Տերմինաբանական կոմիտե, լեզվի տերմինաշինությունը նորմավորող, տերմինների կազմության, փոխառության ընթացքը կանոնավորող գիտական մարմին։ Ազգային լեզուների տերմինաշինության աշխատանքները գլխավորելու նպատակով ԽՍՀՄ միութենական և ինքնավար հանրապետություններում 1920-1930-ական թվականներին ստեղծվել են տերմինաբանական հանձնաժողովներ (խորհուրդներ, կոմիտեներ)։ Իր գործունեությամբ դրանցից ամենաբեղմնավորն ու ճանաչվածը 1933 թվականից առ այսօր ԽՍՀՄ ԳԱ կազմում գործող տեխնիկական տերմինաբանական կոմիտեն է։ ՀԽՍՀ-ում 1920-ական թվականներին տերմինաշինությունը ղեկավարվել է լուսժողկոմատի կողմից։ 1933 թվականին վերջինիս կազմում ստեղծվել է տերմինաբանական խորհուրդ, հետագայում՝ տերմինաբանական կոմիտե, որը 1955 թվականից գործում է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր։ Տերմինաբանական կոմիտեի կազմը (նախագահ, տեղակալ, գիտքարտուղար, անդամներ) հաստատում է Մինիստրների խորհուրդը։ Նրա կազմի մեջ մտնում են լեզվաբաններ, տարբեր գիտություններ ներկայացնող գիտնականներ։ Ըստ իր կանոնադրական իրավունքի՝ «Տերմինաբանական կոմիտեն հայոց լեզվի գործող նորմաներին և սկզբունքներին համապատասխան քննարկում և լուծում է հայերենի ուղղագրության, կետադրության, նոր տերմինների և ուղղախոսության վիճելի հարցերը, ընտրություն է կատարում մասնագիտական և տերմինաբանական բառարաններում և առհասարակ լեզվում գոյություն ունեցող զուգահեռ տերմինների ու բառերի միջև, քննարկում այդ առթիվ եղած անհատական ու կոլեկտիվ առաջարկները և ընդունում համապատասխան որոշում․․․» ։ Տերմինաբանական կոմիտեն կոորդինացնում, ամփոփում է մինիստրությունների և ԳԱ-ի կազմում գործող ճյուղային (մաթեմատիկական, լեզվաբանական, բժշկական, գիտատեխնիկական և այլն) տերմինաբանական հանձնաժողովների աշխատանքը։ Տերմինաբանական կոմիտեի որոշումները պարտադիր են ԽՍՀՄ-ում հայերեն գրող և հրատարակող բոլոր անձանց, հիմնարկների ու հաստատությունների համար։ Տերմինաբանական կոմիտեի որոշումները պարբերաբար հրատարակվում են մամուլում և առանձին ուղեցույց տեղեկատուներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 676