Բրեստի գետտո (16 դեկտեմբերի, 1941 – 18 հոկտեմբերի, 1942), հրեական գետտո, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Բելառուսի օկուպացիայի ընթացքում հրեաների հալածանքների ու ոչնչացման շրջանակներում Բելառուսի Բրեստի մարզի Բրեստ քաղաքի և մոտակա բնակավայրերի հրեաների բռնի վերաբնակեցման վայր։

Բրեստի օկուպացիա և գետտոյի ստեղծում խմբագրել

Բրեստը նացիստական զորքերի կողմից գրավվել է 1941 թվականի հունիսի 22-ին, և օկուպացիան տևել է երեք տարի ու մեկ ամիս՝ մինչև 1944 թվականի հուլիսի 28-ը[1]։

Քաղաքի բնակիչներից, այդ թվում նաև հրեաներից գրեթե ոչ մեկը չի հասցրել տարհանվել[2]։

1941 թվականի հունիսից նոյեմբեր խմբագրել

1941 թվականի հունիսի 28-29-ին «В» այնզատցխումբը վերմախտի զորամասերի հետ միասին քաղաքից հանել ու գնդակահարել է 4000-5000 հրեաների[2][3]։

1941 թվականի ամռանն ու աշնանը գերմանացիները մշտապես թալանել են հրեաներին, նրանց ստիպել են մահվան սպառնալիքով վճարել տարբեր տեսակի «ռազմատուգանքներ»։ Նրանցից պահանջվել է 40 կահավորված բնակարան, մշտապես հրամայել են հանձնել որոշակի գումարներ, բռնագրավել են հնարավոր բոլոր արժեքավոր իրերը, առանձին հավաքել են ոսկի։ Վախեցնելու համար նացիստներն ամեն անգամ պատանդ են վերցրել 30-50 մարդ, որպեսզի երաշխավորվի պահանջված արժեքավոր իրերի հանձնումը նշված ժամանակում։ «Ռազմատուգանքներից» բացի հրեաներից վերցվել է որոշակի արժեք ունեցող ամեն ինչ՝ մորթե իրեր, հագուստ, կտորեղեն, էլեկտրական սարքեր, հեծանիվներ, գրամեքենաներ և այլն։ Նմանատիպ կողոպուտների ենթարկվել է ինչպես հրեական համայնք ընդհանուր առմամբ, այնպես էլ առանձին ունևոր հրեաներ։ Միայն Բրեստի սինագոգից հանվել է 100 կգ արծաթ, իսկ դրանից հետո, ինչպես ասվում է Արտակարգ պետական հանձնաժողովի հաշվետվությունում, «....բոլոր սինագոգներն ու աղոթատներն զբաղեցվել են որպես ձիանոցներ ու ավտոտնակներ»[2][4]։

Բրեստի հրեա բնակչության վերաբերյալ գերմանական օկուպացիոն ուժերի հրամանից, 1941 թվական[5][6].

«Հրեաներից գնումներ կատարելու մասին
Արգելում եմ հրեաներից գնել կահույք կամ այլ իրեր։ Բնակչությունից պահանջվում է այդ արգելքի խիստ պահպանում կորուստներից խուսափելու համար։ Հրեաներից ձեռք բերված կահույքն ու նմանատիպ այլ իրեր ենթակա են բռնագրավման առանց փոխհատուցման։
Հրեաներին վաճառելու մասին
Հրեաներին ցանկացած իր վաճառելը խիստ արգելված է։ Հրեաներին թույլատրվում է մտնել միայն հատուկ, իմ կողմից ընտրված խանութներ։
Հրեաների միջնորդությամբ առևտուր անելու արգելք
Հրեաներին արգելվում է կատարել ցանկացած առևտուր։ Եթե անհրաժեշտություն է առաջանում առևտուր կատարել հրեաների ու քաղաքի միջև... կտրվեն հատուկ հանձնարարականներ։
Փողոցներում շարժման մասին
Փողոցներում ցանկացած տեղաշարժ և ներկայություն առանց անհրաժեշտության հրեաներին արգելվում է։ Թույլատրում եմ փողոցներում գտնվել միայն աշխատանքի գնալիս ու հետ վերադառնալիս»։

«Ռազմատուգանքների» ձևով կատարվող կողոպուտներից բացի գերմանացիները հրեաների համար սահմանել են բազմաթիվ տուգանքներ (50-500 ռուբլի) քաղաքում վարքի կանոները չպահպանելու, սանիտարական նորմերի խախտման, փաստաթղթերը կորցնելու, ընտանիքի մեռած անդամի քարտով հաց ստանալու, բարձր գներով միրգ ու բանջարեղեն վաճառելու, օկուպացիոն իշխանությունների կողմից հաստատված կարգի այլ խախտումների համար (դա վերաբերել է նաև մինչև 12 տարեկան երեխաներին)[7]։

Հրեական մանկատան (Բրեստի չորս մանկատներից մեկը) երեխաները օկուպացիայի առաջին իսկ օրերին գերմանացիների կողմից տեղափոխվել են քաղաքից դուրս ու սպանվել։ Մյուս մանկատների հրեա երեխաներն առանձնացվել են մյուսներից, և արդյունքում № 2 մանկատանը՝ ապագա գետտոյի տարածքում (Մոսկովյան և Սեպտեմբերի 17-ի փողոցների անկյուն), հայտնվել են մինչև տասնչորս տարեկան 90 հրեա երեխաներ։ Մի շարք հրեա երեխաների փրկել են հրեական մանկատուն տեղափոխելուց՝ նրանց գրանցելով ռուսական ազգանուններով, սակայն նրանց մի մասը հետագայում հանձնվել է գերմանացիներին պրովոկատորների կողմից[8]։

Քաղաքի օկուպացիայից հետո արգելվել է խոսել հրեաների հետ և նրանց վաճառել ինչ-որ իրեր[9]։ Հրեաներին հրամայվել է հագուստի թևին կրել վեցաթև աստղով սպիտակ թևկապ, իսկ ավելի ուշ՝ 10 սմ տրամագծող դեղին շրջաններ հագուստի վրա՝ առջևից ու մեջքին[2][10]։

Գերմանացիները մեծ լրջությամբ են վերաբերվել հրեական դիմադրության հնարավորությանը, այդ պատճառով էլ գետտոյում, ինչպես նաև նախքան դրա ստեղծումն առաջին հերթին սպանել են 15-50 տարեկան հրեա տղամարդկանց, չնայած տնտեսական տեսանկյունից դա նպատակահարմար չէր, քանի որ նրանք ամենաաշխատունակ կալանավորներն էին[11][12]։ Դրա հետ կապված՝ 1941 թվականի հուլիսի սկզբին նացիստներն սկսել են անցկացնել հրեա պատանիների ու տղամարդկանց ինչպես նաև խորհրդային ու կուսակական աշխատողների շուրջկալներ, որոնց բռնել են փողոցներում ու բնակարաններում, ապա տարել քաղաքից դուրս և սպանել։ Առաջին նմանատիպ «գործողությունը» (այդ մեղմասացությամբ գերմանացիները կոչել են իրենց կազմակերպած զանգվածային սպանությունները) անցկացվել է հուլիսի առաջին շաբաթ օրը, իսկ բռնվածներն սպանվել են քաղաքի մարզադաշտում[13]։ Օկուպացիայի առաջին իսկ օրերից հրեա տղամարդիկ սպանվել են հենց քաղաքում՝ շուկայում, մթերքի հերթերում, ձեռնարկություններում[14]։ Եղել են դեպքեր, երբ բենզին են լցրել կենդանի մարդու վրա և նրան այրել բոլորի աչքի առաջ[13]։

Բելառուսի կուսակցական ղեկավար Պանտելեյմոն Պոնոմարենկոյի՝ 1941 թվականի օգոստոսի 19-ի «Բելառուսի օկուպացված տարածքների դրության մասին» ծանուցման մեջ խոսվում է Բելառուսում, այդ թվում նաև Բրեստում հրեաների դրությամբ մասին. «Հրեական բնակչությունը ենթարկվում է անողոք ոչնչացման... Բրեստում գերմանացիները հրդեհել են հրեաներով բնակեցված մի քանի տներ, նրանց թույլ չեն տվել դուրս գալ, և բոլորը կենդանի այրվել են... Այդպիսի փաստերը բազմաթիվ են»[15]։

Հրեաների գրանցում խմբագրել

Օկուպացիոն իշխանությունների առաջին գործողություններից մեկը եղել է բնակչության մարդահամարն ու անձնագրավորումը, ինչի արդյունքում պարզվել է, որ քաղաքի 51 000 բնակիչներից 18 000-ը կազմում են հրեաները[16]։

Ապա քաղաքի՝ 14 տարեկանից մեծ բոլոր հրեաներին հրամայվել է լուսանկարվել ու անցնել հատուկ գրանցում, որն սկսվել է 1941 թվականի նոյեմբերի 10-ին։ Հրեաներին տրվել են նոր անձնագրեր, ինչի մասին նշում է կատարվել գրանցման գրքում լեհերենով։ Մինչև 1942 թվականի հունիսի 5-ը տրվել է այդպիսի 12 260 անձնագիր։ Միաժամանակ յուրաքանչյուր հրեայի համար լրացվել է անկետա լեհերենով, որում նշվել են 14 տարեկանից փոքր երեխաները[17][18]։

Գետտոյի ստեղծում խմբագրել

 
Տուն № 87 Կույբիշևի փողոցում (կառուցվել է 1925 թվականին) — Բրեստի գետտոյի կենտրոնի պահպանված տներից մեկը

Մինչև 1941 թվականի դեկտեմբերի 16-ը (նոյեմբերից սկսած[19]) գերմանացիները, իրականացնելով հրեաների ոչնչցման նացիստական ծրագիրը, Բրեստի բոլոր հրեաներին քշել են գետտո՝ նախապես թալանելով նրանց ու վերցնելով անձնական իրերը[2][3][20]։ Բրեստի գետտո են տեղափոխվել նաև շրջակա գյուղերի ու բնակավայրերի հրեաները։ Օրինակ՝ Սլովատիչի գյուղից այդտեղ է տարվել 113 մարդ, Ռոսոժ գյուղից՝ 52 մարդ[21]։ Գետտոյի վերահսկիչ է դարձել ոստիկանության ու ժանդարմերիայի պետ մայոր Ռոդեն[22]։

Գետտոյում կարգի պահպանման և գերմանացիների հրամանների կատարումն ապահովելու համար հրեաներին հրամայվել է կազմակերպել 60 մարդուց բաղկացած յուդենրատ, որի նախագահ է նշանակվել Գիրշ Ռոզենբերգը, նրա տեղակալ՝ Նահման Լանդաուն։ Յուդենրատին օգնելու համար նացիստները հրեաներին ստիպել են ստեղծել նաև հրեական ոստիկանության ջոկատ՝ կազմված 16 (ըստ այլ տվյալների՝ 15[2]) մարդուց, որոնք զինված են եղել մահակներով[22][23][24]։

Պայմանները գետտոյում խմբագրել

Գետտոյի տարածք խմբագրել

Գետտոն գտնվել է Սովետսկի, Մայակովսկու, Կոբրինսկայա (Կիրովի) և Հոսպիտալային (Ինտերնացիոնալ) փողոցների սահմանում։ Մոսկովյան փողոցը (Վարշավա-Մինսկ մայրուղի) գետտոյի տարածքը բաժանել է երկու ոչ հավասար մասերի՝ հյուսիսային մողմում տեղակայված մեծ և հարավում տեղակայված փոքր հատվածների[25][26]։ 5-6 կմ երկարություն ունեցող փշալարե ցանկապատի ներսում փակվել է 20 000 (ըստ այլ տվյալների՝ 27 000[2]) մարդ[27][28]։

Գետտոն ցանկապատվել է փշալարով և հսկվել պարեկախմբերի կողմից։ Առանց հատուկ թույլտվության կալանավորների ելքն ու մուտքն արգելվել է, իսկ ինքնակամ դուրս գալու դեպքում պատիժը լավագույն դեպքում եղել է բանտարկությունը, իսկ սովորաբար՝ գնդակահարությունը։ Գետտոյի մի մասից մյուսը հրեաներին թույլատրվել է անցնել մինչև 18։00։ Գետտոն ունեցել է երեք դարպաս, որոնք դուրս են եկել դեպի Մոսկովյան, Սովետսկի ու Գոգոլի փողոցներ։ Դարպասները հսկել է ժանդարմերիան[29]։

Գետտոյի տարածքում գործել են աղոթատներ, սինագոգ, հիվանդանոց (գրեթե առանց բուժանյութերի), խանութ (որտեղ գրեթե չի եղել ո՛չ սննդամթերք, ո՛չ սպառողական ապրանքներ), ծերանոց և հասարակական բարեգործական խոհանոց[2][22]։

Հարկադիր աշխատանքներ խմբագրել

1941 թվականի օգոստոս-սեպտեմբերին Բրեստի հրեաներին թույլատրվել է վերցնել մասնավոր արհեստանոցներ բացելու արտոնագրեր (թեև այն ստանալու բյուրոկրատական գործընթացը եղել է շատ բարդ)։ Հրեաների՝ գետտո տեղափոխվելուց հետո նրանց արհեստանոցների մի մասը մնացել է գետտոյի սահմաններից դուրս, իսկ նրա ներսում գտնվողները փակվել են, որովհետև չի եղել ո՛չ հումք, ո՛չ պատվերներ, ո՛չ էլեկտրականություն աշխատելու համար։Դրանից բացի հրեաների ցանկացած գործունեություն ենթարկվել է մեծ հարկերի[30]։

Յուդենրատն ստիպված է եղել մշտապես ապահովել աշխատուժի պահանջարկը։ Մանագետ կալանավորներն ուղարկվել են ձեռնարկություններ, որակավորում չունեցողները կատարել են ծանր ու կեղտոտ հարկադիր աշխատանք՝ այդ թվում մաքրելով քանդված Բրեստի ամրոցի ավերակներն ու այնտեղ գտնված սպանվածների մարմինները[31]։

Հրեաներին ոչնչացումից փրկելու համար յուդենրատը փորձել է մշտապես ցույց տալ գետտոյի շահութաբերությունը, ինչի համար ձգտել է ստեղծել նոր աշխատատեղեր։ Իսկ գերմանացիները, իսկապես մեծ շահույթ ստանալով կալանավորների ստրկական աշխատանքից, գետտոյում լուրեր են տարածել, թե այն շատ անհրաժետ է ու երկար կգոյատևի[32]։

1942 թվականի հունվարին գետտոյից աշխատելու է ուղարկվել 4956 հրեա, փետրվարին՝ 5490, մարտին՝ 5843, ապրիլին՝ 6722, մայիսին՝ 7248, հունիսին՝ 7994 (նրանցից 1571 մարդ եղել են մասնագիտություն ունեցող տղամարդիկ)։ Աշխատուժի պահանջարկը ներկայացրել են գերմանական զորամասերը, քաղաքային ձեռնարկություններն ու մասնավոր անձինք, որոնք շրջանային կոմիսարիատներին մուծել են կալանավորների աշխատավարձի 20 %-ը[32]։

Վաստակած գումարները հրեաներին տվել են ուշացումով, ոչ ամբողջությամբ կամ ընդհանրապես չեն տրվել։ Դրանից բացի այդ փողերից պահվել են հարկեր, և կալանավորների իրական եկամուտը եղել է չնչին՝ օրական 4-30 ռուբլի[32]։

Մշտական սովի ու հյուծիչ աշխատանքի պայմաններում գետտոյի բնակիչները կարճ ժամանակում հասել են ֆիզիկական հյուծման, հիվանդացել են ու մահացել, ինչը նկատվել է նույնիսկ օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչների կողմից[32]։

1942 թվականի հոկտեմբերից յուդենրատին կից ստեղծվել է 31 վարպետներից կազմված արհեստավորական միություն, սակայն նույնիսկ այդ արհեստանոցներում հրեաների ունեցած մշտական տեղը նրանց չի ազատել հարկադիր աշխատանքներից[32]։

Բուժսպասարկում խմբագրել

Գերմանացիները թույլատրել են գետտոյում ստեղծել 75 մահճակալով հիվանդանոց և բացել դեղատուն։ Սակայն բուժման համար չեն բավականացրել ո՛չ մասնագետները, ո՛չ դեղամիջոցները, ո՛չ սովորական հիվանդանոցային սարքավորումները[32]։

Դեղերը հնարավոր է եղել գնել միայն սև շուկայում խոշոր գումարներով, այդ պատճառով էլ գետտոյում բուժումն ստիպված եղել է վճարովի։ Մեկ օր հիվանդանոցում գտնվելու վճարը կազմել է 30 ռուբլի, և յուդենրատին կից առողջապահության բաժինն ստացել է բազմաթիվ դիմումներ միջոցների բացակայության պատճառով անվճար բուժում տրամադրելու խնդրանքով[32]։

Բազմաթիվ աշխատունակ կալանավորներ թաքցրել են իրենց հիվանդությունները, որպեսզի չկորցնեն իրենց աշխատատեղն ու ընտանիքը չթողնեն առանց ապրուստի ու սննդամթերքի քարտերի, թեև հիվանդության վերաբերյալ տեղեկանքը երբեմն կարող էր ազատել հարկադիր աշխատանքներից[32]։

Բրեստի գետտոյում 11 հրեա բժիշկներ պաշտոնական թույլտվություն են ստացել զբաղվել մասնավոր պրակտիկայով, ինչը նրանց թույլ է տվել բուժել նաև ոչ հրեաներին։ Այդ բժիշկներից վեց մարդ թույլտվություն է ստացել ապրել գետտոյից դուրս, որոնց թվում է եղել հայտնի հոգեբույժ Բերնհարդ Կալվարիյսկին[32]։

Սանիտարա-համաճարակային դրությունը գետտոյում գնալով վատթարացել է, չնայած մշտապես միջոցներ են գործադրվել կանխարգելիչ միջոցառումներ։ Դրա պատճառը եղել է բուժման համար անհրաժեշտ միջոցների ու պայմանների բացակայությունը, գետտո դեղամիջոցներ տանելու արգելքը, մշտական թերսնման արդյունքում սկսված հյուծումը, ուժասպառ անող հարկադիր աշխատանքը, մարդկանց մեծ խտությունը, ցուրտը, ոջլոտությունը[33] և անորակ խմելու ջուրը։ Այն ամենը, ինչ ինչ կարողացել են անել հրեա բժիշկները, եղել է հիվանդ կալանավորների մեկուսացումը։ Ոչ ուշ, քան տասը օրը մեկ յուդենրատին կից բժշկական բաժինը պետք է քաղաքային մագիստրատուրա ներկայացնել տվյալներ գետտոյում վարակիչ հիվանդություններ ունեցողների վերաբերյալ[34]։

Յուդենրատի սոցիալական խնամակալության բաժինը հնարավորինս օգնել է 80 երեխա ունեցող մանկատանը, 135 երեխա ունեցող մանկապարտեզին, հիվանդանոցին (75 մահճակալ), ծերանոցին (80 ծերեր), հասարակական խոհանոցին (3800 մարդու համար), գիշերակացի տանը (մինչև 300 մարդ)։ 1942 թվականի ամռանն ու աշնանը յուդենրատն օգնություն է ցուցաբերել ավելի քան 4000 կալանավորների, որոնք հայտնվել է ամենածանր վիճակում[2][35]։

Սննդի հարց խմբագրել

Սննդամթերքի խնդիրը եղել է ամենածանրը։ Գետտո տեղափոխվելուց հետո հրեաների միայն մի չնչին մասն է կարողացել պահպանել իր արժեքավոր իրերը, որոնց շնորհիվ նրանք կարողացել են դիմանալ սկզբնական ժամանակաշրժանում և նույնիսկ օգնել ամենահյուծված կալանավորներին հասարակական խոհանոցի միջոցով, որոնք կազմակերպվել են աղոթատներին կից[35]։

Հետագայում սննդամթերքի ստացման հիմնական միջոցներից մեկը եղել է մինչև տասը տարեկան երեխաների (որոնք ստիպված չեն եղել կրել դեղին աստղեր) դուրս գալը գետտոյի սահմաններից։ Սակայն շուտով նացիստները դադարեցրել են դա՝ սկսելով բռնել նման երեխաներին, ծեծել ու սպանել նրանց[35]։

Հրեաների մի մասն իր գոյությունը պահպանել է մասնավոր աշխատանքներով։ Նրանք իրենց նախկին հարևաններին ու ծանոթներին խնդրել են իրենց անունով գրանցել գետտոյի սահմաններից դուրս աշխատանքի հայտ և փորձել են այդ կերպ ձեռք բերել գոնե մի քիչ ուտելիք։ Մտավորականության ներկայացուցիչների մի մասին նույնիսկ հաջողվել է գումար վաստակել մասնավոր պարապմունքների շնորհիվ[35]։

Հարաբերական պարերականությամբ բաժանվել է միայն հաց, իսկ մյուս մթերքները հատկացվել են մնացորդայի սկզբունքով։ Ալյուրը, ձավարը, ճարպը, յուղն ու աղը տրվել են միայն հիվանդանոցներին, մանկատներին ու ճաշարաններին։ Օկուպացիայի առաջին տարիներին կարիքավոր հրեաները կարողացել են անվճար սնվել քաղաքային հասարակական ճաշարաններում, ապա՝ միայն գետտոյի ճաշարաններում[35]։

1942 թվականի հունվարից հրեաները բաժանվել են աշխատողների ու չաշխատողների։ Աշխատողները շաբաթական ստացել են 1,5 կգ հաց, 1 կգ կարտոֆիլ և 35 գրամ ճարպ։ Մինչև տասնչորս տարեկան երեխաներն ու չաշխատող չափահասները շաբաթական ստացել են 750 գրամ հաց, 1 կգ կարտոֆիլ և 35 գրամ ճարպ։ Սակայն հենց նույն ամսում բոլոր կալանավորների համար սահմանվել է հացի նույն չափաբաժինը՝ 150 գրամ օրական։ Գերմանացիները նրանց արգելել են օգտվել քաղաքային շուկայից, իսկ գյուղացիներին հրամայվել է ոչինչ չվաճառել հրեաներին։ Եթե ինչ-որ մեկին հաջողվել է գնել ուտելիք, ոստիկաններն այն առգրավել են գետտո մտնելիս կատարվող խուզարկման ժամանակ[2][35]։

 
Բրոննայա լեռ, հուշարձան հրեաների զանգվածային սպանությունների վայրում

1941-1942 թվականների ձմեռը եղել է շատ խիստ, և այն քիչ քանակով փայտն ու ածուխը, որը հաջողվել էր հավաքել, արագ վերջացել է, իսկ կալանավորներին վառելիքով ապահովել չի նախատեսվել։ Յուդենրատը կարողացել է փայտ ստանալ միայն հացի փռերի համար, և 1942 թվականի հունվարին գետտոյի վեց հացի փռերի (որոնցում հացէ թխվել ավելի քան 17 000 մարդու համար) համար տրվել է 4 քառ. մետր փայտ, հուլիսին՝ 6, սեպտեմբերին՝ 2[35]։

Գետտոյում սննդամթերքի նորմերը եղել են երկու անգամ ավելի ցածր, քան ոչ հրեա բնակչության համար, սակայն Բրեստի գետտոն եղել է միակը Բելառուսում, որտեղ կալանավորներին տրվել է ինչ-որ ուտելիք։ 1942 թվականի հուլիս-սեպտեմբերին հիվանդանոցում, ծերանոցում կամ մանկատանը գտնվող մեկ հրեայի համար հատկացվել է 25 գրամ ալյուր և 50 գրամ ձավար, իսկ մանկապարտեզում ու ճաշարանում՝ 10 գրամ ալյուր և 25 գրամ ձավար[35]։

Դիմադրություն գետտոյում խմբագրել

Գետտոյի ստեղծումից կարճ ժամանակ անց հրեաներն սկսել են կազմակերպել ընդհատակյա խմբեր, որոնք հավաքել ու գաղտնի գետտո են տեղափոխել զենք, որ հարկադիր աշխատանքներ կատարելիս գտե են Բրեստի ամրոցի տարածքում։ Այնտեղ էլ գտնվել են ռադիոսարքերի դետալներ և գետտոյում հավաքել ռադիոընդունիչներ։ Գետտոյում գործել է նաև կոմերիտականների խումբ՝ օկուպացված Բրեստի առաջին տասը կոմերիտական կազմակերպություններից մեկը, ինչպես նաև կոմունիստական կազմակերպություն[2][36][28]։

1941 թվականի դեկտեմբերից այդ խմբերը միավորվել են «Ազատագրում» ընդհատակյա կազմակերպությունում։ Կազմակերպիչներից մեկը եղել է լեհական բանակի նախկին սպա Միխայիլ Օմելինսկին։ Ողջ կազմակերպության ղեկավար 1942 թվականի կեսերին դարձել է Արիե Շեյնմանը, իսկ դիվերսիոն խումբը գլխավորել է Շլյոմա Կագանը (Բոլեկ)[2][3][37]։

Արդեն 1942 թվականի սկզբին տեղեկություններ են ստացվել գետտոն ոչնչացնելու նացիստների ծրագրերի մասին, և ընդհատակի ղեկավարությունն սկսել է մշակել պաշտպանության պլաններ։ Ձևավորվել են գնդացիրներով զինված պաշտպանական խմբեր։ Ենթադրվել է, որ կալանավորների հիմնական մասը կսկսի գետտոյից փախչել ինքնուրույն, և պայմանավորվել են, թե որ փողոցներով ավելի հարմար կլինի հասնել անտառ։ Համաձայնության են եկել նաև փախուստից հետո հավաքվելու վայրերի վերաբերյալ[38]։

1942 թվականի հունվար-փետրվարին Բրեստի գետտոյում ստեղծվել է ևս մեկ ընդհատակյա խումբ՝ «Նեկամա» (եբրայերենից թարգմանաբար՝ Վրեժ), որը գլխավորել է Ֆրումկա Պլոտնիցկայան։ Խմբի ստեղծման նախաձեռնողը եղել են հրեա երիտասարդության «Հեհալուց» (եբրայերենից թարգմանաբար՝ Առաջամարտիկ) լեհական կազմակերպության անդամները, որի կենտրոնը գտնվել է Վարշավայում։ Այդ ընդհատակայինների գլխավոր նպատակը եղել է համոզել կալանավորներին, որ ապստամբությունն ու կյանքի համար պայքարն անհրաժեշտ է, քանի որ գետտոն անխուսափելիորեն կոչնչացվի։ Խումբը կազմված է եղել դեռահասներից, որոնք տարածել են թռուցիկներ ու օգնել չափահաս կալանավորներին որպես կապավորներ[2][3][38]։

Պայքարի նախապատրաստությունը շարունակվել է 1941-1942 թվականների ձմռան ողջ ընթացքում։ Փողի ու թանկարժեք իրերի դիմաց զենք է ձեռք բերվել նաև գերմանացիներից, որ պահվել է գաղտնարաններում։ Սակայն հրեա ընդհատակայիններին չի հաջողվել կանխիչ հարված հասցնել գերմանացիներին։ Տեղի են ունեցել մատնություններ, և ապստամբության նախօրեին կատարվել են զանգվածային ձերբակալություններ։ Յուդենրատում գտնվող սադրիչը մատնել է մի քանի պարտիզանների, որոնք գետտո էին գնացել ապստամբությանն օգնելու նպատակով։ Այդ դավաճանն սպանվել է Շլյոմա Կագանի կողմից, որը դրանից հետո կարողացել է փախչել գետտոյից և միանալ պարտիզաններին (հետագայում նա զոհվել է մարտում)։ Արդյունքում 1942 թվականի հոկտեմբերին, երբ սկսվել է գետտոյի լիկվիդացումը, ընդհատակայինները չեն կարողացել կազմակերպել զինված ապստամբություն[38]։

Գետտոյի ոչնչացում խմբագրել

 
Բրոննայա լեռ, հուշարձան հրեաների զանգվածային սպանությունների վայրում

Դեռ նախքան գետտոյի լիակատար լիկվիդացումը կալանավորներին սպանել են քաղաքում, ինչպես նաև նրանից դուրս՝ Բերյոզա-Կարտուզսկայա կայարանի մոտակայքում, Բրոննայա լեռան վրա, Սոբիբոր մահվան ճամբարում, Ռեչիցա վայրի մոտ, № 8 բերդամասի շրջանում։ Օրինակ՝ 1942 թվականի հուլիսի վերջին գնդակահարվել է շուրջ 900 հրեա[3][19][39][40]։

1942 թվականի աշնանը գերմանացիները յուդենրատի անդամներին տարել են գեստապո, որտեղ գետտոյի ոչնչացման սպառնալիքով նրանցից պահանջվել է վճարել հերթական «ռազմատուգանքը» ոսկով, արծաթով և այլ արժեքավոր իրերով։ Կալանավորները կարողացել են հավաքել պահանջվածի 80 %-ը[38][24]։

1942 թվականի նոյեմբերի սկզբին Բրեստ է ժամանել գեստապոյի աշխատակիցների խումբը՝ կազմակերպելու «հրեական հարցի վերջնական լուծումը»։ Նրանք «Мир» կինոթատրոնում հավաքել են գերմանական, լեհական ու ուկրաինական ոստիկանությունների ղեկավարություններին՝ հրահանգներ տալու գետտոյի ոչնչացման ժամանակ կատարվելիք գործողությունների վերաբերյալ[38]։

Հրեաներն իմացել են այդ մասին և սկսել նախապատրաստվել ապստամբության. գաղտնարաններից հանվել են զենքրը, հավաքվել են տարբեր գնդացիրներ, դիմադրության առաջնորդներն ընդհատակայիններին կոչ են արել չցրվել և սպասել հարձակման հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվա ողջ ընթացքում։ Սակայն մարտիկների մի մասը գնացել է տուն՝ համարելով, որ այդ անգամ գետտոյի լիկվիդացիա չի լինի, իսկ մնացածները ցրվել են արևածագին[38]։

1942 թվականի հոկտեմբերի 15-ի առավոտյան գետտոն շրջապատվել է ժանդարմների ավտոմեքենաներով։ Այդ բեռնատարները կանգնել են ամեն 10 մետրը մեկ, իսկ յուրաքանչյուր երեք մետրի վրա կանգնել է փոքր տանկ։ Քաղաքում սկսվել են շուրջկալներ, իսկ քաղաքի շուրջ գտնվող խուտորները հրդեհվել են։ Շրջափակման մեջ է հայտնվել ողջ Բրեստը, զինված օահակախմբեր են կանգնել ամեն փողոցում և քաղաքի բոլոր ելքերի մոտ։ Գետտոյի երեք դարպասներից յուրաքանչյուրի մոտ տեղադրվել են գնդացիրներ և զինված պահակախմբեր[38]։

Գետտոյի բնակիչների մի մասը թաքնվել է նախապես պատրաստված գաղտնարաններում, բայց գրեթե ոչ ոքի չի հաջողվել փրկվել. գերմանացիներն ու ոստիկանները մտել են տները շների հետ, գտել բոլոր թաքնվածներին, նրանց հանել փողոց ու գնդակահարել[41]։ Որոշ հրեաներ, չցանկանալով սպանվել գերմանացիների ու կոլաբորացիոնիստների ձեռքով, իրենք են սպանել իրենց երեխաներին ու ինքնասպանություն գործել[42]։ Մնացած կալանավորներից կազմել են շարասյուներ և գերմանացիների ու ոստիկանների հսկողության ներքո տարել ամրոցի ուղղությամբ։ Այնտեղից մարդկանց բեռնատար վագոններով տարել են գնդակահարության Բրոննա լեռան վրա[2][43]։

1942 թվականի հոկտեբերի 15-18-ը Բրեստի գետտոն ամբողջությամբ ոչնչացվել է։ Փողոցներում ընկած են մնացել բազմաթիվ դիակներ։ Զանգվածային գնդակահարություններ են տեղի ունեցել Մոսկովյան ու Դոլգայա (ներկայում՝ Կույբիշևի) փողոցների ծայրակցատեղում, Դոլգայա փողոցի № 126 տան բակում, շուրջ 5000 հրեաներ գնդակահարվել են Ինտերնացիոնալնայա փողոցում գտնվող հիվանդանոցի մոտ։ Դրանից բացի 90 հրեա երեխաներ սպանվել են № 2 մանկատանը, 64 հրեաներ՝ ծերանոցում։ Արդյունքում ոչնչացվել է Բրեստի հրեաների ճնշող մեծամասնությունը։ Գետտոյի բոլոր կալանավորներից կենդանի է մնացել 19 (ըստ այլ տվյալների՝ 17[3]) մարդ[2][3][21][44][45]։

Ավերված գետտոյում որսացել են հազվադեպ կենդանի մնացածներին։ Ջրհորները փակվել են փշալարով, որպեսզի փրկվածները չկարողանան ջուր վերցնել։ Այն հրեաներին, որոնք կարողացել էին փախչել, բռնել են հարևան գյուղերում ու սպանել։ Միայն Մոտիլկալիում 1942 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին բռնվել ու գերեզմանատան տարածքում գնդակահարվել է Բրեստի գետտոյից փախած ավելի քան 500 մարդ[46][47][48]։

Արտակարգ պետական հանձնաժողովի՝ «Բրեստում գերմանաֆաշիստական նվաճողների կատարած չարագործությունների մասին» արձանագրությունում բազմաթիվ ականատեսների վկայությունների հիման վրա արձանագրվել է. «հրեաները գնում էին մահվան արժանապատվության բարձր զգացումով և մեծագույն արհամարհանքով դեպի գազան գերմանացիները։ Նույնիսկ փոքր երեխաները չէին լացում և իրենց պահում էին հանգիստ»[49][50]։

Փրկության դեպքեր և աշխարհի արդարակյացներ խմբագրել

 
Հուշարձան Բրեստի Տրիշինսկի գերեզմանատանը՝ այն վայրում, որտեղ թաղվել է մոտ 1000 հրեա, որոնց աճյունները գտնվել են Կույբիշև փողոցում կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ

Բրեստի տարածքում գործել է Շչորսի անվան պարտիզանական ջոկատ Պավել Պրոնյագինի գլխավորությամբ։ Այդ ջոկատը պատրաստակամությամբ ընդունել է հրեաներին, այդ թվում նաև Բրեստի գետտոյից փախածներին։ Ջոկատի ղեկավարության նախաձեռնությամբ նրան կից ստեղծվել է հրեական ընտանեկան ճամբար[2]։

Բրեստում չորս մարդ Իսրայելի «Յադ Վաշեմ» ինստիտուտի կողմից արժանացել է «աշխարհի արդարակյացի» կոչման «ի նշան խորագույն երախտագիտության Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա ժողովրդին ցուցաբերած օգնության համար».

  • Կուրյանովիչ Իգնատի – Բրեստում Սմոլյար Մոշեին փրկելու համար[51],
  • Պյոտր և Սոֆյա Գոլովչենկոներ, Պելագեա Մակարենկո – Բրեստում Մանկերների ընտանիքին և Միշա Էնգելմանին փրկելու համար[52]։

Հիշատակ խմբագրել

Գերմանական զեկույցների տվյալների և Արտակարգ պետական հանձնաժողովի հետաքննության արդյունքների համաձայն՝ Բրեստի գետտոյի ստեղծումից մինչև նրա լիկվիդացումն այնտեղ տանջվել ու սպանվել է 17-20 հազար հրեա[19][53]։

Հրապարակվել են Բրեստի սպանված հրեաների ոչ լրիվ ցուցակներ։ Բրեստի մարզի պետական արխիվում պահպանվում են գետտոյի կալանավորների 1941 թվականին լրացված ավելի քան 12 000 գործեր։ Այնտեղ էլ պահվում է «Բրեստ քաղաքի հրեաների ցուցակն անձնագիր ստանալու համար», որ պարունակում է Բրեստի գետտոյի զոհերի 12 260 անուն[19][54][55]։

Բրեստի գետտոյում սպանված հրեաների հիշատակին նվիրված հուշարձաններ են տեղադրվել Բրեստում և Բրոննայա լեռան վրա։ Առաջին հուշարձանը, որ ունեցել է իդիշով գրություն, տեղադրվել է 1946 թվականին 5000 մարդկանց գնդակահարման վայրում։ 1947 թվականին հուշարձանհը հանվել է, իսկ գնդակահարվածների աճյունները բազմաթիվ բողոքներից հետո վերաթաղվել են քաղաքային գերեզմանատանը։ 1974 թվականին հանվել է Կույբիշև փողոցում տեղադրված հուշարձանը, որը իդիշով, եբրայերեն ու բելառուսերեն գրություններով վերականգնվել է 1992 թվականի հոկտեմբերին ԱՄՆ, Արգենտինայի ու Իսրայելի հրեաների միջոցներով[2][3]։ Այդ հուշարձանը բազմիցս ենթարկվել է վանդալությունների[56][57][58][59][60]։

Բրեստի գետտոյի մասին 1994 թվականին նկարահանվել է վավերագրական ֆիլմ (ռեժիսորներ և սցենարի հեղինակներ՝ Իոնաս Միսյավիչուս, Ելենա Յակովիչ և Իլյա Ալտման), որը 1995 թվականին ցուցադրվել է ռուսական հեռուստատեսության կենտրոնական ալիքով[2][61][62]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Периоды оккупации населённых пунктов Беларуси
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Брест՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Բրեստ Արխիվացված 2021-12-18 Wayback Machine հոդվածըը Ռուսական հրեական հանրագիտարանում (ռուս.)
  4. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 61, 67, 70
  5. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 66
  6. Государственный архив Брестской области (ГАБО): фонд 201, опись 1, дело 10, лист 3;
  7. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 61
  8. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 32, 122-125
  9. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 48
  10. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 33, 48, 62, 67
  11. д-р ист. наук А. Каганович. Вопросы и задачи исследования мест принудительного содержания евреев на территории Беларуси в 1941—1944 годах.
  12. «Памяць. Вiцебскi раён», 2004, էջ 233-234
  13. 13,0 13,1 «Мальчик из гетто», 1996, էջ 17
  14. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 43, 48
  15. Альтман И. А. «Жертвы ненависти. Холокост в СССР, 1941—1945 гг.». — М.: Фонд «Ковчег», 2002. — С. 385-386. — 544 с. — (Анатомия Холокоста). — 2000 экз. — ISBN 5-89048-110-X
  16. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 32, 60
  17. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 61, 69
  18. «Мальчик из гетто», 1996, էջ 22-23
  19. 19,0 19,1 19,2 19,3 Справочник о местах принудительного содержания, 2001, էջ 11
  20. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 33, 48, 61-62
  21. 21,0 21,1 Розенблат Е. С. Палачи и жертвы Брестского гетто Արխիվացված 2018-05-10 Wayback Machine // Сост. Басин Я. З. Уроки Холокоста: история и современность : Сборник научных работ. — Мн.: Ковчег, 2010. — Вып. 3. — С. 105. — ISBN 9789856950059.
  22. 22,0 22,1 22,2 «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 62
  23. Иоффе Э. Г. Глава 3. Гетто на территории Беларуси. Юденраты // Белорусские евреи: трагедия и героизм: 1941—1945. Монография. — Мн., 2003. — С. 50-88. — 428 с. — 100 экз.
  24. 24,0 24,1 «Мальчик из гетто», 1996, էջ 30
  25. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 48, 62
  26. План Брестского гетто (անգլ.)
  27. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 69
  28. 28,0 28,1 «Мальчик из гетто», 1996, էջ 23
  29. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 33, 48, 62, 69
  30. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 62-63
  31. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 48, 63
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 32,6 32,7 32,8 «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 63
  33. «Мальчик из гетто», 1996, էջ 32
  34. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 63-64
  35. 35,0 35,1 35,2 35,3 35,4 35,5 35,6 35,7 «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 64
  36. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 64, 69, 75-76, 94
  37. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 64-65
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 38,5 38,6 «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 65
  39. «Память. Берёзовский район»., 1987, էջ 169
  40. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 49, 50-51
  41. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 65, 71
  42. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 70
  43. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 65, 67, 72-73
  44. Informacja na stronach Jewish Genealogy (լեհ.)
  45. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 65, 66,67-68, 71, 72, 291
  46. «Памяць. Брэсцкi раён»., 1998, էջ 184
  47. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 65, 72
  48. «Памяць. Кобрынскi раён»., 2002, էջ 159
  49. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 68, 71
  50. Государственный архив Брестской области (ГАБО), — фонд 514, опись 1, дело 298, листы 3-4
  51. История спасения. Курянович Игнатий
  52. История спасения. Макаренко Пелагея
  53. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 65, 66
  54. Государственный архив Брестской области (ГАБО), — фонд 201, опись 1, дело 322
  55. «Памяць. Брэст (том II)»., 2001, էջ 68, 207-290
  56. И. Разумовский. Больно и обидно Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  57. В. Козлович. «Гетто беспамятства», газета «Брестский курьер», июнь 2001 года, № 25 (537)
  58. «Под прицелом вандалов», газета «Брестский курьер», 15 февраля 2007 года
  59. «Рецидив фашизма?», газета «Вечерний Брест», 13 июня 2001 года
  60. О. Бородина. «Могильному стервятнику», брестская газета «Заря», 14 июня 2001 года
  61. «Брестское гетто». RTVi. 18 апреля. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
  62. Белорусский государственный архив. Новости отрасли. 29 июня 2010 г.

Գրականություն խմբագրել

  • Г.К. Кисялёў (галоўны рэдактар), Р.Р. Рысюк, М.М. Куiш i iнш. (рэдкал.), А.П. Кондак (укладальнiк) «Памяць. Брэст (том II)». — Мн.: «БЕЛТА», 2001. — 688 с. — ISBN 985-6302-30-7(բելառուս.)
  • Բրեստ Արխիվացված 2021-12-18 Wayback Machine հոդվածըը Ռուսական հրեական հանրագիտարանում (ռուս.)
  • Բրեստ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  • Г.К. Кисялёў (галоўны рэдактар), Л.К. Грышко, А.Л. Петрашкевiч i iнш. (рэдкал.), В.П. Россixiн (укладальнiк) «Памяць. Брэсцкi раён». — Мн.: «БЕЛТА», 1998. — 574 с. — ISBN 985-6302-13-7(բելառուս.)
  • Адамушко В. И., Бирюкова О. В., Крюк В. П., Кудрякова Г. А. Справочник о местах принудительного содержания гражданского населения на оккупированной территории Беларуси 1941-1944. — Мн.: Национальный архив Республики Беларусь, Государственный комитет по архивам и делопроизводству Республики Беларусь, 2001. — 158 с. — 2000 экз. — ISBN 985-6372-19-4.
  • Г.К. Кисялёў (галоўны рэдактар), Ю.А. Барысюк, Н.М. Кладчанка i iнш. (рэдкал.), Л.Р. Казлоў (укладальнiк) «Памяць. Кобрынскi раён». — Мн.: «БЕЛТА», 2002. — 624 с. — ISBN 985-6302-44-7(բելառուս.)
  • Р. А. Левин «Мальчик из гетто». — М.: «НПЦ «Холокост»», 1996. — 96 с. — ISBN 5-88636-005-0
  • И.П. Шамякин (гл. ред.), Г.К. Киселёв, П.Л. Лебедев и др. (редкол.) «Память. Историко-документальная хроника Берёзовского района». — Мн.: «Белорусская советская энциклопедия», 1987. — 440 с.
  • С. Яскевич. «Хлопчык крычаў: „Хутчэй бы ўжо гэта куля, а то мне так холадна!“», газета «Звязда», 11 октября 2007 года(բելառուս.)
  • М. Ринский. «Памятник на стыке двух миров», Израиль, газета «Еврейский камертон», 15 марта 2007 года
  • А.П. Красоўскi, У.А. Мачульскi, У.I. Мезенцаў i iнш. (рэдкал.), У.I. Мезенцаў (укладальнiк) «Памяць. Вiцебскi раён». — Мн.: «Мастацкая лiтаратура», 2004. — 771 с. — ISBN 985-02-0647-0(բելառուս.)
  • К. Ганцер, И.Э. Еленская, Е.И. Пашкович и др. (составители) «Брест. Лето 1941 г.». — Смоленск: «Инбелкульт», 2016. — 724 с. — ISBN 978-5-00076-030-7(ռուս.)(գերմ.)
  • «Уничтожение евреев СССР в годы немецкой оккупации (1942—1944)». Сб. документов и материалов. Иерусалим, 1992

Լրացուցիչ գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեստի գետտո» հոդվածին։