Էմիլ Գալլե
Էմիլ Գալլե (ֆր.՝ Émile Gallé, մայիսի 4, 1846[1][2][3][…], Նանսի - սեպտեմբերի 23, 1904[1][2][4][…], Նանսի), ֆրանսիացի անվանի նկարիչ, մոդեռն դեկորատիվ կիրառական արվեստի կամ ար-նուվո ոճի ներկայացուցիչ, ապակեգորրծության վարպետ, ճարտարագետ-տեխնոլոգ և գործարար, գեղանկարիչ, ներկարար, վարպետ խեցեգործ, կահույքի նախագծող և ինտերիերի բուսաբան և այգեպան, պոետ-խորհրդապաշտ, և արվեստի տեսաբան։ 1901 թվականին հիմնադրել և նախագահել է արվեստի պատմության մեջ հայտնի Նանսի դպրոցը[6]։
Էմիլ Գալլե ֆր.՝ Émile Gallé | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1846[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանսի |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1904[1][2][4][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Նանսի |
Գերեզման | Cimetière de Préville |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Անրի Պուանկարե ավագ դպրոց |
Մասնագիտություն | glass artist, cabinetmaker, խեցեգործ, դիզայներ և glassblower |
Ամուսին | Henriette Gallé?[5] |
Ծնողներ | հայր՝ Շարլ Գալլե, մայր՝ Ֆաննի Ռեյնեմեր |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Մարդու իրավունքների լիգա և Ստանիսլավի ակադեմիա |
Émile Gallé Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷմիլ Գալլեն ծնվել է Ֆրանսիայի հյուսիսարևելյան Լոթարինգիա նահանգի Մյորտ և Մյոզել մարզի վարչական կենտրոն (պրեֆեկտուրա) Նանսիում, բողոքական ընտանիքում։ Նրա հայրը՝ Շառլ Գալլեն, կատարելագործել է էմալի ստացման բաղադրատոմսը։ Ամուսնանալով Ֆաննի Ռայնեմերի հետ, ով սերում էր կավե և հախճապակե սպասքի վաճառքով զբաղվող ընտանիքից, հիմնել է կերամիկայի և ապակու սեփական արտադրությունը։
1858 թվականի հոկտեմբերին Էմիլ Գալլեն ընդունվել է Անրի Պուանկարեի դպրոց (lycée Henri-Poincaré), որտեղ ստացել է բակալավրի աստիճան։ 1865 թվականին մեկնել է Վայմար (Թյուրինգիա), ուսումնասիրելու փիլիսոփայություն, բուսաբանություն, հանքագիտություն և գերմաներեն։ Այնուհետև կրթություն է ստացել Մեյզենթալեի (Լոթարինգիայի) ապակու գործարանում և Սեն Կլեմանի հախճապակու արտադրությունում (Մյորթ և Մոզել դեպարտամենտ, Լոթարինգիա)։ 1867 թվականին միացել է ընտանեկան ապակու գործարանի ղեկավարմանը և նույն թվականին հորը ներկայացրել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում[7]։
1874 թվականին ղեկավարել է ընտանեկան արտադրանքը։ 1875 թվականին Էմիլ Գալլեն ամուսնացել է Հենրիետա Գրիմի հետ։ Ընտանեկան ապրանքանիշի արտադրանքը ցուցադրվել է Փարիզում՝ 1878 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում։ Էմիլ Գալլեն ձգտում էր ոչ միայն տեսականորեն ուսումնասիրել, այլ գործնականում տիրապետել ապակի փչելու, էմալապատման, ատաղձագործական և մի շարք տեխնոլոգիական հմտությունների։ Այս ամենին նա հավելել է բնական գիտությունների, մասնավորապես բուսաբանության հանդեպ ունեցած հետաքրքրությունը, ինչի շնորհիվ կարողացել է մանրամասն պատկերել ծաղիկներ և բույսեր։ Նանսիում աշակերտել է գիտնական-բնապաշտ բժիշկ Դոմինիկ-Ալեքսանդր Գոդրոնին։
1870 թվականին Էմիլ Գալլեն վերադարձել է Սեն Կլեման, որտեղ, Վիկտոր Պրուվեի հետ սկսել է արտադրել «գյուղական ոճի» կերամիկական սպասք։ Նույն թվականին կամավոր զինվորագրվել է ֆրանս-պրուսական պատերազմին (1870—1871)։ 1871 թվականին եղել է Լոենդոնում, ինչը հնարավորություն է ընձեռել նրան սովորել անգլերեն։ Աշխատել է Հարավ-կենսինգտոնյան թանգարանում (1899 թվականից՝ Վիկտորիայի և Ալբերտի թանգարան) և Քյուի Թագավորական բուսաբանական այգիներում։
1878 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում նրա մասնակցությունը նշանավորվեց չորս ոսկյա մեդալներով։ 1883 թվականին Գալլեն Նանսիում բացել է կահույքի արտադրություն։ 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է Գրան պրի մրցանակի և ստացել է Պատվո լեգեոնի շքանշանի կավալերի աստիճան։ Այդ ժամանակ նրա գործարանում աշխատում էին մոտավորապես 300 նկարիչներ և վարպետներ։
1900 թվականի մայիսին ընդունվել է Նանսիի Ստանիսլավի ակադեմիա (Stanislas-Akademie, Société royale des sciences et belles-lettres de Nancy)։ Այնտեղ նա ողջույնի խոսքով ելույթ է ունեցել դեկորատիվ արվեստում սիմվոլիզմի նշանակության մասին[8]։ Գալլեն մասնակցել է Դրեզդենի 1901 թվականի ցուցահանդեսին։
1901 թվականին Վիկտոր Պրուվեի, Լուի Մաժորելի, Անտոնեն Դոմի և Էժեն Վալենի հետ Նանսիում հիմնել է «Արդյունաբերական արվեստի տեղական միավորումը» (Alliance provinciale des Industries d’Arts), որը հետագայում հայտնի դարձավ որպես Նանսի դպրոց։ 1901 թվականին որպես ամենահայտնի լոթարինգացու, Էմիլ Գալլեին ընտրել են «Նանսի դպրոցի» նախագահ (L’Ecole de Nancy)։ Փոխնախագահ է դարձել Անտոնեն Դոմը։
1902 թվականին Գալլեն Թուրինում մասնակցել է «Ժամանակակից դեկորատիվ արվեստի ցուցահանդեսին»։ Փառքի և մեծարանքի արժանացած՝ նա Փարիզում դարձել է Կիրառական արվեստի ազգային միության (Société nationale des beaux-arts; SNBA) անդամ և մի շարք գիտական խմբակցությունների անդամ։ Perrier-Jouët շամպայնի գործարանի տնօրեն Անրի Գալիսի խնդրանքով Գալլեն ստեղծել է հատուկ շիշ՝ զարդարված ճերմակ հողմածաղիկներով, որոնք հիշեցնում են Շարդոնե խաղողի սորտը (գինու այս տեսակին և հողմածաղիկներին միավորում է բացառիկ պարզությունը)։
1904 թվականի սեպտեմբերի 23-ի Էմիլ Գալլեն մահացել է հիվանդությունից, որի նշաններն ի հայտ էինն եկել դեռևս 1900 թվականին՝ Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։ Եթե այն ժամանակվա բժիշկները հանրահայտ նկարչի մահվան պատճառը համարում էին գերհոգնածությունը, նևրասթենիան, թոքային հիվանդությունը, չարորակ անեմիան կամ լեյկեմիան, ապա ժամանակակից կենսագիրները ենթադրում են աչյան վարակ՝ պայմնավորված ծանր մետաղների ազդեցությամբ (կապար, ֆտոր, մկնդեղ, կադմիում, մանգան, ուրան), որոնք կիրառվել են ապակու արտադրության ժամանակ։ Նկարիչը թաղված է ՆանսիիՊրևիլ գերեզմանատանը։
Գալլեի հասարակական գործունեության մասին քիչ բան է հայտնի։ Նա եղել է երդվյալ հումանիստ և մասնակցել է աշխատավոր դասի համար երեկոյան դպրոցների բացման նախաձեռնությանը (l’Université populaire de Nancy)։ Գալլեն եղել է Նանսիում Մարդու իրավունքների ֆրանսիական լիգայի մասնաճյուղի գանձապետ (англ.), և 1898 թվականին, վտանգելով կարիերան, առաջիններից մեկն էր, ով ակտիվ մասնակցում էր Ալֆրեդ Դրեյֆուսի պաշտպանությանը («Սևամորթների սկահակը» (Vase Hommes noirs), պատրաստված Վիկտոր Պրուվեի հետ համատեղ և ցուցադրված 1900 թվականի Համաշխարհային ցուցահդեսում, ուներ հետևյալ գրությունը․ «Սևամորթներ, դուք որտեղի՞ց եք / Մենք դուրս ենք եկել գետնի տակից», - կշտամբանք էր՝ ուղղված Ալֆրեդ Դրեյֆուսին քննադատողներին)։ Գալլեն բացահայտ պաշտպանել է նաև ռումինացի հրեաներին և հանդես է եկել իռլանդացի կաթոլիկների պաշտպանությամբ[9]։
Արվեստ
խմբագրել1878 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Էմիլ Գալլեն ուշադրության է արժանացել տարատեսակ տեխնիկական ինովացիաները գեղարվեստական կերպարային մտածողությամբ դեկորատիվ արտադրանքում միավորելու կարողությամբ, այդ թվում՝ նրանց հաղորդելով սիմվոլիկ նշանակություն[10]։
Գալլեն հաջողությամբ յուրացնում էր իր տեխնիկական և բնագիտական հմտությունները գեղարվեստի մեջ, որը բնութագրում էր մոդեռնի շրջանի գլխավոր նշանաբանը․ «Հետ դեպի բնություն»։ Էմիլ Գալլեն կարողացել է ստեղծել ապակյա իրերի ստեղծման յուրահատուկ «ծաղկային ոճ», որը հետագայում անվանվել է «Գալլեի ոճ» կամ «Գալլեի ապակի»[11]։
Օ․ Ուայլդն ասել է․ «Գալլեի ծաղկամանում չի կարելի ծաղիկներ դնել, այդ ծաղկամանում դրանք միշտ թառամած տեսք կունենան»[12]։ Գալլեն օգտագործել է «լուսնապակի» (կապարի օքսիդի հավելմամբ), ավազաշիթային մշակում և «ծաղկանախշի» վերին շերտի մասնակի հղկում։ Նա օգտագործել է նաև իր ստեղծած «լուսնի լույս» (ֆր.՝ clair-de-lune) էմալի թափանցիկ նախշազարդման տեխնիկան։
Էմիլ Գալլեն գրել է բանաստեղծություններ և շփվել է ֆրանսիացի բանաստեղծների հետ։ 1900 թվականին նա գրել է «Գրառումներ արվեստի մասին 1884-1889» (Écrits pour l’art 1884—1889) գիրքը, որը հրատարակվել է նրա մահից հետո՝ 1908 թվականին։ Նանսի դպրոցի մուտքի մոտ նա գրել է․ «Մեր արմատները անտառների խորքում են, առվակների ափին, ճահճուտներում»[13]։ Այլ կերպ ասած՝ «Մեր արմատներն անտառում են, ճանճերի և աղբյուրների մոտ»[14]։
Նկարչի մահից հետո Նանսի գործարանում շարունակել են ստեղծել իրեր «Գալլեի ոճով»։ Գալլեի նկարներով աշխատել են Վիկտոր Պրուվեն, ով ղեկավարում էր ֆաբրիկայում և Դ․ Քրիստիանը։ Գալլեի աշխատանքներից շատերը պահպանվում են Նանսի դպրոցի թանգարանում։ Մոդեռնի շրջանում Գալլեի ծաղկամաններըը հռչակվել են տարբեր երկրներում։ XIX—XX դարերում Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրների և Ռուսաստանի բնակարաններում Գալլեի ծաղկամանները ինտերիերի կարևոր մաս են կազմել։ Գալլեի աշխատանքների համբավն այնքան մեծ է եղել Ռուսաստանում, որ Գուս Խրուստալնի գործարանում և Սանկտ Պետերբուրգի Ապակու կայսերական գործարանում արտադրել են «Գալլեի ծաղկամաններ» և դրոշմել կեղծ «Gallé» դրոշմակնիքով[15]։
Գալլեի ապակի
խմբագրելԳալլեի կահույք
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Emile Gallé (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Charles Martin Emile Galle (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Dictionnaire biographique des protestants français de 1787 à nos jours : D-G — 2020. — Vol. 2. — ISBN 2-8462-1288-0
- ↑ The Grove Encyclopedia of Decorative Arts: Oxford University Press, USA. — In 2 Vol. — 2006. — Vol. 1. — Р. 406
- ↑ François Le Tacon et Pierre Valck. Emile Gallé L’amour de la fleur: Les écrits horticoles du maître de l’Art nouveau. — Nancy: Editions Place Stanislas, 2008. — 324 p. — ISBN 978-2-35578-013-4
- ↑ Le Décor symbolique, Imprimerie Berger-Levrault et Cie. 1900 (Académie de Stanislas, séance publique du 17 mai 1900, discours de réception)
- ↑ Emile Gallé : maître de l'art nouveau, François Le Tacon; prologue by Henri Claude. — 2004. — ISBN 2-7165-0620-5.
- ↑ Секреты многослойного стекла Արխիվացված 2020-10-21 Wayback Machine // Наука и жизнь. — 2017. — № 7. — С. 69 — 71
- ↑ Власов В. Г. Стили в искусстве. В 3-х т. — СПб.: Кольна. Т. 2. — Словарь имен, 1996. — С. 226—228
- ↑ Власов В. Г. «Галле» стекло // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. III, 2005. — С. 15—17
- ↑ Девиз, вдохновлявший Галле, принадлежит Якобу Молешотту (1822—1893): «Именно через растения мы чувствуем землю: они наши корни» (Henriette Gallé, É. Gallé. Écrits pour l’art, Marseille, 1998, p. 133).
- ↑ François Le Tacon, «Émile Gallé, le fondateur de l'École de Nancy, et le monde forestier», Revue forestière française, vol. 51, no 6, 1999, p. 699—725
- ↑ Власов В. Г. Основы теории и истории декоративно-прикладного искусства. Учебно-методическое пособие. — СПб.: Изд-во С-Петерб. ун-та, 2012. C.148
Արտաքին հղումներ
խմբագրել- «Светильники Эмиль Галле в России»
- Стекло Эмиля Галле: «Ваза с васильками»Արխիվացված 2013-01-27 Wayback Machine на портале Стиль ЭпохиԱրխիվացված 2012-08-25 Wayback Machine
- Декоративное стекло в стиле Галле
- Мебель в стиле Модерн, Нансийская школаԱրխիվացված 2009-04-20 Wayback Machine
- Эмиль Галле. Художественное стекло(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Գալլե» հոդվածին։ |