Այս հոդվածը Իրանի քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մարաղա (այլ կիրառումներ)։

Մարաղա (պարս.՝ مراغه), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևելյան Ադրբեջան օսթանում, Մարաղա շահրեստանի վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 272 400 մարդ[1][2]։

Քաղաք
Մարաղա
պարս.՝ مراغه
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևելյան Ադրբեջան
ՇահրեստանՄարաղա
ՀամայնքԿենտրոնական բախշ
ԲԾՄ1456 մետր
Բնակչություն272 400 մարդ[1][2]
Հեռախոսային կոդ041
Պաշտոնական կայքmaraghe.com
Մարաղա (քաղաք) (Իրան)##
Մարաղա (քաղաք) (Իրան)

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքը գտնվում է Սահանդի լեռնազանգվածից հարավ` Սուֆի չայ գետի բարեբեր հովտում, Ուրմիա լճի հարավ-արևելյան մասից մոտ 30 կմ արևելք։ Գտնվում է Արևելյան Ադրբեջանի վարչական կենտրոն Թավրիզից ուղիղ գծով մոտ 75 կմ հարավ` բաժանված լինելով վերջինից Սահանդի լեռնազանգվածով[3]։

Կլիման համեմատաբար մեղմ է և խոնավ, ջրի առատությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում գյուղատնտեսության համար։ Քաղաքը շրջապատված է պտղատու այգիներով, այստեղ աճեցվող մրգերը հայտնի են ողջ Իրանում, նաև արտահանվում են Ռուսաստան[3]։

Բնակչություն

խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 175 255 մարդ, որոնք կազմում էին 54 958 տնտեսություն։ Մարաղան Արևելյան Ադրբեջանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Թավրիզից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 36 551[5] 54 106[6] 117 388[7] 132 318[7] 149 929[8] 162 275[9] 175 255[10]

Բնակիչները հիմնականում իրանական ադրբեջանցիներ են[3], որոնք գերազանցապես շիա իսլամի հետևորդներ են։

Պատմություն

խմբագրել

Որոշ պատմաբաններ գտնում են, որ Մարաղան համապատասխանում է հունա-հռոմեական աղբյուրներում հիշատակվող Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպա/Փրաատային։ IX-X դարերի արաբական աղբյուրները նշում են, որ քաղաքը նախկինում կոչվել է Աքրա-ռուդ կամ Աֆրա-ռուդ, ինչը հիշեցնում է անվանման հունա-հռոմեական տարբերակները[3]։

Մարաղան Ատրպատականի այլ քաղաքների հետ մեկտեղ գրավվել է արաբների կողմից 643 թվականին։ Օմայյան արքայազն Մրվան իբն Մուհամմեդը այցելել է քաղաք դեպի Գիլան և Մուղան կատարած արշավանքներից հետո, իրականացրել որոշակի շինարարական աշխատանքներ։ Այս շրջանում է, որ քաղաքը ստացել է Մարաղա անունը[3]։ VIII-IX քաղաքն ամրացվել է պարիսպներով և հանդիսացել Ատրպատականի կուսակալների ամառային նստավայրը[3]։

Մոնղոլական տիրապետություն

խմբագրել

Քաղաքը գրավվել է մոնղոլների կողմից 1231 թվականին։ 1258 թվականին Բաղդադը գրավելուց հետո մոնղոլական առաջնորդ Հուլավու խանը (իշխել է 1256-1265 թվականներին) Մարաղան դարձրել է իր նստավայրը։ Նրա հրամանով և Նասր ալ-Դին Թուսիի ղեկավարության տակ քաղաքից արևմուտք կառուցվել է Մարաղայի աստղադիտարանը։ Քաղաքից դեպի արևմուտք գտնվող Ուրմիա լճի Շահի կղզու վրա Հուլավուն կառուցել է տվել ամրոց, որտել էլ թաղվել է մահվանից հետո[3]։

Հուլավուի մահվանից հետո նրա ստեղծած իլխանության մայրաքաղաքը տեղափոխվել է Թավրիզ, սակայն քաղաքը շարունակել է կարևոր դեր խաղալ և շարունակաբար հիշատակվում է իլխանության պատմության տարբեր դրվագների հետ կապված։ 1304 թվականին այստեղ Օլջեյթուն (իշխել է 1304-1316 թվականներին) ընդունել է Չինաստանից դեսպաններին, աստղադիտարանի ղեկավարությունը հանձնել Նասր ալ-Դին Թուսիի որդուն։ 1312 թվականին քաղաքի ղեկավարությունը հանձնվել է Հալեպի նախկին ամիրա Ղարա-Սունքուրին, որն իշխել է մինչև 1328 թվականը։ Այս վերջին իրադարձության մասին գրում է պատմիչ Իբն Բատուտան, որն ավելացնում է, որ Մարաղան այդ ժամանակներում հայտնի էր որպես «Փոքր Դամասկոս»[3]։

Համդալլահ Ղազվինին 1340 թվականին նկարագրում է Մարաղան որպես Ադրբեջանի հարավային մասն ընդգրկող թումանի մայրաքաղաք։ Այս թումանը հյուսիսից սահմանակից էր Թավրիզի, արևմուտքից` Խոյի թումաններին, հարավից` Քրդստանին, արևելքից` այսպես կոչված պարսկական Իրաքին։ Բնակչությունն այստեղ խոսում էր պահլավերենի տարբերակներից մեկով[3]։

Հայերը Մարաղայում

խմբագրել

Մարաղայի հայությունն այստեղ է հաստատվել հիմնականում շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթի հետևանքով։ Հայերը Մարաղայում մեծ թիվ են կազմել մինչև 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը։ Նրանց թիվը զգալի էր նաև շրջակա գյուղաքաղաքներում և գյուղերում (Աջաբշիր, Բոնաբ, Դեհխառկան կամ Դուխարդան (այժմ՝ Ազհրշեհր), Զվարա, Խոջամիր, Ղալաջուղ, Մալհքան (Մալհքենդ), Շիշվան, Փեհրավա, Սըրըջ և այլն)։ Այստեղ շրջանում բնակվող հայերը խոսել են Մարաղայի բարբառով։ Թուրքմենչայի պայմանագրի (1828) կնքումից հետո Մարաղայից և շրջակա բնակավայրերից շուրջ 700 ընտանիք է տեղափոխվել Արևելյան Հայաստան՝ հաստատվելով Ղարաբաղում (որտեղ նրանք հիմնել են Մարաղա գյուղը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում), Երևանում, Նախիջևանում, Վայոց ձորում և այլուր[11]։

20-րդ դարի սկզբին Մարաղան ուներ 838, իսկ 1928 թվականին՝ 1204 հայ բնակիչ։ Գործել են Սուրբ Հովհաննես եկեղեցին, դպրոց (Հակոբ-Խալաֆյան, ընդհատումներով գործել է 1899-1978 թվականներին)։ 1946 թվականի ներգաղթից հետո, երբ Հայաստան է տեղափոխվել Մարաղայի հայերի հիմնական մասը, համայնքն աստիճանաբար մարել է։ 1964 թվականին այստեղ բնակվել է 77, իսկ 1969 թվականին՝ միայն 20 հայ ընտանիք։ Վերջին հայ բնակիչները Մարաղայից հեռացել են 1970-ական թվականների վերջին[11]։ Այժմ Մարաղայում հայեր չեն ապրում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://fna.ir/3gi6bf (перс.)
  2. 2,0 2,1 https://borna.news/008VHI (перс.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 V. Minorsky (1978). «MARAGHA». The Encyclopaedia of Islam, Volume VI (Իսլամի հանրագիտարան, 6-րդ հատոր). Leiden: E.J. Brill. էջեր 498–503. ISBN 90-04-08114-3.
  4. «IRAN: East Azerbaijan» (անգլերեն). City Populations.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  11. 11,0 11,1 Հայ Սփյուռք հանրագիտարան. Հայկական Հանրագիտարան հրատ. էջ 244-245.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարաղա (քաղաք)» հոդվածին։