Սպորավոր բույսեր
Սպորավոր բույսեր, գլխավորապես սպորներով բազմացող և տարածվող բույսեր։ Սպորավոր բույսերի մեծամասնությունը սպորի վիճակում է դիմանում արտաքին անբարենպաստ պայմաններին (բակտերիաների սպորները ծառայում են միայն այդ նպատակին)։ Որոշ սպորավոր բույսեր (օրինակ բազմաթիվ քարաքոսեր) հազվադեպ են սպոր առաջացնում և բազմանում են հիմնականում մարմնի առանձին հատվածների անջատման միջոցով։
Երբեմն սպորավոր բույսերը բաժանում են ստորակարգերի (ջրիմուռներ, բակտերիաներ, սնկեր, քարաքոսեր) և բարձրակարգերի (պտերներ, ձիաձետներ, գետնամուշկեր, որոշ բրածո բույսեր ևն)։ Սպորավոր բույսերի հակադրում են սերմնավոր բույսերին, որոնք բազմանում և տարածվում են սերմերով։ Սակայն սերմնավոր բույսերի փոշեհատիկները (առէջքներում) և սաղմնային պարկերը (սերմնաբողբոջներում)հոմոլոգ են բարձրակարգ սպորավոր բույսերի սպորներին, չնայած կատարում են այլ ֆունկցիաներ և անմիջականորեն չեն ծառայում բազմացման ու տարածման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 81)։ |