Եվգեն (Գեղամ) Հակոբի Փիլոսյան (1914 կամ նոյեմբերի 13, 1920(1920-11-13), Ախուրյան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - 1991, Երևան), Խորհրդային բանակի կապիտան, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1945), դատապարտված լինելու պատճառով զրկվել է բոլոր կոչումներից և պարգևներից[1]։

Եվգեն Փիլոսյան
Ծնվել էնոյեմբերի 13, 1920(1920-11-13)
ԾննդավայրԱխուրյան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել է1991
Մահվան վայրԵրևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Եվգեն Փիլոսյանը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 13-ին, Ախուրյան գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ)[2], որպես ծննդյան տարեթիվ աղբյուրներում նշվում է նաև 1920 թվականը։ Ավարտել է միջնակարգ դպրոցը և գյուղատնտեսական ուսումնարանը[1]։

Կարմիր բանակ է զորակոչվել 1941 թվականի հուլիսի 2-ին։ 1941 թվականի դեկտեմբերի 25-ից եղել է Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում։ Մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին[1]։

1945 թվականին Փիլոսյանն ունեցել է գվարդիայի ավագ լեյտենանտի կոչում և զբաղեցրել է Ուկրաինական 3-րդ ռազմաճակատի 4-րդ գվարդիական բանակի 20-րդ հրաձգային կորպուսի 80-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 217-րդ գվարդիական հրաձգային գնդի հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը։ Աչքի է ընկել Վիեննայի գրավման ռազմական գործողության ժամանակ[1]։

1945 թվականի ապրիլի 11-ին, գլխավորելով 103 ավտոմատավորներից բաղկացած ջոկատը, Փիլոսյանը ղեկավարել է Վիեննայի կենտրոնում Դանուբի վրայով անցնող Կայսերական կամրջի գրոհը։ Չնայած հակառակորդի թվային գերազանցությանը, կամուրջը հաջողությամբ ականազերծվել է։ Ճակատամարտը տևել է ավելի քան մեկ օր։ Միայն երբ ջոկատի զինամթերքը սպառվել է, հակառակորդին հաջողվել է մեծ կորուստների գնով նրանց հետ մղել կամրջից։ Սակայն արդեն ապրիլի 13-ին կամուրջը հետ են վերցրել 7-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանումները[1]։

1945 թվականի ապրիլի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով գվարդիայի ավագ լեյտենանտ Եվգեն Փիլոսյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի բարձր կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ։ Պատերազմի ավարտից հետո Փիլոսյանը շարունակել է ծառայել խորհրդային բանակում՝ Ավստրիայում տեղակայված զորքերի կենտրոնական խմբում։ 1945 թվականին նրան շնորհվել է կապիտանի կոչում[1]։

1945 թվականի նոյեմբերին Փիլոսյանը մի ավտոմեքենա է գողացել, իսկ 1946 թվականի փետրվար-մարտին՝ ևս երկուսը։ 1946 թվականի մարտի 9-ին ձերբակալվել է, իսկ հուլիսի 18-ին Բուդապեշտի խորհրդային կայազորի զինվորական տրիբունալը Փիլոսյանին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ նրան զրկելով կապիտանի կոչումից։ 1949 թվականի փետրվարի 2-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Փիլոսյանը զրկվել է Խորհրդային Միության հերոսի կոչումից և բոլոր պարգևներից[1]։

Պատիժը կրելուց հետո Փիլոսյանը մի քանի անգամ դատապարտվել է գողության և քաղաքացիների անձնական գույքը վնասելու համար։ 1954 թվականի հունվարի 15-ին Թբիլիսիում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, 1957 թվականի հունվարի 10-ին Կիսլովոդսկում՝ տասը տարվա, 1961 թվականի մայիսի 25-ին Սոչիում՝ հինգ տարվա ազատազրկման, 1967 թվականի մայիսի 20-ին Երևանում՝ մինչև հինգ տարի ազատազրկման։ Վերջին անգամ համաներմամբ ազատ է արձակվել 1970 թվականին[1]։ Ազատվելուց հետո բնակվել է Երևանում, աշխատել գործարանում՝ որպես կարգավորող բանվոր։ 1985 թվականին նա դիմել է Խորհրդային Միության հերոսի կոչումը վերականգնելու համար, սակայն մերժում է ստացել։

Մահացել է 1991 թվականի հունվարին[2]։

Պարգևներ խմբագրել

1949 թվականի փետրվարի 2-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Փիլոսյանը զրկվել է Խորհրդային Միության հերոսի կոչումից և բոլոր պարգևներից[1]։

  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան,
  • Սուվորովի 3-րդ աստիճանի շքանշան,
  • Կարմիր աստղի շքանշան,
  • «Մարտական ծառայության համար» մեդալ,
  • «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ,
  • «Վիեննայի գրավման համար» մեդալ,
  • «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ[1]։

Գրականություն խմբագրել

  • Звягинцев В. Трибунал для героев. М. ОЛМА-ПРЕСС, 2005 г.
  • Конев В. Н. Прокляты и забыты. Отверженные Герои СССР. — М. Яуза, 2010.
  • Конев В. Н., Каргапольцев С. В. Забытые Герои СССР. — Иваново: Издательство «Юнона», 2014. — ШЫИТ 978-5-89729-198-5. — С.195—196.
  • Герой Советского Союза Гегам Пилосьян. // Советский воин, 23 мая 1945 года.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09   Пилосьян Евген Акопович «Երկրի հերոսներ» կայքում
  2. 2,0 2,1 Асрян А. Г. Пилосьян Евген (Гегам) Акопович // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 346. — 360 с.

Արտաքին հղումներ խմբագրել