Դենիզ Դյուվալ (ֆր.՝ Denise Duval, հոկտեմբերի 23, 1921(1921-10-23)[1][2][3], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[3] - հունվարի 25, 2016(2016-01-25)[2][3], Bex[2][4]), ֆրանսիացի օպերային երգչուհի, սոպրանո։ Եղել է Ֆրանսիս Պուլենկի օպերաների գլխավոր պարտիաների առաջին կատարողը, երեք օպերաներից երկուսը կոմպոզիտորը գրել է հատուկ Դյուվալի համար։

Դենիզ Դյուվալ
ֆր.՝ Denise Duval
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 23, 1921(1921-10-23)[1][2][3]
ԾննդավայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ[3]
Մահացել էհունվարի 25, 2016(2016-01-25)[2][3] (94 տարեկան)
Մահվան վայրBex[2][4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
 Denise Duval Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դենիզ Դյուվալը ծնվել է Փարիզում։ Դենիզի հայրը զինվորական է եղել, և ընտանիքը նախքան Բորդոյում բնակություն հաստատելը մի քանի անգամ փոխել է բնակության վայրը՝ Ֆրանսիական Հնդկաչին, Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկա, Չինաստան։ Ընտանիքը Դենիզի համար երաժշտական կարիերա չէր նախատեսել, նրան օգնել է Բորդոյի կոնսերվատորիայի տնօրենը, որը պատահաբար լսել է նրա երգեցողությունը։ Դյուվալը սովորել է Բորդոյի կոնսերվատորիայում։ 1943 թվականին Բորդոյի օպերայում Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայի Լոլայի դերերգով նշել է նորամուտը, ավելի ուշ այդտեղ խաղացել է Սանտուցային («Գեղջկական ասպետություն»), Միքայելին (Բիզե. «Կարմեն»), Միմիին (Ջակոմո Պուչինի. «Բոհեմ»), Մարգարիտային (Շառլ Գունո. «Ֆաուստ»), Թայիսին (Ժյուլ Մասնե. «Թայիս»), Մելիսանդեին (Կլոդ Դեբյուսի. «Պելեաս և Մելիսանդե»), Չիո-Չիո-Սան (Ջ. Պուչինի. «Մադամ Բատերֆլայ»)[5][6]։

1945 թվականին մեկնել է Փարիզ՝ հույս ունենալով տեղավորվել մայրաքաղաքի օպերային թատրոնում։ Նրա հույսերը չեն արդարացել, միջնորդությամբ նա կարողացել է պայմանագիր կնքել «Ֆոլի Բերժերի» հետ, որտեղ կիսամերկ երգել է օպերայի և կամերային դասական դերերգեր։ Միայն մեկ տարի անց Դյուվալին հրավիրել են Փարիզի ազգային օպերա Սալոմեիի դերի համար (Ժ. Մասնե. «Հերոդիադա»), ապա՝ Օպերա կոմիկ (Չիո-Չիո-Սան)։ Երգչուհին այդ թատրոնների թատերախմբի անդամ է եղել մինչև բեմական կարիերայի ավարտը՝ 1965 թվականը, տարիներ շարունակ հանդես է եկել Մոնտե Կառլոյի թատրոնի բեմում, հայտնվել է նաև այլ օպերային բեմերում[5][6]։

Դյուվալի օպերային կարիերայի սկիզբը նշանավորվել է Թերեզայի (Ֆ. Պուլենկ. «Թերեզիայի կրծքերը», 1947 թվական), Թայիս (1950 թվական), Նինետի (Սերգեյ Պրոկոֆև. «Սեր երեք նարինջների հանդեպ», 1952 թվական), Կոնսեպսիոն (Մորիս Ռավել. «Իսպանական ժամ»), Մյուզետայի («Բոհեմա», 1953 թվական) դերերով։ Լա Սկալայում երգել է Արթուր Հոնեգերի «Ժաննա դ'Արկը խարույկի վրա», Ժան Ֆիլիպ Ռամոյի «Նրբակիրթ Հնդկաստան»-ում։ Երկու անգամ հյուրախաղեր է ունեցել ԱՄՆ-ում[6]։ Դենիզ Դյուվալը մոդելային արտաքին է ունեցել, Քրիստիան Դիորը լուսանկարել է նրան ռոմանտիկ կերպարով, նրանց սիրային կապի մասին եղել են բամբասանքներ[5]։

Երգչուհու կարիերայում առանցքային է դարձել Պուլենկի «Մարդկային ձայն» մոնոօպերայի կատարումը, որի համաշխարհային առաջնախաղը եղել է 1959 թվականի փետրվարի 6-ին Օպերա կոմիկում, այնուհետև Լա Սկալայում (1959 թվական), Էդինբուրգում, Գլայդբորնսկում և Էքս ան Պրովանս փառատոներում (1960 թվական)։ Այնուհետև հաջորդել են Ն. Նաբոկովի «Ռասպուտինի մահը» օպերայի համաշխարհային պրեմիերան (Քյոլն, 1960 թվական), Տոսկա (Պուչինի. «Տոսկա») և Ջուլիետան (Օֆենբախ. «Հոֆմանի հեքիաթները») Կոլոնի թատրոնում։ 1962-1963 թվականներին Դյուվալը Գլայդբորնում երգել է Մելիսանդեի դերերգը[6]։

Նշանակալի է եղել նաև որպես համերգային կատարող։ Դյուվալի համերգային երգացանկը ներառել է առավելապես նրա ժամանակակիցների երաժշտությունը, այդ թվում՝ Ա. Ռուսել, Ժ. Թայֆեր, Դարիուս Միյոյի, Ժ. Իբերի, Ֆ. Շմիտի, Ա. Բյուսերի։ Պուլենկն ինքն է դաշնամուրով նվագակցել երգչուհուն, երբ նա երգել է նրա ստեղծագործությունները[7]։

1965 թվականին երգչուհու առողջական վիճակը վատացել է։ Կորտիզոնի երկարատև բուժումից հետո ձայնն այլևս չի վերականգնվել[8]։ Երգչուհին լքել է բեմը և զբաղվել դասավանդմամբ (École Française de Musique) և օպերային ռեժիսուրայով[5][6]։

Դյուվալ և Պուլենկ խմբագրել

Դյուվալի և Պուլենկի ծանոթությունը տեղի է ունեցել 1947 թվականին, Պուլենկն արդեն երկրորդ տարին էր՝ ապարդյուն փնտրում էր կատարողին Թերեզայի դերի համար «Թերեզայի կրծքերը» օպերայի պրեմիերայի համար, և բեմադրիչ Մաքս դե Ռիյոն նրան խորհուրդ էր տվել լսել «Ֆոլի-Բերժեր»-ի երիտասարդ երգչուհուն։ Դյուվալը նոր է ընդունված եղել Օպերա կոմիկի թատերախումբ և փորձում էր «Մադամ Բատերֆլայը»։ Լսելով երգչուհուն՝ Պուլենկը հայտարարել է, որ նրա ձայնը կատարյալ է իր օպերայի համար։ Պրեմիերան տեղի է ունեցել 1947 թվականի հունիսի 3-ին, իսկ Դյուվալը դարձել է կոմպոզիտորի ընկերն ու «մուսան» և նրա վոկալ ստեղծագործությունների բոլոր պրեմիերաների անփոխարինելի մասնակիցը[5][6]։ Պուլենկը նրան անվանել է «իմ Դյուվալ», իսկ նրան և նրա որդուն՝ Ռիշարին նվիրել է «La Courte Paille» վոկալային շարքը[9]։

Պուլենկի հաջորդ օպերան՝ «Կարմելիտաների երկխոսությունը» գրվել է 1957 թվականին Լա Սկալայի պատվերով, համաշխարհային պրեմիերայի ժամանակ կատարողը եղել է Վիրջինիա Ձեանին, չնայած վոկալային դերերգը կոմպոզիտորը գրել է՝ նկատի ունենալով Դյուվալի վոկալ հնարավորությունները։ Դյուվալին բաժին է ընկել 1957 թվականի հունիսի 21-ին Փարիզում կայացած ֆրանսիական տարբերակում Բլանշ դե լա Ֆորսի դերի առաջին կատարումը[6]։

«Մարդկային ձայն»-ը օպերան անվանում են Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործության բարձրակետ և Դենիզ Դյուվալի վոկալ կարիերայի գագաթնակետը։ Պուլենկը նկատի է ունեցել երգչուհու դրամատիկ ձիրքը՝ լքված կնոջ կերպարը մարմնավորելու նրա ունակությունը։ Ըստ քննադատ Բ. Գավոտի. «Դատարկ սենյակում միայնակ, ինչպես մի գազան փակ վանդակում, որը տառապում է մղձավանջներից, խոշորացած աչքերով, մոտենում է անխուսափելի, պաթետիկ և հիասքանչ պարզ, Դենիզ Դյուվալը գտել իր ողջ կյանքի դերը»[8]։ Պուլենկը ծանր բաժանում էր ապրում անձնական կյանքում, դրանից քիչ առաջ նույն իրավիճակում էր Դյուվալը[9]։ Նրանք երկար քննարկել են հերոսուհու կերպարը, երգչուհու մասնակցությունը շատ կարևոր էր. «Եթե ես չհանդիպեի նրան, եթե նա չմտներ իմ կյանք, «Մարդկային ձայնը» երբեք չէր գրվի»,- ասել է Պուլենկը[8]։

1963 թվականին Պուլենկի մահից հետո երգչուհին այդպես էլ չի կարողացել լիովին ապաքինվել և լքել է բեմը 1965 թվականին Բուենոս Այրեսում «Մարդկային ձայնի» ներկայացումների շարքից հետո[8]։ Դենիզ Դյուվալը համարում է Պուլենկի օպերաների կանանց դերերգերի լավագույն կատարողը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Fichier des personnes décédées
  4. 4,0 4,1 4,2 ծննդական — P. 26.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «French Soprano Denise Duval, 94, Muse to Poulenc, Has Died» (անգլերեն). Opera News. 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Цодоков Е. (2010 թ․ դեկտեմբերի 20). «Дениз Дюваль». Belcanto.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  7. «The soprano Denise Duval has died at 94» (անգլերեն). Gramophone. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Элькин С. (2016 թ․ հունվարի 18). «Трагедия, комедия, барочная опера. Чикагский оперный театр в 2016 году». reklamaconnect. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  9. 9,0 9,1 «Denise Duval, soprano - obituary» (անգլերեն). The Telegraph. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  10. М. И. Тероганян, О. Т. Леонтьева. — очерк«История французской оперы. Франсис Пуленк». Мир итальянской оперы. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • Warrack, John and West, Ewan (1992), The Oxford Dictionary of Opera, 782 pages, ISBN 0-19-869164-5

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիզ Դյուվալ» հոդվածին։