Երաժշտական մրցույթներ, երաժիշտների (անհատ կատարողների, համույթների, կոմպոզիտորների, նաև գործիք պատրաստող վարպետների) մրցույթ, որը, որպես կանոն, անցկացվում է նախօրոք հայտարարված ծրագրի համաձայն։

Եվրատեսիլ երգի մրցույթի բացման արարողությունը (2013)

Մրցույթը կարող է ընդգրկել որոշակի թվով ունկնդրում-մրցաշրջան։ Ելույթները գնահատում է մասնագիտական ժյուրին։ Լավագույն մասնակիցներին շնորհվում են մրցանակներ, դափնեկրի կոչում։

Գեղարվեստական մրցույթները հայտնի են եղել դեռևս Հին Հունաստանում։ Հին Հռոմում այդ ավանդույթը շարունակվել է, հաղթողները կոչվել են դափնեկիրներ, որովհետև պարգևատրվել են դափնեպսակով։ Միջին դարերում լայն տարածում են գտել տրուբադուրների, տրուվերների, մայստերզինգերների և միննեզինգերների երաժշտական մրցույթներ։

Վերածննդի դարաշրջանից կիրառվել են երաժշտական մրցույթներ․ իմպրովիզացիայի արվեստում (երգեհոն, կլավեսին, ավելի ուշ՝ դաշնամուր, ջութակXVIII—XIX դարերում մրցույթների մասնակցել են խոշորագույն երաժիշտներ Յո․ Ս․ Բախը, Գ․ Ֆ․ Հենդելը, Ա․ Սկարլատտին, Վ․ Ա․ Մոցարտը, Մ․ Կլեմենտին, Զ․ Վիոտտին, Յո․ Յոախիմը և ուրիշներ։

Մերձավոր Արևելքի երկրներում, նաև Հայաստանում տարածված են եղել աշուղների մրցույթները։ Ժամանակակից իմաստով մրցույթները վերականգնվել են XIX դարում։ 1803-ից Փարիզի Գեղեցիկ արվեստների ակադեմիան սահմանել է ամենամյա, այսպես կոչված, հռոմ. մրցանակ՝ լավագույն ստեղծագործության համար։ Այդ մրցանակի դափնեկիրներից են Հ․ Բեռլիոզը, Ժ․ Բիզեն, Կ․ Դեբյուսին։

Ներկայումս լայն տարածում են գտել 2 տեսակի երաժշտական մրցույթներ՝ ազգային, որոնց մասնակցում են մեկ երկրի երաժիշտներ և միջազգային, որտեղ մրցում են տարբեր երկրների երաժիշտներ։ Առաջին ազգային երաժշտական մրցույթը կայացել է 1803-ին Ֆրանսիայում։ 1856-ին ռուս կիթառահար Ն․ Պ․ Մակարովի նախաձեռնությամբ անց է կացվել առաջին միջազգային երաժշտական մրցույթը, դրան մասնակցել են 31 երկրների կոմպոզիտորներ՝ ներկայացնելով կիթառի համար գրված ստեղծագործություններ։ 1890-ին Պետերբուրգում Ա․ Գ․ Ռուբինշտեյնի նախաձեռնությամբ կայացել է պատմության մեջ առաջին կանոնավոր միջազգային երաժշտական մրցույթը (այնուհետև անցկացվել է 5 տարին մեկ անգամ մինչև 1910-ը)։

Միջազգային խոշորագույն երաժշտական մրցույթներ են՝ Ֆ․ Շոպենի անվան՝ դաշնակահարների (1927-ից, Վարշավա), Մ․ Լոնգի և Ժ․ Տիբոյի անվան՝ դաշնակահարների և ջութակահարների (1943-ից, Փարիզ), բելգիական Ելիզավետա թագուհու անվան՝ ջութակահարների, դաշնակահարների, կոմպոզիտորների (1951-ից, Բրյուսել), Ն․ Պագանինիի անվան՝ ջութակահարների (1954-ից, Ջենովա), Պ․ Չայկովսկու անվան՝ դաշնակահարների, ջութակահարների, թավջութակահարների, վոկալիստների (1958-ից, Մոսկվա), Ռ․ Շումանի անվան՝ դաշնակահարների և վոկալիստների (1956-ին և 1960-ին՝ Բեռլին, 1963-ից՝ Ցվիկաու), Հ․ Կարայանի անվան՝ դիրիժորների և երիտասարդական նվագախմբերի (1969-ից, Արևմտյան Բեռլին) և այլն։

Երաժշտական մրցույթներին բազմիցս մասնակցել են հայ երաժիշտները։ Միջազգային և համամիութենական երաժշտական մրցույթների դափնեկիրներ են՝ Կոմիտասի անվան կվարտետը (Ա․ Գաբրիելյան, Ն․ Բալաբանյան, Մ. Տերյան, Ս․ Ասլամազյան), Ա․ Մելիք-Փաշաևը (դիրիժորություն), Մ․ Աբրահամյանը, Տ․ Ալիխանովը, Ս․ Ալումյանը, Ռ․ Այվազյանը, Ա․ Թաթուլյանը, Ե․ Թաթուլյանը, Յու․ Հայրապետյանը, Վ․ Մերժանովը, է․ Միանսարովը, Մ․ Նավասարդյանը, Ա․ Ներսիսյանը, Վ․ Պապյանը, Հ․ Փափազյանը, Կ․ Օհանյանը (դաշնամուր), Ռ․ Ահարոնյանը, Ա․ Գաբրիելյանը (Տեր-Գաբրիելյան), Է․ Թադևոսյանը, Հ․ Հարությունյանը, Ա․ Մկրտչյանը, (ջութակ), Մ․ Աբրահամյանը, Ա․ Այվազյանը, Կ․ Գեորգիանը, Դ․ Գրիգորյանը, Վ․ Մարաշյանը, Վ․ Սարկիսովը (թավջութակ), Գ․ Գրիգորյանը, Ս․ Գույումշյանը, Ա․ Դավթյանը, Ռուզաննա և Ռուբեն Լիսիցյանները, Ա․ Ժամագործյանը, Ա․ Հարությունյանը, Է․ Չախոյանը, Է․ Սարկիսյանը (վոկալ), Ռ․ Բաղդասարյանը, Զ․ Վարդանյանը (կլառնետ), Ա․ Աբաշյանը, Ա․ Գալուստյանը (ֆագոտ) և ուրիշներ։

Երաժշտական մրցույթները մտնում են նաև երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոների ծրագրերում։ Դափնեկիրներ են՝ Մ․ Աբովյանը, Ա․ Աթաբեկյանը, Լ․ Ալոյանը, Ս․ Ամեդյանը, Ա․ Այդինյանը, Ի․ Ավետիսյանը, Ա․ Բոգդանյանը, Զ․ Գասպարյանը, Ս․ Գևորգյանը, Զ. Դոլուխանովան, Յու․ Եդիգարյանը, Ա․ Կարապետյանը, Գ․ Սահակյանը, Հ․ Սմբատյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 71