Թշշան կարապ
Թշշան կարապ | |
Թշշան կարապ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Սագանմաններ (Anseriformes) |
Ընտանիք | Բադեր (Anatidae) |
Ցեղ | Կարապներ (Cygnus) |
Տեսակ | Թշշան կարապ (C. olor) |
Միջազգային անվանում | |
Cygnus olor | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Թշշան կարապ (լատ.՝ Cygnus olor), բադերի ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հայաստանում պատահական չվահյուր է։
Արտաքին կառուցվածքԽմբագրել
Մարմնի երկարությունը 145-160 սմ է, թևերի բացվածքը՝ 208-238 սմ, կենդանի զանգվածը՝ 8-13 կգ։ Երկար վիզը ոլոր է՝ վեր պահած դիրքում։ Պոչը երկար է, ծայրը՝ սուր։ Հասունը գրեթե ամբողջությամբ սպիտակ է, կտուցը՝ նարնջագույն ու սև, ոտքերը և ոտնաթաթերը՝ սև։ Արուի կտուցի կոշտուկն ավելի մեծ է։ Երիտասարդի ընդհանուր գունավորումը մոխրագույն է՝ դարչնագույն վրձնախազերով, կտուցը վարդագույն է, հիմքը՝ սև, ճակատի կոշտուկը բացակայում է։ Թշշան կարապը ջրի վրա և թռչելիս նրբագեղ է, ձայնը երբեմն նման է թշշոցի կամ մեղմ խռխռոցի։ Թռչելիս թևերը ծափաձայներ կամ սվսվոցներ են արձակում։ Հարսանեկան պարերի ընթացքում կամ հարձակվելու պահին լողում է՝ թևերը մեջքի վրա կամարաձև պահած։ Բնակվում է զանազան ջրային տարածքներում, երբեմն կեր է փնտրում դաշտերում։
ՍննդառությունԽմբագրել
Սնվում է առավելապես ջրային բույսերով։
ՏարածվածությունԽմբագրել
Տարածման արեալն ընդգրկում է գրեթե ողջ Եվրոպան և Սկանդինավյան երկրները, Ռուսաստանը, Փոքր Ասիան, Անդրկովկասը, Իրանը և Աֆղանստանը, Հնդկաստանի հյուսիսային և Չինաստանի արևելյան շրջանները[1]։
Տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել
Կանոնակարգված հետազոտությունների դեպքում Սևանա լճում, Արարատյան դաշտի արհեստական լճակներում, Արփի լճում, Ախուրյանի, Սպանդարյանի և այլ ջրամբարներում հնարավոր է հաստատել թշշան կարապի պարբերաբար հայտնվելը։ Բնական պայմաններում ամենուր տարածված է ոչ մեծ քանակությամբ։ Թեպետ թաքնված է և զգույշ, հեշտությամբ ընտելանում է անազատ պայմաններին, դառնում ձեռնասուն, բազմանում առանց դժվարությունների։
Տնտեսական նշանակությունԽմբագրել
Նպատակահարմար է տնտեսական շահույթ բերող թռչնաբուծական ֆերմաների ստեղծումը և որպես մսատու, փետրատու (փետուրները կանացի զգեստների արժեքավոր զարդ են) տեսակի բազմացումը։ Կեցվածքով ու վարքով առանձին գեղագիտական արժեք է ներկայացնում առողջարանների, քաղաքների, առանձնատների ջրավազաններում պահելու համար։
ՊահպանությունԽմբագրել
Պատահական չվահյուր, հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Աշնանային և գարնանային չուի շրջաններում հանդիպում է 5-10, իսկ ձմռանը` 50-60 առանձնյակներից բաղկացած խմբերով։ Հայաստանում միշտ եղել է հազվագյուտ։
Վտանգման հիմնական գործոնները ուսումնասիրված չեն (հավանաբար` որսագողությունը)։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |