Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթար ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Քալանթար (1847, Ներքին Ագուլիս - 1918), հայ մանկավարժ, հոգեբան, գրող[1]։

Դավիթ Քալանթար
Ծնվել է1847
ԾննդավայրՆերքին Ագուլիս
Մահացել է1918
Ազգությունհայ
ԿրթությունՎիեննայի համալսարան և Լայպցիգի համալսարան
Մասնագիտությունհոգեբան, ուսուցիչ և գրող

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Դավիթ Քալանթարը ծնվել է 1847 թվականին Ագուլիսում։ Ավարտել է Վիեննայի և Լայպցիգի համալսարանները՝ ձեռք բերելով հոգեբան-բնախոսի ու մանկավարժի մասնագիտությունները։

1870-80-ական թվականներին Թիֆլիսի Գևորգյան ճեմարանում դասավանդել է հոգեբանություն և այդտեղ մեծ աշխատանքներ է ծավալել գիտական մանկավարժության տարածման գործում։ Այստեղ ուսուցիչների համար հիմնել է մանկավարժական դասընթացներ[1]։

1888-90 թվականներին եղել է Տրապիզոնի Ազգային վարժարանի տեսուչ։ Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Բուրսա քաղաքում իր կնոջ՝ Թագուհի Մանիսալյանի հետ հիմնել է վեցդասյա սեփական դպրոց, որը գործել է մինչև 1910 թվական։ «Բյուզանդիոն» պարբերականում հրատարակել է մի շարք հոդվածներ մանկավարժության, հոգեբանության և այլ հարցերի մասին։ 1915 թվականին դեպքերի ժամանակ ձերբակալվել է իր ընտանիքի հետ։ Եռամսյա բանտարկությունից հետո ազատվում է միայն տիկին Քալանթարը, իսկ ինքը և միակ դուստրը՝ Վարդուհին դատապարտվում են ցմահ բանտարկության։ Երեք տարի Պոլսի բանտում անցկացնելուց հետո օտարազգի քաղաքական գործիչների օժանդակությամբ ազատվում է կալանավայրից 1918 թվականին և նույն տարվա օգոստոսին էլ մահանում է։

Թուրքական ոստիկանության խուզարկումներից փրկված Դավիթ Քալանթարի գրավոր ժառանգության մեջ կան բազմաթիվ գիտամանկավարժական հոդվածներ, մանկական երգարան, մանկավարժական վեպ և այլ գործեր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 343 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։