Լիբանանահայ կերպարվեստ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Լիբանանահայ կերպարվեստ, Լիբանանում է անցել նկարիչ Հարություն Կալենցի ստեղծագործության առաջին շրջանը (1946 թվականին հայրենադարձել է), նա օժտված էր բացառիկ գեղանկարչական ճաշակով, իրականությունը բացարձակապես գույներով ընկալելու վարպետությամբ։ Հարություն Կալենցի, ինչպես և 0. Ավետիսյանի, Գառզուի, Ժանսեմի, Շարթի ցուցահանդեսները Բեյրութում նպաստել են տեղի գեղարվեստական կյանքի աշխուժացմանը։ 1950-ական թվականներից լիբանանահայ մշակույթը բուռն վերելք է ապրել։ Ճանաչված նկարիչներից է նաև Պոլ (Պողոս) Կիրակոսյանը, որն ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերներ, որտեղ արտացոլել է նաև հայության աստանդական կյանքն ու կենցաղը («Դեր Ձոր», «Գաղթ», «Կարպետագործը» և այլն)։ Նրա գործերին բնորոշ են հյութեղ երփնագիրը, գույնի նուրբ զգացողությունը, գծանկարի մեղմությունը։ Արժանացել է մի շարք միջազգային և ՀՆՄ Մարտիրոս Սարյանի անվան (1981) մրցանակների։ Լիբանանահայ միջին և երիտասարդ սերնդի գեղանկարիչների արվեստները մոտ են երազային, թախծոտ բովանդակությամբ, սակայն առանձնանում են Եվրոպական արդի արվեստից սերող գունագծային որոշակի ինքնատիպությամբ, որը բնորոշ է Կյուվտերի (Ջոն Կյուվտերելյան), Կյուվի (Ժորժ Կյուրվերջինյան), Հարություն Թորոսյանի, Լյուսի Թյությունճյանի, Գրիգոր Նորիկյանի, Րաֆֆի Թոքաթլյանի, Հրայր Տիարպեքիրյանի, Ժակլին Օհանյանի ու Սերգեյ Մանուկյանի պատկերներին։ Միջին սերնդի քանդակագործներից հայտնի են Զավեն Խտշյանը (Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան, Բիկֆայա գյուղաքաղաք) և Վարուժան Մարտիրոսյանը։ ճանաչված ծաղրանկարիչ Տիրան Աճեմյանի գծանկարները տպագրվել են հայկական, ֆրանսիական և արաբական մամուլում։ Լուսանկարչության բնագավառում հայտնի է Վարուժան Սեթյանը։ Արվեստաբան Սեդա Պարսումյան-Տատոյանը 1984 թվականին հրատարակել է լիբանանահայ նկարչությունը վերլուծող պատկերազարդ աշխատություն։ Բեյրութի մի շարք հեղինակավոր պատկերասրահներ («Վարուժան Արթ Սենթր», «Նոազ Արի», «Ռոշան») պատկանում են հայերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |