Լենինի հուշարձան (Երևան)


Լենինի հուշարձան, հուշարձան, որը գտնվում էր Երևանի գլխավոր հրապարակում (այժմ՝ Հանրապետության հրապարակ)։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս, քանդակագործ Սերգեյ Մերկուրովի աշխատանքներից է, հուշարձանի ճարտարապետներն են Նատալյա Պարեմուզովան և Լևոն Վարդանովը։ Լենինի արձանը տեղադրվել է 1940 թվականի նոյեմբերի 24-ին, Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ, ապամոնտաժվել 1991 թվականին։ Խորհրդային տարիներին արձանը համարվել է Լենինի լավագույն մարմնացումներից մեկը ԽՍՀՄ տարածքում։ Արձանի պատվանդանն ապամոնտաժվել է 1996 թվականին[1]։

Լենինի հուշարձան

Լենինի հուշարձանը 1978 թվականի խորհրդային նամականիշի վրա
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ապամոնտաժված
Համայնք Կենտրոն
Քանդակագործ(ներ) Սերգեյ Մերկուրով
Ճարտարապետ(ներ) Նատալյա Փարեմուզովա, Լևոն Վարդանով
Հիմնադրում 1940, նոյեմբերի 24
Ներկա վիճակ ապամոնտաժվել է


1991 թվականից Լենինի արձանի մարմինը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի բակում, գլուխը` պահեստում։ Պատվանդանի մնացորդները պահվում են Երևանի քաղաքապետարանի պահեստում՝ Չարբախում[2]։

Պատմություն խմբագրել

 
Հրապարակում շենքերի դեմոնտաժի աշխատանքներ՝ 1920-ական թվականներին։ Պրոլետար կինոթատրոնը քանդված է։ Նկարահանված է անկյան տակ ներկայիս Պարոնյանի թատրոնի ուղղությամբ։ Ձախ կողմում հետագայում կառուցվելու է Լենինի արձանի պատվանդանը։

1920-ական թվականների վերջում Ալեքսանդր Թամանյանի գծագրերով տեղադրվել է մոտ երկու մետր բարձրություն ունեցող օբելիսկ հետևյալ գրությամբ. «Այստեղ տեղադրվելու է Մեծ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանը»։ 1938 թվականին Լենինի արձանի նախագծի համամիութենական բաց մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել են ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովը և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Ստեփանյանը։ Մրցույթի անցկացումը հանձնարարվել է Երևանի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանին։ Ըստ մրցութային պայմանների՝ աշխատանքները պետք է ներկայացվեին Երևանի քաղխորհրդի ճարտարապետա-նախագծային բաժին 1939 թվականի մարտի 15-ին։ Մինչ այդ Հայաստանի ճարտարապետների միությունում և Երևանի քաղխորհրդում քննարկում էին արձանի տեղադրման վայրը։ Ըստ ճարտարապետ Հրայր Իսաբեկյանի արձանը պետք է տեղադրվեր հրապարակի հյուսիսային մասում։ Սակայն գեղարվեստական տեսանկյունից ավելի շահեկան էր, եթե արձանը տեղադրվեր ոչ թե շենքերի, այլ երկնքի ֆոնի վրա։ Արձանի մշակման և իրականացման նախագիծը հանձնարարվել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովին և Թիֆլիսում բնակվող երիտասարդ ճարտարապետ-ամուսիններ Նատալյա Փարեմուզովային և Լևոն Վարդանովին (Մերկուրովը հավանել էր ճարտարապետների կողմից առաջարկած պատվանդանի կոմպոզիցիան)[2][3]։

Ըստ նախնական համաձայնության՝ արձանը պետք է պատրաստվեր բրոնզից, սակայն Մերկուրովը հրաժարվեց պատրաստել բրոնզից ձուլված արձանը՝ վերջինիս բարձրության պատճառով (7,2 մետր)։ Նա առաջարկում էր բրոնզից կամ գրանիտից պատրաստել արձանը` 5 մետր հասակով, քանի որ քանդակագործը ծանոթ չէր Լենինի հրապարակի իրական չափերին։ Մրցույթի պայմաններում նշված էր, որ հուշարձանի ընդհանուր բարձրությունը պետք է կազմի 18 մետր, ուստիև պատվանդանի հետ ներդաշնակ լինելու համար արձանի բարձրությունը չպետք է 7 մետրից պակաս լիներ։ 7 մետրանոց արձանը կռածո պղնձից պատրաստելու Մերկուրովի առաջարկը հավանության արժանացավ այդ ժամանակ Երևանում գտնվող ակադեմիկոս Հովսեփ Օրբելիի կողմից[2]։

Պատվանդան խմբագրել

 
Լենինի արձանը հրապարակում, 1940-ական թվականներ

Պատվանդանի պատրաստմանը մասնակցել են փորձառու քարտաշներ Ուկրաինայից, որոնք մինչ այդ աշխատել էին Օպերայի և բալետի շենքի շինարարության վրա[2]։ Պատվանդանը պատրաստված էր գրանիտից, պատված էր մանր քանդակներով։

1991 թվականի ապրիլի 13-ին Լենինի հուշարձանն ապամոնտաժվել է։ Այն դուրս է բերվել սուլոցների ներքո, խանդավառությամբ[2]։ Պատվանդանը հինգ տարի դատարկ է մնացել և հանվել է ՀՀ կառավարության որոշմամբ 1996 թվականի հուլիսին։

20-րդ դդ. 80-90-ական թթ. խմբագրել

1991 թվականի փետրվարին ՀՀ անկախության հանրահավաքի մասնակիցներն արձանի վրա ներկ էին լցրել, գիշերը դռան մոտ պայթուցիկ էին դրել ու ոչնչացրել մետաղի վրա փորագրված նախշերով դուռը[2]։

Լենինի հուշարձանը հանելու մասին որոշում Երևանի քաղաքային խորհրդի նիստում կայացվել է մարտի 28-ին։ Երկու «դեմ» և չորս «ձեռնպահ» ձայներով քաղխորհրդի գործկոմին հանձնարարվեց «մինչև 1991 թվականի ապրիլի 22-ը ավարտել արձանի ապամոնտաժման աշխատանքները»։ Ձեռնպահ էր քվեարկել Հայոց համազգային շարժման անդամ, քաղխորհրդի նախագահ Համբարձում Գալստյանը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Լենինի արձանը Երևանում Մերկուրովի լավագույն աշխատանքներից է։ Մարկ Գրիգորյանը նշում է, որ Մերկուրովն այն հրապարակում տեղադրված չի տեսել և ծանոթացել է աշխատանքի վերջնական տեսքին միայն լուսանկարներով[2]։
  • Մայիսի 1-ին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը և Նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի օրը, արձանի պատվանդանի ամբիոն էին բարձրանում հանրապետության ղեկավարները, ընդունում էին ռազմական շքերթը (մայիսմեկյան ռազմական շքերթն անցկացվել է մինչև 1969 թվականը)[2]։
  • 1970 թվականին Հանրապետության հրապարակի նախագիծը Պետական մրցանակի արժանացավ, հետմահու այն ստացան նաև Լենինի արձանի պատվանդանի ճարտարապետներ Լևոն Վարդանյանը (հետմահու) և Նատալյա Փարեմուզովան[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լենինի արձանը՝ Երևանի գլխավոր հրապարակում
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Երևան. XX դար», Լենինի արձան` (ան)կենդանի պատմություն
  3. Р. Агабабян. «Памятник Ленину в Ереване // Известия Академии наук Армянской ССР. № 2, 1953. Общественные науки» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 4-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Գոլոս Արմենիի, 1996 թ., օգոստոսի 6։