Էլեն Ռաֆայելի Շակիրովա (ռուս.՝ Эле́н Рафаэ́ловна Шаки́рова, օրիորդական ազգանունը՝ Բունիաթյանց, հունիսի 2, 1970(1970-06-02), Մարի, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ խորհրդային և ռուսասատանցի բասկետբոլիստուհի, մարզիչ։ Կենտրոնական։ 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերի հաղթող։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1992)[1]։

Էլեն Շակիրովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝բասկետբոլիստ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 2, 1970(1970-06-02) (53 տարեկան)
Ծննդավայր՝Մարի, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ

Ավարտել է Մոսկվայի մարզի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը (1993)[1]։

Կենսագրություն խմբագրել

Էլեն Բունիաթյանցը ծնվել է Թուրքմենական ԽՍՀ Մարի քաղաքում։ 1985 թվականին տեղափոխվել է Հայաստան, որտեղ ավարտել է Երևանի թիվ 20 դպրոցը[2]։ Բասկետբոլիստուհու մայրը ռուս է, հայրը՝ հայ[1]։

15 տարեկանից Բունիաթյանցը սկսել է խաղալ Հայաստանի բասկետբոլային «Հատիս» (Աբովյան) թիմում։ Կենտրոնական Էլենը թիմի առաջատար խաղացողն էր։ Այդ տարիներին հայկական բասկետբոլը վերելք էր ապրում, բայց ԽՍՀՄ փլուզման հետ «Հատիս» թիմը դադարեց գոյություն ունենալուց[1]։

Խաղացել է «Հատիսում» (Աբովյան, Հայաստան, 1985-1987)[1][3], ԲԿՄԱ-ում (Մոսկվա) (1987-1992, 1994-1997), «Դինամոյում» (Մոսկվա) (1998-2000, 2004/05), «Գամբրինուսում» (Չեխիա) (2004), «Բալթյան աստղ» ԲԱ-ում (Սանկտ Պետերբուրգ) (2003/04), «Վոլոգդա-Չևակատայում» (Վոլոգդա) (2005/06), «Նադեժդայում» (Օրենբուրգ) (2006-2008), «Էներգիայում» (Իվանովո) (2008/09)[1]։

Մարզական կարիերայի ընթացքում Էլենը մասնակցել է երեք օլիմպիական խաղերի։ 1992 թվականին Բարսելոնայում կայացած ամառային օլիմպիական խաղերում Միացյալ թիմի (ԱՊՀ) կանանց ազգային հավաքականը մեծ հաջողության հասավ՝ կիսաեզրափակչում հաղթելով ԱՄՆ-ի (79:73) և եզրափակչում՝ Չինաստանի (76:66) ազգային հավաքականներին։ Էլեն Բունիաթյանցը մասնակցել է այդ մրցաշարի հինգ հանդիպման, իսկ եզրափակիչ խաղում թիմին բերել է 15 միավոր[1]։

1997 թվականին ֆրանսիական «Օրշի» ակումբի կազմում նվաճել է Ֆրանսիայի գավաթը և դարձել Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր։

Խաղացել է նաև Բրազիլիայի (1992-1994), Ավստրիայի, Լեհաստանի ակումբներում, կանանց NBA-ի «Հյուսթոն Քոմեթս» և «Շառլոտ Սթինգ» թիմերում[4]։

2003 թվականին Էլեն Շակիրովային վստահվել է Համահայկական երրորդ խաղերի ջահը վառելու պատիվը[5]։

Անձնական կյանք խմբագրել

Ապագա ամուսնու՝ տափօղակով հոկեյի հայտնի մրցավար Շամիլ Շակիրովի հետ Էլեն Բունիաթյանցը ծանոթացել է Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ-ի և Մոսկվայի «Դինոմոյի» խաղի ժամանակ։ Նա հոկեյի սիրահար չէր և խաղին գնացել էր իր մեկնաբան ընկերուհու հրավերով, որը Շամիլի հետ աշխատում էր մրցավարների կազմում։ Խաղից հետո նա և Էլենը հանդիպեցին, և շուտով այս ծանոթությունը վերաճեց սիրո։ Հարսանիքից հետո Էլենը վերցրեց ամուսնու ազգանունը և սկսեց հանդես գալ որպես Էլեն Շակիրովա[1]։

1998 թվականի սկզբին լույս աշխարհ եկավ նրանց դուստր Ալինան, որը գնաց մոր հետքերով և դարձավ տաղանդավոր բասկետբոլիստուհի։ Երբ Ալինան երեք տարեկան էր, Էլենն ու Շամիլ Շակիրովը ամուսնալուծվեցին[1]։

Նվաճումներ խմբագրել

  • Օլիմպիական չեմպիոն ԱՊՀ միավորված թիմի կազմում (1992 թվական)
  • 1996 թվականի (5-րդ տեղ) և 2000 թվականի (6-րդ տեղ, հանդես է եկել Շակիրովա ազգանվամբ) օլիմպիական խաղերի մասնակից
  • 1998 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
  • Եվրոպայի չեմպիոն (1991 թվական)
  • 1995, 1999 թվականների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  • ԽՍՀՄ չեմպիոն 1989 թվական
  • Ռուսաստանի եռակի չեմպիոն
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2005 թվական)
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (2004 թվական)
  • Լիլիան Ռոնկետտիի գավաթակիր (1989 թվական)
  • ՖԻԲԱ-Եվրոպայի գավաթակիր (2004 թվական)[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Элен (Шакирова) Бунатьянц
  2. Իսպիրյան Միքայել, Առաքելյան Վահրամ (2003). Մարզական հանրագիտարան. Երևան: Սոս և Վոգա. էջեր 55–56. ISBN 99930-8734-3.
  3. ШАКИРОВА (БУНАТЬЯНЦ) Элен Рафаеловна
  4. Время новостей: № 113, 28 июня 2002
  5. В Ереване открылись Третьи Панармянские игры

Գրականություն խմբագրել

  • 100 лет российского баскетбола: история, события, люди: справочник / Автор-составитель В. Б. Квасков. — М.: Советский спорт. — 274 с.: илл. ISBN 5-9718-0175-9

Արտաքին հղումներ խմբագրել