Գառնառվույտ լազիստանյան

բույսերի տեսակ
Գառնառվույտ լազիստանյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գառնառվույտ (Oxytropis)
Տեսակ Գառնառվույտ լազիստանյան (O. lazica)
Միջազգային անվանում
Oxytropis lazica

Գառնառվույտ լազիստանյան (լատին․՝ Oxytropis lazica), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Երկար, դեղին և սպիտակ մազիկներով ծածկված, բազմամյա գետնամերձ անցողուն բույս է։ Տերևներն ունեն 2-6 սմ երկարություն։ Տերևիկները 9-15 զույգ են։ Ծաղկակիրները թույլ են և ծաղկաբույլի հետ միասին ունեն 2,5-8 մմ երկարություն։ Ծաղկաբույլը սակավածաղիկ է, պտղի ժամանակ չերկարացող և 4-10 ծաղիկներով։ Պսակը բաց երկնամանուշակագույն է։ Դրոշն ունի 17-20 մմ երկարություն։ Մինչև 20 մմ երկարությամբ ունդերը ձվաձև-երկարավուն են, թեթևակի կորացած և կարճամազ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Սևանի (Արտանիշի թերակղզի) և Գեղամի (լեռնագագաթներ Սևսար, Զիարեթ, Հատիս և Քյանքան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևմտյան Անդրկովկասում և Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ենթալպյան և ալպյան լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 2000-3300 մ բարձրությունների վրա, ինչպես նաև մարգագետիններում, քարքարոտ լանջերին և քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնառվույտ լազիստանյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնառվույտ լազիստանյան» հոդվածին։