Գանձակ (Ատրպատական)

Գանձակ կամ Գանձակ Շահաստան պատմական քաղաք Ատրպատականում, ներկայումս՝ Իրանի տարածքում։ Ենթադրաբար գտնվել է Ուրմիա (հնում՝ Կապուտան) լճից հարավ-արևելք, Արևելյան Ադրբեջանի Լեյլան գյուղի տեղում, Մարաղայից հարավ։ Անտիկ դարաշրջանում հանդիսացել է Ատրպատականի մայրաքաղաքը[1]։

Քաղաքը հիմնադրվել է Աքեմենյան Պարսկաստանի տիրապետության ժամանակ։ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան կայսրության նվաճումից հետո Մարաստանի սատրապ Ատրոպատեսը կարողացավ պահպանել իր իշխանությունը, իսկ Ալեքսանդրի մահից հետո Մարաստանի հյուսիսային մասում ստեղծեց առանձին պետություն, որը հետագայում նրա անունով սկսեց կոչվել Ատրպատական։ Ըստ Ստրաբոնի՝ Գանձակը հանդիսացել է Ատրպատականի թագավորների ամառային նստավայրը[1]։

622 թ. քաղաքը գրավվել և ավիրվել է Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ի կողմից։ Այդ ժամանակ Գանձակը եղել է մոտ 3000 տուն ունեցող բավականին մեծ քաղաք[2]։ Վերջին անգամ հիշատակվում է 13-րդ դարի սկզբի աղբյւորներում որպես փոքր քաղաք. հավանաբար վերջնականապես ավերվել կամ անվանափոխ է եղել մոնղոլական արշավանքների ընթացքում[2]։

Հիշատակումները հայկական աղբյուրներումԽմբագրել

Հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Գանձակ Շահաստան՝ հավանաբար Գանձակ անունով այլ բնակավայրերից տարբերելու համար։ Մի քանի անգամ հիշատակվում է Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց»-ում[3] Արշակ Բ և Պապ թագավորների օրոք հայ-պարսկական պատերազմների կապակցությամբ։ Ըստ Բյուզանդի՝ Գանձակի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայ-բյուզանդական զորքերը պարտության են մատնել պարսից արքա Շապուհի զորքին։ Հիշատակվում է նաև Աշխարհացույցում որպես քաղաք Մարք աշխարհում։

ԾանոթագրություններԽմբագրել


Ծանոթագրություններ և նշումներ

  1. 1,0 1,1 Ստրաբոն, Աշխարհագրություն, XI, XIII, 3
  2. 2,0 2,1 Encyclopædia Iranica, Vol. X, pp. 289-290
  3. Փաւստոս Բուզանդ, Պատմութիւն Հայոց։ Գրաբար բնագիր («Մատենագիրք Հայոց»)-ից