատությունից հետո։ Լյուիս Հայնը 66 տարեկան էր[7]։
Պատկերասրահ
խմբագրել-
Մանկական աշխատանք Ինդիանայի ապակու գործարանում, 1908 թ.
-
Ադդի Քարդ, 12 տարեկան: Բամբակի գործարան, 1910 թ.
-
Օդ նետված զինվոր, 1917 թ., Արվեստի ազգային պատկերասրահ
-
Շոգեպոմպով աշխատող մեխանիկ, 1920 թ.
-
Էմփայր Սթեյթ Բիլդինգի աշխատողը 1931 թվականին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Lewis Hine (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lewis Wickes Hine — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Luminous-Lint — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 20-րդ դարի լուսանկար։ Քյոլնի Լյուդվիգի թանգարան / թարգմ. անգլ. Ա.Ա. Սոսինովա. — Հրատարակչություն АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
- ↑ The New York Times; November 4, 1940; "Lewis W. Hine; Photographer Whose Pictures Showed Conditions in Factories", p. 19
Գրականություն
խմբագրել- Sampsell-Willmann K. Lewis Hine as social critic. Jackson: University Press of Mississippi, 2009
Արտաքին հղումներ
խմբագրել- Լուսանկարի պատմություն. սոցիալիդեալիստը ֆոտոխցիկով՝ Լյուիս Հայն Արխիվացված 2016-12-20 Wayback Machine(ռուս.)
- Լյուիս Հայնի լուսանկարները ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուիս Հայն» հոդվածին։ |