Գեզինա Տերբորխ (նիդերլ. Gesina ter Borch, 1631[1][2][3][…] կամ ոչ ուշ քան դեկտեմբերի 13, 1633, Զվոլե, Նիդերլանդներ[4] - ապրիլի 16, 1690(1690-04-16)[4][5][6], Զվոլե, Նիդերլանդներ[4][7]), նիդերլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի նկարչուհի, ում ստեղծագործությունները հիմնականում կազմված են ջրաներկով վերարտադրված ալբոմային ժանրային տեսարաններից։

Գեզինա Տերբորխ
հոլ.՝ Gesina ter Borch
Ծնվել է1631[1][2][3][…] կամ ոչ ուշ քան դեկտեմբերի 13, 1633
ԾննդավայրԶվոլե, Նիդերլանդներ[4]
Վախճանվել էապրիլի 16, 1690(1690-04-16)[4][5][6]
Մահվան վայրԶվոլե, Նիդերլանդներ[4]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Թեմաներգեղանկարչություն
ՀայրGerard ter Borch the Elder?
 Gesina ter Borch Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գեզինա Տերբորխը ծնվել է 1631 թվականին, Դեյվենտերում, առաջին երեխան է հարկահավաք Ժերար Տերբորխ Ավագի երրորդ ամուսնությունից, ով երիտասարդ տարիքից հրապուրված է եղել գեղանկարչությամբ[8]։ Հենց հայրն է դստերը սովորեցրել նկարել։ Նրա խորթ եղբայրը՝ Գերարդ Տերբորխ Կրտսերը, եղել է հայտնի նկարիչ և Գեզինային պատկերել է իր շատ նկարներում։ Նկարչուհին ողջ կյանքն ապրել է Զվոլեում և չի ամուսնացել։ 1660 թվականին Տերբորխը ընկերացել է վաճառական և սիրողական բանաստեղծ Հենրիկ Ժորդիսի հետ և ամենայն հավանականությամբ, սիրահարված է եղել նրան։ Սակայն 1662 թվականից հետո նրանց բարեկամության ոչ մի ապացույց չի գտնվել[9]։ 1690 թվականին նկարչուհին մահացել է, և նրա աշխատանքները երկար ժամանակ անհայտ են մնացել լայն հասարակությանը։

Ստեղծագործական ժառանգություն խմբագրել

 
Երկրորդ անգլո-հոլանդական պատերազմի ժամանակ զոհված կրտսեր եղբոր՝ Մոզեսի հետմահու դիմանկարը

Չնայած նկարելու իր տաղանդին, Գեզինան պրոֆեսիոնալ նկարիչ չի դարձել։ Նրա աշխատանքները հայտնի էին միայն հարազատների և ընկերների նեղ շրջանակին։ Բացի նկարչությունից, նա գրել է նաև բանաստեղծություններ, նվագել երաժշտական գործիքներ և հաջողությունների է հասել գեղագրության բնագավառում[8]։

Գեզինան հայտնի է միայն մեկ կտավով, իր կրտսեր եղբոր՝ Մոզես Տերբորխի հետմահու դիմանկարը, որը նա նկարել է մոտ 1668 թվականին ավագ եղբոր՝ Գերարդ Տերբորխի հետ միասին։ Մոզեսը, ով նաև նկարելու մեծ տաղանդ է դրսևորել, մահացել է 1667 թվականին Երկրորդ անգլո-հոլանդական պատերազմի ժամանակ։ Ըստ ամերիկացի արվեստաբան Էլիսոն Քեթերինգի՝ կտավը ստեղծվել է հետևյալ կերպ․ գլուխը, ձեռքերը, ավազե ժամացույցը և որսորդական շունը պատկերել է Գերհարդը, իսկ Գեզինան նկարել է մնացած բոլոր տարրերը և ստեղծել խորհրդանիշերով հագեցած դիմանկարի կոմպոզիցիա[8]։ 2021 թվականի մարտին «Մոզես Տերբորխի հուշադիմանկարը» կտավը տեղադրվել է Ամստերդամի պետական թանգարանի պատվո պատկերասրահում, և Տերբորխը դարձել է առաջին կանանցից մեկը, ում աշխատանքները ներառվել են այդ հավաքածուում[10]։

Բացի ամենահայտնի կտավից, Գեզինա Տերբորխի աշխատանքները կազմում են ջրաներկի ևս երեք ալբոմ, ինչպես նաև 59 անհատական գծանկարներ[9]։ Նկարչի աշխատանքների մեծ մասը մանրանկարներ են՝ լի մանրուքներով։ 14-15 տարեկանում Գեզինան ստեղծել է իր առաջին՝ Materi-boeck ալբոմը, որը լի է գեղագրական գրառումներով, թանաքով ու ջրաներկով։ 1652-1660 թվականներին ստեղծվել է երկրորդ ալբոմը, որը սովորաբար կոչվում է երգերի ժողովածու կամ բանաստեղծական ալբոմ (Poëzie-album): Այն բաղկացած է 116 թերթից և հանրաճանաչ երգերի պատկերազարդ հավաքածու է անձնական օգտագործման համար։ 1660 թվականին Գեզինան աշխատել է իր երրորդ և վերջին ալբոմի վրա, որը կոչվում է Kunstboek կամ ուրվագծերի ալբոմ։ Առաջին քսան էջը Գեզինան լցրել է իր նկարներով, այնուհետև սկսել է տեղադրել թերթերից հատվածներ, իր հարազատների և ընկերների նկարներ և թղթից աշխատանքներ, իր եղբոր՝ Մոզեսի կողմից կատարված Ռեմբրանդի փորագրանկարների պատճենները, ինչպես նաև եղբոր՝ Գերհարդի նկարների պատճենները։ Ալբոմում տեղ գտած վերջին աշխատանքը թվագրվում է 1687 թվականին[9]։

Գեզինան իր աշխատանքները կտակել է քրոջը՝ Կատարինային, և նրա սերունդները խնամքով պահպանել են դրանք երկու դար։ Այնուհետև նկարչի աշխատանքները հայտնվել են Ամստերդամի պետական թանգարանում, որտեղ էլ գտնվում են։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. 2,0 2,1 Gesina ter Borch — 2008.
  3. 3,0 3,1 Gesina ter Borch
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. 6,0 6,1 6,2 Gesina ter Borch — 2009.
  7. Yvonne Bleyerveld. «Borch, Gesina ter (1631-1690)». Digitaal Vrouwenlexicon van Nederland (հոլանդերեն).
  8. 8,0 8,1 8,2 «Семья Герарда Терборха (Ковалева Марина 2) / Проза.ру». proza.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  9. 9,0 9,1 9,2 djr (2019 թ․ սեպտեմբերի 17). «Digitaal Vrouwenlexicon van Nederland». resources.huygens.knaw.nl (Dutch). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Nora McGreevy. «For the First Time in Its 200-Year History, the Rijksmuseum Features Women Artists in 'Gallery of Honour'». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեզինա Տերբորխ» հոդվածին։