Բուսաբանական այգի (Ցյուրիխ)

Հին Բուսաբանական այգի Ցյուրիխում (գերմ.՝ Alter Botanischer Garten, անգլ.՝ Botanical Garden Zürich), բուսաբանական այգի և դենդրարիում Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Այգին գտնվում է 1642 թվականին կառուցված[1] Ցյուրիխի բարոկկո ամրությունների վերջին մասունք Շանցենգրաբենի խրամատի և Բաուշենցլի բաստիոնի միջև[2]։

Բուսաբանական այգի
Տեսակբուսաբանական այգի
Երկիր Շվեյցարիա
ՎարչատարածքՑյուրիխ և Ցյուրիխ
Հիմնվել է1837
Բուսաբանական այգի (Ցյուրիխ)ը գտնվում է Շվեյցարիաում
Բուսաբանական այգի (Ցյուրիխ)

Գտնվելու վայր և պատմություն խմբագրել

Ցյուրիխի համալսարանն ունի երկու պաշտոնական բուսաբանական այգի՝ հին բուսաբանական այգին, որը գտնվում է նախկին «ցուր Կաց» ամրոցի մոտ, գոյություն ունի 1833 թվականից (Սիթի թաղամաս, շրջան 1), իսկ 1977 թվականին բացվել է նոր այգի Ցոլլիկերշտրասսե (Zollikerstrasse) Վեյնեգ թաղամասում (շրջան 8) Ցյուրիխի համալսարանի համակարգային բուսաբանության ինստիտուտի հետ։ Այգու աշխատանքային ժամերն են ամեն օր՝ ապրիլից սեպտեմբեր 07:00-19:00, հոկտեմբերից մարտ՝ 08:00-18:00[3]: Այգի կարելի է հասնել № 2 և 9 տրամվայներով մինչև Սիլշտրասսե (Sihlstrasse) կանգառ[3]։

Առաջին բուսաբանական այգու պատմությունը սկսվում է Կոնրադ Հեսների չոր բույսերի մասնավոր հավաքածուից։ Հեսների ժառանգ՝ բժիշկ և բնագետ Յոհան Հեսները (1709-1790), 1746 թվականին Ցյուրիխում հիմնել է առաջին բուսաբանական այգին՝ համագործակցելով բուսաբանական հետազոտությունների Naturforschende Gesellschaft Zürich ընկերության հետ։ Այգին նախագծել է համալսարանի այգեպան Լեոպոլդ Կարլ Ֆրոբելը (1810-1907)։ 1851 թվականին բացվել է «Արմավենիների ջերմոց»-ը։ Սկզբում ջերմոցը պատրաստված է եղել ապակուց և փայտից, սակայն 1877 թվականին ութանկյուն ապակեպատ տաղավարի փայտե շրջանակը փոխարինվել է երկաթով։ Տաղավարն օգտագործվում է համերգների, թատերական ներկայացումների և ցուցահանդեսների կազմակերպման համար։

Այգու տարածքը սահմանափակված է եղել հարակից շինություններով, այդ իսկ պատճառով 20-րդ դարի 2-րդ կեսին այգու այդքան անհրաժեշտ ընդլայնումն անհնարին է դարձել։ Ավելին, 1960-ականների կեսերի երկնաքերերը ստվերել են այգու տարածքը և անբարենպաստ պայմաններ ստեղծել բույսերի աճի համար։ Բուսաբանական նշանակության շինությունները գտնվել են անմխիթար վիճակում, այդ պատճառով էլ այգու տնօրինությունը որոշել է տեղափոխվել քաղաքի կենտրոնից դեպի ծայրամաս, որտեղ բավականաչափ տեղ է եղել ընդլայնման համար։

1971 թվականին հիմնադրվել է Բոդմեր-Աբեգ ընտանիքի «հին այգին», իսկ 1976 թվականին Վեյնեգ թաղամասում բացվել է նոր բուսաբանական այգի։ Այսպիսով, 1851-1976 թվականներին Ցյուրիխի համալսարանի բուսաբանական այգին գտնվել է Կաց ամրոցի տարածքում, որը 1976 թվականից դարձել է հանգստի գոտի և Ցյուրիխի համալսարանի Völkerkundemuseum-ի ազգագրական թանգարանի շենք, դենդրոպարկ և այսպես կոչված Հեսների այգի («Gessner-Garten»):

 
Կոնրադ Հեսների հուշարձանը

Դենդրոպարկ և Հեսների այգի խմբագրել

Այգին հանգստի հանրաճանաչ վայր է դարձել զարմանահրաշ դենդրոպարկի և իդիլիական դիրքի շնորհիվ։ Հեսների այգին, որը գտնվում է բլրի գագաթին, միջնադարյան բույսերի այգի է, որը հիշեցնում է ականավոր գիտնական Կոնրադ Հեսներին։ Նախկին պարսպի «ցուր Կաց»-ի հենց վերևում գտնվում են Ցյուրիխի զինագործական ամրությունների հարավային կառույցները։ Այստեղ օգտագործվող հրանոթները կոչվել են «կաց»։ Հեսների այգու բացումը տեղի է ունեցել 1997 թվականի մայիսի 27-ին՝ մասնավոր այգեգործական ընկերությունների նախաձեռնության և «Պրո Կաց» («Pro Katz») հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ։ Բուժիչ խոտաբույսերով այգու հյուսիսային կողմում գտնվում է Կոնրադ Հեսների հուշարձանը։ Հեսների այգում ներկայացված են 50 բուժիչ բույսեր (խոտաբույսեր և թփեր), որոնք իրենց պրակտիկայում օգտագործել են 16-րդ դարի բուժակները։ Յուրաքանչյուր բույսի վրա նշված է իր անվանումը, օրինակ՝ իսպանական արտիշուկ (Cynara cardunculus), մատնունի ուղղաձիգ (Potentilla erecta), մշակովի կտավատ (Linum usitatissimum), քաջվարդ դեղագործական (Paeonia officinalis), կաթնափուշ բծավոր (Silybum marianum), սովորական գիհի (Juniperus communis), Անտառային գետնամորի (Fragaria vesca), դառը օշինդր (Artemisia absinthium) և այլն։ Այգում աճում են խոտաբույսեր, որոնք դարեր շարունակ բուժել են հիվանդությունները և ունեցել բուժիչ ազդեցություն։ Յուրաքանչյուր բույսի նկարագրությունը մեզ հակիրճ պատկերացում է տալիս Կոնրադ Հեսների և նրա ժամանակակիցներ Հիերոնիմուս Բոկի (1498-1554) և Լեոնարտ Ֆուխսի (1501- 1566) բժշկության ոլորտում ունեցած գիտելիքների մասին։

Ազգային նշանակություն մշակութային ժառանգություն խմբագրել

Այգին ընդգրկված է ազգային և տարածաշրջանային նշանակության մշակութային արժեքների շվեյցարական ցանկում՝ որպես ազգային նշանակության Ա դասի օբյեկտ[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Schanzengraben» (գերմաներեն). Tiefbau und Entsorgungsdepartement Stadt Zürich. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  2. «Bauschänzli» (գերմաներեն). Tiefbau und Entsorgungsdepartement Stadt Zürich. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  3. 3,0 3,1 «Der alte Botanische Garten» [The Old Botanical Garden] (գերմաներեն). University of Zurich. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. «A-Objekte KGS-Inventar» (PDF). Schweizerische Eidgenossenschaft, Amt für Bevölkerungsschutz. 2015 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել