Ժամանակի համառոտ պատմություն
Ժամանակի համառոտ պատմություն (ենթավերնագիր՝ Մեծ պայթյունից մինչև սև խոռոչներ), գիտահանրամատչելի գիրք, որը գրել է հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։ Առաջին անգամ հրատարակել է ամերիկյան Bantam Dell Publishing Group հրատարակչությունը 1988 թվականին[2]։ Գրքում խոսվում է Տիեզերքի առաջացման, տարածության և ժամանակի էության, սև խոռոչների, լարերի տեսության և որոշ մաթեմատիկական խնդիրների մասին, այնուամենայնիվ, գրքի էջերում կարելի է տեսնել միայն մեկ բանաձև՝ E=mc²։ Գիրքն իր հրատարակման օրվանից առ այսօր հանդիսանում է բեսթսելլեր (20 տարիների ընթացքում վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակ)[3], քանի որ գրված է պարզ լեզվով և նախատեսված է հասարակ ընթերցողի համար։ Մինչև 2001 թվականը թարգմանվել է 35 լեզուներով[4]։
Ենթավերնագիր | From the Big Bang to Black Holes[1] |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Հոքինգ[1] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հանրամատչելի գիտություն[1] և էսսե |
Թեմա | տիեզերագիտություն[1] |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հաջորդ | Black Holes and Baby Universes and Other Essays? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Բանտամի Գրքերը[1] |
Հրատարակման տարեթիվ | 1988[1] |
Թարգմանիչ հայերեն | Տիրան Քրմոյան, Աննա Մխիթարյան |
Նկարագրություն
խմբագրելԺամանակի համառոտ պատմությունը նպատակ է հետապնդում հասարակ ըներցողին բացատրել տիեզերագիտության այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մեծ պայթյուն, սև խոռոչներ, լուսային կոն։ Դրա հիմնական նպատակն է տալ երևույթի նկարագիրը, բայց ի տարբերություն գիտական գրքերի՝ այն փորձում է բացատրել որոշ բարդ մաթեմատիկական հարցեր։
1983 թվականին Հոքինգն առաջին անգամ դիմեց Քեմբրիջի համալսարանի մամուլի աստղագիտության գրքերի գծով գլխավոր խմբագիր Սայմոն Միթթոնին՝ ներկայացնելով տիեզերագիտության թեմայով գիրք գրելու իր գաղափարը։ Միթթոնը ձեռագրի վերաբերյալ որոշ կասկածներ ուներ այն կապակցությամբ, որ հավասարումներով հագեցած գիրքը չէր ունենա այնպիսի վաճառք, ինչպիսին Հոքինգն էր ակնկալում։ Որոշակի դժվարություններով, այնուամենայնիվ, նա համոզեց Հոքինգին հանել բոլոր հավասարումները՝ բացի մեկից[5]։ Գրքի շնորհակալությունների հատվածում հեղինակը ևս նշում է, որ քանի որ գրքում առկա յուրաքանչյուր հաջորդ հավասարում կձանձրացնի ընթերցողին, այդ իսկ պատճառով առկա ընդամենը մեկը՝ E=mc²։
Հրատարակություններ
խմբագրել- 1988 թվական, առաջին հրատարակություն՝ Կարլ Սագանի կողմից գրված ներածությամբ, որում աստղագետը պատմում է մի պատմություն. 1974 թվականին Սագանը մեկնել էր Լոնդոն գիտական կոնֆերանսի։ Երբ ընդմիջման ժամանակ շրջում էր սենյակից սենյակ, պատահաբար տեսնում է մեկ այլ, շատ ավելի մեծ հանդիպում. «Ինձ թվաց, թե ես մի հնագույն արարողակարգ եմ դիտում, աշխարհի ամենահին գիտական կազմակերպություններից մեկի՝ Լոնդոնի թագավորական ընկերության նոր կրթաթոշակառուների պարգևատրման արարողությունը։ Շարքի սկզբում հաշմանդամի սայլակին նստած մի երիտասարդ շատ դանդաղ իր անունն էր ստորագրում մի գրքում, որի առաջին էջերին հավերժացել էր Իսահակ Նյուտոնի ստորագրությունը... Սթիվեն Հոքինգը լեգենդ էր արդեն այդ ժամանակ»։ Ներածության մեջ Սագանը հավելում է, որ Հոքինգը մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսորներ Նյուտոնի և Պոլ Դիրակի «արժանի ժառանգորդն է»[6]։
Առաջին հրատարակությունից հետո ներածությունը հեռացվեց գրքից, քանի որ հեղինակային իրավունքով պաշտպանված էր Սագանի կողմից և հրատարակիչը չէր կարող գործածել այն։ Հետագա հրատարակությունների համար Հոքինգը ինքը ներածություն գրեց։
- 1996 թվական. բարելավված, ընդլայնված և պատկերազարդված հրատարակություն, որում առկա էին տարբեր պատկերներ տեքստը ավելի մատչելի դարձնելու համար։
- 1998 թվական. 10-րդ հոբելյանական հրատարակություն, որը նման էր 1996 թվականի հրատարակությանը, սակայն ավելացված էին մի քանի գծապատկերներ։
- 2005 թվական. վերանայված հրատարակություն, որում արտացոլվեցին վերջին տարիներին վերաբերող գիտական հայտնագործությունները։ Փոփոխություններում Հոքինգին օգնեց ֆիզիկոս Լեոնարդ Մլոդինովը։
Ազդեցություն
խմբագրել- 1991 թվականի ամերիկացի ռեժիսոր Էրրոլ Մորրիսը նկարահանեց նույնանուն վավերագրական ֆիլմ։ Չնայած այն հանգամանքին, որ գիրքն ու ֆիլմն ունեն միևնույն անվանումը, վերջինս չի արտացոլում գրքի բովանդակությունը, այլ պատմում է բրիտանացի գիտնականի կյանքի, աշխարհընկալման, գիտական ձեռքբերումների մասին։
- Ժան Միշել Ժարի 1993 թվականի «Ժամանակագրություն» (անգլ.՝ «Chronologie») ալբոմը գրվել է գրքի ազդեցությամբ։
- Գիրքը հիշատակվում է «Դոննի Դարկո» ֆիլմում (2001 թվական). ուսուցիչը գլխավոր հերոսին պատմում է ժամանակի մեջ ճանապարհորդության մասին[7]։
- Գիրքը հայտնվում է «Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը» ֆիլմում։
- Ջոնաթան Սաֆրան Ֆոերի «Չափազանց աղմկոտ և անհավատալիորեն մոտ» (անգլ.՝ Extremely Loud and Incredibly Close) գրքի գլխավոր հերոս Օսկար Շելը կարդում է այս գիրքը։
- Գիրքը կարդում է «Մեծ ոչինչ» (անգլ.՝ Big Nothing) ֆիլմի գլխավոր հերոսը՝ ուղեղը «բեռնավորելու» նպատակով։
- 2014 թվականի արտադրության անգլիական կենսագրական ֆիլմ՝ Ամեն ինչի տեսություն (անգլ.՝ The Theory of Everything)[8]։ Ֆիլմը բեմարկվել է Էնթոնի Մաքքարթենի կողմից Ջեյն Ուայլդ Հոքինգի գրած «Ճանապարհորդություն դեպի անսահմանություն. Իմ կյանքը Սթիվենի հետ» հուշագրության հիման վրա (անգլ.՝ "Travelling to Infinity: My Life with Stephen"), որը պատմում է Ջեյնի հարաբերությունների մասին իր նախկին ամուսնու՝ տեսական ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի հետ, Սթիվենի կողային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության և ֆիզիկայում ունեցած նրա հաջողությունների մասին[9]։ Այս ֆիլմը ևս գրքի բեմարկում չի հանդիսանում։
- Նյու Յորքի Մետրոպոլիտան օպերային թատրոնը Հոքինգի գրքի հիման վրա պատվիրել է օպերայի պրեմիերա 2015-2016 թվականների համար։ Հեղինակը Օսվալդո Գոլիխովն է, լիբրետո՝ Ալբերտո Մանգել, արտադրություն՝ Ռոբեր Լեպաժ[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Gardner M. The Ultimate Turtle // The New York Review of Books / R. B. Silvers, B. Epstein, E. Hardwick, I. Buruma — 1988. — ISSN 0028-7504; 1944-7744
- ↑ A Brief History of Time is based on the scientific paper J. B. Hartle, S. W. Hawking (1983). "Wave function of the Universe".
- ↑ Paris, Natalie (26 April 2007). "Hawking to experience zero gravity". The Daily Telegraph (London).
- ↑ "Hawking's briefer history of time"
- ↑ White, Michael and John Gribbin (1992). Stephen Hawking: a life in science.
- ↑ Hawking, Stephen (1988). A Brief History of Time.
- ↑ Ռեժիսոր,սցենարի հեղինակ Ռիչարդ Քելլին ֆիլմի մասին (Режиссёр сценарист Ричард Келли (Richard Kelly) о фильме)
- ↑ Bullock, Dan (2014 թ․ ապրիլի 10). «Stephen Hawking Biopic 'Theory of Everything' Set for Nov. 7 Launch». Variety. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.(անգլ.)
- ↑ «'The Theory Of Everything' Trailer Is A Heartbreaking Inspiration». Huffington Post. 2014 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.(անգլ.)
- ↑ A new Robert Lepage at the Met ֆրանսերեն