Դառը օշինդր
Դառը օշինդր | |
![]() Դառը օշինդր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Anthemideae |
Ենթատրիբա | Artemisiinae |
Ցեղ | Օշինդր (Artemisia) |
Տեսակ | Դառը օշինդր (A. absinthium) |
Միջազգային անվանում | |
Artemisia absinthium |
Դառը օշինդր (աբսինթ, լատ.՝ Artemísia absínthium), արծաթագույն բազմամյա խոտաբույս՝ սուր բնորոշ հոտով և դառը համով: Օշինդր ցեղի տիպական տեսակն է, պատկանում է աստղազգիների ընտանիքին: Հնագույն դեղաբույս է, աբսինթ խմիչքի հիմնական բաղադրամասը: Եվրասիա մայրցամաքի և Հյուսիսային Աֆրիկայի բարեխառն գոտու բնիկ բույս է[1]:
Տարածվածություն և էկոլոգիաԽմբագրել
Համարվում է, որ բույսը ծագել է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և արևմտյան Ասիայում: Հայաստանում դառը օշինդրը տարածված է համարյա ամենուրեք, աճում է թփուտներում, գետերի, ջրամբարների ափերին, այգիներում, աղբոտված վայրերում: Կլիմայավարժեցվել է Կանադայում և ԱՄՆ-ում[2]:
Նախընտրում է չափարով խոնավությունը և չեզոք թթվայնությամբ հողերը: Բերքատվությունը մարգագետիններում՝ 15-20 կգ/հա չոր ցողուն:
ՆկարագրությունԽմբագրել
Բույսի բարձրությունը՝ 50—200 սմ է[3], աճում է կիսաթփուտներում, ունի առանցքային ճյուղավորված արմատ և ուղղաձիգ ցողուն՝ արծաթագույն գունավորմամբ:
Ցողունն ուղղաձիգ է, վերին հատվածում՝ շատ տերևներով, հիմքում հաճախ առաջանում են կարճացած անպտուղ ընձյուղներ: Ստորին տերևները երկարակոթուն են, կրկնակի կամ եռակի փետրաձև ջղավորմամբ, միջին հատվածի տերևները՝ կարճ կոթունավոր են կրկնակի փետրավոր, վերին տերևները՝ համարյա նստադիր են:
Ծաղիկները բոլորը խողովակավոր են, դեղին, ծայրային ծաղիկները վարսանդային են, կենտրոնականները՝ առէջային: Զամբյուղը գնդաձև է՝ 2.5-3.5 մմ տրամագծով:
Պտուղը գորշ դարչնագույն սրացած սերմիկ է՝ մոտ 1 մմ երկարությամբ: Բազմանում է սերմերով, ցրտադիմացկուն և չորադիմացկուն է:
Բուսական հումքԽմբագրել
Բժշկական հումքի պատրաստումԽմբագրել
Բժշկական նպատակներով օգտագործում են տերևները (լատ.՝ Folium Absinthii), որոնք հավաքում են ծաղկումից առաջ կամ հետո: Խոտաբույսերը հավաքում են հունիս-օգոստոս ամիսներին, արմատները՝ աշնանը:
Դեղաբանական հատկություններԽմբագրել
Քանի որ բույսի քիմիական ակտիվ նյութերը կարողանում է գրգռել բերանի խոռոչի համային ընկալիչները, այն օգտագործվում է որպես մարսողական համակարգի գեղձերի ֆունկցիայի խթանիչ: Եթերային յուղի ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա նման է կանֆորայի յուղի ազդեցությանը: Քամազուլենն ակտիվացնում է մոնոնուկլեար ֆագոցիտային համակարգը, որը մեծացնում է բույսի հակաբորբոքային և հանգստացնող հատկությունները:
Մեծ քանակով օգտագործելիս առաջացնում է էպիլեպսիային նմանվող ջղաձգություններ և երիկամային խանգարումներ[4]:
Քիմիական բաղադրությունԽմբագրել
Ծաղկման շրջանում բույսի վերին հատվածը և տերևները՝ մինչև ծաղկումը պարունակում են սեսքվիտերպենային լակտոններ, դառը գլիկոզիդներ, որոնք բույսին տալիս են բնորոշ դառը համը, սապոնիններ, ֆլավոնոիդներ, ֆիտոնցիդներ, ասկորբինաթթու, դաբաղիչ նյութեր, կալիումական աղեր, արտեմիզետին, եթերային յուղ (0,2—0,5 %), կարոտին, օրգանական թթուներ (խնձորաթթու, սաթաթթու):
Եթերային յուղը խիտ լուծույթ է՝ կապտավուն կամ մուգ կանաչավուն երանգով և ուժեղ դառը համով: Եթերային յուղի բաղադրության մեջ մտնում է տույիլ սպիրտ (մինչև 10—25 %[3]), տույոն (մինչև 10 %[3]), պինեն, կադինեն, ֆելանդրեն, β-կարիոֆիլեն, γ-սելինեն, β-բիզաբոլեն, կուրկումեն և քամազուլենոգեն: Դառը օշինդրի ստորգետնյա մասում հայտնաբերվել են աբսինտին, անաբսինտին, օրտաբսին, պրոքամազուլենոգեն, A և B կետոլակտոններ, օքսիլակտոն և արտեմիզետին:
ԱնվանումԽմբագրել
Ցեղի «Արտեմիզիա» անվանումը հունարեն «արտեմես» բառից է, որը նշանակում է «առողջ»։ Ոմանք այդ անունը կապում են Մավզոլ թագավորի կնոջ՝ Արտեմիզիայի անվան հետ, որն իբր, ըստ Պլինիոսի, բուժվել է այս բույսով։
Ուրիշներն այդ անունը կապում են հունական աստված Արտեմիսի հետ։ «Աբսինթիում» հունարեն նշանակում է «տհաճ»` ելնելով բույսի տհաճ դառնությունից։
ԿիրառությունԽմբագրել
ԽոհանոցԽմբագրել
Դառը օշինդրի թուրմն օգտագործվում է աբսինթ խմիչքի պատրաստման համար: Հենց դառը օշինդրն է աբսինթին տալիս իր բնորոշ և անկրկնելի համը: Դառը օշինդրը նաև վերմուտի, գինու և մի շարք այլ ալկոհոլային խմիչքների հիմնական բաղադրամասերից է: Դառը օշինդրը օգտագործվում է նաև որպես համեմունք, հատկապես՝ յուղոտ մսային ճաշատեսակներում: Շատերը սիրում են դառը օշինդրի դառը համն ու հոտը: Միջնադարում օգտագործվել է որպես մեղրագինու համեմունք, Մարոկկոյում պատրաստում են թեյ[5]: 18-րդ դարի Անգլիայում հաճախ օգտագործվել է գարեջուր պատրաստելիս՝ գայլուկի փոխարեն[6]:
Բուժական կիրառությունԽմբագրել
Դառը օշինդրն ունի միզամուղ, լեղամուղ, քարամուղ, ճիճվամուղ ջերմը իջեցնող, հակաբորբոքային ազդեցություն: Օգտագործվում է աթերոսկլերոզի, դեղնուկի, ռևմատիզմի, ճիճվակրության, ջրգողության, միզապարկի, փայծաղի, խոցային կոլիտների, գերթթվային գաստրիտների, անեմիայի, անքնության, բերանի վատ հոտի, աղեփքանքի, հիպերտոնիկ հիվանդության, միզաքարային և այլ հիվանդությունների ժամանակ:
Կենցաղային կիրառությունԽմբագրել
Դառը օշինդրն օգտագործվում է որպես ֆիտոնցիդ և ինսեկտիցիդ: Այստեղից էլ ծագել է բույսի անգլերեն անվանումը՝ wormwood (worm` որդ և wood` փայտ): Բույսի հոտը հեռու է պահում շատ միջատների՝ ցեցերի, մրջյունների, լվերի և խավարասերների: Վերգետնյա մասը կարող է կիրառվել որպես ներկ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Altervista Flora Italiana, Assenzio vero, Artemisia absinthium L.
- ↑ Flora of North America Vol. 19, 20 and 21 Page 519 Common wormwood, armoise absinthe, Artemisia absinthium Linnaeus, Sp. Pl. 2: 848. 1753.
- ↑ 3,0 3,1 3,2 Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 226—227. — ISBN 5-06-000085-0
- ↑ Olsen RW (April 2000). "Absinthe and gamma-aminobutyric acid receptors" . Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 97 (9): 4417–8. doi:10.1073/pnas.97.9.4417 . PMC 34311 . PMID 10781032
- ↑ Grieves, M. (1931)։ «Wormwood, Common»։ Botanical.com։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-28-ին։ Վերցված է 2010-07-12
- ↑ Hartley Dorothy (1985) [1954]։ Food in England։ Futura Publications։ էջ 456։ ISBN 0-7088-2696-2