Գագիկ Պետրոսյան (ազատամարտիկ)
Գագիկ Պետրոսյան (սեպտեմբերի 15, 1959 - հունվարի 5, 1994, Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղում), մանկավարժ, արցախյան ազատամարտի մասնակից, ավագ լեյտենանտ։
Գագիկ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1959 |
Մահացել է | հունվարի 5, 1994 (34 տարեկան) |
Գերեզման | Կարմրակուճ |
Մասնագիտություն | մանկավարժ, ֆիդայի և սպա |
Պարգևներ և մրցանակներ |
Կյանք և գործունեություն
խմբագրելԳագիկ Պետրոսյանը ծնվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղում[1]։ Հայրը՝ Յակով Պետրոսյանը, անտառապահ էր, մայրը՝ Արինա Պետրոսյանը՝ գրադարանավարուհի։
1966-1974 թվականներին Գագիկը սովորել է Կարմրակուճի ութամյա դպրոցում, ապա ուսումը շարունակել Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։
1975 թվականին սեպտեմբերի 25-ին Գագիկ Պետրոսյանն ընդունվել է կոմերիտականների շարքերը, 1976 թվականին՝ արհմիությունների շարքերը։
1976 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, գերազանց գնահատականներով։ Նույն թվականին ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժինը, որն ավարտել է 1980 թվականին՝ մաթեմատիկայի ուսուցչի որակավորմամբ։
Նույն թվականին աշխատանքի է անցել ԱդրԽՍՀ Շամախու( Շիրվանի) շրջանի հայաբնակ Քալախան գյուղի ութամյա դպրոցում՝ նախ՝ որպես ուսմասվար, ապա՝ տնօրեն։
1982-1984 թթ․ աշխատել է Շամախու շրջանի Սաղիյան գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսմասվար, ապա՝ տնօրեն։
1984 թ տեղափոխվել է Հադրութի շրջան, 1984-1985 թվականներին աշխատել է Հին Թաղեր գյուղում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ, 1986-1987 թթ՝ Բլութանի 8-ամյա դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
Հին Թաղերում էլ ծանոթացել է ապագա կնոջ՝ Լիրայի հետ, 1985 թ․ ամուսնացել են։
1987 թ․ օգոստոսին նշանակվել է շրջժողկրթբաժնում՝ որպես դպրոցական տեսուչ, նույն թվականի սեպտեմբերին՝ Հադրութի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսմասվար։ 1988 թվականի մայիսից՝ ժամանակավոր ստանձնում է դպրոցի տնօրենի պարտականությունները, օգոստոսից՝ նշանակվում է դպրոցի տնօրեն։
1992 թվականին հունվարի 7-ին՝ անձնական դիմումի համաձայն, պատճառաբանելով առողջական ոչ բավարար վիճակը, Գագիկ Պետրոսյանն ազատվում է Հադրութի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից՝ նշանակվելով տնօրենի տեղակալ՝ դաստիարակության գծով։
1988 թվականից կամավորագրվել է Ղարաբաղյան շարժմանը։ 1992 թվականի հունվարին, թողնելով մանկավարժի աշխատանքը, Գագիկ Պետրոսյանն անդամագրվում է Մելիքաշենի կամավորական ջոկատին։
Մասնակցել է Մելիքաշենի, Նորաշենի, Խուռհատի, Սարինշենի, Այգեստանի, Ֆիզուլու, Ջաբրայելի, Հորադիզի, Շուշիի ազատագրման համար մղված մարտերին։
1993 թ․ նոյեմբերի 1-ից հրետանային դիվիզիոնի հրամանատար էր՝ ավագ լեյտենանտի կոչումով։
Զոհվել է 1994 թվականին Հունվարի 5-ին, Շուքուրբեյլիի խաչմերուկում։ Հանգչում է Կարմրակուճի գերեզմանատանը։
2001 թվականի նոյեմբերին ԼՂՀ Նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով տանկիստների և հրետանավորների մասնագիտական տոների կապակցությամբ հրետանավոր, ավագ լեյտենանտ Գագիկ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։