Եղիշե Դուրյան

հայ բանասեր, խմբագիր, հեղինակ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եղիշե արքեպիսկոպոս Դուրյան (փետրվարի 23, 1860(1860-02-23), Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - ապրիլի 27, 1930(1930-04-27), Երուսաղեմ, Մանդատային Պաղեստին[1]), հայ հոգևորական գործիչ, բանաստեղծ, բանասեր։ Կոստանդնուպոլսի (1909–1910) և Երուսաղեմի (1921–1930) հայոց պատրիարք[2]։

Եղիշե Դուրյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23, 1860(1860-02-23)
ԾննդավայրՍկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էապրիլի 27, 1930(1930-04-27) (70 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ, Մանդատային Պաղեստին[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՍկյուտարի ճեմարան
Մասնագիտությունբանասեր, խմբագիր, գրող և հոգևորական
Զբաղեցրած պաշտոններԵրուսաղեմի հայոց պատրիարք և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք
 Yeghische Tourian Վիքիպահեստում

Պետրոս Դուրյանի կրտսեր եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Աշխարհական անունը եղել է Միհրան։ Կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում։ Ավարտելուց հետո 1876 թվականին պաշտոնավարել է նյուն դպրոցում որպես ուսուցիչ։ 1878 թվականին ընդունել է հոգևորական կոչում, ստացել Եղիշե անունը, բայց նախընտրել է զբաղվել կրթական աշխատանքով։ 1879 թվականին ստացել է վարդապետական գավազան։ Հաջորդ տարվանից ուսուցչական պաշտոնով մեկնել է Պարտիզակ, ապա՝ Արմաշ, Իզմիր.1880-1890 թվականներին որպես քարոզիչ և ուսուցիչ պաշտոնավարել է Պարտիզակում, 1890-1904 թվականներին՝ Արմաշի դպրեվանքի ուսուցիչ-տեսուչ, ապա՝ փոխվանահայր-վերատեսուչ։ 1898 թվականին Մկրտիչ Ա Վանեցին Դուրյանին ձեռնադրել է եպիսկոպոս։ 1904-1908 թվականներին եղել է Զմյուռնիայի հայոց առաջնորդ, 1908 թվականի հուլիսից մինչև 1909 թվականի մայիսը՝ Կոստանդնուպոլսի պատրիարքական տեղապահ, 1911-1921 թվականներին՝ Կոստանդնուպոլսի հայկական դպրոցներում ուսուցիչ, Ազգային կենտրոնական վարչության ու Կրոնական ժողովի ատենապետ։ 1911 թվականի կաթողիկոսական ընտրության ժամանակ մեկ ձայն պակաս է ստացել Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցից։ Դուրյանը բեղմնավոր գործունեություն է ծավալել Արմաշի դպրեվանքում և Երուսաղեմում։ Եղել է Արմաշի դպրեվանքի սյուներից, «Արմաշի հոգին», Մ. արքեպիսկոպոս Օրմանյանի համախոհն ու գործակիցը։ Նրա սաները՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Մ. արքեպիսկոպոս Նարոյանը, Գ. արքեպիսկոպոս Խաչատուրյանը, Ամերիկահայ թեմի առաջնորդ Ղ. արքեպիսկոպոս Դուրյանը, Բուլղարիայի թեմի առաջնորդ Ե. արքեպիսկոպոս Փերտահճյանը, Եվրոպայի նվիրակ Գ. եպիսկոպոս Պալաքյանը, բանաստեղծ, Եդեսիայի առաջնորդ Ա. ծայրագույն վարդապետ Գալենտերյանը, բանասեր, Խարբերդի առաջնորդ Պ. վարդապետ Տեր-Խորենյանը և ուրիշներ, հետագայում մեծ ավանդ են ներդրել հայ եկեղեցական, մշակութային, գրական կյանքում[3]։

Երուսաղեմի հայոց պատրիարք

խմբագրել
 
Երուսաղեմի եկեղեցիների առաջնորդները 1922 թվականին, Եղիշե Դուրյանը` աջից երկրորդը (նստած)

1922 թվականին ընտրվել է Երուսաղեմի պատրիարք, որտեղ էլ ծավալել է գրական, մանկավարժական, հրատարակչական, կրթական գործունեություն։ Նրա պատրիարքության օրոք Երուսաղեմում բացվել են Կյուլպենկյան ու Մելքոնյան վարժարանները, որտեղ, ինչպես և ժառանգավորաց վարժարանում, դասավանդել է երկար տարիներ։ Նրա պաշտոնավարության տարիներին կարգի է բերվել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը, 1927 թվականից վերահրատարակել է այդ միաբանության «Սիոն» պարբերականը։ Նորոգել է տվել 1927 թվականի երկրաշարժից տուժած՝ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի, Ազգային նախակրթարանի և մանկապարտեզի շենքերը, Բեթղեհեմի, Ռամլեի, Հոպպեի վանքերը։ Նրա առաջարկությամբ և օժանդակությամբ կառուցվել է Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարանը (1929), որը հետագայում կոչվել է Դուրյան մատենադարան։ Այդ անունով էլ հրատարակվել են գրքեր և մատենաշարեր։ «Դուրյան մատենադարան» շարքի առաջին համարներում լույս են տեսել Դուրյանի գործերը։

Ստեղծագործություններ

խմբագրել

Դուրյան թողել է գիտական և գրակական հարուստ ժառանգություն։ Հրատարակել է մի շարք դասագրքեր, ինչպես «Ընթացք ի գրոց բարբառ» (Ա տարի, Կ. Պոլիս, 1880, Բ տարի, 1883), «Ընտիր ասացվածք օտարազգի նշանավոր անձանց» (1882), «Պատմություն հայ մատենագրության» (Կ. Պոլիս, 1885), «Բառագիտութիւն կամ Ութ մասունք բանի հայերէն քերականութեան» երկասիրությունը (1886), որը բազմիցս վերահրատարակվել է, «Դասական մատենագրութիւն»-ը (1935), կրոնական բնույթի երկերից՝ «Դրուագներ մանուկ Յիսուսի կեանքէն» (1926), «Հայոց հին կրօնը կամ հայկական դիցաբանութիւնը» (1933), «Կրօններու պատմութիւն» (1935), «Բարոյագիտութիւն» (1936) և այլն։ Դուրյան գրել է նաև բանաստեղծություններ։ Այդ տարիներին և հետագայում գրած նրա չափածո ստեղծագործությունները լույս են տեսել Կ. Պոլսում 1909 թվականին, «Հովվական սրինգ» վերնագրով։ Պատմա-բանասիրական հոդվածներով աշխատակցել է արևմտահայ բազմաթիվ պարբերականների։ Նրա ստեղծագործությունները ետմահու լույս են տեսել Երուսաղեմում «Դուրյան» մատենաշարով, մի քանի հատորներով, որոնցից մեկը վերնագրված է «Սրբազան քնար» և պարունակում է հեղինակի ինքնուրույն և թարգմանական չափածո երկերը։ Նրա կյանքի և գործունեության մասին ընդարձակ հետազոտություն է գրել Թորգոմ Գուշակյանը, տպագրել է նախ՝ «Արև» օրաթերթում, իսկ 1940 թվականին՝ առանձին գրքով Երուսաղեմում[4]։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #1043582096 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «History». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  3. «Դուրյան Եղիշե | armenianreligion.am». www.armenianreligion.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 292-293.
Նախորդող՝

Հարություն Վեհապետյան
Երուսաղեմի Հայոց Պատրիարք
1921–1929
Հաջորդող՝

Թորգոմ Գուշակյան
Նախորդող՝

Մաղաքիա Օրմանյան
Պոլսո Հայոց Պատրիարք
1909–1910
Հաջորդող՝

Հովհաննես Արշարունի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիշե Դուրյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիշե Դուրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 462