Իրազեկ քաղաքացիների միավորում
Իրազեկ քաղաքացիների միավորումը (ԻՔՄ), Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն, հիմնադրվել է 2014 թվականին Դանիել Իոաննիսյանի, Տաթևիկ Քերոբյանի և Կարեն Վարդանյանի կողմից։ Այն գործունեություն է ծավալում Հայաստանում հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման, ապատեղեկատվության դեմ պայքարի, բարեփոխումների առաջմղման և ընտրական գործընթացների մշտադիտարկման ու բարելավման ոլորտներում։ Կազմակերպում է հանրային իրազեկման արշավներ, քննարկումներ, ճանաչողական միջոցառումներ, դասընթացներ և սեմինարներ[2]։
Իրազեկ քաղաքացիների միավորում | |
---|---|
Տեսակ | Հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ԻՔՄ |
Հիմնադրված | 2014 |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Հիմնադիր | Դանիել Իոաննիսյան |
Պարգևներ | |
Կայք | uic.am |
Գործունեություն
խմբագրել«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործունեության ուղղություններն են[3]
- հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացում
- փաստերի ստուգման լրագրություն
- մեդիագրագիտության խթանում
- լրագրողների հմտությունների հզորացում
- ընտրությունների դիտորդություն
- ժողովրդավարական բարեփոխումների առաջմղում
- հավաքների ազատության պաշտպանություն
Առցանց հարթակներ
խմբագրելՎերոնշյալ գործունեությունն իրականացնելու համար ԻՔՄ-ն գործածում է իր պաշտոնական կայքէջն ու սեփական առցանց հարթակները[3]։
- UIC.am-ի հրապարակումները հիմնականում վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու դրան առնչվող հարցերին, Եվրասիական տնտեսական միությանը, ռազմական համագործակցությանը, ժողովրդավարական արժեքներին ու մարդու իրավունքներին, տնտեսությանը, ընտրություններին և այլն[3]։
- FIP.am-ը («Փաստերի ստուգման հարթակ») Հայաստանում փաստերի ստուգմամբ զբաղվող առաջին մասնագիտացված լրատվամիջոցն է։ Կայքի գործունեության հիմնական նպատակն է բացահայտել պաշտոնյաների, պաշտոնական և հանրային մարմինների ու լրատվամիջոցների կողմից հրապարակված, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները[4]։
- Umdimel.am կայքում ներկայացված են տարբեր իրավիճակներում հայտնված քաղաքացիների համար նախատեսված խորհուրդներ։ Կայքում կան ավելի քան 110 թեմատիկ հարցադրումներ և պատասխաններ, որոնք ընդգրկում են իրականացվելիք քայլերի հերթականությունն ու անհրաժեշտ փաստաթղթերի օրինակները[5]։
- «Վոչդոգ (անգլ․՝ Watchdog) հետաքննական լրագրության խթանումը Հայաստանում» ծրագիրը վիդեոդասընթացների նախագիծ է, որը լրագրողներին, ուսանողներին և շահագրգիռ քաղաքացիներին առաջարկում է ինտերակտիվ դասընթացների միջոցով զարգացնել հմտությունները հետաքննության և փաստերի ստուգման ոլորտներում[6]։
- Արտաքին քաղաքականության քարտեզը (անգլ․՝ Foreign Policy Map) ներկայացնում է Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերությունները։ Ինտերակտիվ քարտեզում ամեն երկրի համար ներկայացված են տվյալներ Հայաստանի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ[7]։
- Reforms.am կայքում հանրամատչելի կերպով ներկայացված են տարբեր ոլորտների բարեփոխումների վերաբերյալ տեղեկություններ[8]։
- 44-օրյա պատերազմի քաղաքական քրոնիկոնը հրապարակում է, որում ամփոփած են ղարաբաղյան հակամարտության նոր փուլի վերաբերյալ համաշխարհային հանրության հայտարարությունները և գնահատականները[9]։
ԻՔՄ-ի գործունեության կարևոր բաղադրիչներից է լրագրողների հմտությունների զարգացումն ու մեդիագրագիտության խթանումը։ Կազմակերպությունը զբաղվում է լրագրողների ուսուցմամբ և կազմակերպում «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» թեմայով սեմինար-կոնֆերանսներ, որոնց ընթացքում «Off the Record» ֆորմատով ելույթ են ունենում և մասնակիցների հարցերին պատասխանում Հայաստանում տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ և պետական կառույցների ու հասարակական սեկտորի այլ ներկայացուցիչներ[10]։ ԻՔՄ-ն նաև կազմակերպում է փաստերի ստուգման լրագրության և մեդիագրագիտության դասընթացներ, որտեղ դասախոսությամբ հանդես են գալիս մեդիա ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից։
Մասնակցություն բարեփոխումներին
խմբագրել2019 թ․-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ներառվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում[11]։ Կազմակերպությունը հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի, քննիչների և օպեր-լիազորների ընդունելության հանձնաժողովում ներգրավված միակ ՀԿ-ն էր[12]։ 2020 թ․-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ Դանիել Իոաննիսյանը, որպես ԻՔՄ ներկայացուցիչ, ներգրավվել է ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում[13]։ Իոաննիսյանը նաև պարեկային ծառայության ընդունող հանձնաժողովի անդամ է, իսկ կազմակերպության տարբեր անդամներ պարեկային ծառայության ընդունելության հարցազրույցի հանձնաժողովներում են։ 2020 թ․-ին վարչապետի որոշմամբ ձևավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ներկայացված էր քաղ․ հասարակության երկու ներկայացուցիչ, այդ թվում ԻՔՄ ներկայացուցիչը[14], որը 2022 թ․-ին վերանշանակվել է արդեն վերանվանված Հայաստանի սահմանադրական բարեփոխումների խորհրդում[15]։ Կազմակերպության գործառույթներից ամենանշանակալին մասնակցությունն է ընտրական բարեփոխումներին։ Կազմակերպությունը ներգրավված է եղել 2016 թ․-ին ձևավորված «4+4+4» ձևաչափով քննարկումների խմբում։ Խումբը նպատակ ուներ Ընտրական օրենսգրքի բարելավման շուրջ աշխատանքներ իրականացնել[16]։ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը 2018 թ․ մասնակցել է ընտրական օրենսդրության բարեփոխումներին՝ որպես վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար[17]։
Բարեփոխումների նկատմամբ հանրային վերաբերմունքը լրջացնելու և գիտելիքները բարձրացնելու նպատակով ԻՔՄ-ն կազմակերպել է հանրային իրազեկման տարբեր միջոցառումներ, քննարկումներ և թրեյնինգներ, կազմակերպության կողմից հրապարակվել են տեսանյութեր, որոնք տարածվել են սոցիալական ցանցերում և հեռարձակվել հեռուստատեսությունների և ռադիոյի միջոցով, ինչպես նաև հրապարակվել են տեղեկատվական-բացատրական հոդվածներ ԻՔՄ-ի տարբեր օնլայն հարթակներում։
Դիտորդական առաքելություն
խմբագրել2015 թվականից անհատապես, իսկ 2017-ից «Անկախ դիտորդ» դաշինքի շրջանակում կազմակերպությունն իրականացնում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն տեղական և միջազգային տարբեր ընտրությունների ժամանակ։ Կազմակերպությունը նաև հավատարմագրել է European Platform for Democratic Elections (EPDE)-ի դիտորդներին, որոնց հետ կազմել է համատեղ շրջիկ դիտորդական խմբեր։ Ընտրությունների դիտորդության արդյունքում հրապարակվում են զեկույցներ։
Կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել հետևյալ ընտրությունների ժամանակ՝
Տեղական (Հայաստանի տարածքում)
2015 - Սահմանադրական հանրաքվե
2016 - ՏԻՄ ընտրություններ
2017- Խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններ
2018 - Արտահերթ խորհրդարանական, ՏԻՄ և Երևանի ավագանու ընտրություններ
2019 - Աբովյանի քաղաքապետի ընտրություններ
2021 - Արտահերթ խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններ Հայաստանում
Միջազգային
2018 - Խորհրդարանական ընտրություններ Շվեդիայում
2018 - Նախագահական ընտրություններ Վրաստանում
2019 - Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններ
2020 - Նախագահական և ՏԻՄ ընտրություններ Լեռնային Ղարաբաղում
2021- Մունիցիպալ ընտրություններ Վրաստանում
Կառավարում
խմբագրել«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ունի շահերի բախումը և կոռուպցիոն այլ ռիսկերը բացառող գրավոր քաղաքականություն։ Կազմակերպության ղեկավար մարմիններն են գործադիր տնօրենը, ծրագրերի համակարգողը և 5 անդամներից բաղկացած խորհուրդը։
Իշխանության տարանջատման նպատակով կազմակերպության խորհուրդը կազմվում է կազմակերպության գործադիր տնօրենի և ծրագրերի համակարգողի հետ փոխկապակցվածություն չունեցող և կազմակերպության աշխատակից չհանդիսացող հանրությանը հայտնի անձանցից։
Կազմակերպության կազմում գործող «Փաստերի ստուգման հարթակն» (FIP.am) ունի անկախ խմբագրական քաղաքականություն, որն ամրագրված է ներքին կանոնակարգերով[18]։
Գործընկերներ
խմբագրել«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործընկերներն են հետևյալ միջազգային և տեղական կազմակերպությունները[19]
- ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորում (անգլ․՝ EU Eastern Partnership Civil Society Forum)[20]
- Ժողովրդավարության ազգային հիմնադրամ (անգլ․՝ National Endowment for Democracy - NED)[21]
- Եվրոպական հանձնաժողով (անգլ․՝ European Commission)
- Ազատության տուն (անգլ․՝ Freedom House)[22]
- Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան (անգլ․՝ Open Society Foundations – Armenia)
- ՕքսԵՋեն հիմնադրամ (անգլ․՝ OxYGen Foundation)[23]
- Հայաստանում ԱՄՆ դեսպանություն (անգլ․՝ U.S. Embassy in Armenia)[24]
- Լրագրողներ առանց սահմանների (անգլ․՝ Reporters Without Borders)
- Բաց տեղեկատվության համագործակցություն (անգլ․՝ Open Information Partnership)[25]
- Միջազգային հանրապետական ինստիտուտ (անգլ․՝ International Republican Institute - IRI)
- Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ (անգլ․՝ European Platform for Democratic Elections - epde)
- «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, որի սահմաններում իրականացնում է ընտրությունների դիտորդություն
Մրցանակներ
խմբագրել«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը 2017 թվականին արժանացել է «Ամալյա Կոստանյանի» անվան մրցանակի։ Նա նաև պարգևատրվել է «Կովկասի հերոսը» մրցանակով կովկասյան երկրներում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների լուսաբանմամբ զբաղվող ռուսալեզու «Կովկասյան հանգույց» խմբագրության կողմից։
Կազմակերպության «Փաստերի ստուգման հարթակը» 2017 թվականին ստացել է Երևանի մամուլի ակումբի մրցանակը՝ կեղծ տեղեկատվության տարածմանը դիմագրավելու նախաձեռնության համար։
Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության շրջանակներում 2017 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորումն» արժանացել է «Արդարության և թափանցիկության խթանում» մրցանակի։
2019 թ․-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումն» արժանացել է ԵԱՀԿ-ում 36 անդամ- երկրների ներկայացուցչությունների կողմից տրվող Ժողովրդավարության պաշտպանի մրցանակին, որը ամեն տարի շնորհվում է ԵԱՀԿ անդամ երկրների տարածքի մեկ կազմակերպության՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և այլ ԵԱՀԿ սկզբունքների ու պարտավորությունների ոգուն համահունչ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության խթանման գործում ունեցած ավանդի համար[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://osce.usmission.gov/2019-democracy-defender-award-seminar-and-presentation/
- ↑ 2,0 2,1 «Մեր կազամակերպությունը | Իրազեկ քաղաքացիների միավորում». 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Իրազեկ քաղաքացիների միավորում». Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Մեր մասին». fip.am. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Նախագծի մասին». Ում դիմել. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Ծրագրի մասին». Watchdog լրագրության խթանումը Հայաստանում. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ Way2up. «Արտաքին քաղաքականության քարտեզ». map.uic.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «ծրագրի մասին». Reforms. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Պատերազմի քրոնիկոն | Իրազեկ քաղաքացիների միավորում». 2021 թ․ փետրվարի 18. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ ««Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» 6-րդ սեմինար-թրեյնինգ | Իրազեկ քաղաքացիների միավորում». 2018 թ․ մարտի 20.
- ↑ https://anti-corruption.gov.am/__vfs/304
- ↑ https://www.gov.am/u_files/file/Voroshum-03_08_21.pdf
- ↑ One, Studio. «Հայտարարություն՝ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփման վերաբերյալ - ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ https://www.moj.am/storage/uploads/20-181.pdf
- ↑ https://www.moj.am/article/3044
- ↑ «Հայտարարություն ընտրական օրենսգրքի և դրա շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ». Transparency.am. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով». Hetq.am. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Մեթոդաբանություն». fip.am. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «մեր գործընկերները | Իրազեկ քաղաքացիների միավորում». 2016 թ․ հունվարի 7. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Membership Database | Eastern Partnership Civil Society Forum» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Armenia 2021». NATIONAL ENDOWMENT FOR DEMOCRACY (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ փետրվարի 10. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Armenia: Country Profile». Freedom House (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Դոնորներ և գործընկերներ». Oxygen. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Previously Funded Assistance Projects 2018-2021». U.S. Embassy in Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «About us». Open Information Partnership (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.