Գիհի սրաթեփուկ

բույսերի տեսակ
Գիհի սրաթեփուկ
Գիհի սրաթեփուկ
Գիհի սրաթեփուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Նոճազգիներ (Cupressaceae)
Ենթաընտանիք Նոճայիններ (Cupressoideae)
Ցեղ Գիհի (Juniperus)
Վերնատեսակ 'Sabina'
Տեսակ Գիհի սրաթեփուկ (J. foetidissima)
Միջազգային անվանում
Juniperus foetidissima
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Գիհի սրաթեփուկ (լատին․՝ Juniperus foetidissima), նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար, ասեղնատերև խոշոր ծառ մինչև 15-16 մ բարձրությամբ։ Երկտուն է, անեմոֆիլ, լուսասեր, քսերոֆիտ, միզոթերմ։

Նկարագրություն

խմբագրել

Երկտուն ծառ է՝ մինչև 15-16 մ բարձրությամբ, լայն բրգաձև կամ ձվաձև սաղարթով։ Փշատերևները երկարավուն-շեղանկյունաձև են, սրածայր, ընձյուղի վրա նստած են ոչ կիպ։ Մուգ կանաչ են, շփելիս անախորժ հոտ են արձակում։ Երբեմն դրանք թեքված են դեպի դուրս, սուր, ծակող ծայրերով։ Առէջքային ծաղիկները տեղադրված են ընձյուղների ծայրերին, ուղիղ կանգնած են կամ դեպի ցած խոնարհված, օվալաձև են կամ գնդաձև, համարյա կլոր, ամբողջաեզր թեփուկներով։ Կոները 10-12 մմ տրամագիծ ունեն, գնդաձև են կամ կլոր-ձվաձև, կարմրասևավուն կամ համարյա սև, կապտավուն մոմաշերտով, 4-6 թեփուկներով, որոնք ընձյուղների վրա նստած են միայնակ կամ մի քանիսը միասին, դեպի ցած խոնարհված կամ ուղղահայաց։ Սերմերը 1-2, հազվագյուտ 3-ական են, օվալաձև կամ ձվաձև, բազմակողավոր, բաց շագանակագույն։ Բնի տրամագիծը հասնում է 40-60 սմ-ի։ Երբեմն աճում է որպես թուփ։ Սաղարթը մեծ մասամբ խիտ է, բրգաձև կամ կոնուսաձև։

Տարածվածություն

խմբագրել

Վայրի վիճակում հանդիպում է Կովկասում, Ղրիմում, Թուրքիայում, Սիրիայում, Բալկանյան թերակղզում, Կիպրոս կղզում։ Իր ընդհանուր տարածվածության բնույթով արևելյան միջերկրածովյան տեսակ է։ ՀՀ-ում տարածված է չոր, քարքարոտ լանջերում և ժայռուտներում, ներքին և միջին լեռնային գոտում, մինչև 1600 մ բարձրության վրա, Իջևանում, Ախթալայում, Ջանգեզուրում, Մեղրիում։

Սրաթեփուկ գիհու տարածվածությունը ընդհատված բնույթ ունի։ Ավելի լայն տարածում ունի Արևելյան և Հարավային Անդրկովկասում։

Այս տեսակի ուղղաձիգ տարածման սահմանները բավականին լայն են, քանի որ աճում է ծովի մակերևույթից սկսած (Նովոռոսիյսկի շրջանում) մինչև 1600 մ բացարձակ բարձրությունը։ Հարավային Անդրկովկասում հանդիպում է հարավային լանջերում, էրոզիոն-դենուդացիոն ձևերի ռելիեֆի վրա, թույլ հզորություն ունեցող թեթև հողերում։

Սրաթեփուկ գիհու արեալի տոպոգրաֆիական և էկոլոգիական պայմանների ավելի մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ մյուս գիհիների համեմատությամբ այս տեսակը աչքի է ընկնում ավելի պակաս երաշտադիմացկունությամբ և շոգադիմացկունությամբ։ Համեմատաբար չորային շրջաններում զբաղեցնում է միջին լեռնային գոտին` արևելյան կաղնու ընկերակցությամբ։ Դրա հետ միասին այս տեսակը պակաս լուսասեր է, քան մյուս գիհիները, քանի որ սրա մատղաշը հաջողությամբ է զարգանում մեզոֆիլ անտառային տեսակների սաղարթի տակ։ Դրա շնորհիվ սրաթեփուկ գիհին հաճախ որպես պիոներ է հանդես գալիս լայնասաղարթ ծառերի հատատեղերում, առաջացնելով գիհու երկրորդական նոսրանտառներ։ Այդ պայմաններում սրաթեփուկ գիհու սերմնային վերաճը ավելի հաջող է, քան համեմատաբար չոր շրջաններում։ Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես մյուս գիհիների, այնպես էլ այս տեսակի սերմնային վերաճը անբավարար է։ Պատճառները հետևյալն են. ա) սուբստրատի չորությունը, բ) հողաշերտի բացակա յությունը, գ) անասունների արածեցումը, դ) մեծ քանակությամբ կոներ և ծիլեր են ոչնչացնում վայրի կենդանիները (վարազ, արջ) և զանազան վնասատուներ։

Դրանով պետք է բացատրել այն հանգամանքը, որ այս տեսակը համեմատաբար լավ վերաճ է տալիս մայրական բույսի սաղարթի, թփերի տակ, միկրոռելիեֆի փոսերում որտեղ որոշ հողաշերտ է կուտակվում և խոնավությունը ավելի երկար է պահպանվում։

Ցրտի նկատմամբ բավականին մեծ դիմացկունություն է հանդես բերում, որը երևում է նաև այս տեսակի ուղղահայաց տարածվածությունից։ Երևան քաղաքի պայմաններում, անսովոր ցուրտ ձմռան դեպքում, երբ Նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -25 °C (օրինակ` 1953֊54 թթ. ձմռանը), վերջին տարվա ընձյուղները ցրտահարվեցին։ Հետագայում, ինտենսիվ աճի շնորհիվ, ընձյուղները վերականգնվեցին։

Ինչպես և մյուս գիհիները, սրաթեփուկ գիհին ևս զարգացնում է հորիզոնական արմատներ` վատ արտահայտված առանցքային արմատով։ Դրա հետևանքով բույսը ապահովված չէ խոնավությամբ։

Սրաթեփուկ գիհու աճը բարձրությամբ բավականին ուժեղ է և գերազանցում է մյուս գիհիներին։ Եթե 30 տարեկանում նրա բարձրությունը կազմում է 1,46 մ, ապա 69 տարեկանում հասնում է 5,35 մ։ Ըստ հաստության աճը կազմել է համապատասխանաբար 0,7 և 14,5 սմ։

Գիհուտներում հաճախ է նկատվում գագաթնաչորություն, հատկապես էրոզիայի ենթարկված չոր լանջերում։

«Ծաղկում է» ապրիլ-մայիսին։ Համեմատաբար լավ է պտղաբերում։ Ամենաշատ կոներ են հայտնաբերվել Նովոռոսիյսկի շրջանում աճող 130 տարեկան մի քանի ծառի վրա 9820 հատ։ Կոները հասունանում են բեղմնավորումից հետո երկրորդ տարում։ Ապրում է մինչև 300 տարի։ Մշակության մեջ տարածված չէ։

Էկոլոգիական խումբը՝ VIII: Մշակության հավանական շրջանները՝ 3,3ա, 7֊15, 17-32[1]:

Կիրառություն

խմբագրել

Բնափայտը բարձրարժեք է, ամուր, չի փտում։ Բարձր գեղազարդ ծառատեսակ է, պիտանի է հանրապետության ցածրադիր և միջին լեռնային գոտիներում գտնվող քաղաքների ու բնակավայրերի կանաչապատման մեջ օգտագործելու համար։ Որպես չորադիմացկուն տեսակ հեռանկարային է և նաև չոր քարքարոտ լեռնալանջերին հակաէրոզիոն տանկարկներ ստեղծելու համար։ Ունի բնապահպանական և հողապաշտպան չափազանց մեծ նշանակություն, առանձնապես էրոզացված, մերկացած լեռնալանջերին՝ շնորհիվ հզոր և խորը թափանցող արմատային համակարգի։ Գիհուտներում այս տեսակի կցվածությունը կազմում է 0,3 ֊0,5, երբեմն՝ 0,6 ֊0,7: Փայտանյութը խիստ արժեքավոր է, քանի որ ամուր է, չի փտում։ Փշատերևները մոտ 2% յուղ են պարունակում, որն ունի հականեխիչ նշանակություն և օգտագործվում է վերքերը բուժելիս։ Պարունակում է նաև վիտամին C : Փշատերևները, երիտասարդ ընձյուղները և կոները պարունակում են մինչև 8% դաբաղանյութեր։ Արժանի է մեծ ուշադրության։ Օգտագործում են հանրապետության չորային շրջանների կանաչապատման բնագավառում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. Առաջին հատոր, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 97։

Գրականություն

խմբագրել
  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի սրաթեփուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի սրաթեփուկ» հոդվածին։