Բացել գլխավոր ցանկը
Արջատխլենի
Corylus avellana 0001.JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Տխիլազգիներ
Ցեղ Տխլենի
Լատիներեն անվանում
Corylus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Արջատխլենի (լատ.՝ Corylus), տխիլազգիների ընտանիքին պատկանող սլացիկ, ուտելի ընկույզներով, բարեկազմ ու գեղեցիկ սաղարթով տերևաթափ ծածկասերմ խոշոր ծառ՝ մինչև 20-25 մ բարձրությամբ և մինչև 1 մ բնի տրամագծով։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Ուղիղ, հարթ ճյուղերից ազատ բունը ծածկված է մոխրագույն, խոր ճաքերով պատված հաստ կեղևով, որը անջատվում է խոշոր շերտերով։ Մեկ տարեկան ընձյուղները դեղնամոխրավուն են, խոզանականման մազմզուկներով ծածկված։ Բողբոջները երկարավուն-նշտարաձև են, 6-8 մմ երկարությամբ, կարմրագորշավուն, մազմզուկապատ թեփուկներով։ Տերևները կլորավուն են, լայն-ձվաձև կամ օվալաձև, 7-12 սմ երկարությամբ և 5-9 սմ լայնությամբ, գագաթում սեղմված, կարճ սրածայր, հիմքում սրտանման, երկակի բութ-ատամնաեզր, խոշոր, բլթականման գլխավոր ատամիկներով, մուգ կանաչ, նոր բացված ժամանակ վերևի կողմից մազմզուկապատ, ներքևի կողմից մազմզուկապատ է միայն ջղերի ուղղությամբ, ավելի ուշ՝ մերկ։ 1,5-4,5 սմ երկարությամբ տերևակոթունները ծածկված են գեղձային մազմզուկներով։ Տերևակիցները նշտարաձև են, սրածայր։ Առէջային կատվիկների երկարությունը 6-10 սմ է, իսկ հաստությունը՝ 0,5-0,6 սմ։ Պտուղները հավաքված են 3-8-ական փնջերում։ Տերևափաթթոցը մահուդանման է, լայն բացված, զգալիորեն գերազանցում է ընկույզի չափերին, բազմակի կտրատված է, նեղ ծռմռված, սուր և ատամնաձև բաժիններով։ Ընկույզները համեմատաբար մանր են, գնդաձև կամ հակաձվաձև, կողքերից սեղմված, հաստ և ամուր կճեպով, բայց աչքի են ընկնում բարձր յուղայնությամբ։ Պտղագավաթը կազմված է հատված, պտուղները գերազանցող, նեղ, կորացած, նշտարաձև մասերից։ Ծաղկում է մարտ-ապրիլին (առանձին դեպքերում Արարատյան դաշտում ծաղկում է փետրվարի վերջերին)։ Ընկույզները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Պտղաբերում է անկանոն կերպով, բարձր բերք է տալիս 2-3 տարին մեկ անգամ[1]:

Ծառերն աճում են մեկական կամ փոքր խմբերով, հաճարենու, կաղնու և բոխու անտառներում։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, խոնավ և փուխր հողերը, զգայուն է նաև օդի խոնավության և հողի հիմնայնության նկատմամբ։ Պտուղներն ավելի մանր են, հաստ և ամուր կճեպով։ Բնափայտը լավորակ է, ամուր, վարդագույն երանգներով, մանրաշերտ, որը պիտանի է կահույքի արտադրության և մանր գործիքաշինության համար։ Արջատխլենու եզակի ծառուտը հայտարարված է որպես արգելավայր և գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի և Հայաստանի Կարմիր գրքերում[1]։

Բնական տարածման արեալն ընդգրկում է Կովկասը, Հյուսիսային Իրանը, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիան։ Հայաստանում հանդիպում է Իջևանի տարածաշրջանում (Սևքար գյուղի շրջակա անտառներում)՝ ընդամենը 42 հա տարածքով։ Մաքուր ծառուտներ չի կազմակերպում[1]։

ՆկարագրությունԽմբագրել

25-30 մ բարձրությամբ գեղեցիկ, ուտելի ընկույզներով, վարդագույն բնափայտով, բարեկազմ, ուղիղ բնով, խիտ սաղարթով, հսկա ծառեր են։ Խոր-ճեղքավորված կեղևը մուգ մոխրագույն է։ Խոշոր, թույլ սրտաձև տերևները կրկնակի ատամնավոր են, վերևինները՝ բլթակավոր ատամնավոր։ 3-20-ական պտուղները հավաքված են։ Պտղագավաթը կազմված է հատված, պտուղները գերազանցող, նեղ, կորացած, նշտարաձև մասերից։ Հաստ կճեպով, գնդաձև կամ հակաձվաձև, փոքր ընկույզը կողքերից սեղմված է[2]։

ՏարածվածությունԽմբագրել

Աճում է Իջևանի (Սևքար գետի վերնագավառ, Գետահովիտ, Ենոքավան, Ոսկեպար) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև է Նախակովկասում, Դաղստանում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում և Հիմալայներում[2]:

ԷկոլոգիաԽմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1500 մ բարձրությունների վրա, կաղնու և բոխու անտառներում[2]:

ՊահպանությունԽմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]:

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արջատխլենու» արգելավայրում[2]:

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[2]։

ՏեսակներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 206։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6