Գնդակահարված վերածնունդ

Գնդակահարված վերածնունդ (ուկրաիներեն՝ Розстріляне відродження), 1920-ական թվականներին և 1930-ական թվականների սկզբին ստալինյան հալածանքներին ենթարկված Ուկրաինական ԽՍՀ մտավոր վերնախավի` գրականության, գեղանկարչության, երաժշտության, թատրոնի ներկայացուցիչների ստեղծագործություններ[1][2]։

Միկոլա Խվիլևոյ (1893-1933)
Միկոլա Կուլիշ (1892-1937)
Լես Կուրբաս (1887-1937)
Վալերիան Պիդմոգիլնի (1901-1937)
Միխայիլ Սեմենկո (1892-1937)
Միկոլա Զերով (1890-1937)

Բռնաճնշումների ծավալներ խմբագրել

«Գնդակահարված Վերածննդի» ժամանակաշրջանի սկիզբը համընկնում է ուկրաինական ԽՍՀ-ի ուկրաինացման քաղաքականության ավարտի հետ, երբ 1933-1936 թվականներին «բուրժուական ազգայնականության» և «Համաուկրաինական կենտրոնական դաշինք» հակախորհրդային ընդհատակյա կազմակերպությանը ենթադրյալ մասնակցության մեղադրանքով ձերբակալվել են՝ Միխայիլ Յալովոյը, Գրիգորի Կոսինկան, Վալերյան Պիդմոգիլնին, Միկոլա Կուլիշը, Եվգենի Պլուժնիկը, Վալերիան Պոլիշչուկը, Պավել Ֆիլիպովիչը, Նիկոլայ Զերովը, Միխայիլ Դրի-Խմարան, Դմիտրի Ֆալկովսկի, Օլես Դոսվիտնին, Օլեքսա Վլիզկոն, Գեո Շկուրուպին, Միխայիլ Բոյչուկ և այլք։ 1937-1938 թվականներին՝ Մեծ տեռորի շրաջանակներում ռեպրեսիան հասել է իր ամենաբարձր աստիճանին։

Հալածանքների գագաթնակետը եղել է 1937 թվականի նոյեմբերի 3-ին կատարված գնդակահարությունը, երբ Լենինգրադի մարզի ՆԿՎԴ-ի հատուկ եռյակի որոշմամբ Սանդարմոխում, ի թիվս այլոց, գնդակահարվել են 1116 հոգի, որոնք այդ ժամանակ իրենց պատիժն էին կրում Սոլովեցկի ուղղիչ-աշխատանքային ճամբարում («СЛОН»)՝ «Դատապարտված են Ուկրաինայում ազգայնական, լրտեսական և ահաբեկչական գործունեության համար՝ մնալով իրենց նախկին դիրքերում՝ շարունակելով լրտեսական ահաբեկչական գործողությունները՝ ստեղծելով «Համաուկրաինական կենտրոնական բլոկ» կազմակերպությունը» մեղադրանքով[3]։

Այդ օրը գնդակահարվել են Կրուշելնիցկիների ընտանիքը՝ Անտոն Կրուշելնիցկին, նրա դուստր Վլադիմիրը և չորս որդիները՝ Իվանը, Բոգդանը, Տարասը և Օստապը։ Գնդակահարվել են Լես Կուրբասը, Նիկոլայ Կուլիշը, Մատվեյ Յավրովսկին, Վլադիմիր Չեխովկին, Վալերյան Պոդմոգիլնին, Պավել Ֆիլիպովիչը, Վալերիան Պոլիշչուկը, Կլիմ Պոլիշչուկը, Գրիգորի Էպիկը, Միրոսլավ Իրչանը, Մարկ Վորոնոյը, Միխայիլ Կոզորիսը, Օլեկսա Սլիսարենկոն, Միխայիլ Յալովոյը և ուկրաինական մտավորականության այլ` ընդհանուր թվով ավելի քան հարյուր ներկայացուցիչներ[3]։ Ավելի վաղ ձերբակալվել էին և մահապատժի էին ենթարկվել մոնումենտալիստ-արվեստագետ եղբայրներ Տիմոֆեյ և Միխայիլ Բոյչուկները և նրանց շրջանակի արվեստագետները, որոնց շարժումը արվեստագիտության մեջ հայտնի է որպես բոյչուկիզմ։

Տերմինի առաջացում խմբագրել

«Գնդակահարված վերածնունդ» տերմինն առաջին անգամ առաջարկել է գրականագետ Յուրի Լավրիենկոն[1], կիրառելով այն որպես 1920-1930-ական թվականների ուկրաինական պոեզիայի և արձակի լավագույն ստեղծագործությունների անվանում։ Այս անվան տակ 1959 թվականին Փարիզում Լավրիենկոյի խմբագրությամբ (մասնակցությամբ Յուրի Շևելև-Շերեխի և այլ) լույս է տեսել 1917-1933 թվականների ուկրաինական պոեզիայի և արձակի անթոլոգիան։ Դրանում ընդգրկված են եղել ոչ միայն բառիս բուն իմաստով գնդակահարվածների ստեղծագործությունները, այլև պետական պաշտոնական գրականության կողմն անցածների և ԽՍՀՄ քաղաքականությունը գովերգողների (Պավլո Տիչինա, Միկոլա Բաժան), անազատության մեջ գտնվողների (Բորիս Անտոնենկո Դավիդովիչ, Օստապ Վիշնյա, Մաքսիմ Ռիլսկի) ստեղծագործությունները։ Նրանցից շատերը ողջ էին անթոլոգիայի կազմելու ընթացքում։

Յուրի Լավրիենկոյի կողմից տերմինը կիրառվել է 1944-1945-ական թվականներին, բայց մշտական շրջանառության մեջ մտել 1959 թվականի համանուն անթոլոգիայի հրատարակությունից հետո[2]։

Գրական կազմակերպություններ խմբագրել

Գլխավոր գրական կազմակերպություններն էին «Լանկա» (հետագայում` «Հեղափոխական խոսքի արվեստանոց» - Мастерская революционного слова - «МАРС»), «Գութան» (Плуг), «Նեոդասականներ», «Մոլոդնյակ», Արևմտյան Ուկրաինայի գրողների միություն, ԼՕԿԱՖ (բանակի և նավատորմի գրական միավորում)։ Ամենաազդեցիկը եղել է «Գարտ» կազմակերպությունը, որի հիման վրա հետագայում ստեղծվել է ВАПЛИТЕ ("Вільна Академія Пролетарської Літератури")[4]։

Հենց ВАПЛИТЕ-ն ի դեմս Միկոլա Խվիլևոյի սկսեց 1925-1928-ական թվականների հայտնի գրական բանավեճն ու հաղթեց դրանում, ապացուցելով ուկրաինական ազգային և սպեցիֆիկ գրականության առկայությունը և անհրաժեշտությունը, որը կողմնորոշված է դեպի Եվրոպա, ոչ թե` ԽՍՀՄ։

Արձակ և պոեզիա խմբագրել

Նոր էլիտայի գլխավոր հենարանը եղել է խռովությունը, մտածողության անկախությունը և սեփական իդեալների նկատմամբ անկեղծ հավատը։ Մեծ մասամբ նրանք մտավորականներ էին, ովքեր ունեին իրենց ուրույն մոտեցումը, որը հենվում էր անհատի, այլ ոչ թե մասսաների վրա։ Իրենց «խորհրդամետության» հետևում նրանք թաքցնում էին որոնումները և հարցերը։

Այդ գրողների արձակը կարելի է բաժանել երկու մասի. սյուժետային և ոչսյուժետային։ Ոչսյուժետայիններում հիմնականը արտահայտությունը կամ բառը չէր, այլ ենթատեքստը, «բառի հոտը», ինչպես ասել է Խվիլևոյը։ Ուժեղ զգացմունքային ոճը և երևույթների էության մեջ ներթափանցելը նեոռոմանիզմ է կամ էքսպրեսիոնիզմ է։ Այդ ուղղությամբ աշխատել են Միկոլա Խվիլևոյը, Յուրի Յանովսկին, Անդրեյ Գոլովկոն, Յուլիան Շպոլը, Օլեկսա Վլիզկոն, Լես Կուրբասը, Միկոլա Կուլիշը և շատ ուրիշներ։

Խվիլևոյի «Ես (Ռոմանտիկա)» նովելի հիմնական գաղափարը հեղափոխության նկատմամբ հիասթափությունն է, աղաղակող հակասությունները և այն ժամանակվա մարդու երկատվածությունը։ Գլխավոր հերոսը մարդն է, ով անուն չունի, իսկ դա նշանակում է, առանց անհատականության, առանց հոգու մարդ։ Հանուն հեղափոխության գաղափարի` նա սպանում է իր մորը և մտատանջվում է այն մտքից, թե արդյո ՞ք հեղափոխությունն արժանի էր նման զոհի։ 

Վալերյան Պիդմոգիլնիի «Քաղաքը» վեպում («Місто») առաջին անգամ ուկրաինական գրականության մեջ ի հայտ եկան էքզիստենցիալիզմի փիլիսոփայության տարրեր։ Գլխավոր հերոսը վայելքներ ցանկանալով ֆիզիկականից հասնում է մինչև ամենաբարձր կրոնական կարիքների բավարարման։ Սակայն նույնիսկ նման բարդ թեմաներում գրողը վեպը չի դարձնում «համամարդկային» փիլիսոփայության պարզ շարադրանք, այլ այն ստեղծագործաբար իմաստավորում է ուկրաինական ազգային աշխարհընկալման նկատմամբ։

Պոեզիայում առավել հետաքրքիր են սիմվոլիստեր Ալեքսանդր Օլեսի և Պավլո Տիչինայի որոնումները։ Իր «Արևային կլարնետներ» ժողովածուում Տիչինան արտացոլել է ուկրաինական բնության, հոգու անկախության նկատմամբ սիրո ողջ խորությունը։ 

Խորհրդային գաղափարախոսության  հետ հակամարտությունը բանաստեղծներին դրել է ընտրության առջև. ինքնասպանություն գործել (Խվիլևոյը), բռնաճնշումներ և համակենտրոնացման ճամբարներ (Բ. Անտոնենկո-Դավիդովիչ, Օստապ Վիշնյա), լռել (Ի. Բագրյանի, Վ. Դոմոնտովիչ), արտագաղթել (Վ. Վիննիչենկո, Եվգենի Մալանյուկ) կամ ծրագրային ստեղծագործություններ գրել կուսակցության մեծարման համար (Տիչինա, Բաժան)։ Շատ արվեստի գործիչներ բռնադատվեցին և գնդակահարվեցին։

Երբ 1947 թվականին Իվան Բագրյանին  արտասահմանում հրապարակեց «Ոսկե բումերանգ» բանաստեղծական ժողովածուն, դրա երկրորդ անվանումը եղավ «Կորցրածի, բռնադատվածի և ոչնչացվածի մնացորդները»։ 

Ստեղծագործությունները հանձնվում էին հատուկ պահպանման, արգելվում էին, որպես սոցիալիզմին հակասող գաղափարներ։ Չնայած որոշները շարունակում էին գործել Սամիզդատում (Իվան Բագրյանի), ձեռագիր կրկնօրինակներում, լույս էին տեսնում արտերկրում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Розстріляне відродження» // Літературознавча енциклопедія. — К.: Академія, 2007. — Т. 2. — С. 340.
  2. 2,0 2,1 Рубльов О. С. «Розстріляне відродження» // Енциклопедія історії України. — К.: Наукова думка, 2012. — Т. 9. — С. 266.
  3. 3,0 3,1 «Первый соловецкий этап. «Список Сандармоха»». Бессмертный барак (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  4. «Свободная академия пролетарской литературы» - Պրոլետարական գրականության ազատ ակադեմիա

Գրականություն խմբագրել

  • Архів розстріляного відродження: матеріали архівно-слідчих справ українських письменників 1920—1930-х років / Упор. О. та Л. Ушкалови. — К.: Смолоскип, 2010. — 456 с.
  • Лавріненко Ю. Розстріляне відродження: Антологія 1917—1933. Поезія — проза — драма — есей. Paris, Instytut Literacki, 1959 // К.: Просвіта, 2001. — 794 с.; К.: Смолоскип, 2007. — 976 с. ISBN 978-966-8499-79-1
  • Ленская С. В. Забытая украинская проза 1920-х годов // Уральский филологический вестник. Серия: Русская литература XX—XXI веков: направления и течения. — 2013. — № 2. — С. 118—128.
  • Ленская С. В. Украинская новеллистика «Расстрелянного возрождения»: проблема размывания жанровых границ в малой прозе // Политическая лингвистика. — 2013. — № 1. — С. 164—169.
  • Ленская С. В. Элементы экспрессионистической поэтики в украинской новеллистике 1920-х г. // Вестник ВГУ. Серия: Филология. Журналистика. — 2014. — № 1. — С. 65—69.
  • «Розстріляне відродження» // Літературознавча енциклопедія. — К.: Академія, 2007. — Т. 2. — С. 340.
  • Рубльов О. С. «Розстріляне відродження» // Енциклопедія історії України. — К.: Наукова думка, 2012. — Т. 9. — С. 265—266.
  • Шестопалова Т. Конструкт історії літератури в науково-критичній думці Ю. Лавріненка // Філологічні семінари. — 2010. — №. 13. — С. 127—133.

Տես նաև խմբագրել

Հղումներ խմբագրել