Մայստերզինգեր (գերմ. Meistersinger, բառացի՝ վարպետ երգիչ), միջնադարյան գերմանական երգային պոեզիայի, այսպես կոչված, մայստերզանգի ներկայացուցիչը։ Մայստերզանգի գոյացումը կապված էր քաղաքների վերելքի և բյուրգերականության աճի հետ։ Մայստերազինգերները, արհեստավորական համքարությունների նման, միավորված էին գրական-երգչական ընկերություններում (դպրոցներում)։ Առաջին դպրոցը հիմնադրել է մայսենցի Հ. Ֆրաուենլոբը (մոտ 1250-131814-րդ դարում մայստերազինգերի արվեստը լայնորեն տարածված էր Հարավային Գերմանիայում (մասնավորապես՝ Նյուրնբերգում, ուր մայստերազինգերների թիվը հասնում էր 250-ի), ապա՝ Ավստրիայում և Բոհեմիայում։ Մայստերազինգերները ստեղծագործում էին որոշակի կանոններով (այսպես կոչված՝ տաբուլատուրա)։ Նրանց երկացանկը ընդգրկում էր բիբլիական կամ կրոնա-դիդակտիկ թեմաներ։ Երկտուն (կրկներգով) կառուցվածքի ամեն մի նոր երգի համար վարպետ համարվող երգիչը հորինում էր նոր եղանակ, որն այնուհետև ճանաչվում էր նրա անունով կամ բնութագրվում նաև արհեստով (արծաթագործի, ջուլհակի և այլն եղանակներ)։ Նշանավոր մայստերազինգերներից էին Հանս Սաքսը, Հ. Ֆոգելը։

Հանս Սաքս

«Նյուրնբերգի մայստերզինգերները» օպերայում (1868) Ռիխարդ Վագները փառաբանել է նրանց արվեստը, միաժամանակ ծաղրել նրանց քաղքենիական պեդանտիզմը։ 16-րդ դարում Եվրոպայում, քաղաքային մշակույթի նոր զարգացման հետ, մայստերազինգերների ստեղծագործության մեջ ներթափանցեցին աշխարհիկ, քնարական թեմաներ։ 16-րդ դարի վերջից մայստերազինգերների արվեստը անկում ապրեց։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 205