Վարպետ, արհեստավորական եղբայրության՝ համքարության առանձին կրպակ-արհեստանոցի կամ նույն արհեստով զբաղվող մարդկանց խմբի ղեկավարը միջնադարյան Հայաստանում։ Վարպետը կազմակերպել է աշխատանքները, աշակերտներին ու ենթավարպետներին սովորեցրել տվյալ արհեստի նրբությունները։ Վարպետ դառնալու համար ենթավարպետը քննություն է հանձնել նույն համքարության 2—3 Վարպետի ներկայությամբ, կազմակերպել ծիսական ճաշկերույթ, ծանոթացել համքարության ներքին օրենքներին, երդվել՝ լինել ազնիվ ու անաչառ։ Նորընտիր Վարպետ ստացել է առանձին արհեստանոց բացելու և այլ իրավունքներ։ Նույն համքարության Վարպետի ղեկավարը կոչվել է վարպետաց վարպետ, իսկ մի քանի համքարություններինը՝ գլխավոր վարպետ։ Համքարությունների վերանալուց հետո վարպետ անվանումը դարձել է հմուտ, փորձառու արհեստավորի, ինչպես նաև արվեստի ու գրականության բնագավառներում կատարելության հասած անձանց պատվանուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 347