Գլեն Հերբերտ Գուլդ[6][7] (անգլ.՝ Glenn Herbert Gould, սեպտեմբերի 25, 1932(1932-09-25)[8][11][9][…], Տորոնտո, Կանադա[1] - հոկտեմբերի 4, 1982(1982-10-04)[8][9][10][…], Տորոնտո, Կանադա[1]), կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր, որն առավել հայտնի է որպես 20-րդ դարի ամենանշանավոր դասական դաշնակահարներից մեկը[12]։ Առավելապես հայտնի է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտության յուրահատուկ մեկնաբանություններով։ Նրա նվագն առանձնանում էր հրաշալի տեխնիկական վարպետությամբ և Բախի երաժշտության պոլիֆոնիկ տեսքստուրայի ձևակերպման ունակությամբ։ Համարվում է 20-րդ դարի մեծագույն դաշնակահարներից մեկը[13]։

Գլեն Գուլդ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Glenn Gould
Ի ծնե անունանգլ.՝ Glenn Herbert Gold
Ծնվել է1932 սեպտեմբերի 25 Կանադա Տորոնտո, Կանադա
Տորոնտո, Կանադա[1]
Երկիր Կանադա[2][3]
Մահացել է4 հոկտեմբերի 1982(1982-10-04) (տարիքը 50) Կանադա Տորոնտո, Կանադա
Տորոնտո, Կանադա[1]
ԳերեզմանՄաունթ Փլեզանթ գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնասկահար, կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
Գործունեություն1945 - 1982
ԼեյբլCBS Records
ԿրթությունԹագավորական երաժշտական ակադեմիա և Malvern Collegiate Institute?
Պարգևներ
Կայքglenngould.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Glenn Gould Վիքիպահեստում

Դեռահաս տարիքից հետո Գուլդը մերժեց դաշնամուրային ստանդարտ գրականության մեծ մասը՝ ներառյալ Լիստին, Շումանին և Շոպենին։ Չնայած նրա ձայնագրություններում գերակշռում էր Բախը՝ Գուլդի նվագացանկը բազմազան էր և ներառում էր Բեթհովենի, Մոցարտի, Հայդնի, Բրամսի, մինչբառոկյան շրջանի կոմպոզիտորներ Յան Պիտերսզոն Սվելինկի, Օռլանդո Գիբոնսի, Ուիլյամ Բյորդի և 20-րդ դարի այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպիսիք են Պաուլ Հինդեմիթը, Առնոլդ Շյոնբերգը և Ռիխարդ Շտրաուսը։ Գուլդը լայնորեն հայտնի էր իր տարատեսակ էքսցենտրիկություններով՝ իր ոչ ուղղափառ երաժշտական մեկնաբանություններից և ստեղնաշարի հետ վարվելաձևից մինչև կենսաձև և անձնային վարք։ 31 տարեկանում դադարեց համերգներ տալ, որպեսզի կենտրոնանա ստուդիական ձայնագրությունների և այլ նախագծերի վրա։

Գուլդը նաև գրող էր, հաղորդավար, դիրիժոր և կոմպոզիտոր։ Նա երաժշտական ամսագրերի խմբագիրներից էր, որտեղ քննարկում էր երաժշտության տեսությունը և արտահայտում իր երաժշտական փիլիսոփայությունը։ Կոմպոզիտորի նրա կարիերան քիչ է առանձնանում։ Նա քիչ երաժշտություն է գրել, և շատ նախագծեր անավարտ մնացին։ Որպես հաղորդավար՝ Գուլդն արգասաբեր էր։ Նա վարում էր հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, երաժշտական փաստագրական ռադիոֆիլմեր կանադական անապատի կյանքի մասին։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 25-ին Տորոնտո քաղաքում՝ Ռասել Հերբերտ Գոլդի և Ֆլորենս Էմմա Գոլդի[14]՝ շոտլանդական և անգլիական ծագում ունեցող պրեսբիտերականների ընտանիքում[15]։ Մայրական կողմի պապը նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի զարմիկն էր (որը նույնպես շոտլանդական ծագում ուներ)[16][17]։ Մոտ 1939 թվականին ընտանիքի ազգանունը ոչ պաշտոնապես փոխվեց Գուլդի, որպեսզի նախապատերազմական Տորոնտոյում, որտեղ գերիշխում էր հակասեմականությունը, խուսափեն հրեաների հետ շփոթությունից․ Գոլդ ազգանունը հրեական ազգանվան տպավորություն էր թողնում[18]։ Գուլդն ինքը հրեական ծագում չուներ[6], սակայն երբեմն կատակում էր այդ թեմայով․ «Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե արդյոք ես հրեա եմ, ես միշտ պատասխանում եմ, որ ես հրեա էի պատերազմի ժամանակ»[7]։ Գուլդը մեծացել է Տորոնտոյի Սաութվուդ Դրայվ 32 տանը։ Նրա մանկության տունը Տորոնտոյի քաղաքապետարանի կողմից անվանվել է պատմավայր[19]։

Գուլդի հետաքրքրվածությունը երաժշտությամբ և նրա տաղանդը որպես դաշնակահար հայտնի դարձավ վաղ տարիքից։ Երկու ծնողներն էլ երաժշտության հետ կապ ունեին, և հենց մայրը խթանեց փոքրիկ Գուլդի վաղ երաժշտական զարգացումը։ Նախքան նրա ծնվելը մայրը ծրագրում էր, որ որդին հաջողակ երաժիշտ դառնար և այսպիսով, իր հղիության ժամանակ երեխայի համար բացահայտեց երաժշտությունը[20]։ Նորածին ժամանակ նա «քթի տակ երգում էր» լացելու փոխարեն և մատներով կարծես ակորդներ էր նվագում․ երեխայի բժիշկը ենթադրեց, որ նա «կա՛մ բժիշկ է դառնալու, կա՛մ դաշնակահար»[21]։ 3 տարեկան հասակում նկատվեց Գուլդի տաղանդը։ Նա ավելի շուտ սովորեց երաժշտություն կարդալ, քան բառեր[16][22][23]։ Երբ նրան դաշնամուր նվիրեցին, երիտասարդ Գուլդն առանձին նոտաներ էր նվագում և լսում նրանց երկար ձգվող ձայնը[22]։ Գուլդի՝ դաշնամուրի հանդեպ հետաքրքրությունը զուգընթաց էր երաժշտություն գրելու հանդեպ հետաքրքրությանը։ Նա իր գրած երաժշտական կտորներն էր նվագում ընտանիքի, ընկերների համար և երբեմն ավելի մեծ հավաքույթների ժամանակ՝ ներառյալ 1938 թվականը, երբ Էմանունել Պրեսբիտերական եկեղեցում (Գուլդի տնից մի քանի թաղամաս այն կողմ էր գտնվում) նվագեց իր գրած ստեղծագործություններից մեկը[24]։ 6 տարեկան հասակում նրան առաջին անգամ տարան լսելու մի նշանավոր սոլոիստի կենդանի երաժշտական կատարումը։ Սա մեծ տպավորություն թողեց Գուլդի վրա։ Ավելի ուշ նա այսպես է նկարագրել դա․

  Հոֆմանն էր։ Կարծում եմ՝ դա նրա վերջին համերգն էր Տորոնտոյում․ ապշեցուցիչ տպավորություն թողեց։ Միակ բանը, որ իսկապես հիշում եմ, այն է, որ երբ ինձ մեքենայով տուն բերեցին, ես այն հիասքանչ կիսաարթուն վիճակում էի, երբ դու լսում ես զանազան ձայներ, որոնք պտտվում են քո գլխում։ Դրանք բոլորը նվագախմբի ձայներն էին, սակայն ես էի դրանք նվագում և հանկարծ ես Հոֆմանը դարձա։ Ես կախարդված էի[16][25]։  

Մանուկ ժամանակ Գուլդին դաշնամուր նվագել սովորեցրեց մայրը։ 10 տարեկանում նա սկսեց հաճախել Տորոնտոյի Արքայական երաժշտական կոնսերվատորիա (այսպես էր կոչվում մինչև 1947 թվականը, որից հետո Գեորգ VI արքայի կողմից վերանվանվեց Տորոնտոյի երաժշտական կոնսերվատորիա)։ Լեո Սմիթի հետ երաժշտության տեսություն էր սովորում, Ֆրեդերիկ Քաթոն Սիլվեստրի հետ՝ երգեհոն և Ալբերտո Գեռերոյի հետ՝ դաշնամուր[26]։ Այդ տարիներին Սիմկո լճի ափին ընկավ նավակից և վնասեց մեջքը[27]։ Այդ պատճառով հայրը նրա համար հարմարավետ աթոռ պատրաստեց։ Գուլդի մայրը ստիպում էր նրան ուղիղ մեջքով նստել ստեղնաշարի առջև[28]։ Նա այս աթոռն օգտագործեց մինչև կյանքի վերջ և տանում էր այն իր հետ գրեթե ամենուր[16]։ Հայտնի աթոռն այնպես էր պատրաստված, որ Գուլդը շատ ցածր նստեր ստեղնաշարի առջև։ Աթոռը նրան հնարավորություն էր տալիս կախվել ստեղնաշարից, քան դրանք սեղմել վերևից․ սա նրա կոնսերվատորիայի ուսուցչի՝ Ալբերտո Գեռերոյի հիմնական տեխնիկական միտքն էր[29]։

Գուլդը զարգացրեց մի տեխնիկա, որը նրան հնարավորություն էր տալիս շատ արագ տեմպ ընտրել՝ պահպանելով յուրաքանչյուր նոտայի պարզությունը[30]։ Գործիքի առջև չափազանց ցածր դիրքը թույլ էր տալիս ավելի լավ վերահսկել այն։ Գուլդը տեխնիկական մեծ հմտություններ ձեռք բերեց և ձայնագրեց լայնածավալ նվագացանկ՝ ներառյալ վիրտուոզ և ռոմանտիկ աշխատանքներ, օրինակ՝ Մորիս Ռավելի «La valse»-ի սեփական գործիքավորումը և Բեթհովենի 5-րդ և 6-րդ սիմֆոնիաների լիստյան մեկնաբանությունները։ Գուլդը երիտասարդ հասակից Գեռերոյի հետ աշխատում էր «finger-tapping» տեխնիկայի վրա, որը մարզում էր մատերն ավելի անկախ գործել բազուկից[31]։

Գուլդը հանձնեց կոնսերվատորիայի ավարտական քննությունը 12 տարեկանում (ստանալով ամենաբարձ գնահատականը մասնակիցների մեջ)՝ այդ տարիքում դառնալով «պրոֆեսիոնալ դաշնակահար»[32]։ Մեկ տարի անց նա հանձնեց նաև գրավոր տեսական քննությունները և ստացավ Արքայական կոնսերվատորիայի դիպլոմ[32]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #118825038 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Footlights // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2002. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. A Disorder That Stops the Music // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2012. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. https://canadacouncil.ca/-/media/Files/CCA/Funding/Prizes/Laureates/molson/MolsonPrizesCumulativeList.pdf
  5. https://www.pc.gc.ca/apps/dfhd/page_nhs_eng.aspx?id=13171
  6. 6,0 6,1 Bazzana (2003, էջ. 27)
  7. 7,0 7,1 Bazzana (2003, էջ. 24)
  8. 8,0 8,1 8,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. 9,0 9,1 9,2 Encyclopædia Britannica
  10. 10,0 10,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  11. http://www.nndb.com/lists/499/000063310/
  12. Flanagan, Damian. "The three-cornered world of Glenn Gould and Natsume Soseki", The Japan Times, March 2, 2015
  13. Hafner, Katie (2010). A Romance on Three Legs: Glenn Gould's Obsessive Quest for the Perfect Piano. NY: Bloomsbury Publishing. էջ 25. ISBN 978-1596915251. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  14. Bazzana (2003, էջ. 21)
  15. Ostwald (1997, էջ. 35)
  16. 16,0 16,1 16,2 16,3 Tovell, Vincent (1959 թ․ դեկտեմբերի 4). Gould in conversation with his friend Vincent Tovell (excerpt): A 26-year-old Gould talks about his fame (CBC Radio. Radio Show: Project '60). CBC Radio 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.
  17. Bazzana (2003, էջ. 30)
  18. Bazzana (2003, էջեր. 24–26)
  19. Bazzana, Kevin; Beckwith, John; Payzant, Geoffrey (2015 թ․ մարտի 4). Glenn Gould (online ed.). Historica Canada. {{cite encyclopedia}}: |work= ignored (օգնություն); Invalid |name-list-style=yes (օգնություն)
  20. Ostwald (1997, էջ. 39)
  21. Ostwald (1997, էջ. 40)
  22. 22,0 22,1 Friedrich (1990, էջ. 15)
  23. Ostwald (1997, էջեր. 44–45)
  24. Ostwald (1997, էջ. 48)
  25. Payzant (1978, էջ. 2)
  26. Beckwith, John (2014 թ․ սեպտեմբերի 15). «Alberto Guerrero». The Canadian Encyclopedia (online ed.). Historica Canada.
  27. Friedrich (1990, էջ. 27)
  28. Ostwald (1997, էջ. 73)
  29. Ostwald (1997, էջ. 71)
  30. «Glenn Gould». soundbug.com. Misja.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.
  31. Friedrich (1990, էջ. 31)
  32. 32,0 32,1 Bazzana (2003, էջ. 76)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեն Գուլդ» հոդվածին։