Ռուսախինիլի
Ռուսախինիլի կամ Թոփրախ-կալե, ուրարտական ամրոց, Վանի թագավորության մայրաքաղաք՝ հիմնադրված Ռուսա Ա թագավորի կողմից։ Գտնվում է Վան քաղաքի հյուսիս-արևելքում՝ «Ագռավաքար» կոչվող ծայրամասում։
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց-բերդաքաղաք |
Տեղագրություն | Թուրքիա |
Վարչական միավոր | Իփեքյոլու |
Երկիր | Թուրքիա |
Կառուցված | Մ.թ.ա. VIII դար |
Կառուցող | Ռուսա Ա |
Rusahinili Վիքիպահեստում |
Հիմնադրում
խմբագրելԹոփրախ-կալեն կառուցվել է Ռուսա Ա թագավորի (մ. թ. ա. 735-713) կողմից Տուշպայում` Թիգլաթպալասարի կատարած ավերածություններից հետո։ Նա նախ մեծ չափով ավերված Վանի միջնաբերդից արքունիքը տեղափոխում է Զըմզըմ լեռան շրջանում կառուցված Թոփրախ-կալեի ամրոցը։ Մայրաքաղաքում կառուցում է մի նոր թաղամաս, որը նրա անունով կոչվում է Ռուսախինիլի։
Ամրոց
խմբագրելԱմրոցը 56 աստիճաններով կապված է ստորգետնյա ժայռափոր կառույցին, որը, հավանաբար, եղել է քարանձավ-տաճար։ Ենթադրվում է, որ նրա կենտրոնում գտնվող փոսը եղել է ավազան։ Սենյակը լուսավորվել է վերևից բացված անցքից։
Ջրամատակարարում
խմբագրելՌուսա Ա-ն ստիպված էր լուծել մի շարք դժվարին հիդրոտեխնիկական խնդիրներ՝ քաղաքը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու նպատակով։ Նրա ջանքերով քաղաքից 30 կմ հեռավորության վրա ստեղծվեց մի արհեստական լիճ, որի ամբարտակները միացած էին քաղաքին երկու ջրանցքներով։ Լճում ջրի մակարդակը 900 մետրով բարձր էր Ռուսախինիլի քաղաքի մակարդակից, ինչը և հնարավորություն էր տալիս բնակիչներին ոռոգել քաղաքի շրջակայքի հողատարածությունները և տնկել պտղատու այգիներ։ Քաղցրահամ ջուրը հասնում էր Ռուսախինիլի 2,5-3 խորանարդ մետր/վայրկյան արագությամբ։ Ռուսա Ա-ի կողմից ստեղծված ջրամատակարարման համակարգը գոյատևեց մոտ 2500 տարի. 1891 թվականին այն ավերվեց ուժեղ ջրհեղեղից։ Գիտնականները համարում են, որ Ռուսախինիլիի ջրամատակարարման համակարգը ոչնչով չէր զիջում այսօր գոյություն ունեցող հիդրոտեխնիկական օբյեկտներին։
Պեղումներ
խմբագրել1879 թվականին Թոփրախ-կալեում պեղումներ են կատարել ամերիկացի միսիոներ Ռայնոլդը և Վանում Անգլիայի փոխ-դեսպան Կլեյտոնը, հաջորդ տարի` Ռասսամը։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է այն ժամանակ դեռևս լավ պահպանված տաճարի վրա։ 1898-1899 թվականներին Թոփրախ-կալեն առավել լայն չափերով պեղեց Լեման-Հաուպտի և Բելքի գերմանական արշավախումբը։ 1916 թվականին պեղել են Հովսեփ Օրբելին և Նիկողայոս Մառը, իսկ 1938 թվականին՝ ամերիկյան արշավախումբը։ Պեղումների ժամանակ բացվել են գունավոր քարերով, շախմատաձև շարված տաճարի պատերը, ներսում՝ զոհարան։ Հայտնաբերվել են առյուծների, ցուլերի պատկերներով և սեպագրերով զարդանախշ վահաններ, կահույքի քանդակազարդ մասեր, խճանկարի կտորներ, նախաուրարտական և ուրարտական՝ կարմիր փայլեցված ու նկարազարդ խեցեղեն, պալատականների կազմը ներկայացնող արձանագրություն, աստծո և քրմի մեկական փղոսկրե արձանիկ, ոսկե թաս և մեդալիոն, արծաթե իրեր, զենքեր, կնքադրոշմներ, թագավորների քանդակազարդ կապարճներ, երկրագործական գործիքներ (արորի և գութանի խոփեր, մանգաղներ, եղաններ և այլն), գործվածքի մնացորդ, գահի մասեր կազմող թևավոր ցուլերի բրոնզե արձաններ, մետաքսե գործվածքի մնացորդներ, գինու պահեստի մի մասը՝ հողի մեջ թաղված 20-25 խոշոր կարասներով, կրոնական արարողություններ պատկերող բարձրաքանդակներ։ Ամրոցի մի հատվածում գտնվել են մեծ քանակությամբ ոսկորներ՝ առանց գանգերի, որը և Լեման-Հաուպտին հիմք է տվել ենթադրելու, որ այդտեղ են հավաքել Խալդի աստծուն զոհաբերված մարդկանց դիակները։ Թոփրախ-կալեի կառույցները հիմնականում եղել են հում աղյուսից, հողածածկ։ Թոփրախ-կալեից գտնված նյութերը պահվում են հիմնականում Բրիտանական և Բեռլինի թանգարաններում, մասամբ՝ Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժում։ Առաջին համաշխարհային պատերազմից մինչև այսօր թուրքական կանոնավոր բանակի հենակայանը տեղակայված է եղել Ռուսախինիլի քաղաքի տարածքում։ Այս պատճառով զբոսաշրջիկներին և հնագետներին այսօր էլ չի թույլատրվում մուտք գործել հնավայրի տարածք։
-
Ցուլի վրա կանգնած աստծու արձանիկ, Էրմիտաժ
Գրականություն
խմբագրել- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր չորրորդ, Երևան, 1979
- Հ. Գ. Ժամկոչյան, «Հայ ժողովրդի պատմություն», Երևան, 1975
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 212)։ |