Դանիական Արևմտյան Հնդկաստանի պայմանագիր

Դանիական Արևմտյան Հնդկաստանի պայմանագիր (անգլ.՝ Treaty of the Danish West Indies) կամ պաշտոնապես Կոնվենցիա Միացյալ Նահանգների և Դանիայի միջև Դանիական Արևմտյան Հնդկաստանի ցեսիայի մասին[1] (անգլ.՝ Convention between the United States and Denmark for cession of the Danish West Indies), ստորագրվել է 1916 թվականի օգոստոսի 4-ին, իսկ 1917 թվականի մարտի 31-ին դանիական գաղութն անցել է ԱՄՆ-ի տիրապետությանը։

Դանիական Արևմտյան Հնդկաստանի պայմանագիր
Կոնվենցիա Միացյալ Նահանգների և Դանիայի միջև Դանիական Արևմտյան Հնդկաստանի ցեսիայի մասին

Պայմանագրի ստորագրումից հետո 25,000,000 ԱՄՆ դոլարի ստացականի փոխանցում
Ստորագրվել է
— վայր
1916 թվականի օգոստոսի 4-ին
Նյու Յորք
Ուժի մեջ է մտել 1916 թվականի մարտի 31-ին
Կողմեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Դանիա Դանիա
Լեզուներ Անգլերեն, դանիերեն
Վիքիդարան պարունակում է տեքստը.
en:Page:United States Statutes at Large Volume 39 Part 2.djvu/513
Դանիական Արևմտյան Հնդկաստանի քարտեզ

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

17-րդ դարից դանիացիներին պատկանում էր Սենտ Թոմասին և Սենտ Ջոնին, իսկ 1733 թվականին նրանք գնել են ֆրանսիացիներից Սանտա Կրուզը։ Գաղութի ծաղկումը տեղի է ունեցել 1750-1850-ական թվականներին։ Առաջին հերթին դրան նպաստել է բարենպաստ կլիման, որը թույլ է տվել մեծ քանակությամբ ռոմ և շաքար արտադրել ստրկատիրական աշխատանքի օգտագործման ժամանակ[2]։ Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածի երկրորդ կեսին շաքարի արտադրությունը դժվար ժամանակներ էր ապրում, ինչը կապված էր շաքարի ճակնդեղի առաջացման և տնտեսական ճգնաժամի հետ, որը բռնկվեց Եվրոպայում 1820-ականներին և մեծապես հարվածեց գաղութում շաքարի արտադրությանը։ Հարկ է նշել, որ 1792 թվականին գաղութում արգելվեց ստրկավաճառությունը, իսկ 1848 թվականին ստրկությունն ընդհանրապես վերացվեց։ Այնուամենայնիվ, դրանից հետո սևամորթ բնակչության կենսապայմանները չեն բարելավվել. սպիտակամորթները դեռ վերահսկում էին հողն ու առևտուրը գաղութում։

Ավստրո-դանիական-պրուսական պատերազմից հետո Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում դանիացիները փորձեցին փոխանակել Հարավային Յուտլանդիան, որը պետք է գնար Պրուսիա, դանիական գաղութների, Իսլանդիայի և Արևմտյան Հնդկական կղզիների հետ, բայց պրուսական կառավարությունը չհետաքրքրվեց կղզիներով[2]։

Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ավարտին ամերիկացիները փորձեցին կղզիներ գնել դանիացիներից. նրանց Կարիբյան ծովում ռազմածովային բազա էր պետք։ 1867 թվականի հոկտեմբերի 24-ին Դանիայի խորհրդարանը վավերացրեց պայմանագիրը, որով Սենթ Թոմաս և Սենթ Ջոն կղզիները 7,500,000 դոլարով անցնում էին ԱՄՆ-ին[3][4]։ Այնուամենայնիվ, ԱՄՆ Սենատն իր կողմից չի վավերացրել պայմանագիրը՝ վախենալով բնական աղետներից, որոնք կարող էին հարվածել կղզիներին, ինչպես նաև նախագահ Էնդրյու Ջոնսոնի հետ բացահայտ թշնամանքի պատճառով[3]։

Կղզիների վաճառքի շուրջ բանակցությունները վերսկսվել են 1899 թվականին։ 1902 թվականի հունվարի 24-ին ամերիկյան կառավարությունը պայմանագիր կնքեց 5,000,000 դոլարով կղզիների առք ու վաճառքի մասին[5][6]։ Դանիայի խորհրդարանի պալատներից մեկը՝ Ֆոլկետինգը, հաստատել է պայմանագիրը, սակայն խորհրդարանի վերին պալատը՝ Լանդսթինգը, օրինագիծը չի հաստատել[7][8]։ Մասնավորապես, Հոյր Պահպանողական կուսակցությունը հրաժարվել է աջակցել կղզիների վաճառքին այն հիմքով, որ տեղական մակարդակում տվյալ հարցի վերաբերյալ հանրաքվե չի անցկացվել, տեղի բնակչությանը ամերիկյան քաղաքացիություն կամ ԱՄՆ շաքարի արտահանման մաքսատուրքերից ազատում չի տրվել[2]։

1915-1916 թվականների բանակցություններ խմբագրել

 
$25 000 000-ի ստացականը

1915 թվականին Կոպենհագեն ժամանեց նախկին ստրուկների առաջնորդներից մեկը՝ Դեյվիդ Համիլթոն Ջեքսոնը, որը փորձեց կառավարության ուշադրությունը հրավիրել կղզիների տնտեսական խնդիրների վրա։ Նրա այցից հետո Ֆոլկետինգի պատգամավորների մեծ մասը եկել է այն եզրակացության, որ կղզիներում դանիական տիրապետությունը մոտենում է ավարտին[9]։ Գերմանական կայսրության կողմից անսահմանափակ ստորջրյա պատերազմի սանձազերծումը հանգեցրեց նրա և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը։ Վերջինիս կառավարությունը նաև վախենում էր, որ գերմանացիները կարող են ներխուժել Դանիա և առանց խնդիրների գրավել Կարիբյան ծովի դանիական գաղութները[10] և վերահսկողություն հաստատել Պանամայի ջրանցքի վրա։ Ամերիկացիների համար, ովքեր խստորեն հետևում էին Մոնրոյի վարդապետությանը, դա անընդունելի էր։

Դանիայի կառավարությունը համոզված էր, որ կղզիները պետք է վաճառվեն ամերիկացիներին՝ ինչպես գաղութի, այնպես էլ մետրոպոլիայի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար, և մինչև ԱՄՆ-ի մուտքը պատերազմ, որպեսզի Դանիայի չեզոքությունը չխախտվի[5][9]։ 1915 թվականի մայիսին Դանիայի արտաքին գործերի նախարար Էրիկ Սկավենիուսը ամերիկյան կառավարությանը հայտնեց, որ ինքը դեմ չէ կղզիները հանձնելուն, բայց դանիացիները պատրաստ չեն գնման պաշտոնական առաջարկ անել[10]։

1915 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգը վերսկսեց բանակցությունները կղզիներ գնելու վերաբերյալ[10][11]։ Բանակցությունները, որոնք շարունակվեցին մինչև 1916 թվականի օգոստոսը, գաղտնի էին՝ Դանիական չեզոքությունը պահպանելու համար[10][12]։ Չնայած մամուլում տեղեկություններ են հայտնվել բանակցությունների մասին, թե դանիացիները, թե ամերիկացիները հերքել են այդ փաստը[13]։ 1916 թվականին ամերիկացիներն ու դանիացիները համաձայնության եկան կղզիների 25 000 000 դոլար գնի շուրջ։ Հարկ է նաև նշել, որ ամերիկացիները ճանաչել են դանիացիների իրավունքները Գրենլանդիա կղզու ողջ տարածքում[10][14]։ Պատմաբան Բո Լինդեգարդը կասկածի տակ է դնում նման հայտարարության օգտակարությունը, քանի որ ամերիկացիները երբեք չեն վիճարկել Դանիայի ինքնիշխանությունը[10]։

Վավերացում խմբագրել

 
Դանիայի դրոշի բարձրացումը Սանտա Կրուս կղզում, 1917 թվականի մարտի 31

Պայմանագիրը ստորագրվել է 1916 թվականի օգոստոսի 4-ին Նյու Յորքի Բիլթմոր հյուրանոցում[1]։ Դանիական կողմը ներկայացնում էր նախարար Կոնստանտին Բրյունը, իսկ ԱՄՆ-ի կողմը՝ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգը։ Սեպտեմբերի 7-ին Սենատը հաստատեց պայմանագիրը։ Դեկտեմբերի 14-ին Դանիայում անցկացվել է ազգային հանրաքվե՝ կղզիները Միացյալ Նահանգներին վաճառելու հարցով։ Դրա արդյունքներով կղզիների բնակչության 60 %-ը քվեարկել է ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելու օգտին, և դեկտեմբերի 22-ին Դանիայի խորհրդարանը վավերացրել է գաղութի վաճառքի մասին պայմանագիրը[15]։ 1917 թվականի հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը վավերացրեց պայմանագիրը։ Հաջորդ օրը կողմերը պաշտոնապես փոխանակեցին վավերագրերը։ Հունվարի 25-ին ԱՄՆ նախագահը հռչակագիր է հրապարակել պայմանագրի վերաբերյալ, իսկ մարտի 9-ին նման հռչակագիր է հրապարակել Դանիայի թագավոր Քրիստիան X-ը։

1917 թվականի մարտի 31-ին Դանիայի նախարար Կոնստանտին Բրյունը պետքարտուղար Ռոբերտ Լանսինգից ստացավ 25,000,000 ԱՄՆ դոլարի հրաման։ Ապրիլի 1-ին տեղի ունեցավ կղզիները Ամերիկայի Միացյալ Նահանգներին հանձնելու պաշտոնական ընթացակարգը՝ ԱՄՆ-ի Առաջին աշխարհամարտին միանալուց 5 օր առաջ։ Ավարտվեց Կարիբյան ավազանի Դանիական գաղութների 250-ամյա պատմությունը[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Convention between the United States and Denmark for cession of the Danish West Indies
  2. 2,0 2,1 2,2 Schepelern, Otto (2007 թ․ ապրիլի 3). «Dansk Vestindien: En bittersød historie» (Danish). Министерство иностранных дел Дании. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Transfer Day». Royal Danish Consulate - United States Virgin Islands. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 8-ին.
  4. Frantz Wendt, 1951, էջ 292
  5. 5,0 5,1 Erik Scavenius, 1959, էջ 92
  6. Engelstoft, Povl[da] Under grundloven af 1866 // Den danske rigsdag 1849-1949 bind II - Rigsdagens historie 1866-1949 / Bomholt, Jul.[da]; Fabricius, Knud[da]; Hjelholt, Holger; Mackeprang, M.; Møller, Andr. (eds.). — Copenhagen: J. H. Schultz Forlag, 1951. — С. 197—199.
  7. «Los Angeles Herald 23 October 1902 — California Digital Newspaper Collection». Cdnc.ucr.edu. 1902 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. «San Francisco Call 23 October 1902 — California Digital Newspaper Collection». Cdnc.ucr.edu. 1902 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. 9,0 9,1 Bo Lidegaard, 2006, էջ 80
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Bo Lidegaard, 2006, էջ 81
  11. Erik Scavenius, 1959, էջ 93
  12. Frantz Wendt, 1951, էջ 293
  13. Frantz Wendt, 1951, էջ 293–294
  14. Tansill, Charles Callan The Purchase of the Danish West Indies. — Gloucester, Massachusetts: Peter Smith, 1966. — С. 537. — (The Albert Shaw lectures on diplomatic history).
  15. 15,0 15,1 Frantz Wendt, 1951, էջ 314